Ժողովրդական իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային ցույց Լիբիայում, 2011 թվական։

Ժողովրդական իշխանություն, քաղաքական տերմին, որն օգտագործվում է սոցիալական շարժումների շարժիչ ուժը նկարագրելու համար։ Վերջինս հիմնվում է սովորական քաղաքացիների հավաքական կամքի և վճռականության վրա ու հաճախ մարտահրավեր է նետում կորպորատիվ, իսկ առավել հաճախ քաղաքական կայացած ուժերին։

Ժողովրդական բողոքի ցույցերը փորձում են փոփոխություններ մտցնել տվյալ պետության քաղաքական գործընթացներում։ Դրանք, ըստ էության, հեղափոխության ձևեր են, որոնք իրականացվում են քաղաքացիական հասարակության մոբիլիզացիայի միջոցով և, ի վերջո, հանգեցնում են պետության ներսում քաղաքական իշխանության փոփոխությանը[1]։ Ինչպես երևում է անվանումից, այս մեթոդը հիմնված է սովորական քաղաքացիների ակտիվ ներգրավվածության վրա և, հետևաբար, բացառում է անհատական կամ կենտրոնացված բողոքի ակցիաները, որոնք ղեկավարում են մի խումբ անձինք[2]։ Ժողովրդական իշխանությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ սկսած լոկալ բնույթի բողոքներից մինչև հեղափոխական լայնածավալ գործողություններ, ինչպիսիք են համազգային բողոքի ցույցերը, գործադուլները և համազգային գործադուլները, որոնց նպատակը կարող է լինել գործող կառավարության և/կամ քաղաքական համակարգի տապալումը[3]։ Ժողովրդական շարժումները պատմականորեն կիրառել են տարբեր մարտավարություններ՝ և՛ բռնի, և՛ ոչ բռնի։ Օրինակ՝ 1986 թվականին զանգվածային ցույցերի արդյունքում տեղի ունեցած  ոչ բռնի հեղափոխությամբ Ֆիլիպիններում տապալվեց Ֆերդինանդ Մարկոսի ռեժիմը[4], իսկ 2011 թվականին Լիբիայում տեղի ունեցավ բռնի ապստամբություն, որի արդյունքում իշխանությունից հեռացվեց Մուամար Քադաֆին, որը Լիբիան նախագահում էր սկսած 1969 թվականից[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բողոքի ամենավաղ ցույցերը կապվում են «Երրորդ աշխարհի» երկրների հետ և տեղի են ունեցել 20-րդ դարի կեսերին[6]։ Տվյալ ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական և տնտեսական գործոններն այդ երկրներում նպաստեցին զանգվածային շարժումների տարածմանը[7]։ Այդ գործոնների թվում էին մարդու իրավունքների մասին իրազեկվածության գլոբալ բարձրացումը, հեղափոխական գաղափարների տարածմանը և կազմակերպչական կարողությունների զարգացմանը նպաստող հաղորդակցական տեխնոլոգիաների բարելավումը և քաղաքացիների նկատմամբ պետական գրաքննության համեմատաբար ցածր մակարդակը[8]։ Ժողովրդական իշխանության նշանավոր օրինակներից է 1960-ականների հայտնի «Ծաղիկների ուժ» շարժումը, որը բողոքի շարժում էր ընդդեմ Վիետնամի պատերազմի:

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գրականության մեջ գերակշռող տեսակետն այն է, որ ժողովրդական շարժումները նպատակ ունեն փոփոխել տվյալ պետության քաղաքական համակարգը՝ հաճախ նպատակ ունենալով հաստատել ժողովրդավարական քաղաքական համակարգ[9]։ Այն սոցիալական շարժումները, բողոքի ցույցերը, որոնք չունեն քաղաքական գաղափարախոսության հետ առնչվող նպատակ կամ ընդհանրապես չունեն վերջնական նպատակ, չեն համարվում ժողովրդական իշխանության դրսևորման օրինակներ։

Ռազմավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ուսումնասիրվում են ակտիվիստների կողմից կիրառվող մի շարք ռազմավարություններ, պարզ է դառնում, որ նման բնույթի շարժումներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ունենալ ինչպես բռնի, այնպես էլ ոչ բռնի մոտեցումներ[10]։ Քաղաքագետներն ընդունում են, որ ժողովրդական շարժումների ժամանակ, որոնք ի սկզբանե նպատակ ունեն փոխել գործող քաղաքական համակարգը, կարող է բռնության կիրառումը դիտարկվել որպես պոտենցիալ մարտավարություն։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են քաղաքական տեսաբանները, եթե կողմերից որևէ մեկը բռնություն կիրառի, ապա դա, ամենայն հավանականությամբ, կլինի հաշվարկված և հստակ մեթոդաբանությամբ, որը կարող է ծառայել պրագմատիկ նպատակների։ Պրագմատիկ ոչ բռնի գործողությունը[11] կարող է ներառել այնպիսի մարտավարություն, ինչպիսին է «ոչ ֆիզիկական ճնշումների» կիրառումը կամ «հակառակորդի իշխանությունը թուլացնելուն» ուղղված այլ միջոցառումները[12]։

Փոխարենը, ժողովրդի իշխանությունը կարող է կիրառել կա՛մ բռնի, կա՛մ ոչ բռնի մարտավարություն, կա՛մ երկուսը միասին՝ որոշակի քաղաքական նպատակների հասնելու համար։ Նման օրինակ է 1986 թվականին Ֆիլիպիններում տեղի ունեցած Դեղին հեղափոխությունը, որը, չնայած ի սկզբանե ծրագրված էր որպես խաղաղ հեղափոխություն, ի վերջո դրա ընթացքում կիրառվեցին բռնի մեթոդներ[13]։

Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ պատմության ընթացքում ոչ բռնի ժողովրդական շարժումներն ավելի շատ են հաջողել իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործում, քան բռնի շարժումները։ Սա հաճախ պայմանավորված է նրանով, որ ոչ բռնի ժողովրդական շարժումները դրանց անմիջականորեն չմասնակցող քաղաքացիներից ավելի լայն աջակցություն են ստանում, քան բռնի ժողովրդական շարժումները[14]։

Ժողովրդական շարժումների կազմակերպվածության աստիճանը կարող է զգալիորեն տարբերվել. դրանք կարող են լինել և՛ ինքնաբուխ, և՛ նախապես մանրամասն պլանավորված ու խիստ համակարգված[15]։ Ժողովրդական շարժման համար չկա պլանավորման կամ համակարգման եզակի սահմանված մեթոդ, փոխարենը, նրանք ապավինում են այնպիսի մարտավարությունների, որոնք վայելում են ժողովրդական զանգվածի աջակցությունը[16]։ Օգտագործված մարտավարությունների բազմազանությունն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ բազմաթիվ ռազմավարություններ կիրառվել են բողոքի և համոզելու նպատակով։ Շարժումներին մասնակից ակտիվիստների կողմից իրականացվող ռազմավարությունները հաճախ հիմնված են  բնակչության ավելի լայն զանգվածներին ակտիվորեն ներգրավելու և մոբիլիզացնելու վրա՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել մասնակցությունը և ընդհանուր ներգրավվածությունը[17]։ Ստորև ներկայացված են այն ռազմավարությունները, որոնք ժողովրդական շարժման մարտավարության հիանալի օրինակներ կարող են համարվել։

Փոքր մասշտաբի մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորագրահավաք, 2018 թվական
  • Սոցիալական ցանցեր և համացանց՝ լուսանկարներ, պատկերներ և երկարաշունչ տեքստեր տարածելու համար
  • Ինչ-որ կոնկրետ հարցով ստորագրահավաք
  • Տնային հանդիպումներ և միջոցառումներ
  • Պաստառներ, նամակագրություն, հեռախոսազանգեր
  • Կապ լրատվամիջոցների կամ մամուլի հետ
  • Քաղաքացիական անհնազանդություն
  • Դրամահավաք և կրթական արշավներ
  • Էլեկտրոնային փոստի և բջջային հաղորդագրությունների միջոցով ուղերձներ
  • Քրաուդսորսինգի արշավներ՝ համայնքներում մասնակցությունն առավելագույնի հասցնելու համար 

Մեծ մասշտաբի մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառավարության դեմ նախապես ծրագրված սաբոտաժ[18], ինչը ենթադրում է զինված և բռնի բախումներ
  • Ոչ բռնի գործողություններ և արշավներ[19]
  • Փողոցային բռնի ցույցեր և երթեր
  • Շրջափակում
  • Գործադուլներ
  • Համընդհանուր գործադուլներ
  • Իրավական գործողություններ
  • Բոյկոտներ, ներդրումներ կամ ապաներդրումներ

Զանգվածային գործողությունների և խաղաղության[20] վերաբերյալ ուսումնասիրությունների հեղինակ Էյփրիլ Քարթերը ժողովրդական շարժման երեք առավելություն է նշում[21]։

Նախ, այն արտացոլում է գործադուլներին, ցույցերին և ռազմավարական նշանակության շենքերի գրավմանը, անվտանգային զինված ուժերին դիմակայող անհատների՝ որպես «ճնշող առաջնորդների դեմ կանգնած ժողովուրդ» ինքնաընկալումը։ Երկրորդ, այն դիմադրելու գաղափարը կապում է ժողովրդավարության ձգտման հետ, որն այս լայնածավալ բողոքի ակցիաների գերագույն նպատակն է։ Եվ, ի վերջո, դա այն հիմնական ռազմավարությունն է, որն ընկած է նման ոչ բռնի ապստամբությունների հիմքում՝ հավատքն առ այն, որ գործող իշխանությունները կարող են տապալվել, երբ նրանց հպատակները հրաժարվում են այլևս հնազանդվել նրանց։

Նշանակալի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպիններ (1986)[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի փետրվարի 22-25-ը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում տեղի ունեցած բողոքի ցույցերը ժողովրդական իշխանության դրևորման օրինակներից են. դրանք հայտնի են նաև «Դեղին հեղափոխություն» անվամբ։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն էին հայտնում գործող նախագահ Ֆերդինանդ Մարկոսի նկատմամբ՝ համատարած կոռուպցիայի, ներքին մշտական խնդիրների, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական տարբեր խմբերի միջև զգալի անջրպետի, և տնտեսական անկման պատճառով[22]։ «Դեղին հեղափոխության» վերջնանպատակը Մարկոսի բռնապետության տապալումն ու նոր քաղաքական կարգերի հաստատումն էր։ Ի վերջո, ժողովրդական իշխանության այս օրինակը շարժման նպատակներին հասնելու առումով հաջողված է համարվում[23], քանի որ նույն 1986 թվականին Մարկոսի բռնապետությունը տապալվեց և նա, ավելի ուշ, աքսորվեց Հավայան կղզիներ։ Մարկոսի տապալումից հետո Կորասոն Ակինոյի գլխավորությամբ ձևավորվեց հեղափոխական կառավարություն, որից հետո Ակինոն ընտրվեց Ֆիլիպինների տասնմեկերորդ նախագահ[24]։

Մյանմա (1988-1990)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժումը, որը հայտնի է նաև «8888 ապստամբություն» անվամբ, նպատակ ուներ տապալել Բիրմայի սոցիալիստական ​​ծրագիր կուսակցության գեներալ՝ Նե Վինի ռազմական և տոտալիտար ռեժիմը։ Բիրմայական շարժումն աջակցություն ստացավ ոչ միայն ուսանողների, այլև կրոնական համայնքի կողմից. ուսանողները, վանականները և միանձնուհիները ակտիվ դերակատարում ունեին շարժումը ղեկավարելու և կազմակերպելու գործում[25]։ Այս ակտիվիստները բախվեցին կառավարության կողմից դաժան բռնաճնշումների, որոնց հետևանքով ցույցերի ընթացքում ավելի քան 3000 զոհ գրանցվեց[26]։ Ընդհանուր առմամբ, Բիրմայի ժողովրդական շարժումը չկարողացավ հասնել իր նպատակներին, քանի որ ռազմական ռեժիմը ճնշեց շարժումը, և հնարավոր չեղավ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել երկրի քաղաքական համակարգում[27]։ Թեև շարժման արդյունքում միջազգային կազմակերպություններն ու օտարերկրյա կառավարությունները տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ սահմանեցին[28], ՄԱԿ-ի վերջին հայտարարությունները վկայում են երկրում ներքաղաքական շարունակվող կոռուպցիայի մասին, ընդ որում՝ վերջին ընտրությունները համարվել են կեղծված[29]։

Արևելյան Եվրոպայի արբանյակ պետություններ (1980-1990-ական թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույց Բեռլինի պատի մոտ, 1989 թվական

Սառը պատերազմի ավարտին Սոցիալիստական ճամբարի փլուզումը նույնպես ժողովրդական իշխանության դրսևորում է համարվում, քանի որ այն հետևանք էր ԽՍՀՄ արբանյակ պետություններում կոմունիստական ղեկավարության նկատմամբ աճող դժգոհության։ Քաղաքական փոփոխություններ իրականացնելու ժողովրդական ջանքերից են նաև «Համերաշխություն» շարժումը Լեհաստանում և Թավշյա հեղափոխությունը՝ Չեխոսլովակիայում։ Այս շարժումները հիմք դրեցին 1989 թվականի հեղափոխություններին, որոնք զգալի փոփոխություններ բերեցին Արևելյան Եվրոպայի հասարակական-քաղաքական կյանք։ Նոյեմբերին Բեռլինի պատի փլուզումը նշանավորեց Սոցիալիստական ճամբարի կազմաքանդումը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով անկախ ժողովրդավարական պետությունների ստեղծման համար[30]։

Վերջին տարիների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալդիվներ (2004-2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2008 թվականներին Մալդիվներում ծավալված ժողովրդական շարժումը պայքարում էր Մալդիվների ժողովրդական կուսակցությունից գործող նախագահ Մոմուն Աբդուլ Գայումի դեմ։ Բողոքի ցույցերն ուղղված էին նախագահ Աբդուլ Գայումի ավտոկրատական ռեժիմին, որը բնութագրվում էր մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, այդ թվում՝ կամայական ձերբակալություններով, խոշտանգումներով և քաղաքական դրդապատճառներով սպանություններով։ Շարժումը հասավ իր նպատակին. Գայումը չընտրվեց 2008 թվականի ընտրությունների ժամանակ[31]։ Այնուամենայնիվ, 2012 թվականին նա վերադարձավ քաղաքական դաշտ, քանի որ ընդդիմադիր շարժման ազդեցությունը թուլացավ։ Այդ իսկ պատճառով այս շարժումը համարվում է ձախողված, քանի որ այն չկարողացավ կայուն փոփոխություններ մտցնել Մալդիվների քաղաքական համակարգում[32]։

Թունիս (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիսի քաղաքացիական դիմադրության շարժումը մեծ թափ ստացավ այն բանից հետո, երբ արհմիությունները սկսեցին դժգոհել ներքին տնտեսական խնդիրներից, կոռուպցիայից, քաղաքական սահմանափակ ազատություններից և նախագահ Զին ալ-Աբիդին Բեն Ալիի բռնատիրական կառավարման հետևանքով առաջացած վատ կենսապայմաններից։ Ժողովրդական շարժումը սկսվեց 2010 թվականին քաղաքացի Մոհամեդ Բուազիզիի ինքնահրկիզումից հետո, որն այդ քայլին դիմեց՝ ի պատասխան տեղական իշխանությունների կողմից իր ձերբակալության և ոտնձգությունների[33]։ Ժողովրդական շարժումը հիմնականում հենված էր ներքևից եկող նախաձեռնությունների վրա, մասնավորապես՝ փողոցային ցույցերի, իսկ դրանց կազմակերպումն ու համակարգումն արվում էր սոցիալական ցանցերի՝ «Facebook»-ի և «Twitter»-ի (այժմ՝ X) միջոցով[34]։ Թունիսի հեղափոխությունը համարվում է ժողովրդական շարժման հաջողված օրինակ, քանի որ բռնակալ նախագահը 2011 թվականի հունվարի 14-ին, լայնածավալ ցույցերի արդյունքում, փախավ երկրից։ Այս ժողովրդական շարժումը նաև նշանակալի խթան էր «Արաբական գարուն» հեղափոխական ալիքի համար։

Լիբիայի քաղաքացիական պատերազմ (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբիայի քաղաքացիական պատերազմը, որը հաճախ նշում են որպես բռնի ժողովրդական շարժման օրինակ, տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 15-ից հոկտեմբերի 23-ը։ Շարժման նպատակն էր տապալել իսլամական մոդեռնիզմի ներկայացուցիչ Մուամմար Քադդաֆի գլխավորած կառավարությունը, որը Լիբիայում հայտնի էր մարդու իրավունքների համատարած խախտումներով[35]։ Ժողովրդական իշխանության այս օրինակում իշխանության փոխանցումը համեմատաբար բռնի էր։ Միջազգային քրեական դատարանի գնահատմամբ՝ այդ ժամանակահատվածում զոհվել է մոտ 10 000 անձ[36]։ Ապստամբ ուժերն ակտիվորեն մասնակցում էին բողոքի ցույցերին՝ մեծ վնաս հասցնելով հանրային գույքին և ենթակառուցվածքներին, ինչին ի պատասխան՝ Քադդաֆիի կառավարությունը գործադրեց ռազմական մի շարք միջոցներ, այդ թվում՝ հրետանի, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ ապստամբությունը ճնշելու և վերահսկողությունը պահպանելու համար[37]։ Շարժումն ավարտվեց Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ստեղծմամբ՝ որպես Լիբիայի օրինական կառավարող մարմին, որը փոխարինեց Քադդաֆիի վարչակազմին։ Ավելի ուշ,Քադդաֆիի սպանությունը նշանավորեց շարժման վերջնական ավարտը[38]։

Այդուհանդերձ, Լիբիայի քաղաքացիական պատերազմի հաջողված լինելը վիճելի է համարվում. թեև Քադդաֆիի կառավարությունը տապալվեց, Լիբիայում սկսվեց երկրորդ քաղաքացիական պատերազմը, երբ Քադդաֆիի կողմնակիցները հրաժարվեցին համագործակցել նոր կառավարության հետ[39]։

Ժողովրդական իշխանություն և ժողովրդական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական իշխանությունը հաճախ կապված է մաոյական գաղափարախոսության մեջ մեծ տարածում ունեցող «ժողովրդական պատերազմ» երևույթի հետ։ Վերջինս նույնպես սոցիալական շարժում է, բայց դրա նպատակը «միանգամից առճակատման գնալն է, քանի դեռ ցուցարարները չեն կուտակել բավարար ռազմական ուժ՝ պետության կառավարումն իրենց ձեռքը վերցնելու համար կամ քանի դեռ իշխանությունը չի քայքայվել ներսից»[40]։ Այս երկուսի հիմնական տարբերությունն այն է, որ ժողովրդական իշխանությունը նպատակ ունի ավտոկրատական և ռեպրեսիվ ռեժիմները կազմաքանդել խաղաղ դիմադրության միջոցով, իսկ ժողովրդական պատերազմն իր նպատակներին հասնելու համար հիմնվում է գաղափարական դրդապատճառներով պարտիզանական բախման, օրինակ՝ ապստամբության վրա[41]։

Ստորև ներկայացված են ժողովրդական իշխանության և ժողովրդական պատերազմի ընդհանրությունները.[42]

  • ստանալ մեծամասնության աջակցությունը,
  • մոբիլիզացնել բնակչության մարգինալացված հատվածին,
  • խրախուսել զինվորականների և ոստիկանների դասալքությունը,
  • ստեղծել այլընտրանքային ինստիտուտներ՝ քաղաքացիների հիման վրա,
  • խրախուսել համերաշխություն և անվախություն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական իշխանության որդեգրած մեթոդաբանությունը քննադատության է ենթարկվել ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ գիտական շրջանակների կողմից։ Հաշվի առնելով նման շարժումների ժողովրդական բնույթը՝ դրանք քննադատության են ենթարկվում՝ հասարակության «էլիտար» անդամներին՝ ներառյալ մտավորականներին այդ շարժումներում չներգրավելու համար[43]։ Արդյունքում, այն անհատները, որոնք մասնագիտական գիտելիքներ կամ նշանակալի փորձ ունեն, դուրս են մնում այդ շարժումների պլանավորումից և կազմակերպումից։ Այդ իսկ պատճառով ժողովրդական շարժումները կարող են ընկալվել որպես «ամբարտավան կամ անարդյունավետ» շարժումներ[44]։  

Ժողովրդական շարժման կիրառած մեթոդները հակասական են՝ գրանցած հաջողությունը երկարաժամկետ պահպանելու առումով։ Հիմնվելով անցյալի փորձի վրա՝ այսպիսի շարժումներին ներգրավվելը պարտադիր չէ, որ հանգեցնի «երկարաժամկետ արմատական փոփոխությունների»[45]։ Օրինակ՝ Մալդիվների դեպքում ժողովրդական շարժումը հանգեցրեց քաղաքական համակարգի ժամանակավոր փոփոխության՝ առանց տևական ազդեցության։ Բացի այդ, ժողովրդական իշխանությունը հակասական է, քանի որ պետության քաղաքական կյանքում կարող է հանգեցնել անկանխատեսելի, իսկ երբեմն էլ՝ հակաարդյունավետ հետևանքների։ Ռազմական և ավտոկրատական վարչակարգերը «կարող են գործի դնել իրենց ռեպրեսիաների ամբողջ ապարատը՝ ժամանակավորապես ճնշելու նույնիսկ ամենահամարձակ դիմադրությունը», ինչպես ցույց է տալիս Մյանմայի օրինակը[46]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fukuoka».
  2. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.xv».
  3. «An example is the use of popular petitions and media techniques, as by Greenpeace in Australia (2012) to oppose the deployment of a giant-size fishing trawler. See People power wins! Super trawler banned Archived 2017-12-14 at the Wayback Machine at Greenpeace Australia Pacific, 2012».
  4. «Hollnsteiner, M 1976, 'People Power: Community Participation in the Planning and Implementation of Human Settlements', Philippine Studies, vol. 24, no.1, p.5».
  5. «Fukuoka, Y 2015, 'Who brought down the dictator? A critical reassessment of so-called 'People power' revolutions in the Philippines and Indonesia', The Pacific Review, vol.28, no.3, pp.412».
  6. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.xxiii».
  7. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.17».
  8. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.17».
  9. «Wilson, E 2017, People Power Movements and International Human Rights: Creating a Legal Framework, ICNC Monograph Series, Washington, D.C USA, p.1».
  10. «"Six Takeaways for the Next Decade of People Power". United States Institute of Peace. Retrieved 2023-07-05».
  11. «Wilson, E 2017, People Power Movements and International Human Rights: Creating a Legal Framework, ICNC Monograph Series, Washington, D.C USA, p.15».
  12. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.xvii».
  13. «"MMP: Communist Party of the Philippines - New People's Army". cisac.fsi.stanford.edu. Retrieved 2023-07-05».
  14. «Carter, A 2013, 'People Power Since 1980: Examining Reasons for its Spread, Success and Failure', Nomos Verlagsgesellschaf, vol.31, no.3, pp.148».
  15. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.xxii».
  16. «Hollnsteiner, M 1976, 'People Power: Community Participation in the Planning and Implementation of Human Settlements', Philippine Studies, vol. 24, no.1, pp.5».
  17. «Clark, H 2009, People Power: Unarmed Resistance and Global Solidarity, Pluto Press, London».
  18. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.xxii».
  19. «"Six Takeaways for the Next Decade of People Power". United States Institute of Peace. Retrieved 2023-07-05».
  20. «Young, Amanda Verdery (2017-05-11). "April Carter". Women In Peace. Retrieved 2023-07-05».
  21. «Carter, A 2012, People Power and Political Change: Key Issues and Concepts, Taylor & Francis Group, Oxfordshire, United Kingdom, p.148».
  22. «Galang, Ping (2011-02-21). "The economic decline that led to Marcos' fall". GMA News Online. Retrieved 2023-07-05».
  23. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.xxii».
  24. «Lijauco, Chit. "EDSA Revolution: A Look Back At The Historic 1986 People Power". Tatler Asia. Retrieved 2023-07-05».
  25. «Carter, A 2013, 'People Power Since 1980: Examining Reasons for its Spread, Success and Failure', Nomos Verlagsgesellschaf, vol.31, no.3, p.148».
  26. «Carter, A 2013, 'People Power Since 1980: Examining Reasons for its Spread, Success and Failure', Nomos Verlagsgesellschaf, vol.31, no.3, p.148».
  27. «Schock, K 2005, Unarmed Insurrections People Power Movements In Non-democracies, University of Minnesota Press, Minneapolis, USA, p.xxii».
  28. «Carter, A 2013, 'People Power Since 1980: Examining Reasons for its Spread, Success and Failure', Nomos Verlagsgesellschaf, vol.31, no.3, p.148».
  29. «Marshall, A 2011, "The Slow That of Burma's Notorious Military Junta", 31 August, Time, viewed 11 May 2021, http://content.time.com/time/world/article/0,8599,2091229,00.html». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  30. «Amnesty International 2004, Amnesty International Report 2004- Maldives, viewed 11 May 2021, https://archive.today/20130416022139/http://www.unhcr.org/refworld». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  31. «Amnesty International 2004, Amnesty International Report 2004- Maldives, viewed 11 May 2021, https://archive.today/20130416022139/http://www.unhcr.org/refworld». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  32. «Carter, A 2013, 'People Power Since 1980: Examining Reasons for its Spread, Success and Failure', Nomos Verlagsgesellschaf, vol.31, no.3, pp.148».
  33. «Donker, T & Netterstrom, K 2017, 'The Tunisian Revolution & Governance of Religion', Middle East Critique, vol.26, no.2, pp.143».
  34. «Donker, T & Netterstrom, K 2017, 'The Tunisian Revolution & Governance of Religion', Middle East Critique, vol.26, no.2, pp.143».
  35. «"Human Rights In Libya: During And After Gaddafi - Human Rights - Libya". www.mondaq.com. Retrieved 2023-07-05».
  36. «Death Toll in Libyan Popular Uprising at 10,000", Islamic Republic of Iran Broadcasting, 24 February 2011, Archived from the original on 28 July 2011, Retrieved 20 April 2021».
  37. «Meo, Nick 2011,"Libya protests: 140 'massacred' as Gaddafi sends in snipers to crush dissent", 20 February, The Daily Telegraph. UK, viewed 20 April 2021».
  38. «"Gaddafi killed as Libya's revolt claims hometown". Reuters. 2011-10-20. Retrieved 2023-07-05».
  39. «"Libyan forces raid militia outposts". www.aljazeera.com. Retrieved 2023-07-05».
  40. «Carter, A 2012, People Power and Political Change: Key Issues and Concepts, Taylor & Francis Group, Oxfordshire, United Kingdom. p.22».
  41. «McCormick, G 1999, 'People's Wars', Encyclopedia of conflicts since World War II, vol.1, pp.23».
  42. «McCormick, G 1999, 'People's Wars', Encyclopedia of conflicts since World War II, vol.1, pp.23».
  43. «Hollnsteiner, M 1976, 'People Power: Community Participation in the Planning and Implementation of Human Settlements', Philippine Studies, vol. 24, no.1, p.10».
  44. «Hollnsteiner, M 1976, 'People Power: Community Participation in the Planning and Implementation of Human Settlements', Philippine Studies, vol. 24, no.1, p.10».
  45. «Carter, A 2012, People Power and Political Change: Key Issues and Concepts, Taylor & Francis Group, Oxfordshire, United Kingdom, p.176».
  46. [Carter, A 2012, People Power and Political Change: Key Issues and Concepts, Taylor & Francis Group, Oxfordshire, United Kingdom, p.176 «Carter, A 2012, People Power and Political Change: Key Issues and Concepts, Taylor & Francis Group, Oxfordshire, United Kingdom, p.176»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)