Անդրեա Պիզանո
Անդրեա Պիզանո իտալ.՝ Andrea Pisano | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1290[1][2] |
Ծննդավայր | Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | 1348[1] |
Մահվան վայր | Օրվեիտո, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Երկեր | Orvieto Cathedral? և South Doors of the Florence Baptistery? |
Մասնագիտություն | քանդակագործ և ճարտարապետ |
Երեխաներ | Nino Pisano?[3] և Tommaso Pisano?[4] |
![]() |

Անդրեա Պիզանո (իտալերեն՝ Andrea Pisano, 1290[1][2], Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա - 1348[1], Օրվեիտո, Սրբազան Հռոմեական կայսրություն)[5][6], հայտնի է նաև Անդրեա դա Պոնտեդերա (Andrea da Pontedera) անունով, վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի ոսկերիչ, քանդակագործ, ճարտարապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիզանոն նախ տիրապետել է ոսկերչի արհեստին[7], ապա, մոտավորապես 1300 թվականից, աշակերտել է պիզացի քանդակագործ Մինո դի Ջովանիին, դարձել վերջինիս օգնականը, և միասին արձաններ են կերտել Պիզայի Սանտա Մարիա դելլա Սպինա (S. Maria della Spina) եկեղեցում և այլուր։ Քանդակագործական իր գլխավոր աշխատանքները Պիզանոն իրականացրել է Ֆլորենցիայում։ Ընդ որում՝ դրանցում առավել զգալի է Ջոտտոյի (Giotto di Bondone), քան իր նախկին վարպետի՝ դի Ջովանիի ազդեցությունը։ Ֆլորենցիայի Սան Ջովանի մկրտարանի (Battistero di San Giovanni) բրոնզաձույլ և ոսկեզօծ երեք հանրահայտ դռներից հարավային կողմում գտնվողը Պիզանոյի աշխատանքներից է։ Վեց տարում՝ 1330-1336 թվականներին պատրաստված այդ դուռը զարդարված է 28 հարթաքանդակներով, որոնց մի մասը այլաբանորեն ներկայացնում է արատներն ու առաքինությունները, մյուսները պատկերում են տեսարաններ Հովհաննես Մկրտչի կյանքից[8]։
Ֆլորենցիայում գտնված տարիներին Պիզանոն կերտել է նաև մարմարե արձաններ, որոնցում ակնհայտ դրսևորված է Ջոտտոյի ազդեցությունը։ 1340 թվականին նա փոխարինել է Ջոտտոյին Ֆլորենցիայի տաճարի աշխատանքները ղեկավարողի պաշտոնում[5]։ Այստեղ նա, հավանաբար՝ ըստ վարպետի թողած գծագրերի, մարմարե կամ մետաղյա տախտակների վրա քանդակել է չորս մեծ մարգարեներին, յոթ առաքինությունները, յոթ մահացու մեղքերը, ողորմածության յոթ գործերը, յոթ մոլորակները։ Իսկ Ջոտտոյի նշանավոր աշտարակում՝ Մեծ կամպանիելում, այդ կարգի փորագրաքանդակներից զատ, նա կերտել է մարմարե արձաններ։
1347 թվականին Անդրեա Պիզանոն նշանակվել է Օրվիետոյի տաճարի աշխատանքների ղեկավար (գործերի կառավարիչ)[5][8], այդտեղ նույնպես մի շարք զարդաքանդակներ հեղինակել։ Նրա ճարտարապետական աշխատանքներից հիշատակման արժանի են Սկարպերիա ամրոցը Ապենինյան լեռների ստորոտում՝ Մուջելլոյում, մկրտարանը (բապտիստերիան) Պիստոյայում և մի քանի շենք Ֆլորենցիայում։ Ենթադրվում է, որ Վենետիկի զինանոցը ևս կառուցվել է նրա պատրաստած գծագրերի հիման վրա։
Արվեստի պատմաբանները գտնում են, որ Անդրեա Պիզանոն իր ողջ ստեղծագործությամբ զգալի ավանդ է ներդրել նոր ժամանակների արվեստը բյուզանդականի ազդեցությունից ազատելու գործում։ Պատահական չէ, որ Ջորջո Վազարին նրա կենսագրությունն ընդգրկել է լավագույն նկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների մասին իր նշանավոր աշխատության մեջ։
Պիզանոն մահացել է 1348 թվականին՝ զոհ դառնալով ժանտախտի համաճարակին[5]։
Նրա լավագույն աշակերտները եղել են Անդրեա դի Չոնեն՝ Օրկանյան և Ջովանի դի Բալդուչոն (վերջինս հայտնի է որպես Միլանի Sant'Eustorgio բազիլիկ եկեղեցուն կից մի սրբավայրի հեղինակ[8]):
Պիզանոյի երկու տղաները՝ Նինոն և Տոմազոն[8], նույնպես արվեստագետներ էին և իրենց հոր մահից հետո փոխարինել են նրան Օրվիետոյի տաճարի գործերի կառավարչի պաշտոնում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лазарев В. Н. Происхождение итальянского Возрождения, т. 2. М., 1959
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Athenaeum
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ https://www.treccani.it/enciclopedia/tommaso-pisano_%28Dizionario-Biografico%29/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Huntley G. Haydn (1976)։ «Pisano, Andrea»։ in William D. Halsey։ Collier's Encyclopedia 19։ New York: Macmillan Educational Corporation։ էջ 82
- ↑ Murray, P. & L. (1996). Dictionary of art and artists. Penguin Books. 0-14-051300-0.
- ↑ wstitle=Andrea Pisano}}
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 public domain: Chisholm Hugh, ed. (1911)։ «Pisano, Andrea»։ Encyclopædia Britannica 21 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 647–648 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Андреа Пизано»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Panels by Andrea Pisano in Santa Maria del Fiore, Florence, Italy
- Ֆլորենցիայի մկրտարանի բրոնզե դուռը և Անդրեա Պիզանոյի այլ աշխատանքներ
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անդրեա Պիզանո կատեգորիայում։ |