Կզաքիսով տիկինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կզաքիսով տիկինը
իտալ.՝ Dama con l'ermellino
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի
տարի1489-1490
բարձրություն54 սանտիմետր
լայնություն39 սանտիմետր և 53,4 սանտիմետր[1]
ուղղությունԲարձր վերածնունդ[2]
ժանրդիմապատկեր[3][1]
նյություղաներկ, փայտ
գտնվում էԼեհաստան Լեհաստան
հավաքածուՉարտորիսկիների թանգարան
քաղաքԿրակով
հիմնական թեմաՉեչիլիա Գալլերանի
https://www.wga.hu/html/l/leonardo/02/4ermine1.html, https://zbiory.mnk.pl/en/catalog/157417, https://nicofranz.art/en/leonardo-da-vinci/lady-with-an-ermine, https://www.leonardodavinci.net/lady-with-an-ermine.jsp, https://zbiory.mnk.pl/pl/katalog/157417 կայք
Ծանոթագրություններ
 Lady with an Ermine Վիքիպահեստում

Կզաքիսով տիկինը (իտալ.՝ Dama con l'ermellino), Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող կտավ։ Շատ հետազոտողների կարծիքով այն Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհու` Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է, ինչը հաստատվում է կտավի խորհրդանշական բարդ համակարգով։ «Մոնա Լիզա», «Ջինևրա դե Բենչիի դիմանկար», «Չքնաղ Ֆերոնիերան» կտավների հետ «Կզաքիսով տիկինը» Դա Վինչիի` կանանց պատկերող չորս կտավներից մեկն է։

Կտավի ենթադրյալ բնորդուհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար համարվում է, որ նկարի բնորդուհին Միլանի դուքսի սիրուհի Չեչիլիա Գալերանին է։ Նախկինում կար վարկած, համաձայն որի` այս նույն կինն է պատկերված «Չքնաղ Ֆերոնիերան» կտավում։ Սակայն այժմ ենթադրվում է, որ այդ կտավում պատկերված է դուքսի մեկ այլ սիրուհին` Լուկրեցիա Կրիվելին։

Կտավի նույնացումը Գալերանիի կերպարին կատարվել է նոր ժամանակներում։ Դեռևս 1877 թվականին Լեոնարդո դա Վինչիի արվեստը հետազոտողները գրում էին. «Բանաստեղծների փառաբանած այս նկարից մնացել են մի քանի վիճելի կրկնօրինակներ և Բելինչոնիի սոնետները։ Մատնանշում են, որ գեղեցկուհի Չեչիլիայի կտավի բնօրինակը 18-րդ դարում պատկանել է Միլանի մարքիզին։ Բայց ու՞ր է այն այսօր[Ն 1]: Նախկինում դրա հին կրկնօրինակը գտնվում էր Ամբրոզիանի գրադարանում, Մյունխենի պատկերասրահում էլ գտնվել է «Սուրբ Չեչիլիա» կտավը, որը Լեոնարդոյի աշակերտների կրկնօրինակն է ամենևին էլ ոչ այնքան սուրբ Չեչիլիա Գալերանիի։ Կա նաև երկրորդ բնօրինակ դիմանկարը, որը գտնվում է իտալական Պալավիչինո ֆեոդալական ընտանիքի մոտ և նկարվել է նկարչի փառքի գագաթնակետին»[4]։

Ստեղծման պատմություն և տարեթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չքնաղ Ֆերոնիերան». Լեոնարդո դա Վինչիի կտավը, ուր պատկերված է Լյուդովիկոյի մեկ այլ սիրուհին` Լուկրեցիա Կրիվելին

Ենթադրվում է, որ Լեոնարդոն, ով աշխատում էր Միլանի պալատում, դիմանկարը ստեղծել է այն ժամանակ, երբ Չեչիլիան դուքսի սիրուհին էր` 1489-1490 թվականներին։ Գրականության մեջ ընդունված է այն կարծիքը, որ դիմանկարը պատկերում է 17-ամյա Չեչիլիային, ինչը այլևս ապացուցման ենթակա չէ։ Մյուս կողմից` հանդիպում է թվագրում, որը վերաբերում է նկարչի` Միլանում աշխատելու վաղ շրջանին` 1482-1483 թվականներին։ Այդ դեպքում նկարում պատկերված չէ Չեչիլիան, քանի որ այդ ժամանակ վերջինս ընդամենը 10 տարեկան էր։ Ուրիշ աղբյուրներով կտավը ստեղծվել է 1487 թվականին, ինչի ապացույցն է Չեչիլիայի` իսպանական նորաձևությամբ սանրվածքը, որը Միլան է ներմուծել Իզաբել Արագոնցին. վերջինիս ամուսնության տարեթիվը Լյուդովիկո Սֆորզայի զարմիկի հետ հայտնի է[5]։

Կան Չեչիլիայի և Դա Վինչիի ծանոթության անուղղակի վկայություններ։ Նրանք հանդիպել են Սֆորզայի ամրոցում։ Ամենայն հավանականությամբ 1489 թվականին նկարիչը սկսել է նկարել դիմանկարը։ Չեչիլիան հրավիրել է նկարչին միլանյան մտավորականության հավաքույթներին, որոնց ժամանակ քննարկվել են փիլիսոփայական և տարբեր այլ գիտություններին վերաբերող հարցեր։ Չեչիլիան անձամբ գլխավորում էր այդ հավաքույթները։

Պահպանվել է Լեոնարդոյի նամակի սևագրությունը, որը ենթադրաբար ուղղված է Չեչիլիային։ Նամակը սկսվում է հետևյալ կերպ. «Սիրելի'դ իմ աստվածուհի (amantissima mia diva)...»: Կա ենթադրություն, որ նրանք մտերիմներ են եղել, սակայն այդ տեսակետը հիմնավորված չէ, քանի որ այսպիսի դիմելաձևը սիրային նամակագրությանը բնորոշ չի եղել։ Չկան նաև վկայություններ, որ Լեոնարդոն հետաքրքրված է եղել կանանցով[6]։

Ասում են, որ իտալացի բանաստեղծ Բերնարդո Բելինչիոնեն (1452—1492), տեսնելով Չեչիլիայի դիմանկարը, ասել է. «Լոմբարդյան բիրտ որկրամոլներին տրվել է փայլուն դաս. անասնակերով լեցուն ախոռում տոսկանացուն հաջողվել է գտնել մաքուր գոհար»։ Բանաստեղծը գրել է նաև սոնետ, որ տպագրվել է նրա մահից մեկ տարի անց (բանաստեղծն ու նկարիչը ծանոթ են եղել)[7]։

Ենթադրաբար «Կզաքիսով տիկինը» կտավն է հիշատակված Չեչիլիա Գալերիանիի` Իզաբել դե Էստեեին ուղղված նամակում (1489 թվական, ապրիլի 29)։ Իզաբելը խնդրում է ուղարկել նկարը, որպեսզի համեմատի այն Ջովաննի Բելլինիի աշխատանքի հետ. «Իմանալով, որ Լեոնարդոն նկարել է Ձեր դիմանկարը, խնդրում ենք մեծահոգի լինել և ուղարկել այն, որպեսզի մենք ոչ միայն համեմատենք երկու նկարիչների գործերը, այլև մեկ անգամ ևս առիթ ունենանք Ձեր վեհասքանչ դեմքը տեսնելու»[8]։

Չեչիլիան պատասխանում է, որ դիմանկարը բնորդուհուն արդեն այնքան էլ նման չէ, քանի որ կտավը ստեղծելու ժամանակ ինքը շատ երիտասարդ է եղել. իր կերպարանքը բավական փոխվել է (per esser fatto esso ritratto in una eta sм imperfecta che io ho poi cambiata tutta quella effigie)։ Դիմանկարը ուղարկվել է Իզաբելին[9]։

Հեղինակային պատկանելություն և պահպանվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոջիո դե Պրեդիս, Լյուդովիկո Սֆորզայի օրինական կնոջ` Բեատրիչե դ'Էստեի դիմանկարը

Կտավը բազմիցս վերանկարվել է, ինչը թույլ չի տալիս հաստատապես պնդել, որ կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է։ Ամեն դեպքում բավական լավ են պահպանվել նկարի` կնոջն ու կզաքիսը պատկերող մասերը, ինչն էլ վկայում է, որ նկարը ստեղծված է մեծ վարպետությամբ[10]։

Նկարը ավելի վաղ վերագրվել է տարբեր նկարիչների` Մարկո դ'Օջոնոյին, Բոլտրաֆիոյին, Ամբրոջիո դի Պրեդիսուին։

Նկարի ճառագայթային հետազոտությունը ցույց է տվել, որ այն բազմիցս վերանկարվել է։ Կտավի ֆոնը մգացել է (սկզբում հավանաբար եղել է մուգ կապույտ), աջակողմյան վերին հատվածում պատկերված դուռը հեռացվել է։ Նկարի ֆոնը փոփոխվել է 1830-70 թվականներին. հնարավոր է, որ այն արել է Էժեն Դելակրուան։

Բնագիր օրինակում կնոջ գլուխը զարդարել է թափանցիկ քողը, որն ուղղված էր վարսերով։ Փոխված են մազերի բացվածքի գիծը, աջ ձեռքի երկու մատերը[11]։ Ձախակողմյան վերին անկյունի գրությունը` «LA BELE FERONIERE LEONARD D’AWINCI», ավելացված է ավելի ուշ։ Ամեն դեպքում գրությունը արված չէ Իտալիայում, այլապես Լեոնարդ անունը վերջում կգրվեր «О»-ով և չէր օգտագործվի «W» տառը։

Հետազոտությունները բացահայտել են spolvere տեխնիկայի կիրառումը կերպարների ուրվագծերում։ Կնոջ ձեռքերի հետքերը, որոնք սովորաբար հանդիպում են Լեոնարդոյի` այդ շրջանի կտավներում, հայտնաբերվել են Չեչիլիայի դեմքին և կենդանու գլխին[Ն 2]: Ռենտգենյան հետազոտություննեը ցույց են տվել, որ Լեոնարդոն սկզբում ցանկացել է կերպարը շրջապատել կամարով կամ կամարաձև պատուհանով, սակայն հետո մտափոխվել է։

Կտավի նկարագրություն և խորհրդանշանների համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ ճակատը զարդարում է նուրբ ֆերոնիերկան (ֆր.՝ ferronnière)։ Գլխին թափանցիկ ապարոշ է, որն ամրացված է ծնոտի տակ[13]։ Վզին մուգ մարգարիտներով վզնոց է` վիզն ընդգրկող և երկրորդ շարքով կրծքին իջնող, ուր այն կորչում է վզի քառանկյուն բացվածքում։

Չեչիլիա Գալերանին պատկերված է գլուխը փոքր-ինչ թեքած, ինչը, չնայած գլխի` ձախ ուսին խիստ թեքված լինելուն, շատ բնական է նայվում։ Այդ տպավորությունը լրացնում են երիտասարդ դեմքի նուրբ ու փափուկ գծերը, որոնք ընդգծված են ծնոտի տակ խնամքով հավաքված մազերով։ Սանրվածքի խստությունը և հանդիսատեսին չուղղված հայացքը ստեղծում են զուսպ կերպարի տպավորություն. Չեչիլիայի կերպարում զգացվում է անավարտ լինելու ինչ-որ զգացողություն, ինչը հատուկ գրավչություն է հաղորդում նրան։

Կտավում Չեչիլիան ձախ է թեքված. կարծես լսում է աներևույթ ինչ-որ մեկին (սա առաջին անգամ նշել է բանաստեղծ Բեռնարդո Բելինչիոնեն)։ Երեք քառորդով թեքված այսպիսի դիմանկարները Լեոնարդո դա Վինչիի բացահայտումներից են։

Դիմանկարում օրիորդ Չեչիլիայի ուսերը թեքված են այնպես, ինչքանով որ նրանց դիրքից կախված են ձեռքերի դիրքը և գլխի թեքությունը։ Եթե ուսերը շարժվեն, կշարժվի և գլուխը, միայն թե հակառակ ուղղությամբ` համաձայն կոնտրապոստի սկզբունքի։ Չեչիլիայի նիհարավուն կազմվածքին համապատասխանում են կլորավուն դաստակները. մեջտեղի մատները առանձնացված են։ Կլորավուն է նաև վախից կնոջը սեղմված կենդանին` կզաքիսը։ Կզաքիսի կերպարը երկակի բացատրություն ունի. այն խորհրդանշում է կուսությունն ու իշխանությունը։ Առաջինն այս պարագայում հարմար չէ, մնում է երկրորդը. կզաքիսը դեռ կարող է աճել, իսկ Լոդովիկո Մորոն` դառնալ Միլանի դուքս[7]։
- Ա. Գաստև

Կ. Պեդրետին կարծում էր, որ «....կտավը Լեոնարդո դա Վինչիի ամենագեղեցիկ նկարն է։ Դրա օգտին են խոսում կերպարի դիրքի առանձնահատկությունը, վառ արտահայտչականությունը, որը հաստատվում է կնոջ ազնվականական դեմքի և կենդանու խորհրդանշանով։ Այս կտավով Դա Վինչին հիմնում է 15-րդ դարի դիմանկարի սկզբունքը. կերպարը չի նկարվում ուղիղ դիրքով, այլ երեք քառորդով, ինչը հատուկ է կիսանդրիներին։ Առկա է պահի ճիշտ պատկերումը, բնականությունը, ինչը կինոյի ժապավենի կադր է հիշեցնում»[14]։

Ռուս արվեստագետ Վ. Գրաշչենկովը գրել է.

Լեոնարդոն կերպարը պատկերել է մինչև գոտին` դրանով ձեռքերը պատկերելու հնարավորություն ստանալով։ Հոգեբանական ճշգրտությամբ է տրված ձեռքերի շարժումը, ինչը թույլ է տալիս բացահայտելու հոգեկան գաղտնի մղումները։ Չեչիլիայի մատները զգուշավոր քնքշությամբ հպված են վախկոտ կենդանու մորթուն։ Արտահայտիչ է դիմանկարում առկա ուժեղ կոնտրապոստը. երիտասարդ կնոջ ուսերը թեքված են ձախ, իսկ անմեղ հայացքով դեմքը` աջ։ Սա նկարին կենդանություն է հաղորդում։ Բավական համարձակ է Չեչիլիա Գալերանիի կերպարի պատկերումը կտավում։
- Վ. Գրաշչենկով

:

Կզաքիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կզաքիս. համարվել է մաքրության և իմաստության խորհրդանիշ

Կնոջ արտահայտիչ թեքությունը ընդգծվում է կզաքիսով։ Կենդանու ներկայությունը կտավում բացատրվում է մի շարք հանգանաքներով։

  • Կզաքիսի հունարեն անվանումը` հունարեն՝ γαλῆ (գալե), ստուգաբանորեն կապվում է Գալերանի ազգանվանը։ Այն ժամանակներում նման բառախաղը շատ տարածված էր Իտալիայի ազնվականության շրջանում։
  • Սպիտակ մորթու շնորհիվ` կզաքիսը համարվել է մաքրության և իմաստության խորհրդանիշ։ Այս մասին գիտեր նաև նկարիչը։ Պահպանվել է նրա ստեղծած նկարը` Allegory of the Ermine (Քեմբրիջ, Ֆիցուլյամա թանգարան), ուր պատկերված է այնպիսի տեսարան, որտեղ կզաքիսը նախընտրում է բռնվել որսորդի կողմից, քան կեղտոտել սպիտակ մորթին[15]։ Կզաքիսը կարող էր ընդգծել դուքսի սիրուհու համապատասխանությունը պալատական բարոյականությանը. կինը պետք է լինի մի կողմից խոհեմ, մյուս կողմից` հրաշալի սիրուհի։ Այսինքն` չնայած կինը ամուսնացած չէ, բայց դա չի կարող արատավորել նրան։ Մի գիտնական ենթադրել է, որ Չեչիլիան նկարը ստեղծելու ժամանակ պետք է որ հղի լիներ։ Այդ դեպքում կզաքիսը ոչ միայն հատուկ գործառույթ ունի` ծածկել կնոջ որովայնը, այլև ցույց է տալիս, որ ապօրինի զավակ կրելը ամոթալի չէ[16]։
  • Մյուս կողմից` կզաքիսը կարող է վերաբերել Լյուդովիկո Սֆորզային, քանի որ նա 1488 թվականից եղել է Կզաքիսների օրդենի անդամ` կենդանու պատկերը դարձնելով անձնական խորհրդանիշ[17]։

Կենսաբանական տեսանկյունից կենդանու ճշգրիտ պատկերումը (հատկապես` թաթերը ճանկերով) հակասում է նկարչի բարոյահոգեբանական կարգավիճակին` իր մեջ կրելով սեքսուալ երանգավորում։ Դա է վկայում նաև Չեչիլիայի թևքի բացվածքը։ Սակայն սեքսուալության արտահայտումը Վերածննդի շրջանում նորություն չէր[18]։

Կա տեսակետ, որ հայտնել է արվեստի գերմանացի հայտնի տեսաբան Վիլհելմ ֆոն Բոդեն, համաձայն որի` կտավում պատկերված կենդանին ոչ թե կզաքիս է, այլ ժանտաքիսի ալբինոս տեսակ[19][20]։

2011-2014 թվականներին կտավը մուլտիսպեկտրալ տեսախցիկով ուսումնասիրել է ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոտը և հայտնաբերել շերտ, որում կենդանին ավելի փոքր չափեր և մոխրագույն երանգավորում ունի[17][21]։

Կտավի պատմությունը նոր ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ռոսլին «Իզաբելա Չարտորիսկու դիմանկարը»

Կտավի մասին գրավոր հավաստի տեղեկությունները սկսվում են 18-րդ դարի վերջից։ 1798 թվականին կտավն Իտալիայից Կրակով է բերում լեհ իշխան Ադամ Չարտորիսկին։ Նրա մայրը` Իզաբելան, ում իշխանը նվիրել էր կտավը, նկարը հանձնում է 1802 թվականին իր իսկ կողմից հիմնված թանգարանին։

1830 թվականի լեհական ապստամբությունից հետո Չարտորիսկիների ունեցվածքը բռնագրավվում է Ռուսական կայսրության կողմից, սակայն Չարտորիսկին կտավը հասցնում է ուղարկել Փարիզ, որտեղ բնակություն է հաստատում նաև իշխանը։ Իզաբելայի թոռ Վլադիսլավը, փրկվելով ֆրանս-պրուսական պատերազմից, լքում է Ֆրանսիան և 1876 թվականին հավաքածուն վերադարձնում Լեհաստան, որտեղ Կրակովում բացում է թանգարան` Չարտորիսկիների թանգարանը. հենց այնտեղ էլ իր տեղն է գտնում «Կզաքիսով տիկինը»։ Կտավի նույնականացումը Լեոնարդոյի վրձնին կատարվել է ավելի ուշ։ Լեոնարդո դա Վինչիի գործերի` 19-րդ դարի կատալոգներում կտավը չի հիշատակվել, իսկ գրավոր վկայություններից հայտնի կտավը` Չեչիլիայի պատկերով, չի պահպանվել։ Կտավի կրկնօրինակը հրատարակվել է 1889 թվականին արվեստի գերմանացի տեսաբան Մյուլեր-Վալդեի կողմից։ Կտավը նույնականացվել է Լեոնարդոյի գործին 1900 թվականին Յան Բոլոժ-Անտոնևիչի կողմից[9]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կտավը ապահովության համար տեղափոխվել է Դրեզդենի պատկերասրահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ այն կրկին թաքցվել է, սակայն 1939 թվականին կտավը հայտնվել է նացիստների ձեռքում։

Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացումից հետո 1939 թվականին նկարը տարհանվել է Լինց` Հիտլերի թանգարան և շուտով հայտնվել կայզեր Ֆրիդրիխի բեռլինյան թանգարանում (այժմ` Բոդե թանգարան1940 թվականին Լեհաստանի գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկը հրամայում է կտավը վերադարձնել Կրակով։ Պատերազմի վերջում լեհ-ամերիկյան հանձնաժողովը կտավը հայտնաբերում է Ֆրանկի` Բավարիայում գտնվող տանը։ 1946 թվականին «Կզաքիսով տիկինը» վերադարձվում է Լեհաստան[22]։

Կտավը Լեոնարդո դա Վինչիի գործերից միակն է, որ գտնվում է Լեհաստանում։ Այդ փաստը ազգային հպարտության տեղիք է տալիս լեհերի շրջանում։ «Վա-բանկ 3» (լեհ.՝ Vinci) ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է կտավի առևանգման մտացածին պատմությունը. առևանգիչն անգամ չի ուզում կատարել այդ քայլը` հայրենիքից դուրս բերել համաշխարհային կարևորության գանձը։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հնարավոր է՝ այն գնել է Ադամ Չարտորացին։
  2. ««Ֆրանսիացի ինժեներ և գյուտարար Պասկալ Կոտտը լուսանկարեց Լեոնարդո դա Վինչիի մատնահետքերը, որոնք նկարիչը թողել է «Կզաքիսով տիկինը» նկարի վրա, որն էլ այժմ պահվում է Կրակովի Չարտորացիների թանգարանում։ Արվեստաբանները կասկածներ ունեին, որ այս կտավի վրա աշխատել են դա Վինչիի աշակերտներն ու օգնականները, բայց Կոտտի հետազոտություններն ապացուցում են, որ նկարիչը համարյա ամբողջությամբ տիկնոջը նկարել է ինքը։ Կոտտի այս և այլ եզրահանգումների մասին գրում է France Presse գործակալությունը։ Պասկալ Կոտտն ուսումնասիրում է դա Վինչիի և այլ նկարիչների կտավները՝ օգտագործելով հատուկ 240 մեգափիքսել թույլտվությամբ հատուկ ֆոտոապարատ։ Նկարներն այնուհետև դիտարկվում են տարբեր օպտիկական սպեկտներում, որը թույլ է տալիս տեսնել ներկի շերտերը, նախապատրաստական ներկերը և անզեն աչքի համար անտեսանելի այլ դետալներ։ Շնորհիվ այս տեխնոլոգիայի՝ հնարավոր եղավ պարզել, որ նկարի սկզբնական ֆոնը ոչ թե սև է եղել, այլ մուգ կապույտ, հնարավոր է երկու գունանյութերի՝ ազուրիտի և հողի խառնուրդ։ Այսինքն՝ նկարի ժամանակակից տեսքը տուժել է անհաջող վերականգնումների արդյունքում։ Բացի այդ, կզաքիսին ի սկզբանե Լեոնարդոն նկարել է այլ կերպ՝ ավելի անմիջական դիրքով»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.dhm.de/datenbank/ccp/mu.php?no=146/9
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. https://zbiory.mnk.pl/en/search-result/advance/catalog/157417
  4. Leonardo da Vinci A Treatise on Painting by Leonardo Da Vinci. — Kessinger Publishing (репринт издания 1877 года), 2004. — P. 226. — 340 p. — ISBN 9781417948352
  5. Михайлов, Б. П. Леонардо да Винчи Архитектор. — М.: Государственное издательство литературы по строительству и архитектуре, 1952.
  6. Leo Calvin Rosten The story behind the painting. — Cowles Magazines & book trade distribution by Doubleday, Garden City, 1962. — P. 32. — 165 p.
  7. 7,0 7,1 Гастев, А. А. Глава 16 // Леонардо да Винчи. — М.: Молодая Гвардия, 1982. — (Жизнь замечательных людей).
  8. Gaia Servadio Renaissance woman. — I.B.Tauris, 2005. — P. 52. — 274 p. — ISBN 9781850434214
  9. 9,0 9,1 Cecilia Gallerani: Leonardo’s Lady with an Ermine, by Janice Shell and Grazioso Sironi
  10. Italian home galleries. «Lady with an Ermine: PRESERVATION AND SCIENTIFIC EXAMINATIONS» (English). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Lady with the Ermine». BBC. 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. Руку Леонардо разглядели с помощью фотокамеры
  13. CECILIA O LA DAMA CON L’ERMELLINO. ABBIGLIAMENTO E ICONOGRAFIA: NUOVE SCOPERTE - PARTE I. di Elisabetta Gnignera
  14. Д. К. Самин Леонардо да Винчи // Сто великих художников. — Вече, 2005. — ISBN 5-9533-0862-0
  15. Frank Zöllner Leonardo da Vinci, 1452-1519. — Taschen, 2000. — P. 45. — 96 p. — ISBN 9783822859797
  16. James Hall The sinister side: how left-right symbolism shaped Western art. — Oxford University Press. — P. 225. — 489 p. — ISBN 9780199230860
  17. 17,0 17,1 «На картине да Винчи «Дама с горностаем» изначально не было животного». Газета.Ru. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  18. Norbert Schneider The art of the portrait: masterpieces of European portrait-painting, 1420-1670. — Taschen, 2002. — P. 55. — 240 p. — ISBN 9783822819951
  19. Giorgio Vasari Leonardo da Vinci / Ludwig Goldscheider. — Phaidon Press, 1948. — P. 26. — 44 p.
  20. Clive Roots Domestification. — Greenwood Publishing Group, 2007. — P. 183. — 199 p. — ISBN 9780313339875
  21. Chris Johnston (2014 թ․ սեպտեմբերի 30). «Secrets of Leonardo da Vinci painting laid bare by new scanning technique» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  22. «Lady with an Ermine (Portrait of Cecilia Gallerani)/ Exibition in the Museum of Fine Arts, Houston». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կզաքիսով տիկինը» հոդվածին։