Սոկրատեսի պաշտպանականը (Պլատոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլատոն
Plato-raphael.jpg

Աշխատությունները դասավորված են Տրասիլոս Ալեքսանդրացու սահմանած հերթականությամբ
(Դիոգենես Լայերտացի, գիրք III)

Առաջին քառապատում`
Եվթիփրոն կամ Բարեպաշտության մասին
Սոկրատեսի պաշտպանականը
Կրիտոն կամ Պատճաշի մասին
Ֆեդոն կամ Հոգու մասին
Երկրորդ քառապատում`
Կրատիլոս կամ Անունների ճշմարտիությունների մասին
Թեետետոս կամ Գիտելիքի մասին
Սոփեստ կամ Էության մասին
Պոլիտիկոս կամ Երկնային արքայության մասին
Երրորդ քառապատում`
Պարմենիդես կամ Գաղափարների մասին
Փիլեբոս կամ Հաճույքի մասին
Խնջույք կամ Բարու մասին
Ֆեդրոս կամ Սիրո մասին
Չորրորդ քառապատում`
Ալկիբիադես I
Ալկիբիադես II կամ Աղոթքի մասին
Հիպպարքոս կամ Արծաթասեր
Մրցակիցներ կամ Փիլիսոփայության մասին
Հինգերորդ քառապատում`
Թեագես կամ Փիլիսոփայության մասին
Քարմիդես կամ Չափավորության մասին
Լաքես կամ Տղամարդկության մասին
Լիսիս կամ Ընկերության մասին
Վեցերորդ քառապատում`
Եվթիդեմոս կամ Վիճողը
Պրոտագորաս կամ Սոֆիստներ
Գորգիաս կամ Հռետորության մասին
Մենոն կամ Առաքինությունների մասին
Յոթերորդ քառապատում`
Հիպպիաս Ավագ կամ Գեղեցիկի մասին
Հիպպիաս Կրտսեր կամ Պատշաչի մասին
Իոն կամ Իլիադի մասին
Մենեքսենոս կամ Տապանագիր
Յոթերորդ քառապատում`
Կլիտոփոն կամ Մուտք
Պետություն կամ Արդարադատության մասին
Wikisource-logo.svg Տիմեոս կամ Բնության մասին
Կրիտիաս կամ Ատլանտիդա
Իններորդ քառապատում`
Մինոս կամ Օրենքի մասին
Օրենքներ կամ Օրենսդրության մասին
Օրենքների հավելված կամ Գիշերային խորհուրդ, կամ Փիլիսոփա
Տասներեք Նամակներ
Wikisource-logo.svg Վիքիդարանում կան նաև Պլատոնին վերաբերող տեքստեր` բնօրինակներ և թարգմանություններ.

Սոկրատեսի պաշտպանականը և Կրիտոնը Պլատոնի վաղ շրջանի կենտրոնական գործեն են և նշանակալի են հատկապես Սոկրատեսի անձի մասին պատկերացում ստանալու տեսանկյունից։

«Պաշտպանականը» Պլատոնի միակ ստեղծագործությունն է, որը տրամախոսություն չէ։ Այն վերարտադրում է Սոկրատեսի ճառը՝ արտասանված մ.թ.ա. 399 թվականին, Աթենքի դատարանում, ուր նա բերվել էր՝ մեղադրվելով աստվածների փոխարեն դայմոններ ("δαίμων") ընդունելու և երիտասարդներին «այլասերելու» մեջ։ Թե որքանով է «Պաշտապանական»-ն արտացոլում Սոկրատեսի իրական ճառը, հարց է, որի միանշանակ պատասխանը դժվար է ակնկալել։ Հավանաբար իր էական գծերին Սոկրատեսի խոսքը եղել է այնպիսին, ինչպես հաղորդում է Պլատոնը։

«Պաշտպանականը» բաղկացած է երեք մասից։

Սոկրատեսի ճառը[խմբագրել]

I մաս.[խմբագրել]

Սոկրատեսը սկսում է ճառը հեգնական դիտողությամբ, ըստ որի մեղադրողների ելույթն այնքան համոզիչ էր, որ ինքն էլ քիչ մնաց մեղադրի իրեն (17 A)։ Ակնարկվում է հռետորիկայի պաթոլոգիկ ազդեցությունը՝ համոզել, բայց չլինել ճշմարիտ։ Ինքը՝ Սոկրատեսը, խոստանում է խոսել պարզ ու անպաճույճ։ Մեղադրողները երկու կարգի են։ Առաջինները ավելի վտանգավոր են, քանի որ վաղուց է, ինչ մեղադրում են։ Նրանց մեղադրանքը խոր արմատներ ունի, և այն դժվար է հերքել կարճ ժամանակում։ Այժմյան մեղադրողներն են Անիտոսը, Մելետոսն ու Լիկոնը, որոնք պակաս վտանագավոր են, քանի որ նրանք դատավարության պատճառն են, բայց այն մեծ զրպարտանքի, որ գոյացել է հեռակա մեղադրողների ստերից (181-18e)։

Առաջին մեղադրողների մեղադրանքը, ըստ որի, Սոկրատեսը հետազոտել է երկրի տակ և երկնքում եղածը, զրպարտանք է։ Զրպարտանք է նաև այն, որ Սոկրատեսը իրեն համարում է ինչ-որ իմաստության կրող։ «Մարդկային» այդ իմաստությունը Սոկրատեսը սահմանափակում է իր կատարյալ չիմացությունը հաստատող իմացությամբ,- գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ, որով և տարբերվում է այլ մարդկանցից, ովքեր կարծում են, որ թե ինչ-որ իմաստություն ունեն (19a -24a)։

Երկրորդ մեղադրողների մեղադրանքը՝ իբրև Սոկրատեսն այլասերում է երիտասարդներին և նոր «դայմոններ» ներմուծում, նույնպես զրպարտանք է։ Անհնար է ապացուցել, որ Սոկրատեսը այլասերել է երիտասարդներին, այլապես կնաշանակեր, որ միայն ինքն է այլասերում, իսկ դատարանը, խորհրդի անդամները կամ հենց Մելետոսը, երբեք չեն այլասերել։ Բացի այդ, անապացուցելի է, որ նա արել է դա կամովին, իսկ ակամա հանցանքի համար պետք է, ոչ թե դատել, այլ մասնավոր խրատներ տալ, ինչը սակայն, ոչ Մելետոսը, ոչ մյուս մեղադրողները չեն արել (24b -26a)։ Անաստվածության մեջ մեղադրանքները նույնպես անհիմն են, քանի որ եթե անգամ Սոկրատեսը նոր «դայմոններ» է ներմուծում, ապա առնվազն անաստված էր. «դայմոններ» ընդունողը չի կարող չընդունել աստվածներին (26b - 28a)։

Ինքը՝ Սոկրատեսը չի վախենում մահից. ամոթն ու փոքրոգությունը ավելի են վախեցնում իրեն։ Բացի այդ, նա չի կարող վախ տածել մի բանի հանդեպ, որը չի ճանաչում։ Սոկրատեսը չի կարող դադարել ինքն իրեն ու ուրիշներին փորձելուց, և մահապատիժը կորուստ է, ոչ թե իր, այլ քաղաքի համար, քանի որ դժվար թե գտնվի ուրիշ մեկը, ով թողնելով իր մասնավոր հոգսերը՝ կստիպի այլոց մտածել ճշմարտության մասին։ Համեմատում է իրեն բոռի հետ, որ աստծո կողմից կցված է քաղաքին, ինչպես ազնվացեղ ձիուն։ Նա ոչինչ չի սովորացրել, այլ հարցեր է տվել և այլոց դրդել անել նույնը։ Այդ հարցերի ու դրանց տրված պատասխանների մեջ այլասերող ոչինչ չի եղել և այդ բանը շատերը կարող են վկայել, իսկ հակառակը՝ ոչ ոք։ Սոկրատեսը թե՛ իր, թե՛ դատավորների համար անպատվություն է համարում գթություն աղերսել և մահապատիժը պատժի այլ ձևով փոխարինելու նպատակով դատարան բերել իր երեխաներին ու ազգականներին (28b -35d)։

II մաս.[խմբագրել]

Սոկրատեսը խոսում է ընդհանուր մեղադրանքից հետո։ Նա զարմացած է, որ իր դեմ ուղղված մեղադրանքին կողմ եղածների գերակշռությունը այդքան աննշան է եղել։ Ինքը՝ Սոկրատեսը իր արածի համար իրեն կդատապարտեր պրիտանեյոնում ընթրիքի։ Մահապատժի փոխարեն այլ պատիժ կրելը Սոկրատեսը համարում է անընդունելի, քանի որ բանտը ստրկություն է, աքսորը՝ կյանքից կառչող մարդու խղճուկ գոյություն, իսկ փրկագին վճարել նա ի վիճակի չէ։ Աշակերտների երաշխավորությունը և իր համար վճարելիք փրկագինը նա համարում է անընունելի, քանի որ չի պատրաստվում դադարեցնել ճշմարտության իր որոնումներն ու մարդկանց փորձելը (35e - 38b)։

III մաս.[խմբագրել]

Սոկրատեսը խոսում է մահավճրից հետո։ Իր դեմ քվերակածները իրեն չարիք չեն գործել, քանի որ նա ծեր է և նրա մահը կգար ինքնաբերաբար։ Նրանք չարիք են գործել իրենք իրենց, որոհվետև հետագայում մարդիկ իրեն կհամարեն իմաստուն, իսկ նրանց կմեղադրեն։ Նա չի փորձել խուսափել մահից, ինչը դժվար չէ անել անգամ պատերազմում. բավական է միայն ստորանալ, իսկ դա նրա համար անընդունելի է։ Այժմ Սոկրատեսի թշնամիները կենթարկվեն նրանց մերկացումներին, որոնց ինքը զսպում էր։ Իրեն արդարացնել ցանկացողներին դիմելով՝ Սոկրատեսն ասում է, որ նախկինում իր ամեն սխալ քայլը կանխող ու ընդվզող ներքին ձայնը այս անգամ լուռ է մնացել, այդկերպ հուշելով նրան չհակառակվել մահվանը և չխուսափել նրանից։ Մահը չարիք չէ, քանի որ եթե դա ոչնչացնում է, ապա իսկական ձեռքբերում է Սոկրատեսի համար, իսկ եթե տեղափոխություն է Հադես, ինչպես ասում են, ապա նույնպես ձեռքբերում է, քանի որ այնտեղ կգտնի արդար դատավորների, կհաղորդակցվի իր պես անարդար դատապարտվածների հետ և կշարունակի այնտեղ փնտրել առաքինություն և իմաստություն։ Դիմելով մեղադրողներին՝ Սոկրատեսը պահանջում է, որ իր զավակների հետ վարվեն ճիշտ այնպես, ինչպես ինքն է վարվել նրանց (մեղադրողների) հետ, այսինքն՝ տարհամոզել նրանց, եթե շատ տարվեն ընչաքաղցությամբ և դառնան ամբարտավան։ Իր խոսքի վերջում Սոկրատեսն ասում է, որ ինքը գնում է մեռնելու, իսկ իր մեղադրողները՝ ապրելու, և միայն աստծուն է հայտնի, թե դրանցից որն է ավելի լավ (38c - 42a)։[1],[2]

Aquote1.png
— Սակայն արդեն հեռանալու ժամն է, ինձ` մեռնելու, իսկ ձեզ` ապրելու։ Իսկ թե մեզնից ում է բաժին ընկնում ավելի լավը, չգիտի ոչ ոք, բացի աստծուց
Aquote2.png

[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մեջբերումները Պլատոն - Երկեր չորս հատորով, հատոր I. Սոկրատեսի պաշտպանականը. թարգմ. Սերգեյ Ստեփանյանը
  2. Պլատոն - Երկեր չորս հատորով, հատոր I. Սոկրատեսի պաշտպանականը. Մեկնություն Սերգեյ Ստեփանյանի էջ. 214-217
  3. նույնը Սոկրատեսի պաշտպանականը. e 42