Արմեն Անասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Անասյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1963 (61 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Արմեն Անասյան (անգլ.՝ Armen Anassian, հունիսի 30, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ երաժիշտ։ Ունի գործիքային անսամբլների դիրիժորության և ջութակահարության մագիստրոսի աստիճան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենը դիրիժոր, կոմպոզիտոր, մշակութային և հասարակական գործիչ Հենրիկ Անասյանի որդին է։
Ծնվել և մեծացել է Հայաստանում, որտեղ էլ սկսել է երաժշտական ուսումը։ 15 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ։ 1981 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Պիկո Ռիվերա քաղաքի հայկական Մեսրոպյան միջնակարգ դպրոցը[1]։ Երաժշտության ուսումնասիրման մեջ խորացել է՝ սովորելով ԱՄՆ-ում և Գերմանիայում[2]։ Նրա ուսուցիչներն են Ռայներ Կուսմաուլը, Սիդնի Ուայսը, Դորոթի ԴեԼեյը և դիրիժոր Մայքլ Զիրոթը։
Անասյանը դիրիժորի և/կամ կոնցերտմայստերի պաշտոններ է զբաղեցրել այնպիսի հայտնի երաժշտախմբերում, ինչպիսիք են Հոբոկեն կամերային նվագախումբը, Ֆրայբուրգի կամերային նվագախումբը, Հայդելբերգի կամերային նվագախումբը և Zelt Musik փառատոնի նվագախումբը։ Լոս Անջելեսում եղել է կոնցերտմայստեր կամ հյուր կոնցերտմայստեր Pacific Symphony, Santa Barbara Symphony, California Philharmonic, Pasadena Pops, Burbank Symphony, Riverside Philharmonic, Inland Empire Symphony, Long Beach Symphony, Glendale Symphony, Symphony in the Glen կոլեկտիվներում, Լոս Անջելեսի օպերայում[3]։
Նա հարյուրավոր համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Մալայզիայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Կանադայում, Մեքսիկայում և ամբողջ Միացյալ Նահանգներում։ Հրավիրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը Հայաստանում կատարելու։ Հանդես է եկել նաև որպես մենակատար Կալիֆոռնիայի ֆիլհարմոնիկի, Գլենդելի սիմֆոնիկի, Փասադենա Փոփսի, Ռիվերսայդի ֆիլհարմոնիկի, Բըրբենքի սիմֆոնիկի, Մյունխենի Անդեխս ֆիլհարմոնիկի, Ռումինիայի Տիմիշոարա քաղաքի ֆիլհարմոնիկի, Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ՝ կատարելով Բրամսի, Չայկովսկու, Խաչատրյանի, Պրոկոֆևի, Շոստակովիչի, Բարտոկի, Ստրավինսկու և նշանավոր այլ կոմպոզիտորների գործերից։ 2009 թվականի ամռանը, ինչպես նաև 2015 թվականին Անասյանը եղել է Disney Hall-ի աչքի ընկնող մենակատարը՝ հանդես գալով «Korngold» կոնցերտի կատարմամբ։
Նա 20-րդ դարի կոնցերտների մոլի ուսումնասիրող ու կատարող է։ Համագործակցել է Պլասիդո Դոմինգոյի, Էսա Պեկկա Սալոնենի, Լուչանո Պավարոտիի, Վալերի Գերգիևի, Գուստավո Դուդամելի և այլ ականավոր երաժիշտների հետ։ Նրա ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ է գրավում հույն կիթառահար, ստեղնաշարահար և երգահան Յաննիի հետ համագործակցությունը։ Անասյանը նաև ձայնագրվում է ձայնագրման ստուդիաներում և կինոարդյունաբերության մեջ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ջոն Ուիլյամսը, Ջեյմս Հորները, Հանս Զիմմերը, Ջեյմս Նյուտոն Հովարդը, Ալան Սիլվեստրին, Ռենդի Նյումանը, Դենի Էլֆմանը, Ջոն Դեբնին, Լալո Շիֆրինը, Հովարդ Շորը, Ալեքսանդր Դեսպլատը, Մայքլ Ջակինոն և շատ ուրիշներ։
Յաննիի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անասյանը Յաննիի կողմից աշխատանքի է ընդունվել որպես կոնցերտմայստեր 1994 թվականի համերգային շրջագայությունների համար, միաժամանակ գործել է որպես մենակատար ջութակահար։ Նա հանդես է եկել կենդանի համերգային կատարումների տեսաձայնագրություններում, որոնք թողարկվել են Yanni Live at Royal Albert Hall և Tribute խորագրերով։ Արմենի խոսքով՝ Յաննին իրեն որպես դիրիժորի աշխատանքի է ընդունել պարզապես «հավատալով», քանի որ մինչ այդ երբեք չի հետևել, թե ինչպես է ինքը նվագախումբ ղեկավարում[4]։ «Յաննին շատ բաներ այդպես է անում», - ասել է Անասյանը 1998 թվականին Toledo Blade- ին տված հարցազրույցում[1]։ Անասյանը խոստովանում է, որ որոշ կասկածներ է ունեցել Հնդկաստանի Թաջ Մահալում և Չինաստանի Արգելված քաղաքում կատարումներով հանդես գալու առնչությամբ, սակայն արդյունքը եղել է պարզապես գերազանց։ Միաժամանակ ընդգծում է, որ թեև այդ կատարումների ձայնագրությունները պարունակող «Հարգանքի տուրք» տեսահոլովակը հիանալի է, բայց չի կարող համեմատվել Թաջ Մահալում և Արգելված քաղաքում իրականացված համերգային կենդանի կատարումների հետ։ Հակադրությունը, որի ականատեսն է եղել նա Հնդկաստանում, խորն էր։ «Քանի դեռ չեք եղել Հնդկաստանում, դուք չեք կարող ըմբռնել մի կողմից այդ աղքատությունն ու զրկանքները, մյուս կողմից՝ այնպիսի ճնշող գեղեցկությունը, ինչպիսին Թաջ Մահալինն է»։ Անվանի երաժիշտը հպարտությամբ է նշում, որ շատ երկրպագուներից է լսել, թե ինչպես է Յաննիի երաժշտությունը դրական ազդեցություն ունեցել իրենց կյանքի վրա։
Ձայնագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անասյանը ձայնագրվել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ֆերգին, Ռիկարդո Արխոնան, Դեյվ Հոլիսթերը, Հանս Զիմմերը, Ջեյմս Հորները և Ուիլ Դաունինգը։ Անասյանը հաճախ է աշխատում ձայնագրման և կինոարդյունաբերությունում՝ պարբերաբար նվագելով այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ջոն Ուիլյամսը, Ջեյմս Հորները, Հանս Զիմմերը, Ջեյմս Նյուտոն Հովարդը, Ալան Սիլվեստրին և Դենի Էլֆմանը։ Իսկ նրա մասնակցությամբ ձայնագրված սաունդթրեքներից են Rush Hour 2, Matchstick Men, Twisted, King Kong, The Legend of Zorro, The Nativity Story, Robots, The Skeleton Key, Spanglish, Steamboy, The Lost City, Blades of Glory, Teenage Mutant, Ninja Turtles, Transformers, Gracie ֆիլմերի սաունդթրեքները[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Interview from the Toledo Blade». serve.com. 1998 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Profile at Dilijan Chamber Music Series». larkmusicalsociety.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Profile at the Santa Clarita Symphony». scsymphony.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Profile at Reflections». an unofficial Yanni fan site. 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «AMG credits». Allmusic. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armen Anassian AllMusic կայքում