Հայ դպրոց
«Հայ դպրոց», մանկավարժական ամսագիր, Հայ ուսուցչական միության հրատարակություն։ Հրատարակվել է 1933 թվականից, Կահիրեում։ Խմբագիր՝ Բենյամին Թաշյան։ Մինչև 1935 թվականը լույս են տեսել 1-ին հատորի 10 պրակները։ Հետագայում հրատարակումը ընդհատվել է, վերստին լույս է տեսել 1938 թվականին (մեկ տարի)։
Տպագրել է հասարակական–քաղաքական հոդվածներ, քննարկել հայ դպրոցին և ուսուցչությանը վերաբերող ուսումնա–դաստիարակչական, ծրագրա–մեթոդական խնդիրներ։ Կարևոր տեղ է հատկացրել երեխաների առողջապահական, ֆիզիկական աճի խնդիրներին։ Հանդեսն անդրադարձել է հայկ. վարժարաններում հայոց լեզվի դասավանդման, ուղղագրության, օտար լեզուների ուսուցման դրվածքին, նշել ծնողների և դպրոցի համագործակցության կարևորությունը։ «Հ. դ.»-ում հոգեբանական–մանկավարժական ուսումնասիրություններ են տպագրել Վ. Արծրունին, Բ. Մինասյանը, Գ. Պոյաճյանը, Հ. Շեմսը, Ս. Պետրոսյանը, Վ. Հապեշյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 124)։ |