Էդգար Դեգա
| Էդգար Դեգա | |
|---|---|
(գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ) |
|
| ԱԱՀ՝ | Էդգար Դեգա |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 19 1834 |
| Ծննդավայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | սեպտեմբերի 27 1917 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
Էդգար Դեգա (ֆրանսերեն` Edgar Degas, ծննդ. անվանումը` Hilaire-Germain-Edgar De Gas, 1834, հուլիսի 19 – 1917, սեպտեմբերի 27), ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ: Պատկանում է 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի արվեստագետների այն շարքին, ովքեր բացահայտեցին աշխարհի նոր ընկալում` պատկերելով իրականությունը սուր ու անսպասելի տեսանկյունից:
Դեգան ծնվել է հարուստ բուրժուայի ընտանիքում: Մանկությունն անց է կացրել երաժշտական և գրական երեկոների, թատերական ներկայացուցիչների, նկարիչների կոլեկցիոներների միջավայրում: Հրապուրվել է հին վարպետներով, ուսումնասիրել դասական արվեստն ու մշակույթը, հասուն տարիքում հարել է նատուրալիստների շարժմանը, ցուցադրվել իմպրեսիոնիստների հետ:
Մասնագիտական կրթությունը Դեգան նախ ստացել է Լուի Լամոտի արվեստանոցում, ապա` 1855-ին ընդունվել Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոց, որը ժամանակի ամենահեղինակավոր կրթօջախներից էր: Սակայն ակադեմիական գեղանկարչությունը չի գոհացրել նրան, և Դեգան թողել է ուսումը և զբաղվել ինքնակրթությամբ:
1856-60 թթ. Դեգան պարբերաբար մեկնում է Իտալիա, ուր ուսումնասիրում և ընդօրինակում է Վաղ վերածննդի ու 16-րդ դարի մեծ վարպետներին: Տարիներ անց նկարիչը խոստովանել է, որ իտալական այս շրջանն ամենաբեղմնավորն էր իր արվեստում:
[խմբագրել] Կյանքի ու ստեղծագործության ժամանակագրությունը
- 1834 - ծնվել է Փարիզում: Հայրը` Պիեռ-Օգյուստ դը Գա, ծագումով իտալացի փարիզցի բանկիր, մայրը` Մարի-Սելեստին Մյուսսոն, կրեոլուհի Նոր Օռլեանից:
- 1845 - Ընդունվում է Լյուդովիկոս Մեծի լիցեյ, որտեղ ծանոթանում է Պոլ Վալպինսոնի, Անրի Ռուարի և Լյուդովիկ Ալևիի հետ:
- 1852 - Ավարտում է լիցեյը. նկարչական առաջին հաջողությունները: Հոր համաձայնությամբ բնակարանի սենյակներից մեկը դարձնում է արվեստանոց:
- 1853 - Ստանում է բակալավրի կոչում: Ապրիլին ընդունվում է գեղանկարիչ Ժոզեֆ Բարրիասի արվեստանոց, Կայսերական գրադարանի էստամպների կամբինետում ընդօրինակում է Մանտենյայի, Դյուրերի, Ռեմբրանդտի փորագրանկարները: Առաջին գեղանկարչական գործը. մորական պապի` Ժերմեն Մյուսսոնի դիմանկարը: Նոյեմբերին ընդունվում է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
- 1854 - Ամռանը ճամփորդում է Պրովանսում, ընդօրինակում Դավիդի «Ժոզեֆ Բարի մահը» կտավը: Աշնանը թողնում է համալսարանը և ընդունվում Լուի Լամոտի արվեստանոց: Ընդհարվում է հոր հետ, որը պնդում էր, որ Դեգան շարունակի ուսումը համալսարանում, առանձնանում է ընտանիքից: «Ինքնադիմանկար ածխամատիտով»:
- 1855 - Գարնանը հաշտվում է հոր հետ: Գրեգորիո Սուտզոյի հսկողությամբ սովորում է փորագրանկարել: Ապրիլին ընդունվում է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոց, ծանոթանում Լեոն Բոննայի, Անրի Ֆանտեն-Լատուրի, Էլի Դելոնեի հետ: Այցելում է Էնգրի արվեստանոցը: Ամռանը կրկին ճամփորդում է Պրովանսում և Իտալիայում: «Աշիլ դը Գայի դիմանկարը ծովային վարժարանի կադետի համազգեստով»:
- 1856 - Երկրորդ ուղևորությունը Իտալիա (Նեապոլ, Հռոմ, Ֆլորենցիա): Ուրվանկարներ Սեքստինյան մատուռում:
- 1857 - Երրորդ ուղևորությունը Իտալիա: Հռոմում այցելում է Ֆրանսիական ակադեմիան, մտերմանում է Գյուստավ Մորոյի հետ: «Հռոմեացի աղքատ կինը», «Դեղին շալով ծեր կինը: «Տուռնիի դիմանկարը», «Ինքնադիմանկար փափուկ գլխարկով» օֆորտներ:
- 1858-59 - Չորրորդ ուղևորությունը Իտալիա: Ընդօրինակում է Ռաֆայելի «Հրդեհ Բորգոյում» որմնանկարի աջ հատվածը, ուրվանկարներ անում Սինյորելիի որմնանկարներից: Նոյեմբերին սկսում է աշխատել Լաուրա Բելլելլիի և նրա դուստրերի դիմապատկերի վրա, որն արդյունքում դառնում է «Բելլելլիների ընտանիքի դիմանկարը»` արված արդեն Փարիզում:
- 1860 - Հինգերորդ ուղևորությունը Իտալիա: Պադովայում ընդօրինակում է Տիցիանի որմնանկարները: Փարիզում սկսում է «Պատանիներին մրցման հրավիրող սպարտացի աղջիկները»:
- 1861 - Ավարտին է հասցնում երկու տարի առաջ մտահղացած «Բաբելոնը կառուցող Շամիրամը», սկսում է «Միջնադարյան պատերազմի դրվագ. Օռլեանի աղետները»: Ամռանը Մենիլ Յուբերում նկարում է ձիարշավի առաջին տեսարանները: Սկսում է հավաքել ճապոնական փայտափորագրանկարներ: Ծանոթանում է Էդուարդ Մանեի հետ:
- 1862 - Ընդօրինակում է Էժեն Դելակրուայի «Խաչակիրների մուտքը Կոստանդնուպոլիս» ստեղծագործությունը, անում է «Բելլելլիների ընտանիքը»:
- 1863 - Աշխատում է «հաբեթի դուստրը» և «միջնադարյան պատերազմի դրվագ» գործերի վրա, ստեղծում է Լ. Բոննայի, Թերեզ դը գայի դիմապատկերները և «Ինքնադիմանկար արտիստիկ շապիկով»:
- 1865 - Առաջին անգամ հանդես է գալիս Սալոնում, ցուցադրում է «միջնադարյան պատերազմի դրվագ»-ը` արժանանալով Պյուվի դը Շավանի դրվատանքին: «Ինքնադիմանկար դը Վալեռնի հետ», «Թերեզ և Էդմոմդո Մորբիլլիների դիմանկարը», «Իր կնոջ նվագը լսող Էդուարդ Մանեի դիմանկարը» և «Քրիզանթեմներով տիկինը (Տիկին Էրտել)»:
- 1866 - Հաճախում է «Գերբուա» սրճարան, որտեղ հանդիպում է Մանեի, ծանոթանում Ռենուարի, Մոնեի, Բազիլի, Սիսլեյի, Դյուրանտիի հետ: Թողնում է պատմանկարչությունը հօգուտ ժամանակակից սյուժեների: Սալոնում ցուցադրում է «Խոչընդոտներով ձիարշավի տեսարան (Վիրավոր ժոկեյը)»: Տարվում է թատրոնով, աշխատում է «Օր. Ֆիոկրը «Ակունք» բալետում» նկարի վրա: «Ջեյմս Տիսսոյի դիմանկարը արվեստանոցում»:
- 1867 - Սալոնում ներկայացնում է երկու «Ընտանեկան դիամկար»: «Տիկին Գոժլերի դիմանկարը» և «Երիտասարդ կնոջ գլուխ»:
- 1868 - Սալոնում ցուցադրում է «օրիորդ Ֆիոկրը «Ակունք» բալետում» ստեղծագործությունը: Ընդօրինակում է Մանտեյայի «Խաչելությունը»:
- 1869 - «Տիկին Գոժլենի դիմանկարը» ընդունվում է Սալոնում, իսկ «Տիկին Կամյուն դաշնամուրի առջև» ստեղծագործությունը մերժվում է: Ամռանը Մանեի հետ ճամփորդում է Բուլոն-սյուր-Մերից մինչև Սեն-Վալերի-ան-Քյո. պլեներային բնանկարների պաստելների շարք: Սկսում է պատկերել լվացարարուհիների և արդուկող կանանց: «օպերայի նվագախմբի երաժիշտները», «Մարի Դիոյի դիմանկարը դաշնամուրի առջև»:
- 1869-70 - Հոր դիմանկարի երկու տարբերակ` կիթառահար Պագանսին լսելիս, «Հորտենզիա Վալպինսոնի դիմանկարը» և ձիարշավի թեմաներով նկարներ` «Ֆալստարտ» և «Ժոկեյները տրիբունայի առջև»: Վերջին անգամ ցուցադրվում է Սալոնում («Տիկին Գոբիյարի դիմանկարը» և «Տիկին Կամյուն կարմիր զգեստով»):
- 1870-71 - Մասնակցում է Փարիզի պաշտպանությանը պրուսացիներից, ծառայում է հրետանիում Անրի Ռուարի հրամանատարության ներքո: Սառեցնում է աչքերը, որի հետևանքով տեսողությունը սկսում է վատանալ: Փարիզի գրավումից հետո մեկնում է Վալպինսոնների մոտ` Մենիլ Յուբեր, և մկարում այնտեղ «Անրի Վալպինսոնի դիմանկարը դայակի հետ», Ձիարշավ գավառում. արշավակառք»: Հուլիսին վերադառնում է Փարիզ, հաճախակի հանդիպում Մանեի հետ:
- 1872 - Տարվում է բալետով ու կանֆեշանտանով. «Միանձնուհիների բալետ «Ռոբեր-սատանա» օպերայում» (առաջին տարբերակ), «Մերանտի պարի դասարանը Լը Պելետիե փողոցի Օպերայում», «Նվագախմբի երաժիշտները և խնարհվող պարուհին»: Հոկտեմբերին Ռընե եղբոր հետ մեկնում է Ամերիկա` այցելելու նորօռլեանցի ազգականներին: «Կինը արևելյան ծաղկամանով»:
- 1873 - «Դիմանկար բամբուկի գրասենյակում», «Էստել Մյուսսոնի դիմանկարը», «Պեդյիկյուր»: Ապրիլին վերադառնում է Փարիզ: Սկսում է հաճախել «Նոր Աթենք» սրճարանը, ուր տեղափոխել էին «Գերբուայի» մշտական հաճախորդ իր արվեստագետ ընկերները: Ի հայտ է գալիս Նկարիչների անանուն ընկերություն և անկախ «ռեալիզմի սալոն» ստեղծելու գաղափարը: Դեկտեմբերին մեկնում է Թուրին` խնամելու հիվանդ հորը:
- 1874 - Փետրվարին Նեապոլում մահանում է Դեգայի հայրը, թողնելով իր բանկի գործերը խճճված վիճակում: Ապրիլի 15-ին բացվում է «Նկարիչների, քանդակագործների և փորագրանկարիչների անանուն ընկերության» 1-ին ցուցահանդեսը: Դեգան ներկայացնում է տասը աշխատանք: Մասնակիցները քննադատների կողմից ստանում են «իմպրեսիոնիստներ» անվանումը: «Բալետի փորձ բեմի վրա» (առաջին տարբերակ), «Էժեն Մանեի դիմանկարը», «Բռնություն (Ինտերիեր)», «Պերրոյի պարի դասարանը» (առաջին տարբերակ), «Պա-դե-դե բեմի վրա»: Երգիչ Ֆորը գնում է Դեգայի մի քանի ստեղծագործություններ:
- 1875 - Աշիլ դը Գայի սնանկացումը. եղբորը փրկելու համար Դեգան վաճառում է հին վարպետների իր հավաքածուն: «Կոնկորդի հրապարակ. Կոմս Լըպիկը դուստրերի հետ», «տիկին Ժինտոն հայելու առջև»: Տարվում է վիմագրանկարչությամբ:
- 1876 - Ապրիլին բացվում է «Անանուն ընկերության» 2-րդ ցուցահանդեսը, որին Դեգան ներկայացնում է 24 աշխատանքով: «Սրճարանում. ափսինթ», «Պարի դասարան. Ադաջիո», «Պարուհին բեմի վրա. Աստղը», «Պարուհիները ծաղկեփնջով» (առաջին տարբերակ):
- 1877 - «Անանուն ընկերության» 3-րդ ցուցահանդեսի բացումը ապրիլին, նկարիչը ցուցադրում է քսանհինգ ստեղծագործություն: Կանֆեշանտանի թեմայով ստեղծում է մի շարք նկարներ («Ամբասսադոր» կաֆեշանտանը»), ինչպես նաև` «Գիշերային սրճարան Մոնմարտրում. Կանայք սրճարանում», «պարուհիները ձողի մոտ», «Փորձ ջութակի նվագակցությամբ», «Սպիտակեղեն տանող լվացարարուհիները»: Մասնակցում է Ալևիի և Մեյակի «Մորեխը» կատակերգության բեմադրության ձևավորմանը:
- 1879 - Ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունենում «Ընկերության» 4-րդ ցուցահանդեսը, Դեգան ներկայացնում է քսանհինգ աշխատանք: Ծանոթանում է Պոլ Գոգենի հետ: Նկարում է Լ. Է. Դյուրանտիի և Դ. Մորբիլլիի դիմանկարները, «Միսս Լոլոն Ֆեռնանդո կրկեսում», ստեղծում մի շարք պաստելներ ու մոնոտիպիաներ` նվիրված հասարակաց տների կանանց:
- 1880 - «Ընկերության» 5-րդ ցուցահանդեսը ապրիլին, նկարիչը ցուցադրում է տասնհինգ նկար և օֆորտ: Պիսսարոյի, Կայբոտի և Մ. Կեսսետի հետ պատրաստվում է հրատարակել «Օր և գիշեր» ամսագիրը: «Իջնող վարագույր», «Տեսարան օթյակից. ծաղկեփնջով պարուհին և հովհարով տիկինը» (առաջին տարբերակ), «Սպասում», «Պարուհիների հանգիստ», Լ. Ալևիի «Կարդինալ ընտանիքը» վեպի նկարազարդումներ: Փորձում է էստամպի տարբեր տեխնիկաներ, աշխատում է «Տասնչորսամյա պարուհին» քանդակի վրա:
- 1881 - «Ընկերություն» 6-րդ ցուցահանդեսը ապրիլին, Դեգան ցուցադրում է «Տասնչորսամյա պարուհին» և յոթ նկար: «Ձիարշավից առաջ. ժոկեյը սյան մոտ»:
- 1882 - Հրաժարվում է մասնակցել «Անանուն ընկերության» 7-րդ ցուցահանդեսին: Նկարում է առաջին «Գլխակավաճառուհիները», հաճախ է պատկերում լվացվող, սրբվող, սանրվող կանանց: «Արդուկող կինը լույսին հակառակ»:
- 1883 - Լոնդոնում Դյուրան-Ռյուելը կազմակերպում է իմպրեսիոնիստների ցուցահանդես, որտեղ Դեգայից ներկայացվում է յոթ աշխատանք:
- 1884 - Մենիլ Յուբերում կերտում է Հորտենզիա Վալպինսոնի կիսանդրին: «Արդուկող կանայք»:
- 1885 - Հունիսին Բրյուսելում Դյուրան-Ռյուելը կրկին իմպրեսիոնիստների ցուցահանդես է կազմակերպում, որին մասնակցում է նաև Դեգան: Օգոստոսին մեկնում է Հավր և Մոն-Սեն-Միշել, Դիեպում հյուրընկալվում է Լ. Ալևիին ու նկարում Լ. և Դ. Ալևիների, Ու. Սիքքերթի, Ժ. Է. Բլանշի, Ժերվեի և Բուլանժե-Կավեի խմբային դիմանկարը: «Գլխակավաճառուհու մոտ» մեծ նկարը: Տեսողության կտրուկ վաթարացում:
- 1886 - «Ընկերության» 8-րդ ցուցահանդեսը մայիս-հունիս ամիսներին, Դեգան ներկայացնում է «Գլխակավաճառուհիներ» և «Մերկ, լողացող, չորացող, սրբվող, սանրվող կամ իրենց սանրել տվող կանայք» շարքերը: Նկարներ «Երկվորյակները Բերգամոյից» բալետի մոտիվներով: Դյուրան-Ռյուելին տալիս է իր ստեղծագործությունների ձեռքբերման բացառիկ իրավունքը:
- 1888 - Ամառն անցկացնում է Կոտըրե առողջարանում և այդուհետև մեկնում է այնտեղ գրեթե ամեն տարի:
- 1889 - Հրաժարվում է մասնակցել «Համաշխարհային ցուցադրությանը» Փարիզում: Սեպտեմբերին Բոլդինիի հետ ճամփորդում է Իսպանիայում և Տանժերում: Թոռնլեյը ալբոմ է հրատարակում Դեգայի տասնհինգ վիմագրանկարներով:
- 1890 - Նորից սկսում է հավաքել հին և ժամանակակից վարպետների ստեղծագործություններ: Սեպտեմբերին ու հոկտեմբերին Բարտոլոմեի հետ ճամփորդում է Բուրգունդիայում: Դիենեում հյուրընկալվում է Ժաննիոյի մոտ և հիշողությամբ պատկերում բնանկարների շարք: Ժնևում այցելում է հիվանդ եղբորը` Աշիլին:
- 1892 - Տեսողությունն ավելի է վաթարանում: Գրեթե դադարում է աշխատել յուղաներկով: Օգոստոսին Մենիլ Յուբերում անում է բիլիարդի սրահի երկու էտյուդ: Տարվում է լուսանկարչությամբ: Տարվա վերջին Դյուրան-Ռյուելի մոտ ցուցադրում է բնանկարների շարք:
- 1895 - «Անրի Ռուարի դիմանկարը որդու` Ալեքսիսի հետ» (անավարտ) և պարուհիների ու մերկ կանանց մեծաչափ բազմաթիվ պատկերներ:
- 1896 - «Կայբոտի նվիրատվության» կազմում Դեգայի վաղ ստեղծագործությունները հայտնվում են Լյուքսենբուրգյան թանգարանում:
- 1897 - Բարտոլոմեի հետ մեկնում է Մոնտոբան` այցելելու Էնգրի թանգարանը: Միանում է հակադրեյֆուսականներին և խզում կապերը Լ. Ալևիի հետ:
- 1898 - Սեն-Վալերի-սյուր-Սոմմում հյուրընկալվում է Բրաքվալի տանը և ստեղծում պեյզաժների իր վերջին շարքը` «Գյուղական մեծ բնանկարներ»: Վեց աշխատանք ներկայացվում է (առանց իր համաձայնության) «Քանդակագործների, գեղանկարիչների և փորագրանկարիչների միջազգային ընկերության» առաջին ցուցահանդեսին:
- 1899 - Հրաժարվում է մասնակցել «Միջազգային ընկերության» ցուցահանդեսին:
- 1900 - «Ֆրանսիական գեղանկարչության 100 տարի» ցուցահանդեսին ներկայացվում են Դեգայի «Դիմանկար բամբակի գրասենյակում», «Բալետի փորձ բեմի վրա» նկարները և հինգ պաստել:
- 1904–06 - Գրեթե կուրանում է, բայց շարունակում է ստեղծել պարուհիների մեծաչափ պատկերներ:
- 1908-12 - Ստիպված է թողնել նկարչությունը, զբաղվում է միայն քանդակագործությամբ:
- 1912 - Մտերիմ ընկերոջ` Անրի Ռուարի մահից հետո կազմակերպված աճուրդում Դեգայի «Պարուհիները ձողի մոտ» նկարը վաճառվում է 435 000 ֆրանկով: Ստիպված է լքել Վիկտոր Մասսեի իր բնանկարը և տեղափոխվել Կլիշի բուլվար: Այլևս չի աշխատում:
- 1914 - Լուվր է մտնում Իսահակ Կոմոնդոյի հավաքածուն, որում ընդգրկված էին Դեգայի բազմաթիվ ստեղծագործություններ:
- 1917 - Մահանում է սեպտեմբերի 27-ին: Աճյունը թաղում են Մոնմարտրի գերեզմանատանը:
- 1918-19 - Դեգայի արվեստանոցի և հավաքածուի չորս վաճառք:[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Էդգար Դեգա (2009)։ Նամակներ։ Երևան: «Սարգիս Խաչենց», էջ 245-254։
[խմբագրել] Արտաքին հղումներ