Աստղերի սեփական շարժումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրիուս

Աստղերի սեփական շարժումներ, աստղերի տարեկան անկյունային տեղաշարժը երկնքում։ (Անկյուն, որի տակ դիտվում է աստղի տարածական արագության պրոյեկցիան տեսագծին ուղղահայաց հարթության վրա)։

Էդմունդ Հալլեյը նկատեց (1718), որ Սիրիուսի, Պրոցիոնի և Արկտուրի կոորդինատները չեն համընկնում հին հույների տված կոորդինատների հետ։ Անցել էր շուրջ 2000 տարի, և տեղաշարժերը հասել էին զգալի չափերի։ Այնպես որ, դրանք միայն դիտողական սխալներ համարելը ճիշտ չէր լինի։ Հետևաբար, ենթադրվեց, որ աստղերն ունեն սեփական շարժումներ։

Աստղերի շարժումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղերի սեփական շարժումներն աննշան են (տարեկան միջինը` 0",01)։ Աստղերի միայն 10%-ն ունի զգալի (0",5-ից մեծ) սեփական շարժում։ Երկնքի ամենաարագաշարժ աստղը Բարնարդի թռչող աստղն է (տարեկան տեղափոխությունը 10",27)։ Աստղերի սեփական շարժումները մեկ կամ երկու տարում նկատելն անհնար է. պետք է կատարել մեծ ընդհատումներով դիտումներ և համեմատել արդյունքները (բացարձակ տեղաշարժ)։ Հարաբերական տեղաշարժը ստանալու համար հետազոտվող տիրույթը նկարահանվում է երկու անգամ (մոտ 50 տարի ընդմիջումով) և արդյունքները համեմատվում բլինկ-կոմպարատոր գործիքի օգնությամբ։ Արդի չափողական ու դիտողական մեթոդները թույլ են տալիս աստղերի սեփական շարժումները չափել 0",001 ճշտությամբ։ Վիլյամ Հերշելն ապացուցեց (1783), որ Արեգակը շարժվում է տիեզերքում և, օգտվելով աստղերի սեփական շարժումներից, որոշեց նրա շարժման ուղղությունը։ Աստղերի սեփական շարժումների օգնությամբ ուսումնասիրվում է Գալակտիկայի կառուցվածքը և դինամիկան։ Այն հնարավորություն տվեց հայտնաբերել շարժվող աստղակույտեր՝ Մեծ Արջ, Ցուլ և այլ համաստեղություններում։ Հոլանդացի աստղագետ Ա. Բլաուն Պերսեոս II աստղասփյուռի աստղերի սեփական շարժումների ուսումնասիրությամբ հաստատեց (1952) Վիկտոր Համբարձումյանի այն վարկածը, ըստ որի, աստղասփյուռները երբեմն ընդարձակվում են 10 կմ/վրկ արագությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 588 CC-BY-SA-icon-80x15.png