Մայրի հիմալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիվաց ծառից)
Մայրի հիմալայան
Մայրի հիմալայան
Մայրի հիմալայան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Եղևինայիններ (Abietoideae)
Ցեղ Մայրի (Cedrus)
Տեսակ Մայրի հիմալայան (C. deodara)
Միջազգային անվանում
Cedrus deodara
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Մայրի հիմալայան (լատին․՝ Cedrus deodara), սոճազգիների ընտանիքի, մայրի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր, մշտադալար ծառեր են՝ մինչև 50 մ բարձրությամբ, բրգաձև սաղարթով։ Գագաթնային և կողմնային ճյուղերի ծայրերը դեպի ցած են կախված, որն արտակարգ գեղեցկություն է տալիս բույսին։ Փշատերևները ուղիղ են, բարակ, 20-50 մմ երկարությամբ, սուր, լայնությունը և հաստությունը հավասար են։ Գույնը բաց կանաչավուն կամ կապտականաչավունից մինչև արծաթամոխրավուն է։ «Ծաղկում է» հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին։ Կոները ձվաձև կամ երկարավուն-ձվաձև են, 7-10 սմ երկարությամբ, 5-6 սմ լայնությամբ։

Արմատային համակարգը մակերեսային է, որի հետևանքով ուժեղ քամիներից հաճախ տապալվում է։ Մայրիների մյուս տեսակների համեմատությամբ վերատնկումը լավ է տանում։ Կրային միացություններով հարուստ, չոր հողերում ուժեղ կերպով վարակվում է քլորոզով։

Տարածվածություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում աճում է Աֆղանստանի լեռներում, Արևելյան Փենջաբում, Հյուսիսային Բելուջիստանում և հյուսիսարևմտյան Հիմալայներում, ծովի մակարդակից 1050-3600 մ բարձրության վրա։ Դիմանում է մինչև -30 °C սառնամանիքին և երկարատև երաշտին։ Հիմնականում մուսսոնային կլիմայի թերմոմեզոֆիլ բույս է, որին բնորոշ են տաք, խոնավ ամառը և չոր, մեղմ ձմեռը, Հիմալայան մայրին Եվրասիայի սահմաններում լավ է աճում ու զարգանում հատկապես մերձարևադարձային շրջաններում, որտեղ օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը չի իջնում -18-20°-ից։ Մեծ դժվարությամբ է հաջողվում հիմալայան մայրին աճեցնել Եվրասիայի չոր մերձարևադարձային շրջաններում։ Տաշքենդում, վերջին 10 տարում, նույնիսկ մեղմ ձմռանը, ճյուղերի ծայրերը ցրտահարվել են։ Թբիլիսիում հիմալայան մայրին հաջողությամբ մշակվում է ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրության վրա։

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ մայրին Հայկական բարձրավանդակում մշակվել է անհիշելի վաղ ժամանակներից։ Դեռևս ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվում է այդ ծառատեսակի մասին (Դաւիլանյան, 1943)։ Ինչպես նշում է պատմահայր Մովսես Խորենացին (1968)՝ Երվանդ I թագավորը, մեր թվարկությունից մի քանի դար առաջ, Երվանդակերտ քաղաքում տնկել է մայրու անտառ։ Նման հիշատակություններ կան նաև պատմական Հայաստանի այլ փաստաթղթերում։ Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Ախթալայում 1895-1900 թթ. արդյունաբերող Արամյանցը հիմնել է լանդշաֆտային զբոսայգի, որտեղ մասսայական կարգով օգտագործվել են նաև հիմալայան մայրու տնկիներ։ Այս բույսերը ներկայումս բավականին խոշոր չափերի են հասնում։ Հիմալայան մայրու բույսեր են բերվել նաև Դիլիջան 1940 թ.: 1945 թ. այդ բույսը մասսայական կարգով ներմուծվել է Բագրատաշեն։ 1958 թ. հիմալայան մայրին օգտագործվում է Իջևան քաղաքի կանաչապատման բնագավառում՝ որպես գերակշռող, դենդրոլոգիական ֆոն կազմող ծառատեսակ։

Հիմալայան մայրին առաջին անգամ Երևան է ներմուծվել 1935-1936 թթ.: 1950 թ. պահպանվել էին մի քանի խոշոր ներկայացուցիչներ, որոնք հաջողությամբ էին ձմեռել 1948-1949 թթ. դաժան ձմռանը, երբ օղի նվազագույն ջերմաստիճանը Երևանում հասել էր կրիտիկական սահմանին՝ -27,8°-ին։ Սակայն այդ բոլոր բույսերը ոչնչացան 1953-1954 թթ. ձմռան ընթացքում, երբ այղ նվազագույն ջերմաստիճանը կրկնվեց ավելի երկար ժամանակամիջոցով։ 1957 թ. գարնանը Երևանի կանաչապատող կազմակերպությունները կրկին ներմուծեցին հիմալայան մայրու մեծ քանակությամբ տնկիներ՝ Վրաստանի Ջեստաֆոնի քաղաքից։ Չնայած այն հանգամանքին, որ այղ բույսերը հաջողությամբ աճում էին, այնուամենայնիվ, իսպառ ոչնչացան 1963-1964 թթ. դաժան ձմռան ընթացքում։

Հիմալայան մայրու տնկիների հաջորդ խումբը ներմուծվեց 1964 թվականին։ Դրանց հիմնական մասը ոչնչացավ հաջորդ՝ 1971-1972 թթ. դաժան ձմռան ընթացքում, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը իջավ մինչև -23-24°:

Ներկայումս Երևանում պահպանվել են դեռևս 1957 թ. ներմուծված հիմալայան մայրու մի քանի բույսեր, որոնք 28 տարեկան հասակում ունեն 14 մ բարձրություն և 30-40 սմ բնի տրամագիծ։ Տարեկան միջին աճը կազմում է 50,0 սմ։ Սաղարթը լայն-բրգաձև է։ Փշատերևները կապտականաչ են, 2,2 -5,4 մմ երկարությամբ, նուրբ, ուղիղ, սրածայր, քառանկյուն, յուրաքանչյուր կողմում հերձանցքերի երկու շարքով։ Սաղարթի պարամետրերը կազմում են 5,5×5,0 մ։

Կյանքի առաջին տարիներին հիմալայան մայրին Երևանում բավականին արագ է աճում և 8-10 տարեկան հասակում ունենում է 4-5 մ բարձրություն։ Ընձյուղների աճը շարունակվում է մինչև հոկտեմբերի սկիզբը, որը մասնակի ցրտահարման պատճառ է դառնում, քանի որ մինչև վաղ աշնանային ցրտահարությունները փայտանյութը չի հասունանում։

Միանգամայն երաշտադիմացկուն ծառատեսակ է։ Արարատյան դաշտի խիստ ցամաքային պայմաններում, անգամ անկանոն ոռոգման դեպքում, էկոլոգիական ճնշվածության նշաններ չի ցուցաբերում։ Առատ և հաճախակի ոռոգման դեպքում տուժում է քլորոզից։

Հիմալայան մայրին հատկապես լավ է աճում Բագրատաշենում, Իջևանում, Այգեհովիտում, որտեղ երբեք չի ցրտահարվում և կարող է հիմնական դենդրոլոգիական ֆոն ծառայել։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է օգտագործել որպես սոլիտեր, խմբերում և մասսիվներում տնկելու համար։ Մշակության հավանական շրջանները՝ 9, 32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 52։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրի հիմալայան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրի հիմալայան» հոդվածին։