Jump to content

Էստոնիայի վտարանդի կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Էստոնիայի վտարանդի կառավարություն
էստ․՝ Eesti valitsus-in-eksiilis
 Flag of Estonia.svg 1940 - 1992  
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Locator map of Estonia
(Էստոնիայի տեղակայման քարտեզ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տալլին (դեյուրե)
Օսլո (դե ֆակտո)
Հիմն Mu isamaa, mu õnn ja rõõ

Էստոնիայի վտարանդի կառավարություն (էստ․՝ Eesti valitsus-in-eksiilis), Էստոնիայի Հանրապետության պաշտոնապես հայտարարված պետական իշխանությունը վտարանդի է հայտարարվել սկսած 1953 թվականից[1] մինչև 1992 թվականը` մինչև էստոնական ինքնիշխանության վերականգնումը Էստոնիայի տարածքում[2]։ Վտարանդի կառավարությունն արդարացրել է իր լեգիտիմությունը էստոնական վերջին կառավարության սահմանադրական շարունակականության միջոցով, որը գործել է մինչև 1940 թվականին խորհրդային ներխուժումը։ Իր գոյության ընթացքում կառավարությունը ճանաչում է վայելել միջազգային հանրության կողմից։

Էստոնիայի կառավարության անդամները, որոնք ընդհատակ են անցել խորհրդային իշխանության գալուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի հունիսին Էստոնիան բռնակցվել է ԽՍՀՄ-ին։ Խորհրդային իշխանությունները ձերբակալել են երկրի  նախագահ Պյատսին և նրան արտաքսել են ԽՍՀՄ, որտեղ էլ նա բանտում մահացել է 1956 թվականին։ Էստոնիայի Հանրապետության կառավարության նախկին շատ անդամներ արտաքսվել կամ մահապատժի են ենթարկվել, այդ թվում` պետության ութ նախկին ղեկավարներ ու 38 նախարարներ։ Նրանք, ովքեր կենդանի են մնացել, ընդհատակ են անցել։

Յուրի Ուլուոտսը Էստոնիայի վերջին սահմանադրական վարչապետն է եղել խորհրդային անեքսիայի ժամանակ։ Պյատսի մահից հետո, Ուլուոտսը` որպես երկրի կառավարության ղեկավար, ըստ Էստոնիայի Սահմանադրության 46 հոդվածի (Riigi Teataja 03.09.1937 No. 71 Art 590), որտեղ նշված է, որ այն դեպքում, եթե նախագահը լքել է իր պաշտոնը կամ այլ պատճառներով չի կարող կատարել իր պարտականությունները, այդ պարտականությունները ստանձնում է վարչապետը, վարչապետն էլ իր պարտականությունները փոխանցում է վարչապետի պաշտոնակատարին, դառնում է երկրի ղեկավարի պաշտոնակատար։

Ուլուոտսը 1941 թվականի հուլիսին` գերմանական օկուպացիայի սկզբին փորձեց ձևավորել նոր էստոնական կառավարություն, սակայն գերմանիայի իշխանությունները հրաժարվեցին ճանաչել Էստոնիան` որպես ինքնիշխան պետություն։

Երկրի օկուպացիան նացիստական Գերմանիայի կողից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի Հանրապետության Ազգային կոմիտեն ձևավորվել է այն անձանցից, որոնք աշխատում էին Էստոնիայի կառավարությունում մինչև խորհրդային անեքսիան։ Ի սկզբանե, 1944 թվականի մարտի 23-ին, Կոմիտեում նախագահում էր Կաարալ Լիիդակը, ապա, 1944 թվականի օգոստոսի 15-ից (կամ 16-ից)` Օտտո Տիիֆը։ 1944 թվականի օգոստոսի 1-ին Կոմիտեն ինքն իրեն հայտարարել է Էստոնիայի Հանրապետության գերագույն իշխանություն։

Յուրի Ուլուոտս

Անկախության վերականգնման չհաջողված փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի հունիսին Էստոնիայի քաղաքական առաջնորդները, որոնք վերապրել էին սովետական բռնաճնշումները, գաղտնի խորհրդակցություն անցկացրեցին, որտեղ էստոնական ընդհատակյա կառավարության ձևավորման մասին որոշում կայացվեց։ Քննարկվեցին հանրապետության իրավահաջորդության պահպանմանն ուղղված միջոցառումները[3]։ 1943 թվականի հունվարի 6-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ էստոնական էմիգրանտների պատվիրակության մասնակցությամբ հանդիպում։ Էստոնիայի Հանրապետության իրավական իրավահաջորդության պահպանման նպատակով որոշվեց, որ վերջին վարչապետ Յուրի Ուլուոտսը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները որպես վարչապետ։ 1944 թվականի ապրիլի 20-ին Էստոնիայի Հանրապետության Ընտրական հանձնաժողովը (Vabariigi Presidendi Asetäitja Valimiskogu, մարմին, որի լիազորությունները նշված էին երկրի սահմանադրության մեջ և որը ընտրում էր հանրապետության նախագահի պաշտոնակատարը) անցկացրեց գաղտնի ժողով Տալլինում։ Նրա մասնակիցների թվում էին.

  • Յուրի Ուլուոտս>ը` մինչև խորհրդային անեքսիան Էստոնիայի վերջին վարչապետը
  • Յոհան Հոլբերգը` Զինված Ուժերի գլխավոր հրամանատարը
  • Օտտո Պուկկը` պատգամավորների Պալատի նախագահը
  • Ալֆրեդ Մաուրերը` Ազգային խորհրդի երկրորդ փոխնախագահը
  • Միհկել Կլասսենը` Էստոնիայի գերագույն դատարանի դատավորը։

Կոմիտեն որոշում կայացրեց այն մասին, որ Յոհաննես Վարեսին վարչապետ նշանակումը, որը կատարել էր Կոնստանտին Պյատսը խորհուրդների ճնշման տակ, եղել է անօրինական և Ուլուոտսը 1940 թվականի հունիսի 21-ից, դե-յուրե, ստանձնեց նախագահի լիազորությունները[4]։ 1944 թվականի հունիսի 21-ին  Յուրի Ուլուոտսը Օտտո Տիիֆին փոխվարչապետ նշանակեց։ 1944 թվականի սեպտեմբերի 18-ին  Ուլուոտսը, որը տառապում էր քաղցկեղից, Տիիֆին նշանակեց վարչապետի պաշտոնակատար և ձևավորեց կառավարություն, որը բաղկացած էր 11 անդամից։ 1944 թվականի սեպտեմբերի 20-ին Ուլուոտսը` առողջության վատթարացման պատճառով մեկնեց Շվեդիա։ Տիիֆը, ըստ սահմանադրության ստանձնեց իր պաշտոնը, և գերմանական զորքերի նահանջի հետ փորձեց օգտվել օրինական կառավարության վերականգնումը հայտարարելու հնարավորությունից։

Սեպտեմբերի 21-ին հայտարարվեց էստոնական ազգային կառավարության ձևավորման մասին, էստոնացիների զինված խմբավորումները գրավեցին Վիշգորոդի կառավարական շենքերը և գերմանական զորքերին հրամայեցին լքել քաղաքը[5]։ Pikk Hermann աշտարակում, որի կողքին խորհրդարանի նիստն էր ընթանում, Գերմանիայի դրոշը փոխարինվեց էստոնական եռագույնով։ Տիիֆի կառավարությունը, սակայն, չկարողացավ տարածքի վերահսկողությունը պահպանել։ Էստոնիայի ռազմական ստորաբաժանումները Յոհան Պիտկայի ղեկավարությամբ բախման մեջ մտան ինչպես գերմանական, այնպես էլ խորհրդային զորքերի հետ։ Սեպտեմբերի 22-ին Կարմիր Բանակի զորքերը վերահսկողության տակ վերցրեցին Տալլինը և իջեցրեցին էստոնական դրոշը։ Կառավարության անդամների մեծ մասը լքեց Տալլինը սեպտեմբերի 21-ին, իսկ ինք` Տիիֆը, քաղաքից հեռացավ սեպտեմբերի 22-ին։

Փախուստ խորհրդային զորքերից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիիֆի կառավարությունը լքեց Տալլինը։ Կառավարության վերջին նիստը տեղի է ունեցել Պիգարի գյուղում սեպտեմբերի 22-ին։ Նավը, որը պետք էր մոտենար նշանակված վայրին, որպեսզի նրանց տարհաներ Բալթիկայով, շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով չկարողացավ գալ ժամանակին։ Պաշտոնական անձանց մեծ մասը, այդ թվում և Տիիֆը, բռնվեցին ընդառաջ եկող խորհրդային զորքերի կողմից, բանտարկվեցին ու ավելի ուշ մահապատժի ենթարկվեցին կամ արտաքսվեցին։ Տիիֆին հաջողվեց վերապրել Սիբիր աքսորը եւ այնուհետեւ վերադառնալ Էստոնիա, որտեղ էլ նա մահացավ 1976 թվականին։ Միայն Գյուղատնտեսության նախարար Կաարել Լիիդակը մահացավ 1945 թվականի հունվարի 16-ին։

Ռեյի և Մորերայի փոխհարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ 1945 թվականի հունվարի 9-ին մահացավ Ուլուոտսը, Աուգուստ Ռեյը, որպես կառավարության ողջ մնացած անդամներից առավել ավագը, ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները։ Ռեյին աջակցություն ցույց տվեցին Շվեդիայի Տիիֆի կառավարության ողջ մնացած անդամները։ Ռեյը էստոնական վերջին դիվանագիտական ներկայացուցիչն էր Մոսկվայում մինչև խորհրդային անեքսիան եւ նրան հաջողվեց փախչել Մոսկվայից Ռիգայով Ստոկհոլմ 1940 թվականի հունիսին[6]։

1953 թվականի հունվարի 12-ին Նորվեգիայի Օսլո քաղաքում Ռեյը հայտարարեց Էստոնիայի վտարանդի կառավարության ձևավորման մասին և տեղի ունեցավ նրա երդմնակալության արարողություն, որպես Էստոնիայի վտարանդի կառավարության վարչապետ[1] (Օսլոն, այլ ոչ թե Ստոկհոլմն է ընտրվել այն պատճառով, քանի որ Նորվեգիայում արգելված չէր նման քաղաքական ակտիվությունը, ի տարբերություն Շվեդիայի)։

Սակայն էստոնական քաղաքական գործիչների մեկ այլ խումբ կարծում էր, որ նախագահը կարող է ընտրվել միայն ներկայացուցչական մարմնի միջոցով։ Այդ խումբը գլխավորում էր Ալֆրեդ Մորերը, որը Էստոնիայի Ազգային խորհրդի նախագահի երկրորդ տեղակալն էր մինչև 1940 թվականը։ Մորերն ընտրվեց վտարանդի Հանրապետության նախագահի պաշտոնակատար (Vabariigi Presidendi Asetäitja) 1953 թվականի մարտի 3-ին Գերմանիայի Աուգուստդորֆ քաղաքում։ Մորերի դիրքորոշումը մեծ աջակցություն ուներ ներգաղթյալների շրջանում, եւ նա այդպես էլ չնշանակեց կառավարության նոր կազմ (պնդելով, որ Տիիֆի կառավարությունը դեռ մնում է այդ պաշտոնում, և, համապատասխանաբար, կարիք չկա նոր կառավարության ձևավորման)։ 1954 թվականի սեպտեմբերի 20-ին Մորերի մահից հետո այս ուղղվածությունը կորցրեց իր կողմնակիցներին, իսկ Ռեյի կառավարությունն օրինական հավակնությունն ունեցող միակ կազմակերպությունը մնաց։

1963 թվականին Ռեյի մահից հետո Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը փոխանցվեց այլ անձանց. 1953 թվականից մինչև 1992 թվականն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ձևավորվել է վտարանդի կառավարության հինգ կազմ։

Դիվանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երեք Բալթյան երկրներից միայն էստոնացիներն են ձևավորել պաշտոնական վտարանդի կառավարություն։ Լատվիայի եւ Լիտվայի դեպքերում սուվերեն իշխանությունը հենվում էր նրանց դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։ Ինչ վերաբերում է Էստոնիային, ապա նրա հյուպատոսությունները եղել են դիվանագիտության իրականացման եւ պետական հարցերի լուծման հիմնական մարմիններ (օրինակ, անձնագրերի տրամադրումը)։ Էստոնիայի գլխավորը հյուպատոսություն գտնվում էր Նյու Յորքում։

Ըստ ամերիկյան Ստիմպսոնի դոկտրինի և այլ նման դոկտրինների, Մերձբալթիկայում խորհրդային անեքսիայի լեգիտիմությունը ԱՄՆ-ը երբեք չի ճանաչել[7]։

Վտարանդի կառավարության դերը Օսլոյում մեծապես խորհրդանշական բնույթ էր կրում։ Էստոնական հյուպատոսությունը Իռլանդիայում դատական քննության կողմերից մեկն էր. մի օր էստոնական նավերին հանձնարարվեց գնալ խորհրդային նավահանգիստ։ Դրա փոխարեն երեք էստոնական (Otto, Piret եւ Mall) և երկու լատվիական (Rāmava եւ Everoja) նավերը ընտրեցին Իռլանդիայի չեզոք նավահանգիստը։ Իվան Մայիսկին` ԽՍՀՄ-ի դեսպանը Միացյալ Թագավորությունում, դիմեց Դուբլինի Գերագույն դատարան` ԽՍՀՄ-ի կողմից նավերը սեփականություն ճանաչելու առիթով, դրանց նախնական սեփականատերերի հետ հնարավոր չէր կապվել։ Ջոն ՄակԷվոյը` Էստոնիայի պատվավոր հյուպատոսը հաջողությամբ դիմակայեց խորհրդային ճնշմանը[8]։ Ավելի ուշ այս դեպքի մասին իր հանդիսավոր խոսքում անդրադարձել է Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը[9]։

Այնուամենայնիվ, էստոնական վտարանդի կառավարության հիմնական խնդիրն է եղել Էստոնիայի պետականության շարունակականության պահպանումը։ Նրա վերջին վարչապետ Հեինրիխ Մարկը, դադարեցրել է վտարանդի կառավարության աշխատանքը, երբ 1992 թվականի հոկտեմբերի 8 -ին իր հավատարմագրերն է հանձնել երկրի նոր նախագահին` Լեննարտ Մերիին։ Մերին շնորհակալություն է հայտնել Էստոնիայի վտարանդի կառավարությանն այն բանի համար, որ այն հանդես է եկել էստոնական պետության իրավահաջորդության պահապան։

Մի խումբ ակտիվիստներ, որոնց թվում էին Միխել Մատիսենը, Կալև Օտսը և Ահտի Մենդը, հրաժարվել են ընդունել Վտարանդի կառավարության հրաժարականը, հայտարարելով, որ ոչ մի էստոնական կառավարություն չի կարող լինել օրինական, եթե իշխանությունը չի բխում 1938 թվականի Սահմանադրությունից։ Նրանք կրկին ձևավորեցին վտարանդի կառավարություն, որը տեղակայված է Նիմմեում առ այսօր[10]։

Վարչապետերի ցանկ (Peaministri asetäitjad)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օտտո Տիիֆ (18 սեպտեմբերի, 1944 թ — ի հունվարի 12-ին 1953 թ. Մնացել է Էստոնիայում, ձերբակալվել էր խորհրդային իշխանությունների կողմից, հոկտեմբերի 10-ին 1944 թ. - ին, մահացել է 1976 թ.)
  • Յոհաննես Սիկկար (1953 թվականի մարտ 12-ից 1960 թվականի օգոստոսի 22)
  • Տինիս Կինգ (1960 թվականի օգոստոսի 22-ից 1962 թվականի հունվարի 1)
  • Ալեքսանդր Վարմա (1962 թվականի հունվարի 1-ից 1963 թվականի մարտի 29)
  • Տինիս Կինտ (1963 թվականի ապրիլի 2-ից 1970 թվականի դեկտեմբերի 23)
  • Հենրիկ Մարկ (1971 թվականի մայիսի 8-ից 1990 թվականի մարտի 1)
  • Էննո Պեննո (1990 թվականի մարտի 1-ից 1992 թվականի սեպտեմբերի 15)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Plaque unveiled in Oslo to remember Estonia's exiled government
  2. Historical Dictionary of Estonia — Page 332 ISBN 0-8108-4904-6
  3. Chronology Արխիվացված Հունիս 9, 2007 Wayback Machine at the EIHC
  4. L. Mälksoo, Professor Uluots, the Estonian Government in Exile and the Continuity of the Republic of Estonia in International Law, Nordic Journal of International Law, Volume 69, Number 3 / March, 2000
  5. By Royal Institute of International Affairs.
  6. Diplomats Without a Country By James T. McHugh, James S. Pacy; p. 183 ISBN 0-313-31878-6
  7. Kempster, Norman (1988 թ․ հոկտեմբերի 31). «Annexed Baltic States: Envoys Hold On to Lonely U.S. Postings». Los Angeles Times.
  8. «Eire High Court: Zarine v. Owners, etc. S. S. Ramava, McEvoy & Ors. v. Owners, etc. S. S. Otto, McEvoy and Veldi v. Owners, etc. S. S. Piret and S. S. Mall, Eckert & Co. v. Owners, etc. S. S. Everoja». The American Journal of International Law. American Society of International Law. 36 (3 (july. 1942)): 490–504. July 1942. doi:10.2307/2192676.
  9. «President of the Republic at the State Dinner hosted by President T. E. Mary McAleese and Dr. Martin McAleese». President.ee. 2008 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին. «... ... we are thankful that Ireland never recognised the illegal annexation of Estonia by the Soviet Union after the Second World War. We will never forget John McEvoy, Estonia's honorary consul in Dublin from 1938 to 1960. Among other things, one of his good deeds was helping to protect the interests of the Estonian shipowners ...»
  10. «Эстонское правительство в изгнании заседает в Нымме». RUS Delfi. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]