Աշարիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Սրբազան պատերազմ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р


Աշարիականություն (արաբ․՝ المدرسة الأشعرية‎‎), սուննիական քալամի դպրոցներից։ Համարվում է ուղղահավատ իսլամի հիմնական աշխարհայացքային դպրոցներից մեկը։ Դպրոցի հիմնադիրն է նշանավոր մուսուլման մտածող և փիլիսոփա Աբու ալ-Հասան ալ-Աշարին (արաբ․՝ ابو الحسن علي ابن إسماعيل اﻷشعري‎‎) (873-935

Քալամ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քալամ

Քալամ (արաբ․՝ الكلام‎‎  - բառ, խոսք) տերմինաբանորեն նշանակում է դոգմատիկ համակարգ, աստվածաբանություն, որը դարձավ ուղղահավատ սխոլաստիկ աստվածաբանության նոր համակարգը նշելու տերմին։ Քալամը սկզբնապես առաջացել և զարգացել է քննարկումների ընթացքում, որոնք ծավալվել են իսլամում տարբեր կրոնաքաղաքական խմբավորումների ի հայտ գալուց հետո՝ խարիջիներ (արաբ․՝ خارجي‎‎  - դուրս ելածներ, ընդվզածներ), կադարիներ (արաբ․՝ قدري‎‎  - ճակատագրի տնօրինողներ), ջաբարիներ (արաբ․՝ جبري ‎‎  - ճակատագրին հանձնվածներ), ինչպես նաև ոչ մուսուլմանական ուսմունքների ներկայացուցիչների հետ բանավեճի արդյունքում։

Քալամի առաջացում[խմբագրել]

Քալամը գիտություն է Ալլահի անհատական և ատրիբուտիվ որակների, մարգարեության էության, գոյության սկզբի և վերջի մասին։ Լայն իմաստով քալամ են անվանում կրոնա-փիլիսոփայական թեմայով ցանկացած դատողություն։ Քալամը հաճախ անվանում են մուսուլմանական ռացիոնալ փիլիսոփայություն։ Այն ընդհանուր փիլիսոփայությունից տարբերվում է նրանով, որ բացի բանականության փաստարկներից որպես իր աղբյուր ունի նաև Աստվածային Հայտնությունը։ Քալամով զբաղվող մտածողներին անվանում էին մութաքալլիմներ (արաբ․՝ متكلم‎‎)։

Քալամի առաջացման պատճառը հետևյալն էր. Մուհամմադի մահվանից հետո մուսուլմանների մոտ սկսում են հարցեր առաջանալ, որոնք վերաբերում էին մեղքին, կանխագուշակվածությանը և ազատ կամքին, Աստծո բնույթի և նրա ատրիբուտների մասին։ Բացի դրանից, երբ իսլամը սկսում է տարածում գտնել հին հելլենիստական և իրանական կրոնա-փիլիսոփայական ավանդույթներ ունեցող երկրներում, բացարձակ կանխորոշվածության մասին ուսմունքը շփոթության մեջ է գցում նոր իսլամ ընդունածներին։

Ջաբարիներ և կադարիներ[խմբագրել]

Քալամի կենտրոնական հարցերից են Ալլահի ատրիբուտները, Ղուրանի հավերժականության կամ ժամանակի ընթացքում ստեղծված լինելը և այլն։ Այս քննարկումների և բանավեճերի արդյունքում սկզբնական շրջանում առաջ են գալիս մութաքալլիմները, ովքեր բաժանվեցին 2 խմբի։

Ջաբարիները կամ մուջբիրաները (արաբ․՝ جبري‎‎՝ հարկադրություն, բռնություն) կանխորոշվածության կողմնակիցներն էին և դեմ էին ազատ կամքին։ Կադարիները (արաբ․՝ قدري‎‎՝ իշխանություն, այսինքն՝ մարդու իշխանությունը իր արարքների վրա) կողմ էին ազատ կամքին։ Նրանք գտնում էին, որ Ալլահը տվել է իր մարգարեին ուղղությունները հայտնությունների միջոցով, իսկ մարդն ազատ է այդ կարգադրությունները կատարելու կամ խախտելու, ինչի համար նրան սպասվում է համապատասխան պարգևատրություն կամ պատիժ։

Կադարիների գաղափարախոսությունը մութազիլիական քալամի ձևավորման հիմք հանդիսացավ, ինչը քալամի վաղ շրջանն է համարվում, իսկ ջաբարիների գաղափարախոսությունը կատարելագործեցին աշարիները՝ միջանկյալ դիրք գրավելով և ասելով, որ մարդիկ ազատ են գործում, բայց այդ ազատ գործելու իրավունքը ստանում են Ալլահից։

Աշարիական քալամ[խմբագրել]

Age of Caliphs.png
IslamicGalleryBritishMuseum3.jpg
Quran inscriptions on wall, Lodhi Gardens, Delhi.jpg
Masjid al-Qiblatain.jpg
Kabaa.jpg
FirstSurahKoran.jpg
Իբն Սինա
ալ-Ֆարաբի

Սկզբնավորում[խմբագրել]

Աշարիական քալամի հիմնադիր Աբու ալ-Հասան ալ-Աշարին եղել է սուննի հայտնի մտածող և փիլիսոփա Աբու Մանսուր ալ-Մատուրիդիի ժամանակակիցը։ Աբու ալ-Հասան ալ-Աշարին ապրել և ստեղծագործել է Բասրայում, որը այդ ժամանակ եղել է մուսուլմանական աշխարհի հասարակական, իրավական և փիլիսոփայական մտքի կենտրոններից մեկը։ Այստեղ զարգանում էին փիլիսոփայական դպրոցների շատ ուղղություններ, բուռն քննարկումներ էին անցկացվում դրանց ներկայացուցիչների միջև։ Մուսուլմանական մտքի բոլոր ուղղությունների մեջ այստեղ առանձնանում էին մութազիլիականների փիլիսոփայական-ռացիոնալ դպրոցի ներկայացուցիչները, որոնց շարքերում երկար ժամանակ եղել է նաև ալ-Աշարին։

Ավելի ուշ Աբու ալ-Հասան ալ-Աշարին վերանայեց իր համոզմունքները, հետ կանգնեց մութազիլիականությունից և սկսեց դնել սուննի իսլամի փիլիսոփայական-աշխարհայացքային հիմքերը։ Կանգնելով սուննիզմի դիրքերի մոտ՝ Աբու ալ-Հասան ալ-Աշարին փիլիսոփայական մեթոդների իր փայլուն իմացությունը ծառայեցրեց հենց ուղղափառ սուննիզմին և մեծ ճանաչում գտավ մուսուլմանական աշխարհում։ Նրա կողմից մշակված դրույթների շնորհիվ հնարավոր դարձավ հաջողությամբ հակազդել գրեթե բոլոր հակառակորդներին։ Ալ-Աշարին բանականության փաստարկները ընդունում էր ինչպես շրջակա աշխարհի, այնպես էլ Աստվածային հայտնության իմաստավորելու հարցում։ Սակայն, սրա հետ մեկտեղ, ալ-Աշարին անհրաժեշտ էր համարում կրոնի 5 հիմնասյուների անխոս ընդունումը և ապա բանականության դրույթներով դրանք հիմնավորելը։ Այսպիսով, հավատքի դրույթներն ապացուցելու համար նա ընդունում էր բանականության փաստարկները, սակայն ինքը Հայտնությունը պետք է ընդունվի հավատքի վրա։

Ալ-Աշարին խստորեն հետևում էր սուննիական ուղղահավատ հայացքներին և սեփական ուսմունքը կառուցել է Ղուրանին, Սուննային, Մուհամմադի զինակիցներից՝ սահաբներից և նրանց հետևորդներից՝ թաիբուններից եկող ավանդությունների անկասկած հետևելու վրա։ Ի տարբերություն շիաների՝ ալ-Աշարին տարբերություն չէր դնում Մուհամմադի զինակիցների միջև և նրանց բոլորին ընդունում էր։ Մուսուլմանական կառավարման իդեալական համակարգ էր համարում առաջին չորս խալիֆների կառավարումը։

Գաղափարներ[խմբագրել]

Ատրիբուտների մասին նշված դրույթները ալ-Աշարին հակադրել է ինչպես անտրոպոմորֆիսներին(եբր.՝ ἄνθρωπος (ánthrōpos)‎, "մարդ" և եբր.՝ μορφή (morphē)‎, "ձև"), ովքեր ատրիբուտները բառացիորեն էին ընդունում՝ նմանեցնելով մարդկայինին, այնպես էլ մութազիլիականներին, ովքեր որպես ատրիբուտ ընդունում էին միայն վուջուդը (արաբ․՝ وجود‎‎՝ գոյություն) և բակաան (արաբ․՝ بقاء‎‎՝ մնայունություն)։ Ինչ վերաբերում է մյուս ատրիբուտներին, ապա մութազիլիականները ժխտում էին դրանք՝ գտնելով, որ դրանք վերաբերում են աստվածային անհատականությանը և զուտ Նրա անուններն են, ինչպես օրինակ Ղուրանում հիշատակվող «ողորմած», «մեծահոգի» անունները։ Աստծո այլ ատրիբուտների հետ կապված, որոնք հիշատակվում են Ղուրանում, ինչպիսիք են երեսը, ձեռքերը, ալ-Աշարին՝ ի տարբերություն մութազիլիականների, ընդունում էր դրանց գոյությունը, սակայն ի տարբերություն անտրոպոմորֆիստների՝ պնդում էր, որ դրանք նման չեն մարդկայինին։ Սակայն հնարավոր է, որ հետագայում նա հրաժարվեց այս հայացքներից և այս ատրիբուտները սկսեց ընդունել որպես այլաբանություն։

Մարդու ազատ կամքի և աստվածային նախախնամության հարցում ալ-Աշարին միջանկյալ դիրք է զբաղեցրել բացարձակ կամքի կողմնակիցների՝ կադարիների և բացարձակ նախախնամության կողմնակիցների՝ ջաբարիների միջև։ Նա ճանաչում էր մարդու պատասխանատու լինելը իր արարքների համար։ Բայց, միևնույն ժամանակ, աստվածային նախախնամությունը այս հարցում հարցի տակ է դնում Աստծո ատրիբուտիվ որակները որպես նրա ամենագետ լինելը և ամենակարող լինելը։ Այդ պատճառով ալ-Աշարին գտնում էր, որ մարդու բոլոր արարքները Աստված է ստեղծել։

Մարդը դրանք ձեռք է բերում (արաբ․՝ كسب‎‎՝ քասբ) համապատասխան իր ցանկությունների և ձգտումների։ Քասբը մարդու կողմից մտադրվող և իրագործվող գործողության միացումն է Ալլահի կամքի հետ։ Աշարիները գտնում էին, որ մարդը չի կարող ազդեցություն ունենալ քասբի վրա, որը ստեղծում է Աստված, և սրանում է կայանում նրանց գլխավոր տարբերությունը մատուրիդիների հետ։ Այդ պատճառով նրանց քննադատները գտնում էին, որ նախախնամության և ազատ կամքի հարցում նրանք մոտենում են աստվածային բացարձակ նախախնամությանը՝ ջաբարիներին, ովքեր ժխտում էին մարդու մոտ ազատ կամքի առկայությունը։ Ալ-Մատուրիդին, ով ընդունեց աշարիական քասբը, ի տարբերություն նրանց՝ գտնում էր, որ քասբը ելնում է մարդուց, ինչը մոտեցնում էր մատուրիդիներին կադարիների հետ։

Ալլահին տեսնելու մասին հարցում ալ-Աշարին ընգծում էր, որ Ալլահին տեսնելու մանրամասները և թե դա ոնց է տեղի ունենալու, հնարավոր չէ ըմբռնել մարդկային բանականության միջոցով։ Մութազիլիականները՝ ի տարբերություն նրա, գտնում էին, որ Աստված տեսանելի լինելու համար պետք է կանգնի որոշակի տարածությունում, ինչը անհնարին է Նրա՝ որպես Արարիչ լինելու համար։ Ի տարբերություն մութազիլիների և աշարիների, անտրոպոմորֆիստները գտնում էին, որ Աստված իրոք մարդկանց առջև դրախտում որոշակի ձևով կկանգնի։

Ղուրանը, ինչպես աշարիականության, այնպես էլ մատուրիդիականության մեջ համարվում է Աստծո հավերժ և չարարված խոսք։ Սակայն տառերը, թանաքը, թերթերը, որոնց միջոցով այն գրի է առնվում, ստեղծված են։ Մութազիլիականները Ղուրանը համարում էին արարված։ Մեղքերի հարցում աշարիները հակված էին այն կարծիքին, որ մեղսագործը կախված է աստվածային կամքից։ Եթե Աստված ցանկանա, կարող է պատժել նրան, եթե ցանկանա, կարող է ներել։ Վերջին հաշվով, ցանկացած մեղսագործ մուսուլման կընկնի դրախտ։ Ալ-Աշարին ամբողջապես ընդունում էր գերեզմանում չարչարվելու մասին դրույթը, որը հանդիսանում է անդրշիրիմյան կյանքի սկիզբ, երկրայինին հաջորդող։ Համաձայն մուսուլմանական դավանաբանությանը՝ արդեն գերեզմանում յուրաքանչյուր մարդու համար սկսվում է անդրշիրիմյան կյանքը։ Այս հարցում նա խիստ քննադատության ենթարկեց մութազիլիականներին, ովքեր չէին ընդունում այս դրույթը։

Մուսուլմանական զանազան խմբավորումների վեճերի առարկա դարձավ շաֆաաթի խնդիրը։ Շաֆաաթը հովանավորությունն է, որը կթույլատրվի Ալլահի կողմից անել մարգարեներին՝ Մուհամմադի գլխավորությամբ, Ահեղ դատաստանի օրը բոլոր մեղսագործ-մուսուլմանների համար, որպեսզի նրանք ազատվեն դժոխքի տանջանքներից և հայտնվեն դրախտում։ Մութազիլիականները ամբողջությամբ ժխտում էին շաֆաաթը։ Ի տարբերություն նրանց՝ շիաները հովանավորող էին համարում ոչ միայն մարգարեներին, այլ նաև նրանց պաշտելի հետնորդներին՝ իմամներին։ Աշարին հովանավորող համարում էր միայն Մուհամմադին։

Զարգացում[խմբագրել]

Ալ-Աշարիի կողմից մշակված աշխարհայացքային սկզբունքները հաջողությամբ օգտագործվեցին քալամի դպրոցների և փիլիսոփայական այլ ուսմունքների վիճաբանությունների ժամանակ և հիմք դարձան ուղղահավատ իսլամական ուսմունքի համար։ Այս ուսմունքը մեծ ճանաչում ունեցավ մուսուլմանական աշխարհում, ալ-Աշարիին սկսեցին անվանել սուննիների առաջնորդ։ Ալ-Աշարիի գաղափարները հետագայում զարգացել են իր շատ հետևորդների կողմից, որոնց թվում է հայտնի մտածող Մուհամմադ Բակիլանին (11-րդ դար)։ Ավելի ուշ, աշարիական ուսմունքի առանձին դրույթներ քննադատության են ենթարկվել սալաֆիական դպրոցի ներկայացուցիչների կողմից (Իբն Թայմիայի հետևորդներ)։ Աշարիականության մեկ այլ հայտնի քննադատ էր Իբն Հազմը, ով գտնում էր, որ շատ հարցերում ալ-Աշարին հակված է եղել ինչպես ջաբարիներին (մարդու ազատ կամքի առկայության հարցում), այնպես էլ մուրջիներին (մեծ մեղք գործելու հարցով)։ Բայց չնայած այս քննադատությանը՝ Աբու ալ-Հասան ալ-Աշարիի ուսմունքը իր արժանի տեղը զբաղեցրեց ոչ միայն իսլամում, այլ նաև համաշխարհային մտքի պատմության մեջ։

Ֆալսաֆա տերմինով միջնադարյան մուսուլմանական գրականության մեջ մատնանշում էին այն մտածողների փիլիսոփայությունը, ովքեր հենվում էին փիլիսոփայելու անտիկ մոդելի վրա, ինչպես նաև հենց անտիկ փիլիսոփայությունը։ Ֆալսաֆայի մեջ մտնող գիտությունները կոչվում էին «ռացիոնալ» և հիմնված էին բանականության վրա (ուլում ակլիյա)։ Առարկայի հետազոտության և դրա մեթոդի տեսանկյունից ֆալսաֆան միավորվել է քալամի հետ։ Մուսուլմանական աշխարհում փիլիսոփայական անտիկ մոդելների տարածումը պայմանավորված էր 8-րդ դարին սկսված «թարգմանչական շարժմամբ», որը ակտիվորեն շարունակվեց նաև հաջորդ դարում հատկապես Բաղդադում 832 թվականին ալ-Մամուն խալիֆի կողմից «Իմաստության տան» ստեղծումից հետո։ Թարգմանչական գործունեության արդյունքում մուսուլմանները մերվեցին հելլենիստական փիլիսոփայական գաղափարներին, որոնցից հատկապես պետք է նշել Պլատոնի, Արիստոտելի, նեոպլատոնականների աշխատությունները։

Մուսուլմանական արևելքում ֆալսաֆայի խոշորագույն ներկայացուցիչները եղել են ալ-Քինդին (8-9-րդ դարեր), Զաքարիա առ-Ռազին (9-10-րդ դար), ալ-Ֆարաբին (9-10-րդ դար), Իբն Սինան (10-11-րդ դար), իսկ արևմուտքում (Անդալուս և Հյուսիսային Աֆրիկաիբն Բաջան (11-12-րդ դար), Մալիք Իբն Տուֆեյլը (12-րդ դար) և Իբն Ռուշդը (12-րդ դար

Աշարիական քալամը և ֆալսաֆան[խմբագրել]

Ֆալսաֆայի (արաբ․՝ فلسفة‎‎) զարգացման վաղ փուլում, երբ ֆալասիֆաները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում բնական գիտություններին առնչվող խնդիրներին, նրանց վերաբերմունքը կրոնին բնորոշվում էր կամ մարգարեական գիտելիքի՝ փիլիսոփայականի նկատմամբ առավել լինելով (ալ-Քինդի) կամ մարգարեների՝ որպես խաբեբաների բաց քննադատությամբ (Աբու Բաքր ալ-Ռազին և աշակերտ ալ-Քինդին, Ահմադ իբն ատ-Տայիբ աս-Սարահսին

Սկսած ալ-Ֆարաբիից՝ կրոնը սկսեց դիտարկվել նրանց կողմից որպես կարևոր «քաղաքական արվեստ» (արաբ․՝ صناعة سياسية‎‎՝ սինա'աթ սիասիա), որը կարգավորում էր մարդկանց միջև բարոյական-իրավական հարաբերությունները։ Նման դիրքը սահմանվում էր այն մասին համոզմունքով, որ ֆալսաֆան կարող է լինել միայն ոչ մեծաթիվ ինտելեկտուալ էլիտայի, «ընտրյալների»՝ խասսայի սեփականություն, մինչդեռ հասարակությունը իր հերթին բաղկացած է «լայն հանրությունից», «ամբոխից» (արաբ․՝ العامة الجمهور‎‎), որը ընդունակ չէ կոնցեպտուալ մտածողությանը։ Ֆալսաֆայի և կրոնի հարաբերակցության մասին հարցի լուծման տեսական հիմք էր համարում ուսմունքը, որ մարդիկ իրենց բնությամբ կարող են բարձրանալ կամ մինչև պոետիկ և հռետորական դատողություններ կամ սոփեստական և դիալեկտիկական կամ մինչև անհերքելի դատողություններ։ Ճշմարտությունը, ֆալասիֆայի համաձայն, կարող է բացվել միայն անհերքելի դիտարկումների, այսինքն ֆալսաֆայի միջոցով։

Ֆալսաֆան գլխավորապես ներկայացված էր փիլիսոփա-պերիպաթետիկների կողմից, որոնք հենվում էին տրամաբանության, ֆիզիկայի, մետաֆիզիկայի և Արիստոտելի էթիկայի վրա, իսկ քաղաքականության մեջ («իդեալական պետության», «բարեպաշտ առաքինի քաղաքի» մասին ուսմունք) օգտագործվում էր Պլատոնի «Պետությունը»։ Ալ-Ֆարաբիի մոտ Արիստոտելի մետաֆիզիկան լրացվում է էմանացիայի՝ որպես իդեալական հասարակության «իդեալական կրոնի» հիմքի նեոպլատոնական կոնցեպցիայով։

Իբն Սինայի մոտ կիրառվում են էմանացիայի սիմվոլները, իսկ աստվածային ինքնադրսևորման մեջ սուֆիական «գիոսիսի» սիմվոլները։ Ի տարբերություն ալ-Ֆարաբիի և Իբն Սինայի՝ մուսուլմանական արևմուտքի ֆայլասուֆները չէին ընդունում ֆալսաֆայի և կրոնի միջև նման կամուրջների անցկացումը։ Այնուամենայնիվ նրանք էլ անհրաժեշտ էին համարում իսլամի հիմնական դոգմաների և պատկերացումների ճանաչումը, որոնք նրանց տալիս էին սիմվոլիկ-ալեգորիկ մեկնաբանություն. Աստված՝ գոյի սահմանային միասնությունն է, հրեշտակները՝ տիեզերական բանականություններ և ոգիներ են, որոնք իրենց հերթին խորհրդանշում են տիեզերական ոլորտների շարժման սկիզբն ու օրինաչափությունը, անդրշիրիմյան աշխարհը՝ աբստրակտ, մատերիայից զուրկ էությունների աշխարհ է, որոնց ճանաչման հիմքում ընկած են բարձրագույն ինտելեկտուալ երջանկությունը և անմահությունը։ Ֆալսաֆան իր զարգացման ընթացքում ենթարկվում էր ավանդապահների կշտամբանքներին։

12-13-րդ դարերում մուսուլմանական աշխարհի արևելքում տեղի է ունենում դրա մերձեցումը քալամի հետ մի կողմից, սուֆիզմի հետ՝ մյուս կողմից։ Իրանում ֆալսաֆայի ավանդույթները (հատկապես Իբն Սինայի գաղափարները) պահպանվեցին Իբն Արաբիի սուֆիզմի և աս-Սուհրավարդիի իշրակիզմի հետ համադրությամբ մինչև նոր ժամանակները։ Ֆալսաֆայի ժառանգության նկատմամբ ժամանակակից մուսուլման հեղինակների վերաբերմունքը տատանվում է սկսած դրա ուղիղ ժխտումից՝ որպես իսլամական աշխարհայացքին խորթ երևույթ (Սայյիդ Քուտբ) մինչև դրա ճանաչումը որպես այն բանի վկայություն, որ իսլամը միշտ խրախուսել է աշխարհի ճանաչումը (Ուսման Ամին

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]