Եգիպտոսի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եգիպտոսի հայկական տպագրություն, Եգիպտոսում հայկական առաջին տպարանը հիմնադրել է Աբրահամ Մուրադյանը 1865 թվականին Կահիրեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Մուրադյանի հիմնադրած տպարանը հրատարակել է հայերեն առաջին պարբերականը՝ «Արմավենի» երկշաբաթաթերթը (1865)։ Հայերեն առաջին գիրքը Մկրտիչ Թյությունճյանի «Դատապարտեալն Շուշան» 60-էջանոց վիպակն է, որը 1888 թվականին Ալեքսանդրիայում լույս է ընծայել Ղևոնդ քահանա Փափազյանը։ Վերջինս 1889 թվականին հրատարակել է նաև «Նեղոս» շաբաթաթերթը (լույս է տեսել 18 համար), որը Եգիպտոսում հրատարակված 2-րդ պարբերականն է[1]։

1888–1895 թվականներին՝ հայերեն գիրք, իսկ 1889-1896 թվականներին որևէ հայերեն պարբերական Եգիպտոսում լույս չի տեսել։ 1895-1898 թվականներին ամեն տարի 1-ական գիրք և գրքույկ է տպագրվել Սարգիս Դարբինյանի «Արարատ» տպարանում (գործել է մինչև 1908 թվականը)։ Հայտնի էին նաև Մնտիկյան եղբայրների, «Արշալոյս» թերթի, Եղիշե Թորոսյանի (Կահիրե), «Արաքս» (Ալեքսանդրիա), «Հուսաբեր», «Սֆինքս», Գրիգոր Ռափայելյանի, Զարեհ Պերպերյանի և այլ տպարաններ, որտեղ տպագրվել են «Հայն ու թուրքը եւ Արեւելեան խնդիրը» (1899, Կահիրե, Մնտիկյան եղբայրների տպարան), ինչպես նաև Պերճի (Մ. Տամատյան) «Ներշնչումներ ազգային եւ յեղափոխական արդի կեանքէ» (1898, նույն տպարան), Մ. Հայկունու «Անեքդոտներ եւ ժողովրդական վէպիկներ կամ Սարդկային կենաց վարագոյրը» (1899, Կահիրե, Ս․ Դարբինյանի տպարան), Ք. Շմիդի «Մարիամ կամ Ծաղիկի կողովը» (1899, նույն տպարան), Ե. Մուրատյանի «Քննական պատմութիւն Արշակ Երկրորդի եւ անոր Պապ որդւոյն» (1900, Ալեքսանդրիա, «Արաքս» տպարան), Ս. Ֆելեկյանի «Սասուն եւ Զէյթուն» (1900, Կահիրե, Ե. Թորոսյանի տպարան), Տ. Սավալանյանի «Կենսագրական յուշեր» (1900, Կահիրե, Ս․ Դարբինյանի տպարան), Ե. Տեմիրճյանի «Գեղարուեստին դերը» (1900, նույն տպարան) և այլ գործեր, նաև արաբ ու եվրոպացի հեղինակների երկեր[1]։

Երվանդ Օտյան

1905 թվականին Ալեքսանդրիայում հիմնադրվել է «Վ. Թեքեյան և ընկ.» տպարանը և տպագրել «Շիրակ» պարբերականը, իսկ 1908 թվականին Ալեքսանդրիայում Երվանդ Օտյանի ջանքերով ստեղծվել է եգիպտահայ առաջին՝ Եգիպտոսի հայոց հրատարակչական ընկերությունը։ Տպագրել է «Արեւ» օրաթերթը, մի շարք գրքեր և գրքույկներ։ Գործունեությունը երկար չի տևել[1]։

Բեղուն գործունեությամբ հայտնի են նաև Կահիրեի «Արգոս», «Արև», «Նեղոս», «Նոր աստղ», «Նուպար», «Ոսկետառ», «Սահակ-Մեսրոպ», Հակոբ Փափազյանի, Ալեքսանդրիայում՝ «Գասապյան», Արամ Ստեփանյանի, Հայկ Բյուրատի և այլ տպարաններ[1]։

1888-1920 թվականներին Եգիպտոսում հրատարակվել են 302 անուն գիրք ու գրքույկ, 1921-1960 թվականներին՝ 1197 անուն գիրք։ 1960-ական թվականներից տպագրության քանակը զգալիորեն նվազել է։ 2001-2011 թվականներին հրատարակվել է 70 անուն գիրք[1]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փունջ» երկշաբաթաթերթի տիտղոսաթերթի մի մասը (1930 թվականի հունվարի 30-ի համար)

Ավելի քան 140 տարվա ընթացքում լույս են տեսել շուրջ 150 անուն հայերեն, հայատառ թուրքերեն, թուրքերեն, ֆրանսերեն և անգլերեն պարբերականներ, այդ թվում՝ 1899-1909 թվականներին՝ «Փիւնիկ» (Կահիրե, Ալեքսանդրիա) հանդեսը, 1899-1905 և 1908-1914 թվականներին՝ «Արշալոյս» (Կահիրե) շաբաթաթերթը, 20-րդ դարի 1-ին կեսին՝ «Ազատ խօսք» (1902-1908) ամսաթերթը (առաջին 3 տետրը լույս է տեսել 1901 թվականին Փարիզում), «Ազատ բեմ» (1903-1905, Ալեքսանդրիա) շաբաթաթերթը, «Լուսաբեր» (1904-1908, Կահիրե) ազգային, քաղաքական, տնտեսական և գրական երկօրյան, «Շիրակ» (1905-1907, Ալեքսանդրիա, Կահիրե) ամսաթերթը, «Արեւ» (1908, Ալեքսանդրիա, 1908-1913 թվականներին՝ «Լուսաբեր-Արեւ») պարբերաթերթը, «Աւել» (1908-1910, Կահիրե) կիսամսյա երգիծաթերթը, «Եգիպտահայ տարեցոյցը» (1914-1926, Կահիրե, Ալեքսանդրիա, անկանոն), «Սաւառնակ» (1919-1971, Կահիրե) երգիծաթերթը, «Փունջ» (1925-1946, Ալեքսանդրիա, Կահիրե) երկշաբաթաթերթը, «Արաքս» (1925-1965, Ալեքսանդրիա) շաբաթաթերթը, «Հայ դպրոց» (1933-1935 և 1938, Կահիրե) մանկավարժական ամսագիրը, «Կեանք եւ գիր» (1947-1948) տարեգիրքը և այլն[1]։

Ներկայում Կահիրեում հրատարակվում են «Յուսաբեր» (1913 թվականից, 1923 թվականից՝ ՀՅԴ պաշտոնաթերթ) օրաթերթը, ՌԱԿ-ի Եգիպտոսի շրջանակի՝ «Արև» (1915 թվականից, մինչև 1924 թվականը՝ Ալեքսանդրիայում) պաշտոնական օրաթերթը (լույս է տեսնում եռօրյա պարբերականությամբ), «Ջահակիր» (1948 թվականից, անկանոն) պարբերաթերթը[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամյան Ա․, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1, 2, Երևան, 1964, 1967։
  • Թոփուզյան Հ., Եգիպտոսի հայկական գաղութի պատմության (1805-1925), Երևան, 1978։
  • Հայ մամուլը Եգիպտոսի մէջ։ Մատենագիտական ցուցակ (կազմ.՝ Ս. Բայրամյան), Կահիրե, 2005։
  • Հայ գիրքը Եգիպտոսի մէջ. 1888-2011: Մատենագիտական ցուցակ (կազմ.՝ Ս. Բայրամյան), Կահիրե, 2012։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 147–148. ISBN 978-5-89700-042-5.