Բայերյան անվանակարգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հատված Բայերի՝ Հայկ համաստեղության քարտեզից, որտեղ պատկերված են Օրիոնի գոտի աստերիզմի ու Օրիոնի միգամածության հատվածները տեսանելի լատիներեն ու հունարեն տառապիտակներով

Բայերյան անվանակարգություն (անգլ.՝ Bayer designation), աստղային անվանակարգություն, որտեղ յուրաքանչյուր աստղ ներկայացվում է հունարենի այբուբենի որևէ տառով, որին հաջորդում է այն համաստեղության լատիներեն անվան սեռական հոլովը, որին պատկանում է տվյալ աստղը։ Բայերյան անվանակարգության սկզբնական ցուցակում ընդգրկված են եղել 1,564 աստղեր։ Համեմատաբար ավելի պայծառ աստղերն իրենց առաջին համակարգված անուններն ստացել են գերմանացի աստղագետ Յոհան Բայերի կողմից 1603 թվականին, վերջինիս «Ուրանոմետրիա» կոչվող աստղային ատլասում։ Բայերը գրանցել է հեռու հարավում գտնվող Գերմանիայից տեսանելի փոքր թվով աստղեր, իսկ հետագա աստղագետներն (այդ թվում՝ Նիկոլա Լուի Լակայլը և Բենջամին Ապտորպ Գուլդը) լրացրել են Բայերի կատալոգը հարավային համաստեղությունների գրառումներով։

Սխեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրանցած յուրաքանչյուր աստղի համար Բայերն օգտագործել է հունարեն այբուբենի փոքրատառ տառերը (ալֆա (α), բետա (β), գամմա (γ), և այլն) կամ լատիներեն որևէ տառ (A, b, c, և այլն), համադրելով դրանք աստղապատկան համաստեղության լատիներեն անվան սեռական հոլովի հետ։ Համաստեղության անվանումը հաճախ կրճատվել է մինչև ստանդարտ երեք տառաչափ ձևի[1][Ն 1]։ Օրինակ՝ Ցուլ համաստեղության Ալդեբարան աստղը ստացել է α Tauri (հապավմամբ՝ α Tau, որն արտասանվում է Alpha Tauri) անունը, որը նշանակում է «ցուլի ալֆա» (անգլ.՝ Alpha of the Bull)[Ն 2][2]։

Հունարեն տառերը Բայերն օգտագործել է համեմատաբար ավելի պայծառ աստղերի համար, սակայն հունարեն այբուբենն ունի ընդամենը 24 տառ, իսկ մեկ համաստեղությունը կարող է պարունակել անզեն աչքին տեսանելի հիսուն և ավելի աստղեր։ Երբ ավարտվել են հունարեն տառերը, Բայերը շարունակել է լատիներեն տառերով․ մեծատառ A, որին հաջորդել է փոքրատառ b մինչև z (բաց է թողել j և v տառերը, սակայն o-ն ընդգրկված է եղել) և ստացել ևս 24 տառ[3]։

«Անփոփոխ» աստղերը Բայերը մեծատառերով չի անվանակոչել (բացառությամբ A-ի, որը նա օգտագործել է a-ի փոխաարեն՝ α-ի հետ շփոթելուց խուսափելու նպատակով)։ Սակայն հարավային համաստեղություններում մի շարք աստղեր ունեն մեծատառով անուններ, ինչպես օրինակ՝ Կենտավրոսի B-ն ու Կարիճի G-ն։ Սա արվել է ավելի ուշ շրջանի աստղագետների, մասնավորոպես՝ Լակայլի ու Գուլդի կողմից, իրենց «Coelum Australe Stelliferum» և «Uranometria Argentina» աշխատություններում համապատասխանաբար։ Լակայլը հետևել է Բայերի՝ հունարեն տառերն օգտագործելուն, սակայն սա բավարար չի եղել շատ համաստեղությունների համար։ Նա նախ օգտագործել է փոքրատառ տառերը a-ից սկսած, ապա անհրաժեշտության դեպքում՝ մեծատառ տառերը A-ից սկսած, այսպիսով ինչ -որ չափով շեղվելով Բայերի ուղուց։ Լակայլը լատիներեն այբուբենն օգտագործել է երեք անգամ Արգոյի նավ մեծ համաստեղությունում, այժմյան Ողնուց, Նավախել և Առագաստ համաստեղություններից յուրաքանչյուրի համար մեկական անգամ։ Սակայն դա ևս անբավարար էր աստղերի քանակի համար, այսպիսով նա օգտագործել է լատիներեն մեծատառերը, ինչպես օրինակ՝ Վելորումի N կամ Նավախելի Q։ Մեծատառ R - Z տառերը Լակայլն օգտագործել է մի քանի համաստեղությունում, բայց դրանք կա՛մ դուրս են մղվել՝ այդ տառերով փոփոխական աստղերն անվանելու նպատակով, կա՛մ իրականում պարզվել է, որ փոփոխական են[4]։

Հերթականություն ըստ մեծության կարգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ համաստեղություններում Բայերը հունարեն ու լատիներեն տառեր է վերագրել տվյալ համաստեղության աստղերին ըստ տեսանելի աստղային մեծության մոտավոր հաշվարկի՝ ամենապայծառից ինչև ամենաաղոտը։ Քանի որ համաստեղությոնների մեծամասնությունում ամենապայծառ աստղն անվանվել է ալֆա (α), շատերը ենթադրում են, որ Բայերը մտադիր է եղել դասակարգել աստղերը բացառապես ըստ պայծառության[փա՞ստ]։ Բայերի ժամանակաշրջանում սակայն աստղերի պայծառությունը չէր կարող ճշգրիտ հաշվարկվել։ Աստղերը սովորաբար վերագրվում էին վեց մեծության դասերից մեկին (ամենապայծառն առաջին, իսկ ամենանաղոտը՝ վեցերորդ մեծության), և Բայերը դասավորել է աստղերը համաստեղության ներսում ըստ կարգերի․ բոլոր առաջին կարգի մեծության աստղերը, որոնց հաջորդել են բոլոր երկրորդ մեծության աստղերը և այսպես շարունակ։ Յուրաքանչյուր մեծության կարգում Բայերը փորձ չի արել դասավորել աստղերն ըստ հարաբերական պայծառության[5]։ Արդյունքում յուրաքանչյուր դասի ամենապայծառ աստղը միշտ չէ, որ եղել է առաջին ըստ Բայերի դասակարգման։

Բացի դրանից, Բայերը միշտ չի հետևել մեծության դասի կանոնին․ նա երբեմն տառերը վերագրել է աստղերին՝ ըստ համաստեղության ներսում վերջիններիս դիրքի, կամ ըստ նրանց ծագման հաջորդականության, կամ ըստ պատմական ու դիցաբանական առանձնահատկությունների։ Երբեմն այդ դասակարգումը բավականին կամայական է թվում[3]։

88 ժամանակակից համաստեղություններից առնվազն 30-ի մեջ ալֆան ամենապայծառ աստղը չէ, իսկ չորսի մեջ ընդհանրապես ալֆա աստղ չկա։ Վերջինների թվում են՝ Առագաստ և Նավախել համաստեղությունները, որոնք նախկինում մաս են կազմել Արգո նավ համաստեղության, որի հունատառ անվանումներով աստղերը ցրվել են երեք համաստեղությունների միջև։ Արգոյի α -ն Կանոպուսն է և տեղափոխվել է մերօրյա Ողնուց համաստեղություն։

Օրիոնը՝ որպես օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիոն համաստեղությունում Բայերն առաջինն անվանակոչել է Բետելգեյզե և Ռիգել՝ երկու առաջին կարգի մեծության աստղերը, որպես Ալֆա և Բետա, որտեղ Բետելգեյզեն (ուսը) առաջ է անցնում Ռիգելից (ոտք), թեև վերջինս սովորաբար ավելի պայծառ է (Բետելգեյզեն փոփոխական աստղ է և իր հզորությամբ երբեմն կարող է գերազանցել Ռիգելին)[6]։ Հետո Բայերը կրկնել է գործընթացը երկրորդ կարգի մեծության աստղերի համար՝ նրանց անվանելով gamma-ից մինչև zeta «վերից վար» (հյուսիսից հարավ) հերթականությամբ։ Լատիներեն p տառով անվանվել են վեցերորդ մեծության աստղերը։

Հայկ համաստեղության քարտեզ
Հայկ համաստեղության աստղերի ամենապայծառ երեք դասերն ըստ Բայերի
Բայերյան անվանում Բայերյան դաս Տեսանելի աստղային մեծություն Հատուկ անուն
Օրիոնի α առաջին 0.45 Բետելգեյզե
Օրիոնի β առաջին 0.18 Ռիգել
Օրիոնի γ երկրորդ 1.64 Բելատրիքս
Օրիոնի δ երկրորդ 2.23 Մինտակա
Օրիոնի ε երկրորդ 1.69 Ալնիլամ
Օրիոնի ζ երկրորդ 1.70 Ալնիտակ
Օրիոնի η երրորդ 3.42
Օրիոնի θ երրորդ Օրիոնի միգամածություն
Օրիոնի ι երրորդ 2.77 Հատիսա
Օրիոնի κ երրորդ 2.07 Սայֆ

Տարատեսակ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Բայերը լատիներեն մեծատառերը չի օգտագործել (բացի A-ից) «ֆիքսված ատղերի» համար, նա այնուամնենայնիվ դրանք օգտագործել է իր աղյուսակների այլ անդամներ անվանելու համար, ինչպիսիք են՝ հարևան համաստեղությունները, «ժամանակավոր աստղերը», տարատեսակ աստղագիտական օբյեկտները և այլն[7]:p. 131։ Կարապ համաստեղությունում, օրինակ, ֆիքսված աստղերը Բայերն անվանել է մինչև g տառը, իսկ աղյուսակներում նա կիրառել է H - P -ն որպես տարատեսակ անվանումներ՝ հիմնականում հարևան համաստեղությունների համար։ Բայերը դրանք նախատեսած չի եղել որպես կատալոգային անվանուներ, սակայն մի մասը պահպանվել է և բնութագրում է աստղագիտական օբյեկտներ․ օրինակ՝ Կարապի P-ն դեռևս օգտագործվում է որպես Նովա Ցիգ 1600 աստղի անվանում։ SN 1572 աստղը հայտնի է որպես Կասիոպեայի B։ Համաստեղությունների աղյուսակներում հունարեն տառերը չեն սպառվել, և Բայերը երբեմն օգտագործել է դրանց մնացած մասն այլ անվանումների համար նույնպես[7]:p. 131։

Վերանայված անվանակարգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղոմեոսը չորս աստղ անվանել է «սահմանային աստղեր», որոնցից յուրաքանչյուրը պատկանում է երկու համաստեղության․ Ալֆերացը (Անդրոմեդա և Պեգաս համաստեղություններին), Էլնաթը (Ցուլ և Կառավար համաստեղություններին), Եզնարածի նուն (Եզնարած և Վահագն համաստեղություններին) և Ֆոմալհաուտը (Հարավային ձուկ և Ջրհոս համաստեղություններին)[7]:p. 23։ Բայերն առաջին երեքն անվանել է երկու համաստեղությունների հունարեն տառերով․ Անդրոմեդայի ալֆան = Պեգասի դելտային, Ցուլի բետան = Կառավարի գամմային, Եզնարածի նուն = Վահագնի պսիին (Ֆոմալհաուտին նա գրանցել է միայն մեկ անգամ, որպես Հարավային ձկան ալֆա)։ Երբ Միջազգային աստղագիտական միությունը 1930 թվականին համաստեղություններին որոշակի սահմաններ է վերագրել, այն հայտարարել է, որ աստղերն ու այլ երկնային մարմինները կարող են պատկանել միայն մեկ համաստեղության։ Հետևաբար վերոնշյալ յուրաքանչյուր զույգի ավելորդ երկրորդ անվանումը գործածությունից դուրս է մղվել[8]։

Բայերը սխալմամբ երկու աստղի վերագրել է կրկնօրինակ անուններ․ Խոյի քսին (կրկնօրինակվել է որպես Կետի փսի), և Կետի կապպան (կրկնօրինակվել է որպես Ցուլի գամմա)։ Հետագա ատլասներում նա ուղղել է սա, և կրկնօրինակ անուններն այլևս չեն օգտագործվել[7]:p. 23։

Բայերյան բազմակի անվանումներ են առաջացել, երբ մեկ համաստեղության՝ Բայերի կողմից անվանված աստղը հետագա աստղագետների կողմից տեղափոխվել է այլ համաստեղություն։ Կարիճ համաստեղության Բայերի անվանակոչած գամմա և օմիկրոն աստղերն, օրինակ, հետագայում Կարիճից տեղափոխվել են Կշեռք համաստեղություն և ստացել նոր անուններ՝ Կշեռքի սիգմա և Կշեռքի իպսիլոն[7]:p. 196։

Որոշ աստղեր այլևս չեն գտնվում այն համաստեղություններում, որոնց անունով նրանք կոչվում են։ Արծիվի ռոյի սեփական շարժումն, օրինակ, 1992 թվականին աստղին հասցրել է Դելֆին համաստեղության սահմաններից ներս[9][10]։

Հետագա բարդություն է հարևան աստղերը տարբերակելու նպատակով թվային համարակալումների օգտագործումը, որոնց Բայերը (կամ որևէ այլ աստղագետ) անվանել է ընդունված տառով։ Սովորաբար սրանք երկակի աստղեր են (հիմնականում օպտիկական կրկնապատկումներ, ոչ թե իրական կրկնակի աստղեր), սակայն կան որոշ բացառություններ, ինչպիսին է Հայկ համաստեղության π1, π2, π3, π4, π5 և π6 աստղերի շղթան։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տես «88 ժամանակակից համաստեղություններ» հոդվածը սեռական հոլովով անվանացանկերի և համաստեղությունների ստանդարտ հապավումների համար։
  2. Հունարեն այբուբենի տառերը հնագույն ժամանակներում օգտագործվել են որպես թվեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rabinowitz, Harold; Vogel, Suzanne (2009 թ․ հունիսի 12). The Manual of Scientific Style: A Guide for Authors, Editors, and Researchers. Elsevier. էջեր 363ff. ISBN 978-0-08-055796-0.
  2. Bayer, Johann (1987). Uranometria. Archival Facsimiles. ISBN 1852970219.
  3. 3,0 3,1 Ridpath, Ian (1989). «Bayer's Uranometria and Bayer letters». Star Tales. Lutterworth Press. ISBN 0718826957.
  4. Coelum australe stelliferum ... H.L. Guerin & L.F. Delatour. 1763. էջեր 7ff – via Google Books.
  5. Swerdlow, N. M. (August 1986). «A Star Catalogue Used by Johannes Bayer». Journal for the History of Astronomy. 17 (50): 189–197. Bibcode:1986JHA....17..189S. doi:10.1177/002182868601700304. S2CID 118829690. See p. 192.
  6. Patrick Moore (1996). Brilliant Stars. Cassell. ISBN 978-0-304-34903-6.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Wagman, Morton (2003). Lost Stars. McDonald & Woodward. ISBN 0939923785.
  8. Eugène Delporte; International Astronomical Union (1930). Délimitation scientifique des constellations. At the University press.
  9. Patrick Moore (2013 թ․ հունիսի 29). The Observer's Year: 366 Nights of the Universe. Springer Science & Business Media. էջեր 132–. ISBN 978-1-4471-3613-2.
  10. Hirshfeld, A.; և այլք: (August 1992). «Book-Review - Sky Catalogue 2000.0 - V.1 - Stars to Magnitude 8.0 ED.2». Journal of the Royal Astronomical Society of Canada. 86 (4): 221. Bibcode:1992JRASC..86..221L.