Երվանդ Գասպարյան (կապիտան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդ Գասպարյան (այլ կիրառումներ)
Երվանդ Գասպարյան
Ծնվել է1871
ԾննդավայրՎրաստան, Վորբի գյուղ
Մահացել է1946 թվական
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն
ԿրթությունՓոթիի ռազմածովային դպրոց
Մասնագիտությունկապիտան
Զբաղեցրած պաշտոններառաջին կարգի ծովակալ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ աշխատանքային հերոս

Երվանդ Գասպարյան (1871, Վրաստան - 1946), կապիտան, առաջին կարգի ծովակալ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Գասպարյանը ծնվել է 1871 թվականին Վրաստանի Վորբի գյուղում: 1888 թվականին սեմինարիան ավարտելուց հետո վերադարձել է Վրաստան, իսկ 1889 թվականին ուսումը շարունակել է Փոթիի ռազմածովային դպրոցում: 1890 թվականին Ավստրիայի «Էմմա» նավով փորձել է լողալ Սև և Միջերկրական ծովերի, Ատլանտյան օվկիանոսի վրայով: 1894 թվականին Երվանդ Գասպարյանը նշանակվել է «Զիֆիրիս» նավի նավապետ: Նա մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ Կրետե կղզում տեղի ունեցած հունական ապստամբությանը, գաղտնի կերպով զենք է տեղափոխել ապստամբներին և հայ ֆիդայիներին, որոնք նույնպես պայքարում էին թուրքական իշխանությունների դեմ: Երվանդ Գասպարյանը հայ և հույն ապստամբներին օգնելու համար Կ. Պոլսում ձերբակալվում է: Թուրքերը համարում էին, որ ապստամբներին օգնելու համար գլխատելը կամ գնդակահարությունը մեղմ պատիժ է: Նրանք Երվանդ Գասպարյանին տեղափոխել են լեռներում գտնվող մի լքված վանքի մոտ, ոտքերին ծանր քարեր են կապել և հեռցել՝ մտածելով, որ նա շուտով կմահանա: Երվանդ Գասպարյանին այդ վիճակում պատահաբար հայտնաբերել են քրդերը, որոնք Երվանդ Գասպարյանին ազատել են շղթաներից և տեղափոխել Վենետիկ: Այստեղ` Սուրբ Ղազար կղզու Մխիթարյանների հովանու ներքո, Երվանդ Գասպարյանը բարելավում է նավագնացության մասին իր գիտելիքները: Ռուսաստան վերադառնալուց հետո նա ստացել է Մանթաշյանին պատկանող «Բորժոմի» շոգենավի նավապետի պաշտոնը: 1918 թվականին նա ակտիվորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին՝ Ռուսաստանի նավատորմի կազմում կռվելով ընդդեմ Գերմանիայի և պաշտպանելով Օդեսան: 1918-1920 թվականներին Երվանդ Գասպարյանը մասնակցել է Ռուսաստանում ընթացող քաղաքացիական կռիվներին:

Կյանքը Խորհրդային Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Խորհրդայնացումից հետո վերադարձել է Հայաստան՝ իր նպաստը բերելով նորաստեղծ հանրապետության կայացման գործին: Նա էր, որ հղացավ և կազմակերպեց Սևանա լճում նավատորմ ստեղծելու և նավարկություն կազմակերպելու գաղափարը: Առաջին նավը, որը դուրս բերվեց Սևանա լիճ, անվանվեց «Լուկաշին»՝ ի պատիվ Խորհրդային Հայաստանի քաղաքական գործիչ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան): Երվանդ Գասպարյանը Ելենովկա (այժմ՝ Սևան) քաղաքից և շրջակա գյուղերից ընտրում է 18-20 տարեկան 12 տղաների և սկսում է նրանց սովորեցնել իր մասնագիտությունը: Գասպարյանի ծրագիրը, այն է` Սևանա լճում կազմակերպել կանոնավոր բեռնափոխադրումներ՝ իրար միացնելով բոլոր ափամերձ տարածքները, կղզու վրա ստեղծել կանոնավոր հետազոտական կայան և հյուրանոց, կառուցել պահածոների գործարան, բարձրացնել Կարմրախայտ ձկան արտադրությունը, այդ ժամանակ անհավանական էր թվում: Բայց, այնուհանդերձ, նրա ջանքերով կղզում ստեղծվել են պանդոկներ, փրկարարական միջոցներ, պահեստներ, ձկնաբուծարաններ, նավանորոգման ձեռնարկություններ, հիմնադրվել է կաթնամթերքային տնտեսություն: 1929 թվականին կապիտան Երվանդ Գասպարյանը մեկնել է Աստրախան, որտեղից նրան հաջողվել է ստանալ «Տատյանա» և «Աիդա» նավերը: Շուտով Սևանա լճում իրենց երթևեկությունն են սկսել բարձր արագությամբ ընթացող նավակներն ու «Ռաբոչի», «Համբարձումյան», «Կոմսոմոլեց», «Կոմունիստ», «Միկոյան» բեռնատար նավերը: Երվանդ Գասպարյանի ծառայությունները բարձր են գնահատել Խորհրդային Հայաստանի պետական ականավոր գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանը, Սարգիս Լուկաշինը, Արամայիս Երզնկյանը, Աշոտ Հովհաննիսյանը և ուրիշներ: Կապիտան Երվանդ Գասպարյանն իր մահկանացուն կնքել է 1946 թվականին 75 տարեկան հասակում:

Գրքեր կապիտան Երվանդ Գասպարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային հայտնի գրող Մարիետա Շահինյանը վեպ է գրել Երվանդ Գասպարյանի մասին, որն արժանացել է Ստալինյան մրցանակի:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1923 թվականի մայիսին Երվանդ Գասպարյանն արժանացել է ՀԽՍՀ աշխատանքային հերոսի կոչման և պարգևատրվել առաջին կարգի ծովակալի բարձրագույն կոչումով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]