Բյուզանդագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բյուզանդագիտություն, միջնադարագիտության ճյուղ։ Ուսումնասիրում է Բյուզանդիայի պատմությունը, իրավունքը, լեզուն, գրականությունը, փիլիսոփայությունը, արվեստը։ Որպես գիտության առանձին մասնաճյուղ ձևավորվել է XIX դարի 2-րդ կեսին։ Սակայն Բյուզանդական ակունքներն ունեն բազմադարյան վաղեմություն։ Արդեն վաղ միջնադարում Բյուզանդիայի մշակույթի և պատմության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում, Վրաստանում, Հին Ռուսիայում, իսկ Արևմտյան Եվրոպայում՝ Կոստանդնուպոլսի անկումից (1453) հետո, երբ Բյուզանդիան արդեն նվաճած օսմանյան թուրքերը սկսեցին սպառնալ եվրոպական պետություններին։ XVI դարից Բյուզանդագիտություն արագ զարգացավ Ֆրանսիայում, Իտալիայում, և Գերմանիայում։ XVIII դարի Անգլիայում է․ Գիբոնը հիմք դրեց գիտական Բյուզանդագիտությանը։ Արևմտյան Եվրոպայում Բյուզանդիայի նկատմամբ մշտական հետաքրքրություն առաջացել է Վերածնության դարաշրջանից (XV-XVI դարի)՝ անտիկ պատմության վերհանման (Բյուզանդիան համարվել է Հռոմեական կայսրության շարունակությունը), ինչպես և թուրքական նվաճումների, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միության շուրջը հարուցված վեճերի առնչությամբ։ 1828 թվականից Բոննում (Գերմանիա) սկսել է լույս տեսնել բյուգանդական պատմագիրների մատենաշարը (մինչև 1897-ը հրատարակվել է 49 հատոր)։ 1892 թվականին գերմամացի բանասեր Կ․ Կրումբախերը հիմնել է «Բիզան-տինիշե ցայտշրիֆտ» («Byzantinische Zeit- schrift», «Բյուզանդագիտական հանդես») պարբերականը, որը լույս է տեսնում նաև այժմ։ XIX դարի 2-րդ կեսին, Արևելյան հարցի սրման, թուրքական լծի դեմ սլավոնական և այլ ժողովուրդների պայքարի կապակցությամբ, Ռուսաստանում Բյուզանդագիտությունը բարձր զարգացման հասավ։ 1894 թվականին Վ․ Վասիլևսկին հիմնեք է «Վիզանտիյսկիյ վրեմեննիկ» (ռուսական «Բյուզանդագիտական հանդես») պարբերականը։ Ականավոր ռուս բյուզանդագետներից էին Վ․ դարի Վասիլևսկին, Ֆ․ Ի․ Ուսպենսկին, Ա․ Ա․ Վասիլևը, Կ․ Ն․ Ուսպենսկին։ Արևմտյան Եվրոպայում Բյուզանդագիտությունը հատկապես արագ զարգացել է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Որպես առանձին բնագավառներ առանձնացել են բյուգանդական կնքագիտությունը, դրամագիտությունը, հնագրագիտությունը։ Ստեղծվել են բյուզանդագիտական նոր կենտրոններ, լույս են տեսել նորանոր աշխատություններ։ Եվրոպայում Բյուզանդագիտությունը բարձր զարգացման է հասել երկրորդ համաշխար հային պատերազմից հետո։ Բյուզանդագիտական խոշոր կենտրոն է ստեղծվել ԱՄՆ-ում։ Այժմ Արևմտյան Եվրոպայում Բյուզանդագիտության մեջ առաջատար դեր ունեն Ֆրանսիայի և ԳՖՀ-ի բյուզանդագետները։ 1924 թվականից պարբերաբար հրավիրվել են բյուզանդագետների միջազգային գիտաժողովներ։ ԽՍՀՄ-ում Բյուզանդագիտությունը բարձր զարգացում է ապրել։ Կարևոր կենտրոններ են Լենինգրադի պետական համալսարանի Բյուզանդագիտության ամբիոնը և ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի Բյուզանդագիտության բաժինը։ Սովետական հայտնի բյուզանդագետներ են՝ Մ․ Վ․ Լևչենկոն, Ն․ Վ․ Պիգուլևսկայան, Ե․ է․ Լիպշիցը, Զ․ Վ․ Ուդալցովան, Ա․ Պ․ Կաժ- դանը, Մ․ Այուզյումովը, դարի Լիտավրինը և ուրիշներ։ 1967 թվականին խորհրդային բյուզանդագետների համատեղ ջանքերով լույս է տեսել «Բյուզանդիայի պատմությունը» (ռուսական) եռահատոր աշխատությունը։ Բյուզանդագիտությունը նշանակալից զարգացման է հասել նաև սոցիալիստական երկրներում։ Հայ ուսումնասիրողները Բյուզանդագիտությամբ զբաղվել են հայ-բյուզանդական հարաբերությունների հետազոտման տեսանկյունով։ Այս առումով հայ նոր պատմագրության մեջ առաջինը որոշակի ավանդ է ներդրել Մ․ Չամչյանը իր եռահատոր Հայոց պատմությամբ։ Հիշարժան են Կ․ Տեր-Սահակյանի աշխատությունները՝ նվիրված Բյուզանդիայի հայ կայսրերին, բյուզանդական գրականության մեջ հայ հեղինակների կատարած դերին։ Կարևոր են Ն․ Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ՍԲՊ, 1908, ռուսական վերահրատարակվել է Երևանում, 1971 թվականին) աշխատությունը և բյուզանդագիտական հոդվածները, որոնք լույս են տեսել եվրոպական զանազան հանդեսներում( 1965 թվականին այդ հոդվածները հրատարակվեցին Լիսաբոնում, առանձին գրքով)։ Հայ խորհրդային պատմաբանները (Ս․ Երեմյան, Հ․ Բարթիկյան, Կ․ Ցուզբաշյան, Վ․ Իսկանյան, Վ․ Հարությունովա-Ֆիդանյան և ուրիշներ) որոշակի ավանդ ունեն հայ-բյուզանդական հարաբերությունների ուսումնասիրման բնագավառում։ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի «Բյուգանդական աղբյուրներ» ենթաշարքի հրատարակմանը, որից լույս են տեսել Պրոկոպիոս Կեսարացու և Կոստանդին Ծիրանածնի երկասիրությունները (Հ․ Բարթիկյանի թարգմանությամբ, ծանոթագրություններով)։ Հայ-բյուզանդական հարաբերություններին նվիրված աշխատություններ ունեն նաև Ա․ Պ․ Կաժդանը, Վ․ Ս․ Շանդրովսկայան և ուրիշներ, արտասահմանում՝ Հ․ Գելցերը, Պ․ Խարանիսը։ Սփույռքահայ ուսումնասիրողներից հայ-բյուզանդական առնչություններով զբաղվել են Ս․ Տեր-Ներսեսյանը, Կ․ Թումանովը և Ն․ Դարսոյանը։ 1971 թվականին Երևանում գումարվել է բյուզանդագետների համամիութենական կոնֆերանս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png