Աֆրիկայի ներքին ջրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աֆրիկայում գետային ցանցը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ։ Դա բացատրվում է առաջին հերթին տեղումների անհավասարաչափ բաշխմամբ, ռելիեֆի առանձնահատկություններով ու գոլորշունակության տարբերություններով։ Գետային ցանցը խիտ է հասարակածային գոտում և բարձր լեռներում, ուր թափվում են ամենից շատ տեղումներ։ Նոսր է՝ անապատներում, որտեղ կամ տարանցիկ գետեր են (ինչպես Նեղոսը), կամ՝ չոր գետահուներ։ Վերջիններս կոչվում են վադիներ, որոնցով ջուրը հոսում է միայն անձրևների ժամանակ։

Աֆրիկայի գետերի մեծ մասը ունեն անձրևային սնում։ Հորդացումը նույնպես կապված է անձրևների հետ։

Միջերկրածովայան կլիմա ունեցող մարզերում գետերը հորդանում են ձմռանը, մերձհասարակածային գոտիներում՝ ամռանը։ Հասարակածային գոտում գետերը ջրառատ են ամբողջ տարվա ընթացքում, որոշ չափով նրանց մակարդակը բարձրանում է մարտ և սեպտեմբեր ամիսներին։

Խոշոր գետեր ու լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը պատկանում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ավազաններին, իսկ տարածքի 1/3-ը հոսք չունի դեպի օվկիանոս և պատկանում է ներքին հոսքի ավազաններին։

Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների միջև ջրբաժան են հանդիսանում Եթովպական և Արևելաաֆրիկյան բարձրավանդակները։

Ատլանտյան օվկիանոսին պատկանող գետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի ամենաերկար գետը Նեղոսն է (6 852 կմ.), որի տեղական՝ արաբական անվանումը Էլ-Բախր է։ Նեղոսի սկիզբը կոչվում է Կագերա, որը սկիզբ է առնում Արևելաաֆրիկյան բարձրավանդակից, թափվում Վիկտորիա լիճը, անցնում մի քանի լճերի միջով, ապա դառնում է դանդաղահոս և կոչվում՝ Սպիտակ Նեղոս։ Նրան Խարթում քաղաքի մոտ միանում է Կապույտ Նեղոսը, որը սկիզբ է առնում Եթովպական բարձրավանդակի Թանա լճից։ Սպիտակ և Կապույտ Նեղոսների միացումից էլ գետը ստանում է Նեղոս (Էլ-Բախր) անվանումը, որը Միջերկրական ծով թափվելիս առաջացնում է խոշոր դելտա։

Ատլանտյան օվկիանոսի ավազանին է պատկանում նաև Աֆրիկայի ամենաջրառատ և ամենախոշոր ավազան ունեցող Կոնգո (Զայիր) գետը (4320 կմ.)։ Ջրառատությամբ այն զիջում է միայն Ամազոնին։ Կոնգոն երկու անգամ հատում է հասարակածը և այդ պատճառով այն ջրառատ է ամբողջ տարին։ Նրա աջակողմյան վտակը՝ Ուբանգին սկկիզբ է առնում հյուսիսային մերձհասարակածային գոտուց և վարարում է ամռանը (մայիս-օգոստոս), իսկ ձախակողմյան վտակը՝ Կասաին սկիզբ է առնում հարավային մերձհասարակածային գոտուց և վարարում է իր ամռան (նոյեմբոր-փետրվար) ամիսներին։ Կոնգո գետը սղոցելով բյուրեղային ապարները ստեղծել է խոշոր ջրվեժներ ու սահանքներ, իսկ գետաբերան չհասած՝ Կինսաշասա քաղաքի մոտ առաջացնում է Լիվինգսթոնի 32 ջրվեժները, այդ պատճառով նավագնացությունը հնարավոր է միայն առանձին հատվածներում։ Գետը դելտա չի առաջացնում։

Աֆրիկայի ջրառատությամբ երկրորդ գետը Նիգերն է, որը թափվում է Գվինեական ծոց՝ առաջացնելով խոշոր դելտա։ Ատլանտյան օվկիանոս թափվող մյուս խոշոր գետը Օրանժն է։

Հնդկական օվկիանոսին պատկանող գետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական օվկիանոսին պատկանող գետերից նշանավորը Զամբեզին է (2660կմ.)։ Նա ջրառատությամբ երրորդն է Աֆրիկայում։ Միջին հոսանքում Զամբեզին հոսում է նեղ կիրճով և 120 մ. բարձրության ելուստից թափվելով առաջացնում է աշխարհի ամենախոշոր և գեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Վիկտորիան, որի լայնությունը 1800 մ. է։ Վերին և ստորին հոսանքներում Զամբեզին նավարկելի է։ Գետը հորդանում է ամռան ամիսներին (նոյեմբեր-փետրվար), քանի որ սկիզբ է առնում հարավային կիսագնդի մերձհասարակածային գոտուց։ Հնդկական օվկիանոսին պատկանող գետերից նշանավոր է նաև Լիմպոպոն։

Ներքին ավազանին պատկանող գետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ավազանին պատկանող գետերից նշանավոր են Շարի (թափվում է Չադ լիճը) և Օկավանգո գետերը։

Լճերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի լճերը գտնվում են հիմնականում արևելյան շրջաններում, դրանց մեծ մասը գրաբենային լճեր են և ձևավորվել են Արևելաաֆրիկյան «Մեծ բեկվածքում»։ Այդպիսի լճերից են Տանգանիկան և Նյասան։ Նրանց գոգավորությունները երկարաձիգ են, եզրավորված բարձր ու զառիկող լեռներով։

Տանգանիկան, որն ունի 50-80 կմ. լայնություն, ձգվում է 650 կմ. երկարությամբ։ Տանգանիկան աշխարհում քաղցրահամ լճերից ամենաերկարն է և խորությամ (1435 մ.) զիջում է միայն Բայկալին։

Աֆրիկայի ամենամեծ լիճը Վիկտորիան է, որը ձևավորվել է պլատֆորմի մեղմաթեք կտրվածքում, որի պատճառով շատ խորը չէ (միջին խորությունը 40 մ., առավելագույնը՝ 80)։

Սահարայից հարավ, մերձհասարակածային գոտում գտնվում է մնացորդային ծագման ծանծաղ (4-7 մ) Չադ լիճը։ Անձրևային շրջանում՝ ամռանը նրա մակերևույթը երկու անգամ մեծանում է։ Լիճը անհոսք է, ջուրը՝ թույլ աղի, ափերը՝ ճահճացած։

Մյուս լճերից հայտնի են Թանան (որից սկիզբ է առնում Կապույտ Նեղոսը), Ռուդոլֆը (աղի է)։

Տնտեսական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նողոս գետը վարարումների ժամանակ իր հետ բերում է մեծ քանակությամբ տիղմ, որը նստում է գետի հովտում, այդ պատճառով Նեղոսի հովիտը երկրագնդի ամենախոշոր և հնագույն հողագործական շրջաններից է։ Տիղմային բերրի հողերից մարդիկ տարեկան 2-3 անգամ բերք են ստանում, մշակում են բամբակենի, բրինձ, եգիպտացորեն, ցորեն, ցիտրուսներ և այլ մրգեր։ Նրա հոսքը կանոնավորելու և դաշտերը ոռոգելու նպատակով կառուցված են ամբարտակներ ու փորված են բազմաթիվ ջրանցքներ։ Նշանավոր է Ասուանի խոշոր ջրամբարը՝ խոշոր հիդրոէլեկտրոկայանով։

Վիկտորիա ջրվեժից ներքև կառուցված է խոշոր ջրամբար և հիդրոէլեկտրոկայան։

Աֆրիկայում, հատկապես Սահարայում, կան ստորերկրյա ջրերի ահռելի պաշարներ։ Պաշարները օգտագործելու համար կատարվում են լուրջ աշխատանքներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Worthington, Stella (1933). «Inland Waters of Africa: The Result of Two Expeditions to the Great Lakes of Kenya and Uganda, with Accounts of Their Biology, Native Tribes and Development» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  • Socio-economic Characteristics of the Lake Victoria Fisheries․ Lake Victoria Fisheries Resources pp 161–184
  • «Inland Waters Of Africa, The Result Of Two Expeditions To Th». www.herewardbooks.co.uk. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  • «The rise of potentially toxin producing cyanobacteria in Lake Naivasha, Great African Rift Valley, Kenya» (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 1. էջեր 42–51. doi:10.1016/j.hal.2013.04.005. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.