Աշոտ Խումարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Խումարյան
Ծնվել էհունվարի 21 (փետրվարի 2), 1875
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1938
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Աշոտ Խումարյան (Ալեքսանդր) Քրիստափորի (հունվարի 21 (փետրվարի 1), 1875, Թիֆլիս —1938), պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և խորհրդային գործիչ։

Հեղափոխական գործունեությունը սկսել է 1892 թ.-ից՝ «Հայ բանվորների հեղաՓոխական ասոցիացիա» խմբակում։ 1895 թ.-ին, 1906 թ.-ին և 1909 թ.-ին ձերբակալվել և աքսորվել է Վյատկայի, Վոլոգդայի և Աստրախանի նահանգները։ 1902 թ.-ին Թիֆլիսում մասնակցել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» ստեղծմանը։ 1902 թ.-ին մասնակցել է «Պրոլետարիատ», 1903 թ.-ին՝ «Պրոլետարիատի կռիվը» թերթերի հրատարակմանը։ ՌՍԴԲԿ Կովկասյան միության I համագումարում (1903) ընտրվել է միության ղեկավար կոմիտեում։

1905—1906 թ.-ին Ստեփան Շահումյանի, Շ. Էլիավայի և Իոսիֆ Ստալինի հետ կազմակերպել է այդ կոմիտեի «Կավկազսկի ռաբոչի լիստոկ» («Кавказский рабочий листок»), ինչպես նաև «Կայծ» և նրա շարունակությունը կազմող «Նոր խոսք» թերթերի հրատարակումը։ 1906 թ.-ին Բաքվում Խումարյանը մասնակցել է «Բակինսկի ռաբոչի» («Банкийский рабочий») թերթի հրատարակմանը։

Փետրվարյան հեղափոխության օրերին նա Աստրախանի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից էր և «Աստրախանսկի ռաբոչի» («Астраханский рабочий», 1917) թերթի խմբագիրը։ Աստրախանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո (1918 թ.-ի հունվար) Խումարյանը նշանակվել է Աստրախանի ժողկոմսովետի նախագահ և ներքին գործերի ժողկոմ։ 1918 թ.-ի մայիս-հուլիսին Լենինը և Շահումյանը նամակագրական կապ են պահպանել Խումարյանի միջոցով։ 1920—1921 թթ.-ին եղել է Աստրախանի նահանգային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ և ներքին գործերի ժողկոմ։ 1921 թ.-ին փոխադրվել է Թիֆլիս և նշանակվել ՌՍՖՍՀ ԲԳՏ-ի լիազոր և կուսակցական վերահսկողության հանձնաժողովի անդամ կովկասյան բանակում։ 1925—1928 թթ.-ին Խումարյանը Անդրֆեդերացիայի ԲԳՏ ժողկոմի տեղակալն էր։ 1928—1937 թթ.-ին ղեկավար աշխատանք է տարել Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png