Բոլշևիկյան հայկական մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոլշևիկյան հայկական մամուլ, հայկական մամուլ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորումն ու գործունեությունը հայ իրականության մեջ կապված է Ռուսաստանի մարքսիստ-հեղինակային մամուլի պատմության հետ։ 1902 թվականին Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյանցի, Աշոտ Խումարյանի և ուրիշների նախաձեռնությամբ Թիֆլիսում անլեգալ լույս է տեսել առաջին՝ Հայ սոցիալ-դեմոկրատների միության «Պրոլետարիատ» թերթը, որը հրատարակվել է ՌՍԴԲԿ-ի գրիֆով և «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք» նշանաբանով։

Հրատարակել է նաև թերթիկներ, որտեղ անդրադարձել են աշխատավորների դրությանը, տեղեկություններ հաղորդել Այսրկովկասի բանվորական շարժումների, գյուղացիական հուզումների վերաբերյալ։ Թերթում տպագրվել է Հայ սոցիալ-դեմոկրատների միության մանիֆեստը։

1903 թվականի մարտին Թիֆլիսում գումարված Կովկասի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների առաջին համագումարի որոշմամբ հայկական «Պրոլետարիատ» և վրացական «Բրձոլա» թերթերը միավորվել են և հրատարակվել «Պրոլետարիատի կռիւ» անվանումով (հայերեն, վրացերեն, 1905 թվականից՝ նաև ռուսերեն)։ Առաջին համարը լույս է տեսել 1903 թվականի ապրիլ-մայիսին, վերջինը՝ 1905 թվականի հոկտեմբեր։ Խմբագիրներ՝ Ստեփան Շահումյան, Իոսիֆ Ստալին, Ակակի Ծուլուկիձե, Միխա Ցխակայա և ուրիշներ։ Քարոզել է լենինյան «Իսկրա»-ի գաղափարները, կազմակերպել մարքսիստական գրականության թարգմանություն ու տպագրություն, պրոլետական ինտերնացիոնալիզմի դիրքերից քննադատել ազգայնականությունը։ Տպագրել է բանվորների և հեղինակային գործիչների բազմաթիվ նամակներ ու թղթակցություններ, լուսաբանել գործադուլային շարժման ընթացքը, մերկացրել Ռուս-ճապոնական պատերազմի (1904-1905 իմպերիալիստական բնույթը։

Ռուսական առաջին հեղափոխության վերելքի շրջանում Թիֆլիսում լույս է տեսել հայ բոլշևիկների անդրանիկ լեգալ «Կայծ» (1906 թվական, 47 համար) եռօրյա թերթը։ Խմբագիրներ՝ Ստեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան, Սարգիս Կասյան։ Այդ թերթում է տպագրվել Շահումյանի ավելի քան 40 հոդված (հիմնականում՝ առաջնորդողներ), որտեղ հեղինակը քննադատել է ցարական կարգերը, պաշտպանել մարքսիստական նոր տիպի կուսակցության ստեղծման անհրաժեշտությունը։

«Կայծ»-ի փակվելուց հետո 1906 թվականի օգոստոսից լույս է տեսել «Նոր խօսք» բոլշևիկյան թերթը՝ որպես «Կայծ»-ի շարունակություն լուսաբանել է Ալավերդու պղնձահանքերի գործադուլը և գյուղացիական շարժումները Արևելյան Հայաստանում, նյութեր է տպագրել ցարիզմի դեմ ժողովածուների ելույթների մասին։ Սուրեն Սպանդարյանը «Դպրոցական հարցը և սոցիալ-դեմոկրատիան» ծավալուն հոդվածում հայ պարբերական մամուլում առաջին անգամ պարզաբանել է բոլշևիկների դիրքորոշումը դպրոցի, կրթության, մշակույթի վերաբերյալ։

Բոլշևիկյան հայկական մամուլում առանձնապես կարևորվել են ժողովուրդների բարեկամության ամրապնդման, բուրժուաազգայնական կուսակցությունների հակահեղինակային գործունեության մերկացման հարցերը։ Այս առումով նշանակալի է 1906 թվականին Բաքվում հրատարակված բոլշևիկյան լեգալ «Կոչ-դէվէթ» (երկլեզու) թերթը, որը ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հայկական բաժանմունքի և ադրբեջանական. «Հումմեթ» («Եռանդ») կազմակերպության պաշտոնաթերթն էր։ Թերթի հրատարակմանը մասնակցել են Ստեփան Շահումյանը, Ա. Ջափարիձեն, Մեշադի Ազիզբեկով, Լ. Կնունյանցը։ 1906 թվականին ՌՍԴԲԿ Բաքվի կազմակերպության նախաձեռնությամբ տպագրվել է «Բանւորի ձայնը» թերթը (խմբագիր՝ Սարգիս Կասյան), բացահայտել է 1905 թվականի հոկտեմբերի 17ի ցարական մանիֆեստի հակաժողովրդական էությունը, պաշտպանել ճնշված ազգությունների ինքնորոշման իրավունքը։

Ռուսական հեղափոխության շրջանի բոլշևիկյան վերջին լեգալ պարբերականը՝ «Օրեր» թերթը, տպագրվել է 1907 թվականին Բաքվում՝ Սուրեն Սպանդարյանի նախաձեռնությամբ և Ստեփան Շահումյանի ու Սարգիս Կասյանի մասնակցությամբ։ «Օրեր»-ի հրատարակչությունը զուգադիպել է Պետական երկրորդ դումայի ընտրություններին, որը և նախանշել է թերթի գործունեության հիմնական ուղին։ «Օրեր»-ում Ստեփան Շահումյանը և Սուրեն Սպանդարյանը հետևողականորեն պաշտպանել են դումայի ընտրությունները բոյկոտելու բոլշևիկների դիրքորոշումը, քննադատել կադետների ու մենշևիկների հակահեղինակային քաղաքականությունը։

Ռեակցիայի տարիներին (1907-1911 թվականներ) հայկական բոլշևիկյան պարբերականներ չեն հրատարակվել, հայ բոլշևիկներն աշխատակցել են Բաքվում, Թիֆլիսում և այլ քաղաքներում լույս տեսնող ռուսական հրատարակչություններին։

1911 թվականին Բաքվում տպագրվել է հայկական առաջին լեգալ մարքսիստական պարբերականը՝ «Նոր խoսք» գրական, հասարակական-քաղաքական հանդեսը (խմբագիր՝ Ստեփան Շահումյան), որի ստեղծմանը մասնակցել են Արտաշես Կարինյանը, Հակոբ Հակոբյանը, Վահան Տերյանը, Ռուբեն Դաշտոյանը և ուրիշներ։ «Նոր խօսք»-ը հրապարակել է հոդվածներ մարքսիզմի տեսության, միջազգային բանվորական շարժման, բանվորների ու գյուղացիների դրության մասին, մարքսիզմի դիրքերից լուսաբանել հայոց պատմության կարևոր դրվագները։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներ) տարիներին հայ բոլշևիկները Թիֆլիսում լույս են ընծայել «Պայքար» (1915-1919 թվականներ) գրական, հասարակական, քաղաքական և տնտեսական շաբաթաթերթը, որի խնդիրը հայ աշխատավորությանը պրոլետական ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակելն էր, պատերազմի հարցում բոլշևիկյան կուսակցության դիրքորոշումը պաշտպանելը։ 1917 թվականի հունիսից (100-րդ համարից) թերթն անցել է մենշևիկների ձեռքը։ Ի հակակշիռ մենշևիկյան «Պայքար»-ի՝ բոլշևիկները Թիֆլիսում հրատարակել են «Բանւորի կռիւ» (1917-1918 թվականներ), «Բանւոր» (1918 թվական) օրաթերթերը, Շուշիում՝ «Նեցուկ» (1917 թվական) շաբաթաթերթը, Ալեքսանդրապոլում՝ «Նոր կեանք» (1917 թվական) եռօրյա թերթը, վերջինը մարքսիստական առաջին պարբերականն էր Արևելյան Հայաստանում։

1917 թվականի մայիս-օգոստոսին Բաքվում Ստեփան Շահումյանի խմբագրությամբ լույս է տեսել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի «Սոցիալ-դեմոկրատ» շաբաթաթերթը, որտեղ Ստեփան Շահումյանը վերլուծել է ռուսական հեղափոխության ընթացքը, պաշտպանել «Ամբողջ իշխանությունը սովետներին» կարգախոսը։ Թերթը լայնորեն տարածվել է Հայաստան, հատկապես՝ բանվորական շրջաններում։ Բաքվի կոմունայի հաղթանակից հետո 1918 թվականին հրատարակվել են ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի պաշտոնաթերթ «Բանւորի խօսք» շաբաթաթերթը, Բանվորների, զինվորների և նավաստիների պատգամավորների Բաքվի խորհրդի պաշտոնաթերթ «Տեղեկատու» օրաթերթը, որի գաղափարական ղեկավարը եղել է Ստեփան Շահումյանը, աշխատակցել են Անաստաս Միկոյանը, Արսեն Ամիրյանը, Արամայիս Հովսեփյանը, Արտաշես Կարինյանը և ուրիշներ։ Թերթի հիմնական խնդիրն Այսրկովկասի աշխատավորությանը համախմբելն էր, Բաքվի կոմունան պաշտպանելը։

1920 թվականին Դոնի Ռոստովում լույս է տեսել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրո Ռոստով-Նախիջևանի կազմակերպության հայկական բաժանմունքի «Բանւորի կռիւ» պաշտոնաթերթը։ 1902-1920 թվականներին հրատարակվել են բոլշևիկյան 46 հայկական պարբերականներ, բազմաթիվ հեղինակային կոչեր, թռուցիկներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարսեղյան Խ., Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն. 1900–1920, Ե., 1956։
  • Նույնի, Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի բիբլիոգրաֆիա, Ե., 1959։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։