Լանգլուայի կամուրջն Առլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանգլուայի կամուրջն Առլում
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն59,6 սանտիմետր
լայնություն73,6 սանտիմետր
ժանրբնանկար
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան
Ծանոթագրություններ
 Langlois Bridge by Vincent van Gogh Վիքիպահեստում

«Լանգլուայի կամուրջն Առլում» (անգլ.՝ Langlois Bridge at Arles), Վինսենթ վան Գոգի վրձնած չորս յուղաներկ, մեկ ջրաներկ կտավների ու չորս ուրվանկարների թեմա։ Աշխատանքներն ստեղծվել են 1888 թվականին, երբ նկարիչը գտնվել է հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքում։

Վան Գոգի վրա ազդեցություն է գործել ճապոնական փայտափորագրությունը, որի արդյունքում նա պարզեցրել է գույները՝ ներդաշնակ ու միասնական պատկեր ստեղծելու համար։ Կապույտի ու դեղինի նման հակադիր գույներ օգտագործելով՝ նկարիչն իր ստեղծագործություններին աշխուժություն է հաղորդել։ Նկարել է ներկերը հաստ շերտերով օգտագործելով՝ գույնի օգտագործմամբ լույսի արտացոլումը պատկերելու համար։ Ջրանցքի վրա կառուցված բացվող կամուրջը Վան Գոգին հիշեցրել է իր հայրենի Նիդերլանդները։ Նա խնդրել է իր եղբորը՝ Թեոյին, նկարներից մեկը շրջանակել և ուղարկել նիդեռլանդցի արվեստի դիլերներից մեկին։ Վերակառուցված Լանգլուայի կամուրջն այժմ կրում է Pont Van-Gogh անունը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը 35 տարեկան էր, երբ ստեղծել է Լանգլուա կամրջի նկարներն ու էսքիզները։ Առլ քաղաքում բնակվելիս նա հասել է իր կարիերայի գագաթնակետին ու ստեղծել իր լավագույն աշխատանքները[1]՝ «Արևածաղիկներ», «Ցորենի դաշտեր», ֆերմերային տնտեսություններ ու Առլի, Նիմի և Ավինյոնի ժողովրդին պատկերող նկարներ[2]։ Դա Վան Գոգի համար բեղմնավոր ժամանակահատված էր․ 15 ամսից պակաս ժամանակահատվածում[3] նա ստեղծել է մոտավորապես 100 էսքիզ, ավելի քան 200 կտավ ու գրել ավելի քան 200 նամակ[4]։

Ջրանցքները, բացովի կամուրջները, հողմաղացները և ծղոտածածկ խրճիթները նկարչին հիշեցրել են Նիդեռլանդներում իր կյանքի մասին․ Առլը նրան տվել է իր փնտրած սփոփանքն ու պայծառ արևը և պայմաններ՝ ավելի վառ գույներով, ինտենսիվ գունային հակադրություններով ու բազմազան վրձնահարվածներով նկարելու։ Նա նաև հետ է գնացել դեպի Նիդեռլանդներում իր ստացած նկարչական կրթության արմատները և ուրվանկարներ արել եղեգնյա գրիչով[5]։

Լանգլուա կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ բացվող կամուրջը 1902 թվականին։ 1930 թվականին այն փոխարինվել է երկաթբետոնե կամրջով։ Վան Գոգի ժամանակներում իր պահակի անունով կոչվել է Pont de Langlois, «Լանգլուայի կամուրջ»։ Կամուրջը տեղափոխվել ու վերանվանվել է Pont Van-Gogh

Լանգլուա կամուրջը Առլից դեպի Պոր դը Բուկ ջրանցք անցնելու միջոցներից մեկն է[6]։ Այն կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին դեպի Միջերկրական ծով դուրս եկող ջրանցքների ցանցն ընդլայնելու նպատակով։ Կառուցվել են նաև ամբարտակներ ու կամուրջներ ջրային տրանսպորտը կարգավորելու համար։ Առլի մոտ գտնվող առաջին կամուրջը պաշտոնապես կոչվել է «Պոնտ դե Ռեգինել», բայց ավելի շատ հայտնի է եղել իր պահակի անունով՝ «Լանգլուայի կամուրջ»[7][8]։ 1930 թվականին սկզբնական բացվող կամուրջը փոխարինվել է երկաթբետոնե կառույցով, որը 1944 թվականին պայթեցրել են նահանջող գերմանացիները․ նրանք ոչնչացրել են մյուս բոլոր կամուրջները բացի Ֆոս սյուր Մերից։ Այս կամուրջն ապամոնտաժվել է 1959 թվականին, սակայն հետագայում վերակառուցվել իր սկզբնական վայրից մի քանի կմ հեռավորության վրա[9][10]։

Թեոյին գրած նամակներից մեկում Վան Գոգը նշել էր, որ սկսել է Լանգլուա կամրջի մոտ լվացք անող կանանց նկարել 1888 թվականի մարտի կեսին[11] և որ կամրջի մեկ այլ նկարի վրա աշխատել է ապրիլի 2-ին[12]։ Սա կամրջի նկարների մի քանի տարբերակներից առաջինն էր[8]։

Հեռանկարային շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առլում Վան Գոգը կրկին սկսել է օգտագործել գրաֆիկական հեռանկարի շրջանակը, որը նա ստեղծել էր Հաագայում։ Հնարքն օգտագործվել է բացօթյա տեսարանների համար, որտեղ ավելի մոտ գտնվող առարկաների համամասնությունը համեմատվել է ավելի հեռվում գտնվողների համամասնության հետ։ Կամրջի նկարների մի մասն արվել է այս շրջանակի օգնությամբ․ այն «խորացրել է բացվող կամրջի՝ որպես մեխանիզմի ուսումնասիրությունը»[13]։

Ճապոնական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիրոշիգե, վան Գոգ

Լանգլուայի կամուրջը Վան Գոգին հիշեցրել է Ուտագավա Հիրոշիգեի «Հանկարծակի անձրև Մեծ կամրջի վրա» կտավը[14]։ Ոգեշնչվելով ճապոնական արվեստով՝ նա ձգտել է ճապոնական արվեստի գործերի տեխնիկան ինտեգրել իր սեփականի մեջ։ Էմիլ Բեռնարին գրած նամակում նա նշել է, որ «եթե ճապոնացիները չեն կարողանում առաջընթաց գրանցել իրենց երկրում, ապա չպետք է կասկածել, որ նրանց արվեստը շարունակվում է Ֆրանսիայում»։ Ճապոնական գեղագիտությամբ առաջնորդվելով՝ կամրջի նկարներն արտացոլում են գույնի պարզեցված օգտագործում՝ ներդաշնակ ու միասնական պատկեր ստեղծելու նպատակով։ Ուրվագծերն օգտագործվել են շարժում արտահայտելու համար։ Օգտագործվել են ավելի քիչ գունային երանգներ, նախընտրությունը տրվել է բազմակի նուրբ գունային տատանումներին, գույներն ընտրվել են աշխուժություն ստեղծելու նպատակով[14]։ Այս մոտեցումներն ավելի հզոր ազդեցություն են ստեղծել և պատկերել գյուղական կենսակերպի պարզ ու պարզունակ որակը[15]։

Նմանատիպ կառուցվածքով երեք կտավ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լանգլուայի կամուրջը լվացք անող կանանցով» կտավը Վան Գոգի ամենախորհրդանշական և ամենասիրված նկարներից մեկն է, որը համարվում է Առլի ժամանակաշրջանի նրա առաջին գլուխգործոցը[16]։ Պատկերված են առօրյա գործողություններ․ մի փոքրիկ դեղին սայլ անցնում է կամրջի վրայով, իսկ խալաթներով ու բազմագույն գլխարկներով մի խումբ կանայք ափին լվացք են անում[11][12]։ Վան Գոգն այս ստեղծագործության մեջ հմտորեն օգտագործել է գունաբանության իր գիտելիքները և «համաժամանակյա հակադրությունների օրենքը»[17]։ Խոտը պատկերված է կարմրանարնջագույնի ու կանաչի հերթագայող վրձնահարվածներով։ Դեղինի ու կապույտի լրացուցիչ երանգներ են օգտագործվել կամուրջը, երկինքն ու գետը պատկերելիս․ դա ուժեղացրել է յուրաքանչյուր գույնի ազդեցությունը և ստեղծել «աշխույժ և բազմագույնորեն միավորված ամբողջություն»[18]։

Ջրաներկով պատկերված «Լանգլուայի կամուրջն Առլում» կտավում Վան Գոգը կարողացել է ստեղծել կամրջի ճշգրիտ մանրամասները, ինչպիսիք են՝ երկաթյա հենարանները, նեցուկները և շղթայական ճախարակները[19]։

Երկու այլ կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առլ ժամանելուց անմիջապես հետո Վան Գոգը եղբորը խնդրել է իրեն ուղարկել Արման Կասանի «Նկարչության այբուբենի ուղեցույց» գրքի օրինակներից մեկը։ Նրա խնդրանքը պայմանավորված էր հիմնարար գծագրության պրակտիկային վերադառնալու հետաքրքրվածությամբ, ինչպիսին է գրաֆիկական հեռանկարը, որը նա օգտագործել է Լանգլուայի կամուրջը պատկերելիս[20]։ 1888 թվականի մարտով թվագրված ու իր ընկերոջը՝ Էմիլ Բեռնարին ուղղված մի նամակում վան Գոգը պատկերել է կամրջի էսքիզը (JH 1370 ներքևում)։ Նա նաև խոսել է այն մասին, թե ինչպես քաղաքը՝ Առլը, «հսկայական դեղին արևի ֆոնին արտացոլում բացովի կամրջի տարօրինակ ուրվագիծը»[21]։

Մշակութային այլ դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգի այս կտավին անդրադարձել է Արթուր Կլարկն իր «2001 թվականի տիեզերական ոդիսականը» վեպում, որտեղ Դեյվիդ Բոումենը Ստարգեյթով ճանապարհորդելուց հետո այն նկատում է (Էնդրյու Ուայեթի «Քրիստինայի աշխարհը» նկարի հետ) «մի հին, անանուն հյուրանոցի համարի» հյուրասենյակ ուսումնասիրելիս․ կտավի մասին համանուն ֆիլմում չի նշվում։

Արգենտինացի երաժիշտ Լուիս Ալբերտո Սպինետան կտավը հիշատակել է իր ամենահայտնի՝ «Cantata de puentes amarillos» երգում։ Նա Թեոյին ուղղված Վինսենթի նամակների մասին իմացել է Անտոնեն Արտոյի «Վան Գոգ․ մարդն ինքնասպանություն է գործել» էսսեից։ Երգն ընդգրկվել է արգենտինյան ռոքի պատմության մեջ ամենամեծ ալբոմը համարվող 1973 թվականին լույս տեսած «Արտո» ալբոմում[22]։

Կտավը ներակայցված է եղել նաև «The Amazing Race» հեռուստախաղի 30-րդ եթերաշրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morton, 177-178.
  2. Arfin, 37.
  3. Shoham, 142.
  4. «Effects of the Sun in Provence» (PDF). National Gallery of Art Picturing France (1830-1900). Washington, D.C.: National Gallery of Art: 131 (12 of pdf). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  5. Silverman, 60—61.
  6. Silverman, 69.
  7. Silverman, 59.
  8. 8,0 8,1 «The Langlois Bridge». Permanent Collection. Van Gogh Museum. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին' See 'Ropes' and 'Something Funny' sections of the page for more information.{{cite web}}: CS1 սպաս․ postscript (link)
  9. Rimeur, L (December 1981 – March 1982). «Note sur le canal d'Arles à Bouc» (PDF). Bulletin des Amis du Vieil Arles (ֆրանսերեն). էջեր 43–44. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  10. «Canal d'Arles à Bouc». Projet Babel (ֆրանսերեն). Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  11. 11,0 11,1 Harrison, R, ed. (2011). «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh, Arles, c. 14 March 1888». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  12. 12,0 12,1 Harrison, R, ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Theo van Gogh. Written c. 2 April 1888 in Arles». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  13. Silverman, 62, 63, 74, 75
  14. 14,0 14,1 Mancoff, 61.
  15. Maurer, 63.
  16. Hulsker (1986), 308
  17. Fell, 64.
  18. Maurer, 64.
  19. Silverman, 74.
  20. Silverman, 61-64.
  21. «Langlos Bridge, Letters of Note». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  22. Gazzo, Walter (2013 թ․ օգոստոսի 17). «Artaud, Spinetta y 40 años de belleza» (Spanish). MDZ Online. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arfin, F (2005). Adventure Guide to Provence & the Cote D'azur. Edison, NJ: Hunter Publishing. 1-58843-505-9.
  • Fell, D (2005) [2004]. Van Gogh's Women: Vincent's Love Affairs and Journey Into Madness. New York: Carroll & Graf Publishers. 0-7867-1655-X.
  • Hulsker, Jan (1986), The complete Van Gogh, Outlet, p. 308, 0-8109-1701-7.
  • Mancoff, D (2008). Van Gogh's Flowers. London: Frances Lincoln Limited. 978-0-7112-2908-2.
  • Maurer, N (1999) [1998]. The Pursuit of Spiritual Wisdom: The Thought and Art of Vincent van Gogh and Paul Gauguin. Cranbury: Associated University Presses. 0-8386-3749-3.
  • Morton, M; Schmunk, P (2000). The Arts Entwined: Music and Painting in the Nineteenth Century. New York: Garland Publishing. 0-8153-3156-8.
  • Naifeh, Steven; Smith, Gregory White (2011). Van Gogh: The Life. Profile Books: 978-1-84668-010-6
  • Perkowitz, S (1996). Empire of Light: A History of Discovery in Science and Art. Washington, D.C.: Joseph Henry Press. 0-309-06556-9.
  • Shoham, S (2002). Art, crime, and madness: Gesualdo, Caravaggio, Genet, Van Gogh, Artaud. Brighton, England: Sussex Academic Press. 1-903900-05-0.
  • Silverman, D (2000). Van Gogh and Gauguin: The Search for Sacred Art. New York: Farrar, Straus and Giroux. 0-374-28243-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]