Արբունք (նկար, Մունկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արբունք
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1895
բարձրություն151,5 սանտիմետր[1]
լայնություն110 սանտիմետր և 110 սանտիմետր[1]
ժանրնյու և դիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՆորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
հավաքածուՆորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
կայք
Ծանոթագրություններ
 Puberty by Edvard Munch Վիքիպահեստում

«Արբունք » (նորվ.՝ Pubertet, անգլ.՝ Puberty, ռուսախոս հասարակությանը հայտնի է նաև հետևյալ անվանումներով՝ «Սեռական հասունացում», «Հասունություն », «Անցողական տարիք» և «Պատանյակը»), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարը։ Այն նկարվել է հընթացս 1894-1895 թվականներին։ Առավել վաղ՝ 1886 թվականին ստեղծած նկարի տարբերակը հրդեհի ժամանակ այրվել ու ոչնչացվել է[2]։ Նկարն այժմ պահպանվում և ցուցադրվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արբունք» ստեղծագործությունը Էդվարդ Մունկը վրձնել է 1895 թվականին։ Ուլրիխ Բիշոֆն արտահայտվել է նկարի մասին և փաստել, որ այն պատկանում է Մունկի «Կյանքի ֆրիզ» շրջանի ստեղծագործությունների թվին։ Այստեղ սեքսուալության և վախի թեմաները առաջնային պլանի վրա է դրել Մունկը։ Էդվարդ Մունկը «Կյանքի ֆրիզ» նկարաշարը սկսել է ստեղծել դեռևս 1890-ական թվականներին։ Սակայն «Արբունք» ստեղծագործությունը այդ ցուցակի մեջ տեղ չի գտել։ Առաջին անգամ «Արբունք»-ը ցուցադրվել է հասարակության համար անհատական ցուցահանդեսի ժամանակ 1895 թվականին։ Մունկի կենսագիր Ատլե Նեսին հաղորդում է, որ այդ անհատական ցուցահանդեսի ժամանակ նկարի շուրջ մեծ սկանդալ է հասունացել։ Հասարակությունը հատկապես նշավակել է Մունկին նրա համար, որ աղջնակի ոտքերին կարմիր ստվերներ են երևացել, որոնք ընդունվել են որպես դաշտանի արյուն։ Այլայլված Մունկը, չսպասելով այդպիսի վատ ընդունելության, խուսափելու համար շարունակական դատափետումներից, ի վերջո վերամշակում է «Արբունք» ստեղծագործությունը[3]։

Ինչպես Մունկի շատ նկարներ, «Արբունք»-ը նույնպես մի քանի օրինակներից է նկարված, որոնք և՛ յուղաներկով են արված, և՛ փորագրություն, և՛ վիմագրություն։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արբունք» ստեղծագործության մեջ նկարված է նիհարավուն, ամբողջովին հոլանի տասնչորսամյա մի աղջիկ։ Աղջիկը նստած է թափթփված մահճակալին՝ ձեռքերը խաչաձև դրված ծնկներին։ Սենյակը ողողված է լույսով և դրա հետևանքով աղջկա կողքին պատկերված է անհամաչափ մեծ ու մուգ գույնի ստվեր։ Արվեստի քննադատները այդ ստվերը մեկնել են որպես վտանգի զգացողություն, ինչպես նաև այն նմանեցրել են տղամարդու սեռական օրգանի՝ առնանդամի։ Այդ ներքին լարվածությունը մեծացնում է աղջկա նստած դիրքը, որը ձեռքերով փակել է որովայնի ներքևի հատվածը, ասես ուզում է պաշտպանվել սեփական սեքսուալ գրգռվածությունից։ Բացի այդ նաև կարևոր տեղ են զբաղեցնում աղջկա լայն բացված տագնապալից աչքերը, որոնք ակնապիշ ու զգուշորեն հետևում են նկարը դիտողին[2][3]։ Ուլրիխ Բիշոֆը նշում է. «Երբ Մունկը սկսեց աշխատել այս կտավի վրա, այդ ժամանակ գեղարվեստի աշխարհում նոր տենդենց էր նկատվում ու բոլոր նկարիչները որպես բնորդներ վերցնում էին պատանիների»[2]։ Առնե Էգգումը նմանություն է գտել Մունկի «Արբունք» ստեղծագործության և Ֆելիսեն Ռոպսի «Դոն Ժուանի ամենահիանալի սերը» (ֆր.՝ La plus belle amour de Don Juan) կտավների միջև[4]։

Նկարների արտացոլումը համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արբունք» կտավը, Մունկի «Ճիչ» կտավի հետ միասին հիշատակվում է Դիք Քինդրեդ Ֆիլիպի «Արդյո՞ք անդրոիդները էլեկտրական ոչխարների մասին են երազում» վեպում։ Այստեղ կա կին-անդրոիդ, որը կանգնած է «մերկ աղջկա կտավի մոտ, որը նստած է մահճակալին ու վախի զգացում կա նրա աչքերում»։ Վեպի գլխավոր հերոսը, ով անդրոիդի որսի էր դուրս եկել, գնում է նրա համար այս նկարներով ալբոմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.00807
  2. 2,0 2,1 2,2 Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008
  3. 3,0 3,1 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007
  4. Eggum, A., & Munch, E. (1979). Edvard Munch: paintings, sketches, and studies. New York: C.N. Potter.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Deknatel, B. Frederick. (1950). Edvard Munch. Chanticleer Press ASIN: B0007DVV12. 171
  • Shelley Wood Cordulack, Edvard Munch (2002) "Edvard Munch and the physiology of symbolism". Fairleigh Dickinson Univ Press. ISBN 0-8386-3891-0, ISBN 978-0-8386-3891-0
  • Eggum, A., & Munch, E. (1979). Edvard Munch: paintings, sketches, and studies. New York: C.N. Potter. ISBN 0-517-55617-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]