Ելիզավետա Բյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Բյոմ
Ի ծնեռուս.՝ Елизавета Меркурьевна Эндаурова
Ծնվել էփետրվարի 12 (24), 1843[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 25 (օգոստոսի 7), 1914 (71 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն
Մասնագիտություննկարչուհի, վիզուալ արտիստ, գծանկարիչ և նկարազարդող
ԹեմաներԿերպարվեստ[2], գեղանկարչություն[2], գրաֆիկա[2], իլյուստրացիա[2] և Բացիկ[2]
ԱմուսինԼյուդվիգ Ֆրանցևիչ Բյոմ
 Elizaveta Bem Վիքիպահեստում

Ելիզավետա Մերկուրևնա Բյոմ (ռուս.՝ Елизавета Меркурьевна Бём, փետրվարի 12 (24), 1843[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 25 (օգոստոսի 7), 1914, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3][4]), ռուս նկարչուհի, նկարազարդող, ստվերանկարիչ, բացիկների հայտնի դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է հինավուրց տոհմից։ Նրա նախնիները թաթարներ են եղել և կրել են Ինդիգիր ազգանունը, որը նշանակում է «հնդկական աքլոր»։ Իվան III-ի կողմից տոհմին տրված ազգանունը փոխվել է Էնդուրով։

Ելիզավետա Մերկուրևնան ծնվել է 1843 թվականի փետրվարի 12-ին (24) Սանկտ Պետերբուրգում և իր մանկությունն անցկացրել է Յարոսլավլի մարզի Պոշեխոնսկի ուեզդի Շչեպցովո (Շչիպցևո) գյուղում գտնվող Էնդուրովների ընտանեկան կալվածքում։ Ընտանիքը մեծ է եղել, Ելիզավետան ունեցել է երեք եղբայր և երկու քույր[5]։ 1857-1864 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով։ Ապրելով Յարոսլավլի կալվածքում՝ նկարազարդել է Նիկոլայ Նեկրասովի ստեղծագործությունները և գյուղացիական կյանքի տեսարանները, միևնույն ժամանակ հետաքրքրվել է վիմագրությամբ և վիմագրել է իր նկարները[6]։ 1867 թվականին ամուսնացել է Լյուդվիգ Ֆրանցևիչ Բյոմի հետ (1825-1904), չնայած 18 տարվա տարիքային տարբերությանը, ամուսնությունը հաջող է եղել։ 1868 թվականին նրանք ունեցել են իրենց միակ դստերը՝ Ելիզավետային, ամուսնությամբ՝ Բարսովա։

1875 թվականին նկարչուհին ստեղծել է «Ուրվանկարներ» բացիկների ալբոմը, իսկ 1877 թվականին՝ «Ուրվանկարներ երեխաների կյանքից» ալբոմը։ Երկու ալբոմներն էլ տպագրվել են Ալեքսեյ Իլյինի Քարտեզագրական հաստատության կողմից, ով նրա հորեղբայրն էր։ 1880 թվականին ստեղծել է «Կարկանդակ», իսկ 1882 թվականին՝ «Գյուղական հիշողություններից» ալբոմները։ Նկարչուհին շատ է համագործակցել «Միջնորդ» հրատարակչության հետ, որտեղ նրան հրավիրել է Լև Տոլստոյը, ով հեռակա ծանոթ է եղել նրա գործերին, ինչպես նաև հրատարակիչ Իվան Սիտինը, ով Ելիազավետա Բյոմի նկարների մշտական պատվիրատուն էր։ 1890-ականների սկզբին Ելիզավետան աշխատել է Նիկոլայ Լեսկովի «Անարգված Նետետան» պատմվածքի նկարազարդումների վրա[7]։ 1907 թվականին Փարիզում Ի. Ս. Լապինի կողմից հրատարակվել է «Ամեն ինչից մի քիչ» և «Սիրելի ընկերոջ համար, նույնիսկ ականջօղը» բացիկների ալբոմը։

Ելիզավետան նկարել է բացիկներ և նկարազարդել «Իգրուշեչկա» (1882-1886) և «Մալյուտկա» (1886-1887) մանկական ամսագրերը, նկարազարդել է ռուսական ժողովրդական «Շաղգամ» (1882) հեքիաթը, ստեղծել է «Առակներ ուրվանկարներում» (1884), «Ասույթներ և ասացվածքներ ուրվանկարներով» (1885), «Այբուբեն» մանկական ալբոմները, նկարազարդել է Իվան Կռիլովի առակները և Իվան Տուրգենևի «Որսորդի հիշատակարանը»։

1880-ականների վերջերին Ելիզավետա Բյոմը սկսել է կորցնել տեսողությունը։ Ուրվանկարի ոլորտում աշխատելը սաստկացրել է իրավիճակը, և 1896 թվականին նկարիչը վերջապես դադարեցրել է աշխատել այդ տեխնիկայով[8]։

1890-ական թվականներին սկսվել է ստեղծագործական նոր ժամանակաշրջան։ Այդ ժամանակվանից նա, չհրաժարվելով ջրաներկով նկարելուց, սկսել է աշխատել իր համար նոր ճյուղում՝ ստեղծելով էսքիզներ ապակյա իրերի արտադրության համար։ Ելիզավետա Բյոմի նկարներով ստեղծված ապակե առարկաները նրան հաջողություն են բերել դրանց ստեղծումից գրեթե անմիջապես հետո՝ 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում, այնուհետև 1896 թվականին Նիժնի Նովգորոդի Համառուսաստանյան ցուցահանդեսում[9]։ 1899 թվականին նա զբաղվել է 1900 թվականին Փարիզում կայանալիք Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստմամբ, որտեղ նախատեսվել է ուղարկել ապակե արտադրանք՝ Ելիզավետա Բյոմի նկարներով։ Ցուցահանդեսի ռուսական բաժինը աղմկալի հաջողություն է առաջացրել Արևմտյան Եվրոպայում։ Ռուսական տնայնագործական արտադրանքի և ձեռագործության տաղավարի սենյակներից մեկում ներկայացվել է Ելիզավետա Բյոմի «ռուսական ոճով» ապակին։ Նկարչի էսքիզի վրա հիմնված աղամանը ներկայացվել է Ֆրանսիայի նախագահին, որի մասին գրվել է թերթերում[10]։

Ելիզավետա Բյոմ, 1911 թվական

1900-ականների սկզբին նկարչուհին բացահայտել է տպագիր գրաֆիկայի նոր տեսակ՝ օրիգինալ բացիկներ, որոնք նրա անունով տպագրվել են այդ ժամանակի համար մեծ տպաքանակներով և մի քանի անգամ վերատպվել[11]։ 1910-ական թվականներին համագործակցել է Մ. O. Վոլֆի հրատարակչության հետ «Իմ առաջին գիրքը...» մատենաշարում[12]։

20-րդ դարի սկզբին նկարչի գործերը ճանաչում են գտել արտերկրում։ Նրա ուրվանկարները վերատպվել են Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Վիեննայում և Ամերիկայում։ Իր աշխատանքների համար նկարչուհին արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։

Ելիզավետա Մերկուրևնա Բյոմի աշխատանքները (1868 թվականից) մասնակցել են միջազգային ցուցահանդեսների՝ Փարիզում (1900), Մյունխենում (1902), Միլանում (1906) և ամենուր արժանացել են մեդալների։ Միլանում նկարչուհին ոսկե մեդալ է ստացել։

1904 թվականին նկարչուհին կորցրել է ամուսնուն։ Կյանքի վերջին տարիներին շատ է հիվանդացել և քիչ աշխատել։

1913-1914 թվականներին Փարիզում ռուս էմիգրանտ Իլյա Լապինը (I. Lapina) հրատարակել է Ելիզավետա Բյոմի «Այբուբեն»-ը մեծ թերթիկների տեսքով՝ մեծ քանակությամբ (7-10) նկարներով և յուրաքանչյուր տառի համար բացատրություններով, որոնց վրա նա աշխատել է իր կյանքի վերջին տարիներին։ «Այբուբեն»-ը հրատարակվել է «Ֆրանսիական կավճաթղթի վրա՝ շքեղ կալենկորե կազմով, որը կապում է երկու հնաոճ արծաթյա մետաղական ճարմանդներով»։ Տպաքանակը կազմել է 1000 օրինակ, 5 թողարկում՝ 6-ական նկարազարդումներով։ Եվս 100 շքեղ համարակալված ալբոմներ թողարկվել են հենց նկարչուհու ինքնագրով։

Ելիզավետա Մերկուրևնան մահացել է 1914 թվականի հուլիսի 25-ին (օգոստոսի 7-ին), Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ առաջ և թաղվել ամուսնու կողքին Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչիե գերեզմանատանը[13]։ Գերեզմանը կորել է[14]։

Հետմահու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում՝ 1920-ականներին, «Այբուբեն»-ը երկու անգամ տպագրվել է Պրահայում՝ 28 բացիկների հավաքածուի տեսքով, որտեղ փոքր (2-5) թվով նկարներ և բացատրություններ են յուրաքանչյուր տառի համար՝ էմիգրանտների երեխաների համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռուս գրահրատարակիչ Նիկոլայ Մարտյանովը (1894-1987) վերահրատարակեց նրա «Այբուբեն»-ի Պրահայի հրատարակության մի մասը (Բ, Գ, Դ, Ժ, Ի, Կ, Մ, O, Ս, ՈՒ, Ֆ, Ց, Չ տառերը) Նյու Յորքում, ԱՄՆ։

2013 թվականին Կիևում վերահրատարակվել է «Ելիզավետա Բյոմի «Այբուբեն»-ը 21-րդ դարում» բարերար Դմիտրի Նիկիֆորովի և պրոֆեսիոնալ տպագրողների, վերականգնող նկարիչների և լեզվաբանների թիմի շնորհիվ։ 2500 օրինակ տպագրվել է կավճաթղթի վրա, կոշտ կազմով, տպաքանակը նախատեսված էր ընթերցողների լայն շրջանակի համար։

Եվս 300 օրինակ գործվածքի կազմով թանկարժեք թղթի վրա, նվեր տարբերակով, հրատարակել է «Ստոլնի Գրադ» հրատարակչությունը։

Իսկ 100 օրինակ տպագրվել է հատուկ կոլեկցիոներների համար, բնական կաշվից պատրաստված կազմով բրոնզե ճարմանդներով, զոլավոր թղթով, ֆաքսիմիլային տպագրությամբ, որը համարվում է հազվագյուտ հրատարակություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #134193490 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Зимняя Диана Елизавета Бем». www.peoples.ru.
  4. «Бем Елизавета Меркурьевна - Биография». www.biografija.ru.
  5. Мозохина, 2012, էջ 12
  6. Мозохина, 2012, էջ 15—16
  7. Мозохина, 2012, էջ 20
  8. Мозохина, 2012, էջ 25
  9. Мозохина, 2012, էջ 27—28
  10. Мозохина, 2012, էջ 31
  11. Мозохина, 2012, էջ 32
  12. Мозохина, 2012, էջ 25—28
  13. Мозохина, 2012, էջ 34
  14. Дубин А. С. Новодевичье кладбище // Кобак А. В., Пирютко Ю. М. Исторические кладбище Санкт-Петербурга. — М.; СПб. : Центрполиграф; МиМ Дельта, 2009. — С. 472—503. — 800 с. — ISBN 978-5-9524-4025-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիզավետա Բյոմ» հոդվածին։