Ձիասպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Muybridge race horse animated.gif

Ձիասպորտ, մարզաձև, որի մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Ձիասպորտի առաջնություններում մարզիկները մրցում են ձիավարության բարձրագույն դպրոցի, արգելքների հաղթահարման և եռամարտի առաջնություններում։ Մրցումներին մասնակցում են նաև կանայք։ Ձիավարության բարձրագույն դպրոցի մրցումները տեղի են ունենում ձիամարզարաններում և ձիաքայլքի տարբեր տեսակներ են ընդգրկում իրենց մեջ` վարգարշավը, քառատրոփարշավը, կողընթաց շարժումները, քառատրոփարշավի ժամանակ ոտքերի փոփոխելը, արագ կիսպտույտ մեկ ոտքի վրա, արագ լրիվ պտույտ մեկ ոտքի վրա և այլն։

Օլիմպիական խաղերի մրցումների ժամանակ անհրաժեշտ է 10-12 րոպեի ընթացքում կատարել մոտ 30 տարբեր շարժումներ։ Արգելքների հաղթահարման մրցության ժամանակ հեծյալը համապատասխան հաջորդականությամբ պետք է 160 սմ բարձրության 13-ից 16 արգելքներ հաղթահարի։

Եռամարտն ընդգրկում է մարզարանային ձիավարության, դաշտային փորձարկումների և արգելադաշտում` արգելքների հաղթահարման մրցումներ։

Պատմություն[խմբագրել]

Սկսած մ.թ.ա. 648-ից` ձիարշավի մրցումները մտնում էին հին հունական օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Նժույգավարության դպրոցները ստեղծվել են եվրոպական երկրներում (Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) դեռևս 15-րդ դարում։

Ձիասպորտը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում ձիարշավները, ձիախաղերը, ասպախաղը, կառարշավները հայտնի են դեռևս հեթանոսական ժամանակներից։ Ձիախաղերը և ձիարշավները կազմում էին հին հայկական ազգային համարյա բոլոր տոնախմբությունների անքակտելի մասը։ Ձիավարության մրցումներ էին կազմակերպվում ոչ միայն ազգային տոնախմբությունների, այլև ավանդական, սովորութային միջոցառումների ժամանակ (հարսանիքներ, հաղթանակի տոներ, ձեռնադրումներ, օծման արարողություններ և այլն)։

Մեր ժամանակներում ձիարշավի առաջին մրցումները Հայաստանում կազմակերպվել են 1920-ին։ 1949-ին Երևանում կառուցվել է հանրապետությունում միակ ձիարշավարանը, որը որոշակի դեր խաղաց ձիասպորտի զարգացման գործում։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 218։