ՀՀ կրթությունը մինչև 19-րդ դարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևի համալսարան

Կրթությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը

Հայոց դպրոցի բուն պատմությունը սկսվել է հայոց գրերի ստեղծումով (405), որից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթևի աջակցությամբ ձեռնամուխ է եղել կրթատների բացմանը։ Առաջին դպրոցը (վարդապետարան) բացել է Վաղարշապատում (գոյատևել է մինչև 51 թվականը), այնուհետև դպրոցներ է հիմնել Հայաստանի այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում, առաջինը՝ Ամարասում։ Մեսրոպյան դպրոցներում դասավանդվել են հայոց լեզու, երգ, երաժշտություն, գրչության արվեստ և այլն։ Խոշոր դպրոցները միաժամանակ եղել են գրչության կենտրոններ, ունեցել են ձեռագրատներ։ Գործել են նաև որոշակի թեքումով (գրիչների, թարգմանիչների) դպրոցներ։

Դպրոցներում նախապես դասավանդվել են Սուրբ Գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա), ապա նաև աստղաբաշխություն, բարոյագիտություն, թվաբանություն և այլն։ Ավելի ուշ Դավիթ Անհաղթը (5-րդ դարում) առաջարկել է քառյակ գիտությունների (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն) ուսուցում բարձր տիպի դպրոցներում։ Այն իրականացրել է Անանիա Շիրակացին (7-րդ դարում)՝ ստեղծելով հայ աշխարհիկ առաջին գիտական դասագիրքը՝ «Քննիկոնը» (ընդգրկված էին «Յոթ ազատ արվեստները»)։ 8-9-րդ դարերում վերելք են ապրել Սյունյաց դպրոցը, Գեղարքունիքի գավառի Մաքենյաց ուխտը և այլն։

9-րդ դարերում արաբ, լծի թոթափումը, հայկական պետականության վերականգնումը, տնտեսական կյանքի, ինչպես նաև քաղաքների զարգացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել հայկական մշակույթի զարգացման համար։ Բագրատունիների և Զաքարյանների հովանավորությամբ՝ Հայաստանում, Ռուբինյանների հովանավորությամբ Կիլիկիայում բացվել են տարբեր տիպերի դպրոցներ, այդ թվում՝ աշխարհիկ։ Այդպիսի դպրոցներ գործել են Անիում, Արգինայում, Վանում, Կարսում և այլուր. սաներին ուսուցանել են գրել-կարդալ, երգեցողություն, տարրական թվաբանություն։ Կազմակերպվել են նաև մասնավոր դպրոցներ (առանձնական, իմաստնոց, տուն-դպրանոց), որտեղ տալիս էին քահանայական կրթություն։ Տարածված էին նաև խոշոր վանքերին կից վանական դպրոցները, եղել են 2 կարգի՝ տարրական և բարձր։ Այդ շրջանում նկատելի էր դպրոցների աշխարհականացման գործընթացը։ Նշանավոր դեմքերից էին Հովհաննես Կոզեռնը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը և ուրիշներ։

Կիլիկյան Հայաստանում արդեն 11-րդ դարի վերջին դեռահաս սերնդի համընդհանուր ուսուցման և դաստիարակության համար բացվել են բազմաթիվ դպրոցներ, կրթությունը եղել է անվճար ու մատչելի բոլոր խավերի համար։ Նախնական կրթությունն սկսվել է 7 տարեկանից և տևել է 3-5 տարի, սովորեցրել են գրաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երաժշտություն, նկարչություն, նախնական գիտելիքներ են տվել կրոնից, պատմությունից, աշխարհագրությունից և այլն։ Միջնակարգ դպրոցում ուսուցանել են քերականություն, ճարտասանություն, գրչության արվեստ, նկարչություն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, օտար լեզուներ և այլն։ Վարդապետարաններում դասավանդել են աստվածաբանություն, իմաստասիրություն, տրամաբանություն, իրավագիտություն, դիվանագիտություն, բժշկագիտություն և այլն, պատրաստել են գիտնականներ, պետական և հոգևոր աստիճանավորներ։ Ոաուցման լեզուն եղել է կիլիկյան միջին հայերենը։ Կիլիկյան խոշոր ուսումնագիտական կենտրոններից էին Ակները, Արքայակաղնին, Դրազարկը, Կրական, Հեսվանցը, Մաշկևորը, Մեծքարը, Սկևռանը, Սիսը, Տարսոնը և այլն։

12-րդ դարի վերջին աչքի ընկնող ուսումնական հաստատություններից էին Նոր Գետիկում (հետագայում՝ Գոշավանք) Մխիթար Գոշի հիմնած վարդապետարանը, Խորանաշատի վանքի՝ Հովհաննես Տավուշեցու, 13-րդ դարում Կարնո բերդի՝ Վարդան Արևելցու (հետագայում տեղափոխվել է Խոր վիրապ), ինչպես նաև Հառիճի, Հաղարծնի, Երզնկայի (գլխավորել է Հովհաննես Երզնկացին) և այլ դպրոցներ։

14-15 դարերում նշանակալի արդյունքի են հասել Եղվարդի, Այրիվանքի, Ցիպնավանքի, Սյունյաց աշխարհի Հերմոնի և այլ դպրոցներ, որտեղ շեշտը դրվել է հատկապես գիտափիլիսոփայական, հասարակական առարկաների ուսումնասիրման և գրչագրական, ձեռագրագիտական հմտություններ ձեռք բերելու վրա։

14-16-րդ դարերի խառնակ ու դժվար պայմաններում անգամ գործել են Սևանի, Սսի, Սեբաստիայի, Ամիդի դպրոցները։ 17-րդ դարի 1-ին կեսից վերստին զարթոնք է ապրել դպրոցաշինությունը։ Վերաբացվել են Բաղեշի Ամրդոլու վանքի (մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես Վարդան Բաղիշեցու րաբունապետության օրոք և կոչվել է համալսարան), Հարանց անապատի, Հովհաննավանքի, Բաղեշի, Լիմ կղզու և այլ դպրոցներ, Էջմիածնում, Երևանում և այլուր հիմնվել են նորերը։

17-րդ դարի 30-ական թվականներին Խաչատուր Կեսարացին հայկական դպրոց է բացել Նոր Ջուղայում, որը գոյատևել է մինչև 18-րդ դարի վերջը, եղել է նաև գրչության կենտրոն, ունեցել է մատենադարան, որը գործում է ցայսօր և ունի ավելի քան 700 ձեռագիր։

1717 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ միաբանության վանքին կից, Մխիթար Սեբաստացին հիմնել է դպրոց, որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն։ Ունեցել է նորընծայարանի և քահանայության բաժիններ։ Դասավանդվել են ճարտասանություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, տրամաբանություն, հետագայում մեծ տեղ է հատկացվել պատմալեզվագիտական ու աշխարհագրության առարկաներին։ 1799 թվականին Զմյուռնիայում բացվել է նշանավոր և երկարակյաց (մինչև 1922 թվականը) ուսումնական հաստատություններից մեկը՝ Մեսրոպյան վարժարանը։

Միջնադարում կրթության զարգացմանը մեծապես նպաստել են Սանահինի, Գլաձորի, Տաթևի համալսարանները, որոնց ուսումնակրթական փորձը և մատենագիտական վիթխարի ժառանգությունն օգտագործվել են դպրոց, ուսումնական ծրագրերում։ Դպրոցները ինչպես բուն Հայաստանում ու Կիլիկիայում, այնպես էլ գաղթավայրերում (Հնդկաստան, Սիրիա, Երուսաղեմ և այլն) գիտական, մշակութային, մատենագիտական, ազգային, հասարակական կենտրոններ էին, գրականության, գիտության, արվեստի ստեղծման ու տարածման կրթատներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։