Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում
Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում | |
---|---|
Փոքրիկ Սերյոժայի հիշատակին մոմավառություն Երևանի Ազատության հրապարակում, 20.01.2015 թ. | |
Տեսակ | զանգվածային սպանություն և իրադարձություն |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Քաղաք Գյումրի, Մյասնիկյան 188 հասցե, Ավետիսյանների բնակարան |
Տեղադրանք | Գյումրի |
Գրոհի նպատակ | պարզված չէ |
Տարեթիվ | հունվարի 12, 2015 |
Գրոհի միջոց | Զանգվածային սպանդ, կրակահերթ |
Զենք | ԱԿ-74 ինքնաձիգ, սվին դանակ |
Զոհվածներ | 7 (6 հոգի տեղում, 1 մահացել է մեկ շաբաթ անց) |
Ահաբեկիչների քանակ | 1 (ըստ նախնական տվյալների) |
Կասկածյալ | Վալերի Պերմյակով |
2015 Gyumri massacre Վիքիպահեստում |
Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում, տեղի է ունեցել 2015 թ. հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում[1][2][3], սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։ Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը[4]։
Դեպքերի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունվարի 12-ին՝ ժամը 10-ի կողմերը, հարևանուհու դուստրը Ավետիսյանների դուռը բաց է գտել, պատուհանները՝ ջարդված։ Մտել, տեսել է, որ գնդակահարված են ընտանիքի 6 անդամները, իսկ վեց ամսական երեխան՝ վիրավորված, որին տարել են հիվանդանոց[5][6]։ Հարևանուհին 6։20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է, երեխայի լաց է լսել[7]։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը[8]։ Հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան, երբ բոլորը անկողնում են եղել։ Շարժառիթները պարզ չեն, տեսանելի վայրում դրված ոսկեղենը մնացել է[9]։ Պարզվել է ենթադրյալ հանցագործի ինքնությունը. նա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։ Նա, վերցնելով իրեն ամրագրված զենքը՝ ԱԿ-74 ինքնաձիգը[9], փախել է պահակակետից։ Ռուսական կողմի որոնումները արդյունք չեն տվել[10]։ Հանցագործությունից հետո դեպքի վայրում նա թողել է զենքը և մեկ պահունակ։ Պերմյակովը հանցանքի վայրում զգեստափոխվել է, հանել զինվորական համազգեստը, հագել քաղաքացիական հագուստ և հեռացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, 1 ինքնաձիգ ԱԿ-74 մակնիշի, սվին-դանակ և 1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ[11]։
Ավելի ուշ քաղաքացիները հայտնել են, որ Պերմյակովին տեսել են Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին[12]։
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է Վալերի Պավելի Պերմյակովը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը[13][14]։
Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը հունվարի 13-ին հայտնել է, որ Պերմյակովն ընդունել է մեղքը, հայտնել, որ Գյումրիում տեղի ունեցած արարքն ինքն է կատարել։ Տռուզյանը հայտնել է, որ Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները թուրքական սահման անցնելու փորձ կատարելիս, որից հետո տեղափոխվել է ռուսական զորամաս, որտեղ նրան հարցաքննել են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, ում մասնակցությամբ է տեղի ունեցել Պեմյակովի հարցաքննությունը[15]։
Հունվարի 14-ին Գյումրիում[16][17] և Երևանում[18] տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն է եղել սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը։
Նույնը օրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում[19]։
Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղում սպանվել էին[20]՝
- Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
- Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
- Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
- Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
- Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
- Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։
Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում[21], ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)[22][23]։
Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպանության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը[24]։
Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք։ Դեպքը քննվում է ՀՀ քննչական վարույթում, քանի որ դեպքը կատարվել է ՀՀ տարածքում՝ Գյումրի քաղաքում[21]։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով[25]։
Քանի որ հանցագործության մեջ կասկածվում է ռուսական զինծառայող, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը զանգվածային սպանության հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ուղարկել Գյումրի։ Հանձնաժողովը ղեկավարում է Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Արկադի Բախինը[10][26] Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Գյումրի՝ Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ սպանության հանգամանքները քննելու համար[27]։
Գյումրիում հետաքննությունը իրականացնում են հայ ոստիկանները՝ ռուս զինվորականների հետ համատեղ[28]։
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի հունվարի 20-ին ստորագրած համաձայնագրով ստեղծված համակարգող շտաբի կազմում ընդգրկվել են 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ[29]։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար։ Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը[30]։
Կասկածյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը[21]։ Պերմյակովը ծնունդով Չիտայից է, որտեղ ավարտել է երեկոյան դպրոց։ Պավել Պերմյակովը ՌԴ Չիտայի մարզում գտնվող հայրենի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվն է[31][32]։ Բանակում ժամկետային ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է, քանի որ չի ուզել ծառայել։ Դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան։ Նախքան ծառայությունը Պերմյակովը եղել է ոստիկանության ուշադրության տակ, քանի որ եղբայրը սպանության համար դատապարտված է[9]։ Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միսայլովան, վստահ է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել։ Նա ասել է, որ իրենք շատ մեծ և ամուր ընտանիք ունեն։ Եկատերինան նշել է, որ նա եղբոր ծառայության և այդ ընտանիքի հետ հնարավոր կապի մասին ոչինչ տեղյակ չէ[33]։
Դատ և դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 12-ին Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում լսվել է Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, և ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը[34]։ Հրապարակվել են Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, նա ընդունել է մեղքը։ Նույն օրը հրապարակվել է դատավճիռը՝ 10 տարվա ազատազրկում[35]։
Պաշտոնական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը[24]։
- Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական ուղերձ է հղել, որտեղ ասված է.
![]() |
Այսօր` հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը։ Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է։ Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում։
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում և կոչ եմ անում զինվել համբերությամբ, քանզի մեղավորները, անշուշտ, ստանալու են արժանի պատիժ[36]։ |
![]() |
- Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։ Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Նա ընդգծեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը[37]։
Вместе с армянским народом потрясены ужасным преступлением против мирной семьи жителей города Гюмри. Приносим наши искренние соболезнования родным и близким погибших. Желаем скорейшего выздоровления тяжелораненому ребенку. Компетентные органы Российской Федерации оказывают властям Армении все необходимое содействие с тем, чтобы виновные в этой трагедии были привлечены к самой суровой ответственности.[38]
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և աջակցություն խոստացել իր հայ պաշտոնակցին հետաքննության և հանցագործության բացահայտման գործում[10]։
Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց կազմակերպվել է մոմավառություն։ Տասնյակ մարդիկ ծաղիկներ են բերել դեսպանատան դիմաց՝ ի հիշատակ Հայաստանում զոհված ընտանիքի[39]։
Հունվարի 19-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մամլո ասուլիսը ընդհատվել է 102-րդ ռուսական ռազմաբազայի գլխավոր հրամանատարի զանգով, որը հայտնել է, թե գումար են հավաքել և իրենց ֆինանսական աջակցություն են առաջարկում Ավետիսյանների հարազատներին։ Սակայն Ֆելիքս Ցոլակյանը մերժել է առաջարկը՝ նշելով, որ հարմար չի գտնում այս պահին որևէ ֆինանսական աջակցություն ռազմաբազայի կողմից[40]։
Հասարակական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունվարի 15-ին հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց, և պահանջում էին հանդիպում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որին հաջորդեցին բանակցությունները։ Կոստանյանի և ցուցարարների բանակցություններին մասնակցում էին նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ Միքայել Աջապահյանը, և մարզային դատախազ՝ Րաֆֆի Ասլանյանը (ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը)։ Դատախազ Կոստանյանը պարտավորվեց նամակով դիմել Ռուսաստանի Գլխավոր դատախազին, որպեսզի հանցագործին հանձնեն հայ իրավապահներին[41]։ Սակայն ցուցարարներին բանակցությունների արդյունքները չբավարարեցին, որի արդյունքում ցուցարարների մի զգալի մասը շարժվեց դեպի Ռուսաստանի հյուպատոսարան։ Նրանց ճանապարհը փակեցին իրավապահ ստորաբաժանումները, որը հանգեցրեց ցուցարարների և իրավապահների միջև բախումների[42][43]։ Ցուցարարներին հանդարտվելու և ցույցը խաղաղ շարունակելու համար խնդրանքով համոզեցին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը և Զարուհի Փոստանջյանը։
Նախնական տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել է 9 քաղաքացիական անձ և 5 (6) ոստիկան[44] (քաղաքացիական անձինք, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել բուժհաստատություններից[45]) և բերման էին ենթարկվել 21 հոգի[46]։ Հետագա տեղեկատվության համաձայն, որը հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը, հիվանդանոց էին դիմել 24 հոգի (14-ը՝ ոստիկան), որոնցից հիվանդանոցում մնացել էին (են) ընդամենը 2 ոստիկան (երկուսի վիճակն էլ բավարար էր գնահատվել)[47][48]։ Լրատվական կայքերի վերջին հրապարակումների համաձայն բուժհաստատություններ դիմողների թիվը եղել է 28 (18-ը ոստիկան)[49]։
Բողոքի զանգվածային միջոցառումներ տեղի ունեցան նաև Երևանում, որոնք նույնպես ավարտվեցին քաղաքացիական անձանց բերման ենթարկումով[50][51]։ Երեկոյան և գիշերային ժամերին Ազատության հրապարակից և հարակից տարածքներից ոստիկանական բաժիններ բերման ենթարկեցին 38 հոգի[52]։ Բոլոր բերման ենթարկվածները (այդ թվում՝ Գյումրիում) բաց թողնվեցին, նրանց մի մասի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել։
ԶԼՄ-ների անդրադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած հայկական լրատվամիջոցների կողմից լայնորեն լուսաբանվելուն՝ Հանրային հեռուստաընկերությունը սկզբնապես խուսափում է անդրադառնալ դեպքի հետաքննությանը և զանգվածային ցույցերին[53]։
Սկզբնապես լուռ էին նաև ռուսաստանյան լրատվամիջոցները։ Սպանությանն հաջորդած օրվա ընթացքում ռուսական երեք խոշորագույն հեռուստաալիքները («Ռոսիա 1», «Առաջին ալիք» և «ՆՏՎ») ընդհանրապես չհաղորդեցին կատարվածի մասին։ Երկրորդ օրվա ընթացքում «ՆՏՎ» հեռուստաալիքը հաղորդեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից փախուստի է դիմել զինվոր, ով ավելի ուշ գտնվել է՝ ընդհանրապես չանդրադառնալով կատարված սպանություններին[54]։ Սպանության մասին ևս մեկ օր անց խոսում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ շեշտելով, որ զինվորական ծառայության ընթացքում Պերմյակովն աչքի է ընկել «բարձր առաջադիմությամբ»[54]։
Վեց ամսական Սերյոժայի մահվանից հետո ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը պահանջում է հրապարակայնորեն մահապատժի ենթարկել Պերմյակովին[55]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դաժան սպանություն Գյումրիում. Հայկական վարկած
- ↑ Սպանության մասին Առավոտի կայքում
- ↑ Գյումրիում սպանել են ընտանիքի 6 անդամներին
- ↑ Արմենպրեսի արձագանքը իրադարձությանը
- ↑ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից
- ↑ Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից
- ↑ Գյումրիի դաժան սպանությունից
- ↑ Լուսանկարներ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից
- ↑ 9,0 9,1 9,2 Сослуживцы о подозреваемом в убийстве шести человек в Гюмри
- ↑ 10,0 10,1 10,2 На место массового убийства в Армении направлена комиссия российского Минобороны (ռուս.)
- ↑ Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել
- ↑ Գյումրիի սպանությունների մեջ կասկածվողին տեսել են տներից մեկի տանիքին. տարածքը խուզարկվում է
- ↑ Սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է. ՇՄ դատախազ
- ↑ «Մանրամասներ ձերբակալությունից. Ռուս զինվորը կտրել է սահմանի փշալարերը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-13-ին։ Վերցված է 2015-01-12
- ↑ Վալերի Պերմյակովն ընդունել է, որ ինքն է կատարել Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանությունը(չաշխատող հղում)
- ↑ Բողոքի ցույց Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց
- ↑ Հազարավոր քաղաքացիներ Գյումրիում երթով շարժվել են դեպի ռուսական բազա (ֆոտո)
- ↑ «Ամոթ», «պուտինկաներ». բողոքի ցույց նախագահական նստավայրի դիմաց
- ↑ Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում. Գլխավոր դատախազ
- ↑ «Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»։ ՀՀ Ոստիկանության կայք
- ↑ 21,0 21,1 21,2 Հայտնի են Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի անունները
- ↑ Մահացել է 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը
- ↑ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ
- ↑ 24,0 24,1 Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
- ↑ Սպանություն Գյումրիում. սպանվել է ընտանիքի վեց անդամ
- ↑ Минобороны РФ расследует трагедию в Армении, где российский военный подозревается в убийстве семьи (ռուս.)
- ↑ Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի
- ↑ Լարված իրավիճակ Գյումրիում. նոր տեսանյութ Ալեք Մանուկյան փողոցի կամրջի մոտից
- ↑ Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք առաջադրեց
- ↑ Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը
- ↑ Վալերի Պերմյակովի հայրը Ավետարանական եկեղեցու հովիվ է
- ↑ «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության կայքը (ռուս.)
- ↑ Ինչ է պատմում սպանության մեջ կասկածվողի քույրը եղբոր մասին
- ↑ «Հրապարակվեցին Պերմյակովի նախաքննական ցուցմունքները»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-25-ին։ Վերցված է 2020-10-29
- ↑ Պերմյակովը դասալքության և ապօրինի զենք կրելու փաստով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման
- ↑ «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-14-ին։ Վերցված է 2015-01-12
- ↑ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը սգում է հայ ժողովրդի հետ
- ↑ Комментарий Министерства иностранных дел России в связи с трагедией в Гюмри (ռուս.)
- ↑ Москвичи несут цветы к армянскому посольству Archived 2016-03-05 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Շիրակի մարզպետը մերժեց ռազմաբազայի հրամանատարի առաջարկած դրամական օգնությունը Ավետիսյանների մերձավորներին
- ↑ Գևորգ Կոստանյանը կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի Գյումրու սպանության գործը հանձնվի ՀՀ իրավապահներին
- ↑ Ցուցարարներ ՌԴ հյուպատոսարանից գնում են Շիրակի դատախազություն (ուղիղ)
- ↑ Գյումրեցի ցուցարարների և ոստիկանների միջև բախում է սկսվել. կան վիրավորներ (լրացվող)
- ↑ Գյումրիում վիրավորների թիվը հասավ 14-ի, որից 5-ը՝ ոստիկաններ. կա ծանր վիրավոր
- ↑ Բախումների հետևանքով Գյումրի ԲԿ է տեղափոխվել 14 մարդ, 9 քաղաքացիական անձ և 5 ոստիկան
- ↑ Սա՞ էր մեր պահանջը. Շիրակի թեմի առաջնորդը ցուցարարներին ցրվելու կոչ արեց
- ↑ Գյումրու բժշկական կենտրոնում մնացին երկու վիրավոր ոստիկան, բերման ենթարկվածներն էլ ազատ արձակվեցին
- ↑ 24 վիրավոր Գյումրիի բախումների արդյունքում. քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենը՝ վիրավորների վիճակի մասին (տեսաձայնագրություն)
- ↑ Երեկ Գյումրիում բուժօգնության է ստացել 28 մարդ
- ↑ Ազատության հրապարակից քաղաքացիների բերման ենթարկեցին (տեսանյութ)
- ↑ Պատիժը Հայաստանում. բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ (ֆոտո)
- ↑ Գյումրիում երեկ բերման է ենթարկվել 21 անձ
- ↑ Գրիգորյան Արմեն (հունվարի 16, 2015)։ «Ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի սպանությունը խստորեն լարում է Երևան-Մոսկվա հարաբերությունները»
- ↑ 54,0 54,1 «Ինչպես ռուսական ալիքները կոծկեցին Գյումրիի սպանդը»։ Media.am։ հունվարի 14, 2015։ Վերցված է հունվարի 16, 2015
- ↑ Վլադիմիր Սոլովյով (հունվարի 19, 2015)։ «VRSoloviev»։ Վերցված է 2015 թ․ հունվարի 19։ «Убийцу надо казнить на площади»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակտիվիստները ճեղքել են ոստիկանական շղթան և մոտեցել ռուսական ռազմաբազային (լուսանկարներ և տեսաձայնագրություն)
- Գյումրիում հնչել է միայն մեկ պահանջ՝ սպանության մեջ մեղադրվողին հանձնել հայ իրավապահներին (լուսանկարներ)
- Բախումներ ոստիկանության հատուկ ուժերի և ցուցարարների միջև՝ Գյումրիի ՌԴ հյուպատոսության շրջակայքում (ամբողջական)
- Այլևս չեք կարողանալու դուրս գալ քաղաք, եթե չապտակեն՝ թքելու են ձեր ուղղությամբ. Շիրակի թեմի առաջնորդ
- Գյումրու սպանդը հնարավոր էր կանխել (տեսանյութ)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում կատեգորիայում։ |