Կարելինի մռայլ արջաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարելինի մռայլ արջաթիթեռ
Կարելինի մռայլ արջաթիթեռ
Կարելինի մռայլ արջաթիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Արջաթիթեռներ (Arctiidae)
Ցեղ Axiopoena
Տեսակ Կարելինի մռայլ արջաթիթեռ (A. karelini)
Միջազգային անվանում
Axiopoena karelini

Կարելինի մռայլ արջաթիթեռ (լատին․՝ Axiopoena karelini), արջաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

45-48 մմ առջևի թևի երկարությամբ խոշոր չափի թիթեռ է։ Մետաքսային շողշողյունով առջևի թևերը սև ածխագույն են, իսկ հետին թևերը՝ աղյուսագույն կարմիր՝ կարմրամոխրագույն արտաքին եզրով։ Օձիքը կարմիր է, սև ծայրով փորիկը` կարմրագորշագույն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում (քաղաք Սոչի), Վրաստանում, Հայաստանում, Թուրքիայում, Իրաքում։ Հայաստանում հայտնի է Երևան քաղաքից (Հրազդան գետի կիրճ, կենդանաբանական այգի և այլն), Տավուշի (քաղաք Նոյեմբերյան), Կոտայքի (քաղաք Աբովյանի շրջակայք), Արարատի (Վեդի քաղաքի մոտակայք) և Սյունիքի (քաղաք Մեղրի) մարզերից։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են չորասեր (քսերոֆիտ) բուսականությամբ լեռնային հատվածներում` 600-1000 մ ծովի մակարդակից բարձրություններում։ Տարվա ընթացքում տալիս են մեկ սերունդ, թիթեռները թռչում են մթնշաղին և գիշերը` հունիս, հուլիս ամիսներին, որից հետո անցնում են դիապաուզայի։ Դիապաուզայի ընթացքում ցերեկը թաքնվում են փոքր քարանձավներում և ժայռերի ճեղքերում, ավարտից հետո` օգոստոսին, սեպտեմբերին, վերսկսում են թռիչքը, այդ ժամանակ էլ ձվադրում են։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով, ամենուրեք ցածր թվաքանակով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Քիչ թե շատ մեծ թվով առանձնյակներ հայտնաբերվում են միայն քարանձավներում։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում անասունների գերարածեցումը և թրթուրների կերակրման համար պիտանի տարածքների յուրացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարելինի մռայլ արջաթիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարելինի մռայլ արջաթիթեռ» հոդվածին։