Մեշադի Ազիզբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեշադի Ազիզբեկով
ադրբ.՝ Məşədi Əziz bəy oğlu Əzizbəyov
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6 (18), 1876
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20) (42 տարեկան)
Մահվան վայրԹուրքմենբաշի, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնիսլամ
ԿրթությունԲաքվի ռեալական ուսումնարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԵրեխաներƏzizağa Əzizbəyov?
 Mashadi Azizbeyov Վիքիպահեստում

Մեշադի Ազիմբեկ օղլի Ազիզբեկով (ադրբ.՝ Məşədi Əziz bəy oğlu Əzizbəyov, ռուս.՝ Мешади Азиз-бек оглы Азизбеков, հունվարի 6 (18), 1876, Բաքու, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1918(1918-09-20), Թուրքմենբաշի, Խորհրդային Ռուսաստան), Անդրկովկասում բոլշևիկյան հեղափոխական շարժման գործիչ, ադրբեջանցի առաջին մարքսիստներից։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 6-ին, Բաքվում, որմնադիր բանվորի ընտանիքում։ 1908 թվականին ավարտել է Բաքվի ռեալական ուսումնարանը և Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ Իբրև հեղափոխական, Ազիզբեկովը առաջին մարտական մկրտությունն ստացել է 1897 թվականին, Պետերբուրգում՝ գլխավորելով «տեխնոլոգիականների» ելույթը բողոքի ցույցի ժամանակ, որը ծագել էր ձերբակալված ուսանողուհու ինքնասպանության պատճառով։ Ցույցի մի խումբ կազմակերպիչների հետ Ազիզբեկովը ձերբակալվել և նետվել է «Կրեստի» բանտը։ Հետագայում, լինելով IV կուրսի ուսանող, Ազիզբեկովը կրկին բանտ է նետվել հեղափոխական գործունեության համար։ Ակտիվորեն մասնակցել է 1905–1907 թվականների հեղափոխությանը։ «Հումմեթ» ս–դ. խմբի ղեկավարներից մեկն էր։ 1906 թվականին Բաքվում կազմակերպել է «Ազատության դրոշ» բանվորական մարտական ջոկատը և պայքարել ազգամիջյան կոտորածներ հրահրելու ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Ռեակցիայի տարիներին Ազիզբեկովը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի բանվորների և մտավորականության առաջադեմ մասի մարքսիստական պրոպագանդայի գործում։ 1910 թվականին ընտրվել է Բաքվի քաղաքային դումայի անդամ, պաշտպանել աշխատավորների շահերը։ Լինելով «Նիջաթ» («Ազատագրում») մշակութային-լուսավորական ընկերության նախագահի տեղակալ՝ Ազիզբեկովը հեղափոխական անլեգալ աշխատանքը հմտորեն զուգակցել է լեգալ գործունեության հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն պայքարել է պատերազմը քաղաքացիականի վերածելու լենինյան լոզունգի իրականացման համար։

1915 թվականին ընտրվելով «Գաղթականների օգնության կոմիտեի» նախագահի տեղակալ՝ զբաղվել է թուրքական բարբարոսներից հալածված և տարբեր վայրերից Բաքու գաղթած հայ բնակչությանը օգնելու հարցով։ 1917–1918 թվականին Ստեփան Շահումյանի, Ալյոշա Ջափարիձեի, Իվան Ֆիոլետովի և հայտնի մյուս բոլշևիկների հետ միասին գլխավորել է Ադրբեջանում և ամբողջ Անդրկովկասում խորհրդային վարչակարգ հաստատելու համար մղված պայքարը։ 1917 թվականին ընտրվել է Բաքվի բանվորների դեպուտատների խորհրդի անդամ։ 1918 թվականի մարտին մասնակցել է խորհրդային իշխանության դեմ ուղղված մուսաֆաթական ապստամբության ջախջախմանը և Բաքվի կոմունայի հաստատմանը։ Բաքվի ժողկոմխորհում Ազիզբեկովը նահանգական կոմիսար էր և ներքին գործերի ժողկոմի տեղակալ։ 1918 թվականի մայիսից Ազիզբեկովը միաժամանակ վարել է Բաքվի գավառի գյուղացիների դեպուտատների խորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը։ Մասնակցել է թուրք–գերմանական ուժերի դեմ Բաքվի պաշտպանության կազմակերպմանը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվում խորհրդային իշխանության ժամանակավոր անկումից հետո (1918-թվականի հուլիսի 31) Բաքվի 26 կոմիսարների թվում Ազիզբեկովը ձերբակալվել և անգլիական ուժերի կողմից 1918 թվականի սեպտեմբերի 20-ին գնդակահարվել է Ախչա–Կումայի ավազուտներում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզբեկովի անունով էին կոչվում քաղաքային շրջան՝ Բաքվում, գյուղական շրջան, շրջկենտրոն (այժմ՝ քաղաք Վայք) և գյուղ՝ Խորհրդային Հայաստանում։ Երևանում Ազիզբեկովի անունը կրող հրապարակում տեղադրվել է նրա կիսանդրին։ Անկախությունից հետո Ազիզբեկովի կիսանդրին փոխարինվեց Անդրեյ Սախարովի արձանով, որի անունով էլ վերանվանվեց հրապարակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 116