Ասպատակություն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասպատակություն
ռուս.՝ Набег
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԼև Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1852
Հրատարակություն1853

«Ասպատակություն։ Կամավորի պատվածքը» (ռուս.՝ «Набе́г. Расска́з волонтёра»), (ինչպես նաև՝ ուղղակի «Ասպատակություն»), պատմվածք։ Լև Նիկոլաևիչ Տոլստոյի առաջին պատմվածքը, ինչպես նաև կովկասյան շարքի ստեղծագործություններից առաջինը և նրա՝ հրատարակված գրական աշխատանքներից երկրորդը («Մանկությունից» հետո)։

Պատմությունը ներկայացվում է կամավորի կողմից, որը մասնակցել է լեռնային գյուղի վրա ռուսական գումարտակի զինված արշավանքին: Պատմվածքը հիմնված է իրական դեպքերի վրա. 1851 թվականի հունիսին նման արշավանքի մասնակցել է ինքը՝ Տոլստոյը, իսկ այն գրելու աշխատանքները սկսել է 1852 թվականի մայիսից։ Իրական հիմքն արտացոլվել է նաև գործող կերպարներում. նրանցից շատերի նախատիպը հանդիսացել են Տոլստոյի հետ ծառայած զինվորները։ Նա աշխատանքն ավարտել է 1852 թվականի դեկտեմբերին և պատմվածքն ուղարկել Նիկոլայ Նեկրասովի «Սովրեմեննիկ» ամսագիր, որտեղ և երեք ամիս անց տպագրվել է:

Պատմվածքում Տոլստոյը իրական քաջության գաղափարի փնտրտուքի մեջ է։ Գլխավոր հերոսը դուրս է բերում բանաձևը. «…քաջ է նա, ով վախենում է միայն նրանից, ինչից պետք է վախենալ, բայց ոչ նրանից, ինչից չպետք է վախենալ»։ Պարզվում է՝ այդպիսին է կապիտան Խլոպովը, հասարակ զինվոր, որի մեջ «շատ քիչ ռազմատենչություն կար»։ «Ասպատակությունն» արտահայտում է նաև գրողի քննադատական վերաբերմունքը պատերազմի նկատմամբ:

Շնորհիվ «Ասպատակության» և կովկասյան շարքի մյուս ստեղծագործությունների՝ Տոլստոյը իր ստեղծագործության վրա է գրավում բազմաթիվ ընթերցողների, հատկապես՝ զինվորական կոչում ունեցողների, ինչպես նաև՝ քննադատների ուշադրությունը։ Վերջիններիս պատմվածքը հիմնականում դուր էր եկել:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Կովկասյան պատերազմի ժամանակ։ Պատմվածքը շարադրում է կամավորը, ով եկել էր Կովկասից, որպեսզի հետևի ռազմական գործողությունների ընթացքին։

Կապիտան Խլոպովը գումարտակին տեղեկացնում է առաջ շարժվելու հրամանի մասին։ Հաջորդ օրը՝ արևածագին, գումարտակն անցնում է հարձակման։ Պատմողը ծանոթանում է տարբեր կարգի սպաների հետ. երրիտասարդ ենթասպա Ալանինը, ով ուրախացել է իրեն սպասվող առաջին մարտի առիթով, ինչպես նաև՝ կովկասյան ոճով հագնված քաջ լեյտենանտ Ռոզենկրանցը՝ « Մարլինսկու և Լերմոնտովի ոգով կրթված մեր երիտասարդ սպաներից ու անվեհեր ձիավորներից մեկը։ Այս մարդիկ Կովկասին նայում են ոչ այլ կերպ, քան Մեր ժամանակի հերոսի, Մուլա-Նուրի և այդպիսինների լույսի տակ և իրենց բոլոր գործողություններում ղեկավարվում են ոչ թե սեփական հակվածությամբ, այլ այս տիպարների օրինակով»։ Պատմողը մարտից առաջ անհանգստության ստվեր չի նկատում ո՛չ սպաների, ո՛չ զինվորների մոտ, անհանգստություն, որն ինքն էր զգում.

Aquote1.png …կատակներ, ծիծաղ, պատմություններ, որոնք առաջիկա վտանգի նկատմամբ ընդհանուր անհոգություն ու անտարբերություն էին արտահայտում։ Կարծես թե անհնար է նույնիսկ ենթադրել, որ ոմանց այս ճանապարհով արդեն վիճակված չէ վերադառնալ։ Aquote2.png

Երեկոյան գումարտակը հասնում է ամրոց, որտեղ պատմողը գեներալի և կոմսուհու բարձրաշխարհիկ խոսակցության վկան է դառնում, որը նրան զարմացնում է իր՝ չափազանց խաղաղ բնույթով։ Այնուհետև գումարտակը կրկին առաջ է գնում։ Բնության գեղեցկությունն ու լռությունը պատմողին բերում են պատերազմի անհեթեթության մտքին.

Aquote1.png Մի՞թե այս հրաշալի աշխարհում, այս աստղալից, անծայրածիր երկնքի տակ մարդկանց ապրելու համար նեղ է։ Մի՞թե այս դյութիչ բնության կողքին մարդու հոգում հնարավոր է մնա չարության, վրեժխնդրության կամ իրեն նմանների կործանման կրքի զգացում։ Թվում է՝ մարդու սրտում եղած բոլոր վատ բաները պիտի անհետանան բնության՝ գեղեցկության ու բարության այդ անմիջական արտահայտչի հետ առնչվելուց հետո։ Aquote2.png

Գիշերը ջոկատը անցնում է գետը և, դեռ գյուղ չհասած, հանդիպում է լեռնաբնակներին։ Հեծելազորը շղթա է կազմում, սկսվում է փոխհրաձգություն։ Լեռնաբնակները տեղի են տալիս, գումարտակը նվաճում է գյուղը և առաջ շարժվում։ Բացատում շարունակվում է հրետանային և հրացանային փոխհրաձգությունը։ Երիտասարդ ենթասպան դասակի հետ նետվում է գրոհի։ Նա մահացու վիրավորվում է։

Երեկոյան մոտ ջոկատը վերադառնում է ամրոց. «Զորքի մութ զանգվածները համաչափ աղմկում և ընթանում էին շքեղ մարգագետնով։ Տարբեր կողմերից լսվում էին ծնծղաների, թմբուկների և ուրախ երգերի ձայներ»։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմող՝ կամավոր։
  • Կապիտան Պավել Խլոպով։ Մինչ պատմվածքի գործողությունների սկսելը, ծառայել էր արդեն տասնութ տարի։ Այդ ընթացքում չորս անգամ ծանր վիրավորվել էր։ Բայց ո՛չ իր արշավանքների, ո՛չ վիրավորվելու մասին մորը՝ Մարի Իվանովնային, չի գրել. նրա խոսքերով ասած՝ վախենում է ահաբեկել, բայց ամեն տարի մորն ու քրոջը՝ Աննուշկային, գումար է ուղարկել։ «Կապիտանն ապրում էր խնայողաբար. թղթախաղով չէր զբաղվում, հազվադեպ էր զվարճանում և ծխում էր սովորական ծխախոտ…»: Պատմողն այսպես է նկարագրում նրա արտաքինը. «նրա ռուսական դեմքը մեկն էր այն խաղաղ դեմքերից, որոնց աչքերի մեջ ուղիղ նայելը հաճելի է ու հեշտ»։
  • Խլոպովի վաշտի ենթասպա Ալանին. «Նա գեղեցիկ սև աչքեր ուներ, նուրբ քիթ և հազիվ նկատելի բեղիկներ», ինչպես նաև՝ սև, խիտ մազեր։ Պատմվածքում նկարագրված ասպատակությունը երիտասարդ ենթասպայի առաջին «գործն» էր։
  • Լեյտենանտ Ռոզենկրանց. գնդում «անսահման խիզախի և ճշմարտությունն ում աչքն ասես մտցնող մարդու» համբավ ուներ։ Հագնվում և իրեն այդպես էր պահում, որպեսզի թաթարի նմանվի։ Մի անգամ վիրավորվել է գոտկատեղից։ Պատմողին թվում է, որ Ռոզենկրանցը ընդօրինակել է Լերմոնտովի և Ալեքսանդր Բեստուժևի ռոմանտիկ հերոսներին։

Գրելու պատմություն և հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1851 թվականի ապրիլին Լև Նիկոլաևիչ Տոլստոյը, թողնելով համալսարանը և հուսախաբ լինելով իր՝ Յասնայա Պոլյանայի գյուղացիների[1] կյանքը բարելավելու հույսերից, եկել է Կովկաս, ինչպես ինքն է գրել՝ «գլխապատառ», Ստարոգլադովսկայա[2] կայարան՝ որպես գործող բանակի կամավոր զինվոր։ Նույն թվականի հունիսին նա մասնակցել է լեռնային գյուղի վրա ռուսական ջոկատի արշավանքին։ Հենց այդ արշավանքի իրադարձություններն են պատմվածքի համար հիմք հանդիսացել։ «Ասպատակություն» պատմվածքը գրելու շարժառիթներն են Տոլստոյի՝ պատերազմից ստացած ուժգին տպավորությունները, 1852 թվականի հունվար-փետրվար ամիսներին ռուսների և լեռնաբնակների միջև տեղի ունեցած մարտերի նրա ապրումները, որոնցից մեկի ժամանակ նա հազիվ է զոհվելուց փրկվել։ Նա պատմվածքը ձեռնամուխ է եղել գրելու 1852 թվականի մայիսին՝ դեռևս իր՝ «Մանկություն» վիպակը չավարտած[3]։

Հայտնի է, որ «Ասպատակություն» պատմվածքի շատ կերպարներ ունեն իրական նախատիպեր։ Այսպես՝ ենթասպա Բուեմսկի և կոզակային կանոնավոր զորքերի սպա Ալեքսանդր Վասիլևիչ Պիստոլկորս։ Իրենց այդ կերպարներում տեսնելով՝ նրանք խիստ վիրավորվել են։ Իսկ գեներալի կերպարը ստեղծվել է իշխան Ալեքսանդր Իվանովիչ Բարյատինսկու անձի հիման վրա, ով ղեկավարել է հենց նույն՝ 1851 թվականի հունիսի արշավանքը։ Տոլստոյը սաստիկ երկյուղում էր, որ նրան հովանավորող իշխանը իրեն կճանաչի այդ կերպարում[3]։ Կապիտան Խլոպովի համար նախատիպ է ծառայել Տոլստոյի ևս մեկ ծառայակիցը՝ Խիլկովսկին։ «... Ուրալյան կոզակների ծեր կապիտան Խիլկովսկին, ծեր զինվոր՝ հասարակ, բայց վեհանձն, խիզախ և բարի», — գրել է Տոլստոյը Տատյանա Երգոլսկայային 1851 թվականի հունիսի 22-ին[4]։

«Ասպատակության» սկզբի տարբերակներում առավել հանգամանալից է նկարագրվել լեռնային գյուղի ավերումը։ Պատմվածքում մեծ տեղ է ունեցել հրապարակախոսական շեղումը, որտեղ Տոլստոյն ընդունել է Կովկասյան պատերազմի պատմական արդարացիությունը։ Բայց այդ ամենը վերջնական մշակման ժամանակ հանվել է գրողի կողմից[5]։

Պատմվածքը գրվել է մոտ յոթ ամիս, բայց մեծ ընդմիջումներով, քանի որ Տոլստոյը միաժամանակ ավարտել է «Մանկությունը», ուրվագրել «Ռուս կալվածատիրոջ վեպը» և սկսել գրել «Պատանեկություն» վիպակը[3]։

Ստեղծագործության սկզբնական անվանումը «Նամակ Կովկասից» էր, այնուհետև վերափոխվել է «Ասպատակության պատմության», իսկ հետագայում՝ «Պատերազմի նկարագրության»։ 1852 թվականի դեկտեմբերի 24-ին Տոլստոյն ավարտել է ստեղծագործության աշխատանքները և համարելով, որ պատմվածքը «վատը չէ»[4]՝ այն, Նիկոլայ Նեկրասովին հասցեագրված նամակի հետ, դեկտեմբերի 28-ին (այլ աղբյուրներում՝ դեկտեմբերի 26-ին[4]) ուղարկել է «Սովրեմեննիկ» ամսագիր, որտեղ և 1853 թվականի մարտին «Ասպատակությունը» տպագրվել է («Սովրեմեննիկ», № 3, ստորագրություն՝ «Լ. Ն.»)[3]: Իր նոր ստեղծագործության մեջ Տոլստոյը Նեկրասովի նամակում խնդրել է ոչինչ չավելացնել, կտրել կամ փոխել։ «Եթե, սպասածին հակառակ, — գրել է նա, — գրաքննությունն այս պատմվածքը չափից շատ աղտոտի, ապա, խնդրում եմ, մի՛ տպագրեք այն խեղված վիճակով, այլ վերադարձրե՛ք ինձ»։ Ինչպես հեղինակն ինքն է վախեցել, պատմվածքը խիստ գրաքննության է ենթարկվել և ըստ Տոլստոյի խոսքերի՝ «ամենախղճուկ դրության»[4] բերվել այնքան, որ Նեկրասովը, տեսնելով գրաքննության սրբագրության արդյունքը, նույնիսկ կասկածել է՝ արդյոք տպագրել այն։ Բայց նա ամեն դեպքում որոշել է հրատարակել և 1853 թվականի ապրիլի 6-ին Տոլստոյին գրել է[3].

Aquote1.png Խոստովանում եմ՝ ես երկար եմ մտածել աղտոտվածության և սրբագրության վերաբերյալ և վերջապես որոշել եմ տպագրել՝ գիտակցելով, որ թեև այն շատ է փչացել, բայց այնտեղ շատ լավ բաներ մնացել են։ Դա կընդունեն և ուրիշները։ Խնդրում եմ չհուսալքվեք այս անախորժություններից, որոնք ընդհանուր են մեր՝ շնորհալի գրականագետներիս համար։ Ձեր պատմվածքն առանց կատակելու այժմ էլ շատ կենդանի ու նրբագեղ է, բայց այն արտակարգ լավն է եղել…[4] Aquote2.png

Այսպես՝ «Ասպատակությունը» գրողի երկրորդ տպագրված ստեղծագործությունն է («Մանկությունից» հետո)։ Ավելի ուշ՝ 1856 թվականին, պատմվածքը «Կոմս Լ. Ն. Տոլստոյի զինվորական պատմությունները» գրքում տպագրելու ժամանակ գրաքննության կողմից հանված որոշ հատվածներ վերականգնվել են, և այդ տեքստը բոլոր հաջորդ հրատարակությունների համար մեկնարկային է դարձել[3]։

Lev Nikolayevich Tolstoy 1851.jpg
Barjatinskiy A I.jpg
Nikolay Nekrasov.jpg
Պատմվածքի հեղինակ՝ Լև Տոլստոյ

(1851 թվական)

Գեներալի նախատիպ՝ Ալեքսանդր Բարյատինսկի (1877 թվական) «Սովրեմեննիկ» ամսագրի խմբագիր, բանաստեղծ և գրող՝ Նիկոլայ Նեկրասով

(1870-1878 թվականներ)

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլստոյը «մանկական հայացք» է անվանել իր սկզբանական վերաբերմունքը Կովկասի նկատմամբ, այսինքն՝ Կովկասյան պատերազմի մասին պատկերացումները, որն ստեղծվել է Մարլինսկու ստեղծագործություններից և Լերմոնտովի ռոմանտիկական պոեմներից ստացած տպավորություններից։ Բայց հայտնվելով Կովկասում՝ երիտասարդ գրողը փոխել է իր տեսակետը։ Նա հաղթահարել է «մանկական հայացք» մակարդակը, կամ ինչպես Տոլստոյն է այն անվանել, «տղայությունը»։ Նմանատիպ համոզմունքներն արդեն անբասիր չէին թվում նրան, և նա սկսել է իրական խիզախություն փնտրել։ «Նամակ Կովկասից» (այժմ՝ «Ասպատակություն») պատմվածքը այդ թեմայով մտորումներից է ծագել։

Պարզվում է՝ ստեղծագործության մեջ իրական խիզախը կապիտան Խլոպովն է՝ հասարակ, բնական և առօրյա կյանքում իմաստուն զինվորը, որի ներսում «շատ քիչ ռազմատենչություն կար»։ Նա նկատելիորեն տարբերվում է Ռոզենկրանցից կամ գեներալի շքախմբի սպաներից, որոնց համար ասպատակությունը միայն իրենց «տղայական անվեհերությունը» ցուցադրելու հերթական դեպքն է[6]։

Պատմվածքի վրա կատարած աշխատանքից ավելի ճշգրիտ է դրսևորվում պատերազմի նկատմամբ Տոլստոյի վերաբերմունքը, ինչպես հակաբնական ֆենոմենի՝ ծնված «գարշելի մարդկանցից»։ Արդյունքում պատերազմի «նկարագրությունը» դրա դատապարտումն է դառնում[6]։ Այստեղ և իր ուրիշ ռազմական ստեղծագործություններում գրողի գլխավոր նպատակը եղել է ռազմական սյուժեների՝ կայուն դարձած ռոմանտիկական պատկերների վերացնելը։ Նրա ստեղծագործություններում չկա վառ հերոս կամ ճակատամարտի տպավորիչ պատկեր։ Այդ բոլորի փոխարեն պարզ ու առօրյա միջավայրն է, որտեղ գործող անձինք զբաղված են պատերազմով, ասես աշխատանքով։ Նրանց զգացմունքները և տրամադրությունները կարծես մանրամասն վերլուծվում, դասավորվում են ըստ բաղադրիչնների, մինչդեռ պարզվում է, որ այդ բաղադրիչներից մեկը վախն է[7]։

Փիլիսոփա և հոգեվերլուծող Սերգեյ Զիմովեցը ենթադրել է, որ պատմվածքում մասամբ արտահայտվել է Տոլստոյի թաքնված համասեռամոլությունը[8]։

Քննադատություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծ և գրող Նիկոլայ Նեկրասովը պատմվածքի նախագրաքննական տարբերակը համարել է «չափազանց լավը»[4]։ Ալեքսանդր Վասիլևիչ Դրուժինը Տոլստոյի «պատմվածքը լավիկն ու կարծես թե անփութությամբ ուրվագրված» է անվանել։ Գրաքննադատը նշել է, որ «Ասպատակությունը» լի է «զինվորական կյանքի պոեզիայով», որը ձեռք է բերվել «արբեցած, անհանգիստ հոգիների» և զորքերի գործողության «թովիչ» պատկերների (բաց երկնքի տակ գիշերել, մարտին պատրաստվել և այլն) օգնությամբ։ Դրուժինը նաև դրական է արտահայտվել կերպարների մասին. «Ռոզենկրանց ու կապիտան Խլոպով մեր արձակ գրականության մեջ դեռևս չի եղել»[9]։ Կոնստանտին Սերգեևիչ Ակսակովը գրել է, որ «Ասպատակությունը» տարբերվում է «կենդանի տեսանելիությամբ, առարկաների նկատմամբ ուղիղ մոտեցմամաբ, կյանքի նկատմամբ հարգանքի և նրա՝ ողջ ճշմարիտ արվեստի մեջ վերականգնելու ձգտումը»[10]։

Ըստ Ստեփան Սեմյոնովիչ Դուդիշկինի՝ պատմվածքը «պարզ և բնական» է, բայց միևնույն ժամանակ ստեղծագործության մեջ շատ նորություններ կան առկա, մասնավորապես՝ «ռազմական տեսարանների անկեղծ ու երջանիկ նկարագրության նորամուծությունը»։ Դուդիշկինն ուշադրությունը հատկապես հրավիրել է կապիտան Խլոպովի վրա՝ այլ ստեղծագործությունների գլխավոր հերոսների հետ համեմատելով. «Նա Լերմոնտովի Մաքսիմ Մաքսիմիչը չէ, բայց մի քիչ ազգակից է նրան... Կապիտան Խլոպովը նման չէ Պուշկինի («Կապիտանի աղջիկը») կապիտան Միրոնովին, բայց նույնպես ազգակից է նրան»[11]։

Շնորհիվ «Ասպատակության» և «կովկասյան» թեմայով մյուս պատմվածքների ու պատմությունների՝ Տոլստոյն իր ստեղծագործությունների վրա է հրավիրել բազում զինվորական կոչում ունեցող ընթերցողների ուշադրությունը։ Դրուժինինը գրել է, որ «նրա ստեղծագործությունները ծառայող երիտասարդությունը ագահաբար է կարդում»[9]։ Սակայն սկզբում, երբ կովկասյան շարքից տպագրված է եղել միայն «Ասպատակությունը», պատմվածքին քիչ ուշադրություն է դարձվել, «ինչպես մի առարկա, որն աչքի չի ընկնում», — գրել է Դուդիշկինը[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Опульская, 1981, էջ 3
  2. Виноградов («Как человеку жить надо?»), 1985, էջ 3
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Виноградов («Комментарии»), 1985, էջ 499—500
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бурнашева, 1978—1985, էջ 405—406
  5. Опульская, 1981, էջ 15
  6. 6,0 6,1 Бурнашева, 1978—1985, էջ 387—388
  7. Трубецкой, 1985, էջ 476
  8. Сергей Зимовец. Евангелие от Толстого // «Гендерные исследования». — 2006. — № 14.
  9. 9,0 9,1 Дружинин, 1865
  10. Аксаков, 1981
  11. 11,0 11,1 Дудышкин, 2002

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Дружинин Собрание сочинений. — СПб., 1865. — Т. VII.
  • Степан Дудышкин <Рассказы г. Л. Н. Т. из военного быта> // Критика 50-х годов XIX века / Сост. Л. Соболева. — М.: Олимп, 2002. — 446 с. — (Библиотека русской классики). — 5000 экз. — ISBN 978-5-8195-0760-5
  • Николай Трубецкой Литературное развитие Льва Толстого // N.S. Trubetzkoy's Letters and Notes / Под ред. Романа Якобсона. — Берлин: Walter de Gruyter, 1985. — P. 476. — 509 p. — ISBN 3-11-010593-4

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Константин Аксаков Обозрение современной литературы(ռուս.) // Константин Аксаков Литературная критика : книга. — М.: Современник, 1981.
  • Бурнашева, Н. Комментарии(ռուս.) // Толстой, Лев Собрание сочинений в 22 томах : книга. — М.: Художественная литература, 1978—1985. — В. Произведения 1852—1856 гг.. — Т. 2. — С. 385—406.
  • Виноградов, Игорь Как человеку жить надо?(ռուս.) // Толстой, Лев Повести. Рассказы : книга. — М.: Советская Россия, 1985. — С. 3—20.
  • Виноградов, Игорь Комментарии(ռուս.) // Толстой, Лев Повести. Рассказы : книга. — М.: Советская Россия, 1985. — С. 499—510.
  • Опульская, Л. Повести и рассказы молодого Л. Толстого(ռուս.) // Толстой, Лев Казаки. Повести и рассказы : книга. — М.: Художественная литература, 1981. — С. 3—19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Набег» Մաքսիմ Մոշկովի գրադարանում
  • «Набег» Հիմնակազմ էլեկտրոնային գրադարանում