Ակնագործություն


Ակնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, թանկագին և կիսաթանկագին քարերով գեղարվեստական, կենցաղային և այլ իրերի զարդարում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ժամանակներից հայտնի էր Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր։ Դեռևս մ. թ. ա. 4-րդ հազարամյակում Հին Արևելքի երկրներում օգտագործվել են փորագիր թանկագին քարեր որպես կնիք-մատանիներ։
Մ. թ. ա. 7-6-րդ դարերում ակնագործությունը զարգացել է Հունաստանում, որտեղ հայտնաբերվել էին թանկագին քարերի նոր տեսակներ (զմրուխտ, հասպիս, ամեթիստ և այլն)։
Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում ականագործությունը մուտք է գործել Եվրոպայում Հայաստանում դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակում կիսաթանկագին քարերից (սարդիոն, լեռնային բյուրեղաքար, ագատ, սուտակ և այլն) պատրաստում էին ուլունքներ (Շենգավիթ)։
Թանկագին քարերով իրերի զարդարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանկագին քարերով իրերի զարդարումը՝ ընդելուզումը, հայտնի էր մ. թ. ա. 2-րդ հազարամյակից (ավելի ուշ շրջանի լավագույն օրինակներից են Տիգրան Բ-ի և Արտավազդ Բ-ի դրամների վրա պատկերված թագերը)։ Հայկական ականագործության բազմաթիվ նմուշներ գտնվել են Լճաշենի, Արմավիրի, Գառնիի, Դվինի պեղումներից։
Ականագործության մասին հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ականագործության մասին հիշատակում են մի շարք պատմիչներ, մասնավորապես՝ Ագաթանգեղոսը, Անանիա Շիրակացին, Ուխտանեսը։ Եկեղեցական և կենցաղային բազմաթիվ իրեր (խաչեր, բուրվառներ, անոթներ և այլն) զարդարում էին թանկագին քարերով։
Հայ թագավորը իշխաններին և պալատական ծառայողներին թանկագին քարերից կազմված պատիվ (գլխակապ) էր շնորհում (հայտնի է Բագարատ թագադիր ասպետի երեք շարք ադամանդներից կազմված պատիվը)։ Հայ ալքիմիական աշխատություններում նշված է արեհստական եղանակով թանկագին քարերի ստացման և մշակման կերպերի մասին։ Նույնը հիշատակում է նաև ուշ միջնադարի պատմիչ Առաքել Դավրիմեցին։
Հայ ֆեոդալները և բարձրաստիճան հոգևորականներն օգտագործում էին ակնակուռ կնիք-մատանիներ (գտնվել են Դվինի պեղումներից, որոնց մի մասը վերաբերում է հին շրջանին)։
Անգլիացի գոհարագետ Է. Բրաունը և հայ ազգագրագետ Հ. Քյուրտյանը հիշատակում են 17-րդ դարում, ակնագործներ Եփրեմ Սադիին, Տեր Սարգսին և այլոց, որոնց հայտնի էին թանկագին քարեր հղկելու և մշակելու բազմաթիվ գաղտնիքներ։
17-19-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
17-19-րդ դարերում առանձնապես աչքի են ընկել Նոր Ջուղայի ակնագործները, որոնց աշխատանքի նմուշներից է ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ ցարին 1660 թվականին ընծայած «Ալմաստե գահը» (Մոսկվա, Զինապալատ)։
19-20-րդ դարերում Հայաստանում հայտնի էին Վանի, Կ. Պոլսի, Կարսի, Ալեքսանդրապոլի (Լենինական), Շուշիի և այլ քաղաքների տնայնագործ վարպետ ակնագործները։
Խորհրդային կարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային կարգերի հաստատումից հետո ԽՍՀՄ-ում կազմակերպվեցին ոսկերչական արտելներ, որոնց միավորումից ստեղծվեցին գործարաններ։ ՀԽՍՀ-ում կազմակերպվել է Երևանի ոսկերչական գործարանը։ Ժամանակակից հայ վարպետները օգտագործելով անցյալի հարուստ ավանդույթները, ստեղծում են քեղարվեստական արժեք ունեցող ինքնատիպ զարդեր։
Հայ ոսկերչության և ականաքործության բազմաթիվ նմուշներ առաքվում են արտասահմանյան մի շարք երկրներ (Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա, Դանիա և այլն)։
Ժամանակակից հայ անվանի ակնագործներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից հայ անվանի ակնագործ վարպետներից են
- Կ. Մեսրոպյանը,
- Թ. Ալավերդյանը,
- Հ. Թերզյանը,
- Ս. Քյուրքչյանը,
- Գ. Մանուկյանը,
- Հ. Դեմիրճյանը,
- Ա. Զարդարյանը և ուրիշներ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Borel, F. 1994. The Splendor of Ethnic Jewelry։ from the Colette and Jean-Pierre Ghysels Collection. New York: H.N. Abrams (ISBN 0-8109-2993-7).
- Evans, J. 1989. A History of Jewellery 1100–1870 (ISBN 0-486-26122-0).
- LaGamma, Alisa (1991)։ Metropolitan jewelry։ New York: The Metropolitan Museum of Art։ ISBN 0870996169
- Nemet-Nejat, Karen Rhea 1998. Daily Life in Ancient Mesopotamia. Westport, CT: Greenwood Press (ISBN 0-313-29497-6).
- Tait, H. 1986. Seven Thousand Years of Jewellery. London: British Museum Publications (ISBN 0-7141-2034-0).
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 226)։ ![]() |