Արայիկ Խանդոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արայիկ Խանդոյան
(Միայնակ Գայլ)
Արայիկ Խանդոյան.png
19 ապրիլի, 1971 թ. - 9 հոկտեմբերի, 2018 թ․ (47 տարեկանում)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Վերին Սասունիկ, ՀԽՍՀ
Մահվան վայր Գյումրի, Հայաստան
Գերեզման Եռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ծառայության տարիներ 1989-1990
ԽՍՀՄ ԶՈՒ
1990-1994 Արցախյան պատերազմ
1994 - ՀՀ ԶՈՒ
Կոչում ՀՀ ԶՈՒ մայոր ՀՀ ԶՈՒ մայոր
Մարտեր/պատերազմներ Արցախյան ազատամարտ և Զինված ապստամբություն Երևանում (2016)
Պարգևներ Հրաժարվել է մարտական մեդալներից ի նշան բողոքի

Արայիկ Եզնիկի (Հենդոյի) Խանդոյան (մականունը՝ Միայնակ գայլ) (ապրիլի 19, 1971(1971-04-19), Վերին Սասունիկ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 2018(2018-10-09), Գյումրի, Հայաստան), Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկ էր, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և Սասնա Ծռեր խմբավորման անդամ[1]:

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թ. ապրիլի 19-ին Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում՝ Հենդո (անձնագրի անունը՝ Եզնիկ) և Ռիմա Խանդոյաների ընտանիքում:

Ռազմական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Խանդոյանի ռազմական կարիերան սկսել է 1988 թվականին, երբ նա, լինելով դեռ 17 տարեկան, Ծաղկահովիտ գյուղի մոտակա խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով:

1989 թ. զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր, սակայն 1990 թ. արձակուրդից չի վերադարձել ծառայության վայր:

Խորհրդային բանակից դասալքության պատճառը Արցախյան պատերազմի սրացումն էր: Նույն թվականին Արայիկ Խանդոյանը մեկնել է Արցախ ու միացել կամավորական-ինքնապաշտպանական շարժմանը, որտեղ էլ ձեռք է բերել «Միայնակ գայլ» մականունը: Արցախյան պատերազմին մասնակցել են նաև նրա եղբայրներից երեքը՝ Արարատն, Արթուրն ու Հունանը: Արմեն Խանդոյանը չի կարողացել մասնակցել պատերազմին՝ առողջական խնդիրների պատճառով:

Հունան Խանդոյանը զոհվել է պատերազմի ժամանակ:

1994 թ. հրադադարից հետո Արայիկ Խանդոյանն ու իր եղբայրներ Արարատն ու Արթուրը շարունակել են ծառայությունը ՀՀ զինված ուժերում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է։ Ծնողներն են Հենդո և Ռիմա Խանդոյաները։ Ունեցել է 4 եղբայր (Արմեն, Արարատ, Արթուր, Հունան), որոնցից երեքը իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանը և Արցախյան պատերազմին։ Հիվանդության պատճառով պատերազմին չի կարողացել մասնակցել միջնեկ եղբայրը՝ Արմենը։ Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Խանդոյանի լուսանկարը Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ (2014)

Հայաստանում և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական լուրջ խնդիրները հաղթահարելու և Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանման նպատակով հանդես է եկել բազմաթիվ քաղաքական կոչերով, այնուհետև անդամագրվել է Արցախյան պատերազմին մասնակցած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժումներին։ Հանդիսանում է Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ։ Ելույթներ է ունեցել հանրահավաքներին, մասնակցել քաղաքական բնույթի երթերի, մամլո ասուլիսների միջոցով հանդես եկել կոչերով։

Արայիկ Խանդոյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

100-ամյակն առանց ռեժիմի[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ 100-ամյակն առանց ռեժիմի
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բերձորյան միջադեպ (2015)

Արայիկ Խանդոյանը 2015 թ.-ի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց։[2][3][4] Սույն հանցագործությունը կատարած իշխանության ներկայացուցիչները մինչ օրս մնացին անպատիժ։

ՊՊԾ գնդի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Խանդոյանը «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում մասնակցել է 2016 թ. հուլիսի 17-ի զինված հարձակմանը ոստիկանության Էրեբունի վարչական շրջանի ՊՊԾ գնդի վրա:[1]

2016 թ. հուլիսի 31-ին, երբ ՊՊԾ գնդում գտնվող խումբը հանձնվել է իրավապահներին, Արայիկ Խանդոյանը կալանավորվել է խմբի մյուս անդամների հետ միասին: Նրան, ինչպես խմբի մնացած անդամներին, առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):[5]

Կալանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Խանդոյանը կալանավորվեց 2016թ․ հուլիսի 31ին՝ Սասնա Ծռեր խմբավորման՝ իշխանություններին հանձնվելուց հետո։[6] Բանտում անցկացնելով մոտ երկու տարի՝ պարբերաբար ենթարկվել է խոշտանգումների․ լրատվամիջոցների կողմից առավել լուսաբանվել է 2017թ․ հունիսի 28ի դեպքը, երբ 10-15 ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին նրան Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղում[7][8][9]։ Խանդոյանի պաշտպանները դա մեկնաբանեցին որպես նրա հանդեպ իշխանությունների հրամանով իրականացրած հաշվեհարդար։

Արայիկ Խանդոյանը խափանման միջոցը փոխվեց 2018թ․ օգոստոսի 17-ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց։[10]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է իր մարտական մեդալներից՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներ, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլն։[11][12]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը

Արայիկ Խանդոյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից[13]։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին, Եռաբլուր պանթեոնում[14]։ Հուղարկավորությանը ներկա էին Արայիկ Խանդոյանի մարտական ընկերները, կուսակցական առաջնորդներ, մշակութային և քաղաքական բազմաթիվ գործիչներ։ Ցավակցական խոսք ուղղեց Արայիկ Խանդոյանի հարազատներին իր ֆեյսբուքյան էջի միջոցով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սակայն ներկա չգտնվեց հուղարկավորությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները հայտնի են (լուսանկարներ)»։ Armtimes.com։ Վերցված է 2018-10-12 
  2. Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես
  3. Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»:
  4. Բերձորի ծեծը հակառակորդի վերջի սկիզբն է:
  5. ««Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են»։ newsarmenia.am։ Վերցված է 2018-10-12 
  6. ««Սասնա ծռերը» վայր են դնում զենքը և հանձնվում իշխանություններին (Տեսանյութ)»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-10-10 
  7. «Պաշտպան. Դատարանի նկուղում ծեծել են Արայիկ Խանդոյանին»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2018-10-10 
  8. «Արայիկ Խանդոյանին ծեծել են 10-15 հոգով և հերթով. պաշտպան (տեսանյութ)»։ zham.am։ Վերցված է 2018-10-10 
  9. «15 հոգով հերթ կանգնելով ծեծել են Արայիկ Խանդոյանին. փաստաբան»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2018-10-10 
  10. «Արայիկ Խանդոյան ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)։ Վերցված է 2018-10-10 
  11. «Ես հրաժարվում եմ իմ պարգևներից և երբեք չեմ կրի». ազատամարտիկ
  12. Ազատամարտիկները հետ են հանձնում իրենց մեդալները. «Ժողովրդական հերոս լինելու համար մետաղ պետք չէ»:
  13. «Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»։ 01:46, 10.10.2018 
  14. «Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2018-10-14