Գագոսյան պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագոսյան պատկերասրահ
Տեսակարվեստի պատկերասրահ
Երկիր Միացյալ Թագավորություն,  ԱՄՆ,  Չինաստան և  Իտալիա
ՏեղագրությունՆյու Յորք շրջան, Հռոմ, Բևերլի Հիլզ[1], Մայֆեր, St Pancras? և Փարիզ
Ղեկավարության նստավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հիմնադրվել է1980 և 1979
ՀիմնադիրԼարի Գագոսյան
Կայքgagosian.com

Գագոսյան պատկերասրահ (անգլ.՝ Gagosian Gallery), ամերիկահայ արտ-դիլեր Լարի Գագոսյանին պատկանող ժամանակակից արվեստի պատկերասրահների ցանց։ Ունի 16 սրահներ, որոնցից 5-ը գտնվում են Նյու Յորքում, 3-ը՝ Լոնդոնում, նաև Բևեռլի Հիլզում, Հռոմում, Աթենքում, Ժնևում, Հոնկոնգում և այլ վայրերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագոսյան պատկերասրահը հիմնադրվել է 1979 թվականին Լոս Անջելեսում[2]։ 1985 թվականին Լոս Անջելեսից սրահը տեղափոխվել է Նյու Յորք։ 1986 թվականին Մանհեթենի West 23-րդ փողոցում Գագոսյանը բացել է երկրորդ սրահը[3]։ Գագոսյան պատկերասրահը կազմակերպում է ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի գործեր։

Նյու Յորքի Մանհեթենի West 23-րդ փողոցում Գագոսյան պատկերասրահը բացվել է 1986 թվականին

1980-ական թվականներին Լոս Անջելեսի պատկերասրահը ներկայացրել է երիտասարդ ժամանակակից նկարիչների, ինչպիսիք են՝ Ժան Միշել Բասկիյան, Դեվիդ Սալեն, Էրիկ Ֆիշլը։ Կազմակերպված ցուցադրությունները նվիրված են եղել Նյու Յորքի արվեստի դպրոցին, աբստրակտ էքպրեսիոնիզմին, պոպ-արտին՝ ներառելով Ռոբերտ Ռաուշենբերգի, Ռոյ Լիխտենշտեյնի, Վիլեմ դե Կունինգի ստեղծագործություններից։

1989 թվականին Նյու Յորքի Մեդիսոն պողոտայի 980 հասցեում «Ջասպեր Ջոնսի քարտեզները» ցուցադրությամբ բացվել է առավել ընդարձակ պատկերասրահ։ Գործունեության առաջին երկու տարիների ընթացքում Մեդիսոն պողոտայի ցուցասրահում ներկայացվել են Իվ Քլեյնի, Էնդի Ուորհոլի, Սայ Տվոմբլիի և Ջեքսոն Պոլլոքի գործերը։ Այնուհետև ցուցասրահը սկսել է ցուցադրել նաև Ուոլտեր դե Մարիայի, Ֆիլիպ Տաաֆեի, Ֆրանչեսկո Կլմենտեի և Պիտեր Հելլի ստեղծագործությունները։

Իմ պատկերասրահում արևը մայր չի մտնում։

1991 թվականին Մանհեթանի Սոհո շրջանում բացվել է Նյու Յորքյան երկրորդ սրահը, որտեղ ներկայացվել են Ռիչարդ Սեռայի, Մարկ դի Սուվերոյի, Բարնետ Նյումանի, Քրիս Բուրդենի մեծածավալ աշխատանքները, իսկ քաղաքի կենտրոնական պատկերասրահում ներկայացվել են երիտասարդ արվեստագետները՝ Էլեն Գալահերը, Ջենի Սավիլը, Դուգլաս Գորդոնը, Բրաուն Սեսիլը։ Երկրորդ ցուցասրահը, պահպանելով պատմական ցուցահանդեսների իր հավատարմությունը, ներկայացրել է Խոան Միրոյի, Ալեքսանդր Կոլդերի, Հենրի Մուրի մոնումենտալ քանդակները։

Պատկերասրահում

Էնդի Ուորհոլի ստեղծագործությունները ներկայացվել են Նյու Յորքյան երկու պատկերասրահներում՝ համագործակցելով Էնդի Ուորհոլ հիմնադրամի հետ։ 1996 թվականին կազմակերպված Դամիան Հերստի «Անիմաստ բացարձակ կոռուպցիա» ցուցադրությունն առաջինն էր Ամերիկայում, որտեղ ֆորմալդեհիդի ջրարկղերում ցուցադրվեցին Հերստի կենդանիները՝ արվեստագետի վիճահարույց ստեղծագործությունների շարքը։

1995 թվականին Գագոսյանը Բևեռլի Հիլզում բացել է նոր սրահ, որի ճարտարապետն է Ռիչարդ Մեյերը։ Պատկերասրահը բացվել է Էդ Ռուշեյի, Նան Գոլդինի, Ֆրենկ Գերիի, Ջեֆ Կունսի և Ռիչարդ Պրինսի աշխատանքների ցուցադրությամբ։ Այստեղ ներկայացված են նաև Պաբլո Պիկասոյի, Ռոյ Լիխտենշտեյնի աշխատանքներից։ Ջեֆ Կունսի «Տոնակատարություն» քանդակի ֆինանսավորման համար մի խումբ արտ-դիլերներ, այդ թվում նաև Գագոսյանը, երկար տարիներ աջակցել են արվեստագետին։ Գնորդները վճարել են 2-8 միլիոն դոլար Կունսի հսկայական փուչիկով շների, գունավոր սրտերի քանդակների համար[4]։

1999 թվականին Գագոսյան պատկերասրահը Սոհոյից տեղափոխվել է West 24-րդ փողոց։ Գլակման Մեյներ ճարտարապետական ստուդիայի կողմից 2,300 մ2 տարածք զբաղեցնող պատկերասրահում 1999 թվականի նոյեմբերին ներկայացվել են Ռիչարդ Սեռայի մոնումենտալ քանդակները։

2000 թվականի գարնանը Փիքադիլիում բացելով Կառուզո Սենթ Ջոնի նախագծով ստեղծված պատկերասրահը՝ Գագոսյան պատկերասրահը դառնում է միջազգային պատկերասրահ[5]։ Լոնդոնյան ցուցասրահը բացվում է իտալացի նկարչուհի Վանեսա Բիկռոֆտի աշխատանքների ցուցադրությամբ, որին հաջորդում է Քրիս Բուրդենի աշխատանքների ցուցադրությունը։ 2000 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում Գագոսյանը կազմակերպում է Հերստի աշխատանքների ցուցադրությունը՝ «Դամիան Հերստ, մոդելներ, մեթոդներ, մոտեցումներ, ենթադրություններ, արդյունքներ և եզրակացություններ»։

2007 թվականին Գագոսյանը մասնաճյուղ է բացում Հռոմում՝ ներկայացնելով Սայ Տվոմբլիի նոր աշխատանքները։ 2008 թվականի նոյեմբերին Գագոսյանը ընդլայնում է Մեդիսոն պողոտայի պատկերասրահը՝ դարձնելով այն քառահարկ։ Առաջին ցուցադրության ժամանակ ներկայացվում են Ֆրենսիս Բեկոնի, Ալբերտո Ջակոմետիի աշխատանքները[6]։

2010 թվականին Գագոսյանը պատկերասրահ է բացում Փարիզում՝ ներկայացնելով 5 ակրիլ աբստրակտ և Սայ Տվոմբլիի 5 բրոնզե քանդակներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում էր 4-5 միլիոն դոլար, և դրանք վաճառվեցին նախքան պատկերասրահի պաշտոնական բացումը[7]։ Նույն տարում Ժնևի բիզնես շրջանում բացվում է փարիզյան պատկերասրահի փոքրամասշտաբ տարբերակը։

2011 թվականի սկզբում Հոնկ Կոնգում բացվում է 480 մ2 տարածքով պատկերասրահը[8]։

2012 թվականի հոկտեմբերին Գագոսյան պատկերասրահ է բացվում Փարիզից դուրս Լե Բուրժե շրջանում[9]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ժամանակակից արվեստի միջազգային ArtReview ամսագրի կազմած «Արվեստի բնագավառում աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց» («Power 100») ցանկի՝ Լարի Գագոսյանը գտնվում է թոփ տասնյակում (#1 2004 թվականին և 2010 թվականին և #2 2005, 2006, 2007, 2008 թվականներին)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://pcad.lib.washington.edu/building/454/
  2. Scott Reyburn (October 25, 2010), Gagosian Sells $20 Million Art in Paris, Plans Global Growth Bloomberg.com.
  3. Jeffrey Hogrefe, "Gagosian Pays $5.75 Million for Largest Gallery in Chelsea," The New York Observer, August 22, 1999
  4. Kelly Crow (April 1, 2011), The Gagosian Effect Wall Street Journal.
  5. Charlotte Higgins (May 10, 2004), King's Cross a Go-Go as top US art dealer unveils new gallery The Guardian.
  6. David Segal (2009 թ․ մարտի 8). «Pulling Art Sales Out of Thinning Air». The New York Times.
  7. Scott Reyburn (October 25, 2010), Gagosian Sells $20 Million Art in Paris, Plans Global Growth Bloomberg'.
  8. Alexandra A. Seno (December 10, 2010), At Last, a Gagosian Space in Hong Kong Wall Street Journal Blog.
  9. Nayeri, Farah (2012 թ․ հոկտեմբերի 15). «Gagosian Opens New Space Outside Paris With Kiefer Show». Bloomberg Businessweek.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագոսյան պատկերասրահ» հոդվածին։