Գալինա Գալինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Գալինա
Ծննդյան անունռուս.՝ Глафира Николаевна Мамошина
Ծնվել է1870
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1942[1]
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունГалина, Г., Г.А., Шустова, Л., Эйнерлинг, Норд և П.
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, ակնարկագիր և թարգմանչուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Ժանրերլիրիկա

Գլաֆիրա Ադոլֆովնա Ռինսկ, ի ծնե Գլաֆիրա Նիկոլաևնա Մամոշինա, առաջին ամուսնության ընթացքում` Էյներլինգ, երկրորդ ամուսնության ընթացքում`Գուսևա։ Առավել հայտնի է Գալինա Գալինա գրական կեղծանունով։ (1870, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1942[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, էսսեիստ և թարգմանիչ։

«Տրանսվաալ, Տրանսվաալ, իմ երկիր ...» երգի հիմքում ընկած բառերի հեղինակն է։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական լիբերալ-դեմոկրատական շարժման ակտիվ մասնակիցլ։ Ամուսնացած է եղել գրող Սերգեյ Գուսև-Օրենբուրգսկու հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Ծննդյան տարեթվի մասին տեղեկությունները տարբեր են. որոշ տվյալներով ծնվել է 1870 թվականին, այլ տվյալներով՝ 1873 թվականին[2]։ Ապագա բանաստեղծուհին ծնվել է Ադոլֆ Ռինքսի ընտանիքում և ստացել է նրա ազգանունը, թեև իրականում նրա մայրն այդ ժամանակ ոչ պաշտոնապես ամուսնալուծվել էր և Գլաֆիրայի իրական հայրը եղել է գիմնազիայի դասախոս Նիկոլայ Մամոշինը[3][4][5]։

Վարժարանն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է որպես հեռագրագետ։ Ամուսնությունից հետո ընդունել է ամուսնու ազգանունը՝ Էյներլինգ։ 1895 թվականին սկսել է համագործակցել Սանկտ Պետերբուրգի «Գեղանկարչական տեսություն» ամսագրի հետ և դրա գլխավոր խմբագիր Ալեքսանդր Շելլերի հանձնարարականով վերցրել է Գալինա Գալինա գրական կեղծանունը։

Հավատարիմ մնալով լիբերալ-դեմոկրատական հայացքներին՝ ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին։ Բացեիբաց ոգևորել է ուսանողական շարժման մասնակիցներին, կարեկցանք հայտնել քաղաքական հալածանքների զոհերին։ Քաղաքացիական դիրքորոշման ամենացայտուն ապացույցն էր 1901 թվականի «Անտառը հատում են, երիտասարդ, մատղաշ-կանաչ անտառը...» բանաստեղծությունը, որը 1900 թվականին Կիևի համալսարանի ուսանողների ելույթների ճնշման արձագանքն է։ Ստեղծագործությունը լայն ժողովրդականություն էր վայելում այն դեպքում, երբ որոշ ժամանակ չի հրապարակվել։ Ավելի ուշ հայտնվել է արտասահմանյան լիբերալ մամուլում, հետո միայն՝ ռուսական Սոցիալ-դեմոկրատական պարբերականներում։ 1901 թվականի մարտի 3-ին հեղինակը հրապարակայնորեն ընթերցել է այն Պետերբուրգի գրողների միությունում մի շարք խոշոր գրականագետների ներկայությամբ, մասնավորապես՝ Մաքսիմ Գորկու, Կոնստանտին Բալմոնտի, Վլադիմիր Կորոլենկոյի, Դմիտրի Մամին-Սիբիրյակի և Ստեպան Գավրիլովիչ Սկիտալցի։

Հաշվի առնելով հաջորդ օրը Սանկտ Պետերբուրգի Կազանի հրապարակում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերը՝ այդ գործողությունը իշխանությունների կողմից գնահատվել է որպես հասարակական անկարգությունների հրահրում, ինչը առիթ է հանդիսացել բանաստեղծուհուն մայրաքաղաքից արտաքսելու համար։

Գորկու «Կյանք» ամսագիրի (ամսագիրը տպագրվել է գրողի ակտիվ մասնակցությամբ) խմբագրությունն առավել ակտիվ մասնակցություն է ունեցել այդ իրադարձություններին, այդ իսկ պատճառով փակվել է։ Գալինան, փորձել է իրականացնել այդ հանդեսի հրատարակումը արտասահմանում։ Արտասահմանյան «Կյանք» ամսագրում բանաստեղծուհին տպագրվել է Լ. Շուստովա կեղծանվամբ։ Դեռևս 1901 թվականի մայիսի վերջին Վլադիմիր Լենինը, ի թիվս այլ նյութերի, «Կայծ» թերթի տպագրատուն էր ուղարկել երկու բանաստեղծություն։ Բանաստեղծություններից մեկը Կ. Դ. Բալմոնտի «Այն եղել է Թուրքիայում...» այլաբանությունն էր, իսկ երկրորդը, հավանաբար, «Անտառը կտրում են...»։

Ավելի ուշ «Իսկրա»-ի խմբագրությունը որոշել է ոչ թե բանաստեղծություններ տպագրել իր էջերում, այլ հավելվածով թողարկել «Պայքարի երգեր» առանձին ժողովածու, որտեղ բանաստեղծությունը լույս տեսավ «1901 թվականի գարնանային մոտիվներ» բաժնում։ 1905-1907 թվականների հեղափոխության շրջանում Գալինան կրկին ակտիվ մասնակցություն է ունենում հասարակական գործունեությանը, մասնավորապես, վերսկսում է սեփական ստեղծագործության քաղաքացիական քնարերգության հրապարակային ընթերցումը։ Առաջին ամուսնալուծությունից հետո նա ամուսնացել է գրականագետ Սերգեյ Գուսևի-Օրենբուրգսկու հետ՝ վերցնելով նրա ազգանունը։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Գալինա Գալինայի կյանքի մասին տեղեկությունները հակասական են։ Որոշ տվյալներով, բանաստեղծուհին Սերգեյ Գուսև-Օրենբուրգսկու հետ արտագաղթել է։ Այլ տվյալների համաձայն՝ բաժանվելով ամուսնուց, մնացել է հայրենիքում և 1942 թվականին մահացել պաշարված Լենինգրադում։ Ամեն դեպքում, նրա հետհեղափոխական շրջանի գրական ստեղծագործության կամ հասարակական ակտիվության մասին հայտնի չէ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինայի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1895 թվականին «Գեղանկարչական տեսություն» գրական հանդեսում։ Հաջորդ չորս տարիներին բանաստեղծուհին համագործակցել է բացառապես այս հրատարակչության հետ, իսկ 1899 թվականից սկսել է տպագրվել նաև այլ ամսագրերում և ալմանախներում՝ «Ռուսական հարստություն», «Աստծո աշխարհ», «Կրթություն», «Ամսագիր բոլորի համար», «Կյանք», «Կյանք բոլորի համար», («Գալինա Գալինա» կամ «Գ. Գալինա» կեղծանվամբ, հազվադեպ՝ սեփական անվան ներքո)։ Գալինայի խոստովանությամբ վաղ ստեղծագործության վրա շատ էական ազդեցություն է ունեցել Պյոտր Յակուբովիչի պոեզիան և հասարակական գործունեությունը։ Քննադատները նշում են, որ Գալինայի ստեղծագործությունների վրա նկատելի է նաև Սեմյոն Նադսոնի ազդեցությունը։

Նախնական շրջանի ստեղծագործություններում գերիշխում է սիրային քնարերգությունը, հոգեկան ապրումների թեմատիկան։ Ավելի հասուն ստեղծագործություններին բնորոշ են արդիական հասարակական թեմաները, քաղաքացիական և հայրենասիրական պաթոսը։ Բացի ռուսական ներքաղաքական իրադարձություններից, բանաստեղծուհու ուշադրությունը գրավել է, մասնավորապես, 1899 թվականից մինչև 1902 թվականը անգլո-բուրական պատերազմը։ Ինչպես և ռուս հասարակության մեծ մասը, Գալինա Գալինան նույնպես համակրում էր բուրերին, և բրիտանացիների դեմ նրանց պայքարին է նվիրել բանաստեղծությունների շարք, որոնցից առավել մեծ ճանաչում է ստացել «Բուրը և նրա որդիները», որը հրապարակվել է 1899 թվականին։ «Տրանսվաալ, Տրանսվաալ, իմ երկիր ...» երգի տեքստի հիմքում ընկած է այս բանաստեղծությունը։

Գալինա Գալինայի բանաստեղծությունների ժողովածուները, որոնք թողարկվել են 1902 և 1906 թվականներին, ընդունվել են մեծ քննադատությամբ։ Մասնավորապես, Վալերի Բրյուսովը և Զինաիդա Գիպպիուսը նշել են ստեղծագործական յուրօրինակության պակասը։ Ավելի ուշ խորհրդային քննադատները նրա ստեղծագործությունը դիտարկել են որպես առավելապես դիդակտիկ-քաղաքացիական պոեզիա։ Այնուամենայնիվ, բանաստեղծուհու ստեղծագործությունները բավական պահանջված էին ընթերցողների լայն շրջանակներում։ Բացի այդ, նրա բանաստեղծություններին են անդրադարձել բազմաթիվ ռուս կոմպոզիտորներ, այդ թվում Սերգեյ Ռախմանինովը, Ռեյնգոլդ Գլիերը, Միխայիլ Գնեսինը, Ալեքսանդր Գրեչանինովը, Բորիս Ասաֆևը։ Գալինա Գալինայի խոսքերի հիման վրա ստեղծված ռոմանսներից ժողովրդականություն են ձեռք բերել Ռախմանինովի «Այստեղ լավ է...», «Որքան ցավ եմ զգում...» («Գարնանային գիշեր»), «Իմ պատուհանի մոտ...» ստեղծագործությունները։

1900-ական թվականների երկրորդ կեսից ակտիվորեն զբաղվել է թարգմանչական գործունեությամբ (Ջորջ Բայրոնի, Հենրիկ Իբսենի, Կնուտ Համսունի, ինչպես նաև հայ բանաստեղծների ստեղծագործություններ)։ Հրատարակել է նաև մեծ թվով մանկական ստեղծագործություններ՝ ինչպես բանաստեղծական, այնպես էլ արձակ, մասնավորապես՝ հեքիաթների երկու ժողովածու (1903 և 1908 թվականներին)։ 1910-ական թվականներին բանաստեղծու ստեղծոգործությունները հրատարակվում էին արդեն զանգվածային պատկերազարդ և առևտրային հրատարակություններում՝ «Նիվե», «Զարթոնք» և այլն։

Առավել հայտնի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճանապարհին (1893)
  • Պատշգամբ (1896)
  • Կյանք (1896)
  • «Այդ պատճառով ես մոխրագույն սոճիները նկատի ունեմ...» (1896)
  • Բուրը և նրա որդիները (1899)
  • Հեռագրային կյանքից։ Պատմություն-Կյանք, (1900, օգոստոս)
  • Բարդու տակ (1901)
  • «Անտառը հատում են՝ երիտասարդ, մատղաշ-կանաչ անտառ...» (1901)
  • Լեո Նիկոլաևիչ Տոլստոյ (1901)
  • Սոխակի երգը (1902)
  • Գարնան նախօրեին։ - Աստծո խաղաղությունը, (1902)
  • «Ես երազում էի, նա մահացավ ...» - Ռուսական հարստություն, (1903, հունիս)
  • «Ահա իմ սիրելի ընտանիքը ...» (1905)
  • Սեր (1905)
  • Դյուներում (1905)
  • Գործարանում (1905)
  • «Կյանքի նոր հարված…» (1905)
  • Աշնանային երեկո (1905)
  • «Ես երգում եմ, որպես թռչուն ազատ ...» (1905)
  • Մարգարիտ (1905)
  • «Միգուցե դա միայն ուրախ երազ էր ...» (1903)
  • Շլիսելբուրգ. - Արդիականություն, (1906)
  • Ազատագրություն (1906)
  • Մկների երգը (1906)
  • Սահմանային քար (1906)
  • «Ներիր ինձ ... ես չեմ կարող սիրել, ինչպես բոլորը...» (1906)
  • Լուսաբաց (1906)
  • «Արևն արդեն ջերմացնում է ...» (1906)
  • «Բոլորիդ, ովքեր խաղաղ քնում են ...» (1907)
  • «Իմ հոգում դեռ շատ տողեր կան ...» (1907)
  • Մայր (1905)
  • Հին բառերը (1907)
  • «Ես կմեռնեմ... բայց ինքնուրույն ...» (1907)
  • Տոնածառ։ - Երիտասարդ Ռուսաստան, (1909)
  • «Մեզ երկնային զոհասեղանի առաջ ...» (1910)
  • Աղջիկը դագաղում (1913)
  • «Անտառի ոգի», Զարթոնք, 1916, № 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  2. «С. Рахманинов, Г. Галина - Здесь хорошо (с нотами)». a-pesni.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  3. Горбунов Ю. А. «Материалы для биобиблиографического словаря». Писательницы России. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  4. «Женщины-литераторы, родившиеся до 1917 года. Словарь "Писательницы России" Буква Г». book.uraic.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  5. «ГАЛИНА ГАЛИНА». www.vekperevoda.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.