Աերոզոլներ
Աերոզոլները գազային միջավայրում լողացող պինդ կամ հեղուկ մանր մասնիկներից բաղկացած համակարգեր են: Մասնիկները շատ փոքր են՝ 10-7–10-2 սմ: Աերոզոլներն անկայուն են. ծանրության ուժի ազդեցությամբ մասնիկները նստում են՝ հաճախ նախօրոք կպչելով իրար: Դրանք կարող են միջավայրից կլանել իոններ և լիցքավորվել: Նույնանուն լիցքավորված մասնիկներով աերոզոլներն ավելի կայուն են:
Աերոզոլները լինում են բնական և արհեստական: Բնական աերոզոլներից են ծուխը, չոր մշուշը, մառախուղը, ամպը և այլն: Ի դեպ` շատ վնասակար է ծխախոտի ծուխը, որը վնասում է ոչ միայն ծխողի օրգանիզմը, այլև աղտոտում բնակարանն ու հասարակական վայրերը: Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար հատկապես վտանգավոր է մուրը, որով հագեցած է խոշոր քաղաքների օդը. այն թափանցում է մարդկանց շնչառական օրգաններ, նստում հողի, ջրի, բույսերի վրա: Մեծ է նաև շրջապատն աղտոտող սուլֆատների հասցրած վնասը, որոնք, անջատվելով մթնոլորտից, առաջացնում են թթվային անձրևներ և զանգվածային թունավորումների պատճառ դառնում: Վտանգավոր աերոզոլներ են առաջացնում նաև գիպսը, ասբեստը, մետաղների (երկաթ, կապար, ցինկ, մոլիբդեն, սելեն, տելուր) օքսիդները: Հատկապես վտանգավոր է կապարը: Ավտոմոբիլային մեկ շարժիչը աերոզոլի ձևով տարեկան մթնոլորտ է արտանետում մոտ 1 կգ կապար: Աերոզոլների պինդ մասնիկները, խառնվելով օդում եղած ջրի մանր կաթիլներին, հաճախ գոյացնում են մառախուղի հատուկ տեսակ՝ սմոգ: Ուժեղ սմոգը մարդկանց մոտ առաջացնում է շնչահեղձություն, բրոնխային հեղձուկ, ալերգիա, աչքերի բորբոքում: Օդում աերոզոլների առաջացումը վնասակար է մարդկանց և շրջակա միջավայրի համար, հատկապես` ցեմենտի, քիմիական և մանվածքների արտադրություններում: Որոշ աերոզոլներ պայթուցիկ են, օրինակ՝ ածխի, ալյուրի և շաքարի փոշիները: Միջուկային պայթյունները սովորաբար առաջացնում են խիստ վտանգավոր ճառագայթաակտիվ աերոզոլներ:
Թունավոր աերոզոլների դեմ պայքարի հիմնական եղանակներն են զտումը, լվացումը, առաջացման պատճառների վերացումը, էլեկտրական դաշտի և ձայնային ալիքների կիրառումը: Արհեստական անձրևների առաջացումը, կարկտաբեր ամպերի և մառախուղների ցրումը նույնպես իրականացվում են աերոզոլները վերացնելով: Արհեստական աերոզոլներն օգտագործվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, բժշկության մեջ, ինչպես նաև կենցաղում: Մշակաբույսերի, անտառների վնասատուների և հիվանդությունների, կենցաղային վտանգավոր միջատների դեմ պայքարում են թունաքիմիկատային աերոզոլներով: Արդյունաբերական և գյուղատնտեսական աերոզոլները ճիշտ չկիրառելու դեպքում կարող են առաջանալ թունավորումներ և հիվանդություններ: Բժշկության մեջ մաշկի որոշակի վնասվածքների, վերքերի և շնչառական օրգանների հիվանդությունների բուժման նպատակով առանձին դեղանյութեր օգտագործվում են աերոզոլների ձևով. դրանք ավելի արագ և արդյունավետ են ազդում:
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |