Հեռագրական ապարատ
Հեռագրական ապարատ, էլեկտրական հեռագրաազդանշանների հաղորդման և ընդունման ապարատ։ Առաջին հեռագրական ապարատ ստեղծել և գործողությունը ցուցադրել է Պ.Լ. Շիլլինգը (1832)։ Տարբերում են գրանցող (Մորզեի) և տառատպիչ (ստարտստոպային) հեռագրական ապարատներ։ ԽՍՀՄ-ում հեռագրական ապարատի հիմնական տեսակներն են ժապավենային և փաթթոցային ստարտստոպային ապարատները։ Հեռագրական ապարատը բաղկացած է հաղորդչից և ընդունիչից։
Հեռագրական հաղորդիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռագրական հաղորդիչը (նկ. 1) իրագործում է հաղորդվող նշանների ծածկագրումը, զուգահեռ կոդային կոմբինացիայի փոխակերպումը հաջորդականի, կոդային կոմբինացիայի կազմը համալրում է ծառայական ազդանշաններով (ընդունիչի համաժամանակացման և փուլավորման համար), ինչպես նաև խիստ հաջորդականությամբ կապի գիծ է ուղարկում պահանջվող տևողության և ամպլիտուդի էլեկտրական ազդանշաններ։ Ինֆորմացիայի աղբյուրից տրվող յուրաքանչյուր նշան մտնում է կոդավորման (ծածկագրման տարրերը կոդավորման սարքի ելքից անցնում են հավաքաշարող սարքը։ Հաղորդող բաշխիչը կոդային կոմբինացիայի յուրաքանչյուր տարր հաջորդաբար փոխակերպում է որոշակի տևողության էլեկտրական ազդանշանի։ Ելքի սարքը ձևավորում է անհրաժեշտ հզորության, բևեռայնության և ձևի էլեկտրական ազդանշաններ, իսկ տվիչը հաղորդում է ծառայական ազդանշանները։ Ինֆորմացիայի հաղորդման արագությունը պայմանավորված է հաղորդակով։
Հեռագրական ընդունիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռագրական ընդունիչը (նկ.2) ընդունում է էլեկտրական ազդանշանները, որոշում յուրաքանչյուր տարրական ազդանշանի բևեռայնությունը, վերծանում կոդային կոմբինացիան և տպում ընդունված նշանը։ Մուտքի սարքից տարրական ազդանշաններն ընդունող բաշխիչի միջով ուղարկվում են հավաքաշարող սարքը, որտեղ դրանք կուտակվում և հաղորդվում են վերծանիչին, ապա՝ տպագրական մեքենային, որը ժապավենի կամ փաթթոցի վրա գրի է առնում հաղորդագրությունը։ Ընդունիչի համաժամանակացումն ու փուլավորումը իրագործվում են ընդունող բաշխիչով և կառավարող սարքով, իսկ ընդունիչի աշխատանքի արագությունը որոշվում է հաղորդակով։
Հեռագրական ապարատի կազմի մեջ կարող են մտնել նաև ավտոմատացման կցիչներ (ռեպերֆորատորային, տրանսմիտերային), ինքնապատասխանիչ և ինքնարգելակ, որոնք հնարավորություն են տալիս ավտոմատ կերպով հաղորդել և ընդունել հաղորդագրությունը, միացնել-անջատել հաղորդակը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 355)։ |