Կարլ Լինեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Կարլ Լիննեյ
Carl von Linné

Կարլ ֆոն Լիննեյ, Ալեքսանդր Ռոսլին, 1775 թ.
Ծնվել է 1707 թ., մայիսի 23 (1707-05-23)
Շվեդիա Շվեդիա
Մահացել է հունվարի 10, 1778 (70 տարեկան)
Շվեդիա Շվեդիա
Բնակության վայր Շվեդիա Շվեդիա
Ազգություն Շվեդ
Դավանանք Լյութերական
Գիտական ոլորտ Բուսաբանություն
Կենսաբանություն
Կենդանաբանություն
Ալմա մատեր Լունդի համալսարան
Ուպսալայի համալսարան
Հայտնի է որպես Դասակարգում
Էկոլոգիա
Բուսաբանություն
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) L.
Ստորագրություն
Ծանոթագրություններ

Linne CoA.jpg
Կարլ ֆոն Լիննեյի զինանշանը
Աշխատությունները Վիքիդարանում
Կարլ Լինեյի ծնված տեղը Րոսհուլտում:
Լինեուսի արձանը Լունդում։
2005թ. լուսանկար

Կարլ Լինեյ (շվեդ.՝ Carl Linnaeus, Carl Linné, լատ.՝ Carolus Linnaeus, ազնվականություն ստանալուց հետո՝ Carl von Linné; 1707 թ. մայիսի 23, Ռոսհուլտ - 1778 թ. հունվարի 10, Ուփսալա), շվեդ բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի իր ժամանակի ամենակատարյալ դասակարգման համակարգի հեղինակը։ Գլխավոր նորամուծություններից մեկը «տեսակ» հասկացության և տարբեր կարգաբանական դասերի միջև տարբերությունների բացատրությունն էր և կենդանի օրգանիզմներին լատիներեն կրկնակի անվանումներ տալը։

Անունը[խմբագրել]

Լինեյ ազգանունը լորենու շվեդերեն Lind անվան լատիներենացված ձևն է՝ երբ Նիլս Ինգեմարսոնը գնացել էր սովորելու Լունդի համալսարանում, նա այն ժամանակների սովորության համաձայն՝ իր իսկական ազգանունը փոխարինեց լատիներեն կեղծանունով, դրա համար ընտրելով Ինգեմարսոնների տոհմական խորհրդանիշ հանդիսացող լորենի ծառի հետ կապ ունեցող բառ։ Շվեդիայում Լինեյին սովորաբար անվանում են Carl von Linné Կարլ վան Լինե՝ այն անունով, որը նա սկսեց կրել այն ազնվականության աստիճան ստանալուց հետո, անգլերեն անվանում են Carl Linnaeus Կարլ Լինեուս՝ ծնված օրն ստացած անունով։

Կարծիքներ Լինեուսի մասին[խմբագրել]

  • Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Ժակ Ռուսո` «Աշխարհում առավել մեծ անձնավորություն ինձ հայտնի չէ»։ [1]
  • Գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե` «Բացառությամբ Շեքսպիրի և Սպինոզայի, ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով ինձ վրա ավելի ուժեղ ազդեցություն ունեցած լինի» [1]
  • Շվեդ գրող Աւգուստ Ստրինդբերգ. «Լինեուսն իրականում բանաստեղծ էր, ով դարձել է բնագետ»[2]
  • Լինեուսին շնորհել են նաև համաշխարհային գիտության մեջ նրա առանձնահատուկ նշանակությունն ընդգծող այլաբանական անուններPrinceps botanicorum (Բուսաբանության արքայազն), «Հյուսիսի Պլինիոս» (այստեղ Լինեուսը համեմատվում է Բնագիտության պատմության հեղինակ Պլինիոս Ավագի հետ), «Երկրորդ Ադամ»[3], ինչպես նաև՝ «Դրախտի տիրակալ» և «Կենդանիներին անուններ տվող»։
  • Ինքնակենսագրականներից մեկում Լինեուսն իր մասին գրում է «Փոքրիկ խրճիթից կարող է դուրս գալ մեծ մարդ»։ [3]

Երիտասարդ տարիներ[խմբագրել]

Կարլ Լինեյը ծնվել է 1707 թ. մայիսի 23-ին Հարավային Շվեդիայի Սմոլանդ գավառի Րոսհուլտ գյուղում։ Նրա հայրը՝ Նիլս Ինգեմարսսոն Լինեուսը գյուղի քահանան էր, գյուղացու որդի, մայրը՝ Քրիստինա Լինեյը՝ օրիորդական Բրոդերսոնիա ազգանունով, քահանայի դուստր էր։

Կարլն ընտանիքի առաջնեկն էր, հետագայում Նիլս Ինգեմարսսոնը և Քրիստինան ունեցան ևս չորս երեխա՝ երեք աղջիկ և մեկ տղա։ 1709 թ. ընտանիքը տեղափոխվեց Ստենբրուհուլտ, որը գտնվում էր Րոսհուլտից մի քանի կիլոմետրի վրա։ Այնտեղ Նիլս Լինեուսը իր տան մոտ հիմնեց մի ոչ մեծ այգի, որը սիրով խնամում էր, այստեղ նա աճեցնում էր բանջարեղեն, մրգեր ու բազմազան ծաղիկներ՝ իմանալով բոլորի անունները։ Վաղ մանկությունից Կարլն էլ էր հետաքրքրված բույսերով, ութ տարեկանում նա գիտեր շատ բույսերի անուններ, որոնք հանդիպում էին Ստենբրուխուլտում, բացի այդ այգում նա ուներ իր ոչ մեծ բաժինը։

1716-1727 թթ. Կարլ Լինեուսը սովորում էր Վեկշյո քաղաքում, մինչև 1924-ը՝ քերականության կրտսեր դպրոցում, այնուհետև միջնակարգ դպրոցում։ Քանի որ Ստենբրուհուլտից Վեկշյո 50 կիլոմետր էր, Կարլը տանը լինում էր միայն արձակուրդներին։

Նրա ծնողները ցանկանում էին, որ նա վերապատրաստվի որպես քահանա և ապագայում ինչպես ավագ որդի զբաղեցնի հոր տեղը, բայց Կարլը շատ վատ էր սովորում, հատկապես հիմնական առարկաները՝ աստվածաբանությունը և հնագույն լեզուները։ Նրան հետաքրքրում էին միայն բուսաբանությունն ու մաթեմատիկան, երբեմն նա նույնիսկ փախչում էր դասից և դպրոցի փոխարեն գնում էր ուսումնասիրելու բուսաբանություն։

Բժիշկ Յուհան Ստենսոն Րոտմանը՝ թաղային բժիշկը, ով Լինեյին դասավանդում էր տրամաբանություն և բժշկագիտություն, համոզեց Նիլս Լիննեուսին համոզեց, որ որդուն ուղարկի իր մոտ սովորելու և սկսեց Կարլի հետ առանձին զբաղվել բժշկությամբ, ֆիզիոլոգիայով և բուսաբանությամբ։ Կարլի ճակատագրով ծնողների անհանգստությունը պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակ Շվեդիայում բժշկի աշխատանք դժվար էր գտնել, այդ ժամանակ քահանայի աշխատանք նույնիսկ չկար։

Ուսումը համալսարաններում[խմբագրել]

1727 թ. Լինեյն ընդունվում է Վեկշյոյին ամենամոտ գտնվող Լունդի համալսարանը, որտեղ պրոֆեսոր Կիլիան Ստոբեուսի մոտ ուսումնասիրում է պատմություն և բժշկագիտություն։

Յուհան Րոտմանի խորհրդով 1728 թ. օգոստոսին Լինեյը տեղափոխվում է ավելի մեծ և հին, դեռևս 1474 թ. հիմնադրված Ուփսալայի համալսարան, որտեղ բժշկագիտություն սովորելու հնարավորություներն ավելի մեծ էին։ Այստեղ նա ծանոթանում է իր տարիքի ուսանող Պետեր Արտեդիին (1705—1735), ում հետ միասին սկսում է այդ ժամանակներում գոյություն ունեցող բնապատմական դասակարգումները վերանայելու աշխատանքները։ Լինեյը հիմնականում բույսերով, իսկ Արտեդին՝ ձկներով և երկկենցաղներով։

Գիտական գործունեությունը[խմբագրել]

Կարլ Լինեյը դրել է ժամանակակից կրկնանվանության հիմքը, ըստ որի կենդանի օրգանիզմների լատիներեն անունների համար գործածվում է երկու բառ՝ կարգի անունը և հետո՝ բնութագրող մի այլ անուն։

Լինեյը հանդիսանում է բույսերի և կենդանիների առավել հաջող արհեստական դասակարգման հեղինակը։ Նա բնության աշխարհը բաժանել է երեք «թագավորությունների»` հանքանյութերի, բուսական և կենդանական, օգտագործելով չորս մակարդակ` դասեր, կարգեր, ցեղեր և տեսակներ։

Նկարագրել է բույսերի ավելի քան տասը հազար տեսակ, որոնցից մոտավորապես մեկուկես հազարը՝ նոր։ Նկարագրել է նաև կենդանիների մեծ թվով տեսակներ։

Մասամբ, նաև Լինեյի շնորհիվ է մարդկությունն ստացել Ցելսիուսի ներկայիս սանդղակը։ Սկզբում Ուպսալայի համալսարանում Լինեյի գործընկեր պրոֆեսոր Անդերս Ցելսիուսի (1701—1744) հայտնագործած ջերմաչափի սանդղակի վրայի զրոն համապատասխանում էր ջրի եռման, իսկ 100° ջերմաստիճանը` սառեցման կետին: Ջերմոցներում պայմանները չափելու ժամանակ ջերմաչափեր օգտագործելիս Լինեյը համարելով դա անհարմար, 1745 թ.` արդեն Ցելսիուսի մահից հետո «շրջեց սանդղակը», նրան տալով ներկայիս՝ մեզ համար արդեն սովորական դարձած տեսքը։

Կարլ Լինեյը գիտության և մշակույթի այն գործիչներից մեկն է, որոնց գործունեության հետ է կապված ներկայիս տեսքն ստացած գրական շվեդերենի կայացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 «What people have said about Linnaeus»։ Linné on line։ Uppsala University։ http://www.linnaeus.uu.se/online/life/8_3.html։ Վերցված է 3 October 2011։ 
  2. «Linnaeus deceased»։ Linné on line։ Uppsala University։ http://www.linnaeus.uu.se/online/life/9_0.html։ Վերցված է 3 October 2011։ 
  3. 3,0 3,1 Broberg (2006), p. 7.