Ժամանակակից հնգամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակակից հնգամարտ, օլիմպիական խաղերի մարզաձև, որին մասնակցում են միայն տղամարդիկ։ Տարբեր մրցությունների մասնակցում են կանայք։ Հնգամարտիկները մրցում են բազմամարտի անհատական և թիմային առաջնություններում։ Թիմի կազմը բաղկացած է երեք մարդուց։ Մարզիկները մրցում են ձիասպորտից, կրոսավազքից, լողից, հրաձգությունից և սուսերամարտից։ Հնգամարտի աթլետիկական կրոսավազքի մրցատարածությունը հավասար է 4 կմ-ի (կանանց համար` 2 կմ), լողատարածությունը` հավասար է 300 մ, մարզիկներն այն անցնում են ազատ ոճի լողով։ Հրաձգությունը կատարվում է ատրճանակից (տարածությունը` 25 մետր), որի ժամանակ մարզիկները կատարում են 20 կրակոց (4x5-ական կրակոց), ձիասպորտի առաջնությունում հնգամարտիկները մրցում են արգելքների հաղթահարման մարզաձևում։ 600-800 մետրանոց մրցատարածությունում նրանք հաղթահարում են 110-120 սմ բարձրություն ունեցող մինչև 15 տարբեր արգելապատնեշներ։

Սուսերամարտի մրցումներում հաղթանակը շնորհվում է մրցակցին առաջին և միակ խոցումը հասցնելու համար։ Սուսերամարտի ժամանակ բոլոր մասնակիցները հանդիպում են միմյանց հետ։ Եթե 3 րոպեի ընթացքում ոչ ոք խոցում չի կատարում, երկուսին էլ գրանցվում է պարտություն։ Այս հինգ մարզաձևերի մրցության ընդհանուր հաշվարկով որոշվում է և՛ հաղթողը, և՛ հաղթող թիմը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 136-137։