Jump to content

Ընտանեկան երջանկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանեկան երջանկություն
ռուս.՝ Семейное счастье
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ և Նովել
ՀեղինակԼև Նիկոլաևիչ Տոլստոյ
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1859
Հրատարակվել է1859
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/tolstoi/familien/familien.html
ՎիքիդարանԸնտանեկան երջանկություն
 Family Happiness

«Ընտանեկան երջանկություն» (ռուս.՝ «Семе́йное сча́стие»), Լև Տոլստոյի վեպերից։ Առաջին անգամ տպագրվել է 1859 թվականին «Ռուսական պարբերական» ամսագրում (№ 7, 8)[1]:

Վեպն սկսել է գրել 1858 թվականի գարնանը կամ աշնանը։ Առաջին խմբագրությունը պատրաստ է եղել 1859 թվականի մարտին։ Մեկ ամիս անց այն վերամշակվել է երկրորդ անգամ[1]։

Լև Տոլստոյի վեպի համար նյութ է ծառայել 1856—1857 թվականների նրա և Վալերիա Արսենևայի (1836—1909 թվականներ) հարաբերությունների պատմությունը, ում հետ գրողը նույնիսկ պատրաստվում էր ամուսնանալ։

Վեպում նախ պատմվում է երիտասարդ աղջկա սերը իր հանգուցյալ հոր ընկերոջ՝ իր խնամակալի նկատմամբ, այնուհետև նրանց ամուսնության և ամուսնական կյանքի առաջին մի քանի տարիների մասին՝ ներառյալ որոշ սառնություն և վեճեր։

Տասնյոթամյա Մաշան որբանում է։ Նա ապրում է գյուղում իր սպասուհի Կատիայի, փոքր քրոջ՝ Սոնյայի և ուրիշ աղախնի հետ։ Տան բոլոր անդամները սգի ու տխրության մեջ են տիրուհու մահվան պատճառով։ Կանանց միջավայրում միակ հույսը խնամակալի և հանգուցյալ հոր հին ընկերոջ ժամանումն էր։ Սերգեյ Միխայլովիչը օգնում է կարգի բերել ընտանեկան գործերը և ցրել տանը տիրող ծանր մթնոլորտը։ Մաշան աստիճանաբար սիրահարվում է իր հովանավորյալին։ Մաշային սիրահարվում է նաև երեսունյոթամյա Սերգեյ Միխայլովիչը, թեկուզ և մշտապես կասկածում է իր ընտրության հարցում և այդ մասին հայտնում է Մաշային. «Մի՞թե Ձեզ համար դժբախտություն չէր լինի, եթե Ձեր կյանքը կապեք ծեր, իր կյանքն ապրած մարդու հետ, որը միայն նստակյաց կյանք է ուզում, երբ, ինչպես Ձեզ մոտ, Աստված գիտի՝ ինչ է խմորվում, ինչ եք ցանկանում»։ Մաշան համոզում է Սերգեյ Միխայլովիչին, որ իր զգացմունքներն անկեղծ են, և նրանք որոշում են ամուսնանալ։ Հարսանիքից հետո Մաշան տեղափոխվում է իր ամուսնու կալվածք, և նրանց ամբողջովին համակում է երջանիկ ամուսնական կյանքը։

Որոշ ժամանակ անց Մաշան սկսում է ձանձրանալ և նեղվել գյուղական կյանքից, որտեղ ոչ մի նորություն տեղի չի ունենում։ Սերգեյ Միխայլովիչը կռահում է իր կնոջ վատ տրամադրության պատճառը և առաջարկում գնալ Սանկտ Պետերբուրգ։ Քաղաքում Մաշան ծանոթանում է բարձրաշխարհիկ միջավայրի հետ։ Նա մեծ համբավ է վայելում տղամարդկանց շրջանում, և դա շոյում է նրա ինքնասիրությունը։ Ինչ-որ մի պահ Մաշան հասկանում է, որ ամուսինը նեղվում է քաղաքային կյանքից և որոշում է վերադառնալ գյուղ։ Բայց Սերգեյ Միխայլովիչի զարմուհին համոզում է Մաշային գնալ պաշտոնական ընդունելության, որտեղ հատուկ գալու է արքայազն Մ.-ն, որը դեռևս անցած պարահանդեսից ցանկանում էր ծանոթանալ Մաշայի հետ։ Տարաձայնություն է առաջանում Սերգեյ Միխայլովիչի և Մաշայի միջև՝ երկկողմանի անըմբռնողության պատճառով։ Մաշան ասում է, որ պատրաստ է «զոհաբերել» ընդունելությունը և ուղևորվել գյուղ, իսկ Սերգեյ Միխայլովիչին զայրացնում է Մաշայի «զոհաբերությունը»։ Այդ օրվանից նրանց հարաբերությունները փոխվում են. «մեր հարաբերությունները... կարծես թե կանգ են առել, սառել և չեն կարողացել ո՛չ լավը, ո՛չ էլ վատը դառնալ»։ Ընտանիքում ծնվում է առաջին որդին, բայց Մաշային մայրական զգացմունքը համակում է կարճ ժամանակով, և նա կրկին սկսում է նեղվել հանգիստ ու խաղաղ ընտանեկան կյանքից՝ չնայած նրանք ժամանակի մեծ մասն ապրում են քաղաքում։

Ընտանիքը մեկնում է արտասահման հանգստի։ Մաշան արդեն քսանմեկ տարեկան է։ Այնտեղ նա շրջապատվում է երկրպագուներով։ Առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում իտալացի մարկիզ Դ.-ն, որը համառորեն ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը Մաշայի նկատմամբ։ Դա վերջինիս սաստիկ ճնշում է։ Նրա համար տղամարդիկ մեկը մյուսից չեն տարբերվում։ Մի անգամ Մաշան իր հին ընկերոջ՝ Լ. Մ.-ի հետ ապարանքում զբոսնելիս հայտնվում է անհարմար դրության մեջ, որն ավարտվում է նրանով, որ իտալացին համբուրում է Մաշային։ Իրավիճակից ամաչելով և նողկալով՝ Մաշան ուղևորվում է ամուսնու մոտ, որն այդ ժամանակ գտնվում էր ուրիշ քաղաքում։ Մաշան համոզում է Սերգեյ Միխայլովիչին անհապաղ մեկնել գյուղ, ընդ որում՝ նրան իր հետ կատարվածի մասին ոչինչ չի պատմում։ Գյուղում ամեն բան ընկնում է իր տեղը, բայց Մաշային տանջում է վիրավորվածության և զղջման չարտահայտված զգացմունքը։ Նրան թվում է՝ ամուսինը խիստ անտարբեր է դարձել իր նկատմամբ, և նա ցանկանում է հետ բերել իրենց միջև եղած նախկին սիրահարվածության զգացումը։

Վեպն ավարտվում է նրանով, որ Մաշան և Սերգեյ Միխայլովիչը իրար խոստովանում են իրենց զգացմուքները և կուտակված վիրավորանքը։ Ամուսինը խոստովանում է, որ առաջվա զգացմունքները հետ չեն գա, և որ նախկին սերը վերաճել է այլ զգացման։ Մաշան հասկանում և ընդունում է ամուսնու դիրքորոշումը. «Այսօրվանից ավարտվեց ամուսնուս հետ իմ սիրավեպը։ Հին զգացմունքը դարձել է թանկագին, անդառնալի հիշողություն, իսկ երեխաներիս և նրանց հոր նկատմամբ սերը սկիզբ է դրել ուրիշ զգացման, բայց արդեն բոլորովին այլ, երջանիկ կյանքի, որը ես ներկա պահին դեռևս չեմ ապրել...»:

Ոճային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընտանեկան երջանկությունը» տարբերվում է Տոլստոյի մնացած վեպերից այն առումով, որ այստեղ դիտարկվում է միայն հերոսների անձնական կյանքը՝ առանց իրականության առավել լայն պատկերի հետ կապի։

Պատմությունը ներկայացվում է առաջին դեմքով (ինչն արդեն բացառիկ դեպք է Տոլստոյի ստեղծագործություններում), ընդ որում՝ երիտասարդ կնոջ անունից։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հրատարակումը գրեթե աննկատ մնաց քննադատների կողմից։ Վեպի մասին արձագանքել է միայն Ապոլլոն Գրիգորևը՝ հիմնավորելով, որ «Ընտանեկան երջանկությունը» հանդիսանում է Տոլստոյի լավագույն ստեղծագործությունը (հոդված «Մեր քննադատների կողմից բաց թողնված ժամանակակից գրականության երևույթներ»)[2]։

Տոլստոյը ևս այնքան հիասթափվել է, որ որոշել է հեռանալ գրականությունից։ «Իմ Աննա, երբ ես գյուղ եկա և վերընթերցեցի այն, պարզվեց այնպիսի ամոթալի, նողկալի գործ է, որ ես չկարողացա սթափվել խայտառակությունից, և թվում է՝ այլևս երբեք չեմ գրելու»[1]։

Բեմականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց թատրոնում ռեժիսոր Պյոտր Ֆոմենկոն է իրականացրել վեպի բեմարկումը[3]։

Ջոն Կրակաուերի «Վայրի պայմաններում» գրքում և 2007 թվականի էկրանավորման մեջ ռեժիսոր Շոն Փենի մոտ մեջբերում կա «Ընտանեկան երջանկություն» վեպի առաջին մասի հինգերորդ գլխից։ Դրանք Սերգեյ Միխայլովիչի խոսքերն են. «Ես շատ եմ ապրել, և ինձ թվում է՝ գտել եմ այն, ինչ ինձ պետք է երջանկության համար» և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Толстой Л. Н. Собрание сочинений: В 22 т. — М.: Художественная литература, 1978—1985. — Т. III. Линков В. Л. Комментарии.
  2. Явленія современной литературы пропущенныя нашей критикой Время, 1861. No 4
  3. Спектакль семейное счастье

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանեկան երջանկություն» հոդվածին։