Մեսրոպյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպյան վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1799
Լուծարված է1922
Երկիր Օսմանյան կայսրություն
ՏեղագրությունԻզմիր

Մեսրոպյան վարժարան, հայկական ուսումնական հաստատություն Զմյուռնիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1799 թվականին՝ հայ համայնքի նվիրատվություններով։ Կրոնական առարկաներից բացի դասավանդվել են հայերեն, հունարեն, թուրքերեն, իտալերեն, թվաբանություն (հետագայում՝ երկրաչափություն, հանրահաշիվ), պատմություն, դիցաբանություն, աշխարհագրություն, գծագրություն, վայելչագրություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, ֆրանսերեն, անգլերե, 1886 թվականից՝ աշխարհաբար։ 1850-ական թվականներին սովորում էր 400, ավելի ուշ՝ 600 աշակերտ։ Դասավանդումը տարվում էր միջնակարգ դպրոցի ծրագրով։ Շրջանավարտները կարող էին ընդունվել բարձրագույն ուս․ հաստատություններ։ Մինչև 1877 թվականը ուսուցումը անվճար էր, այնուհետև՝ չափավոր վարձով, ուներ գիշերօթիկ բաժին։ 1840-1845 թվականներին գործել է տպարան, հրատարակվել 10 անուն գիրք։ Լույս են տեսել «Թութակ հայկազյան» և «Երկասեր» մանկական հանդեսները, որոնցում տպագրվել են դպրոցականների ստեղծագործությունները։ Մեսրոպյան վարժարանն ուներ հարուստ գրադարան, բնագիտական թանգարան։ 1891 թվականին ստեղծվել են կիրակնօրյա, շաբաթօրյա ու երկօրյա դասընթացներ՝ ուսուցումից դուրս մնացած երիտասարդության համար։ Վարժարանի տեսուչներ են եղել Հ․ Վանանդեցին, Ա․ Փափազյանը, Մ․ Կանյանը, Մ․ Մամուրյանը, Հ․ Իֆեկճյանը, Մ․ Աղաբեկյանը, Թ․ Պոյաճյանը և ուրիշներ։

Հայտնի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել են Ղ․ Պալդազարյանը, Խ․ Մելիքսելումյանը, Տետեյան եղբայրները, Մ․ Ոսկանյանը, Ս․ Վանանդեցին, Գ․ Չիլինկիրյանը, Մ․ Մամուրյանը, Մ․ Աղաբեկյանը, Գ․ Բաբազյանը, Գ․ Մարկոսյանը, Մ․ Նուպարյանը, Մսեր Մսերյանը, Մ․ Ապրոն և ուրիշներ։ Վարժարանը տվել է ավելի քան 1500 շրջանավարտ։ Գոյատևել է մինչև 1922 թվականը, երբ հույն-թուրքական պատերազմի հետևանքով գաղթավայրը վերացել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 472