Ցեմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրաստի ցեմենտը բեռնում են սայլակի մեջ

Ցեմենտ (գերմ.՝ Zement, լատ.՝ caementum - խիճ, ջարդած քար), հիդրավլիկական կապակցանյութերի մեծ խմբի հավաքական անվանում, կարևոր շինանյութերից։ Ջրի կամ որոշ աղերի ջրային լուծույթների ազդեցությամբ ցեմենտը առաջացնում է պլաստիկ զանգված (ցեմենտախմոր), որն աստիճանաբար պնդանում է՝ առաջացնելով քարանման ամուր նյութ։ Ցեմենտը հիմնականում օգտագործվում է լցանյութերի (ավազ, կոպիճ, խիճ) հետ խառնված, շինարարական շաղախների, բետոնների ձևով, վերգետնյա և ստորգետնյա կառույցների, շենքերի առանձին տարրերի ամրացման, հիդրոմեկուսացման և այլ նպատակներով։
Ցեմենտը հայտնի է հնադարից։ Առաջին արհեստական կապակցանյութերը՝ գիպսը և կիրը, օգտագործել են դեռևս հին եգիպտացիները և հույները, այնուհետև՝ չինացիները։ Ավելի ուշ որպես կապակցանյութ սկսեցին օգտագործել կրային շաղախներ՝ մանրված հրաբխային ապարների (Հին Հռոմում) կամ թույլ թրծված շինարարական աղյուսի (Կիևյան Ռուսիայում) ջարդոնի հետ։ 1796-ին Զ․ Փարկերը (Անգլիա) արտոնագիր ստացավ բնական մերգելների թրծումով և աղացումով ստացված հիդրավլիկական կապակցանյութի՝ ռոմանցեմենտի համար։ 1822-ին կրաքարային խառնուրդներից հիդրավլիկական կապակցանյութերի ստացման տեսական հիմքեր մշակվեցին Սանկտ Պետերբուրգի հաղորդակցման ուղիների ինժեներների ինստիտուտում։ 1824-ին Զ․ Ասպդինը Անգլիայում և 1825-ին Ե․ Գ․ Չելիևը Ռուսաստանում, իրարից անկախ ստեղծեցին պորտլանդցեմենաը։
Ցեմենտի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսն ընդգրկում է․ հումքային նյութերի արդյունահանում կամ որպես հումք արդյունաբերական մնացուկների օգտագործում, ջարդում և մանր աղացում, որոշակի բաղադրության համասեռ հումքախառնուրդի պատրաստում, թրծում մինչև եռակալումը (1450—1550°C ջերմաստիճանում), ստացված կլինկերի նուրբ մանրում՝ ցեմենտին անհրաժեշտ հատկություններ հաղորդելու համար փոքր քանակությամբ գիպսի և ակտիվ միներալային հավելանյութերի կամ այլ նյութերի հետ։ Տարբերում են ցեմենտի արտադրության չոր, թաց և համակցված եղանակներ, որոնց ընտրությունը պայմանավորված է գլխավորապես տեխնիկատնտեսական ցուցանիշներով։ Ցեմենտի արտադրության չոր եղանակի դեպքում հումքանյութերը (կիր և կավ) աղացներում (մանրման և աղացման պրոցեսում) չորացվում են և փոխակերպվում հումքալյուրի։ Վերջինի բաղադրությունը ճշտելուց հետո այն ենթարկում են թրծման։ Կլինկերի թրծման ժամանակակից պտտվող խողովակավառարանները, որպես կանոն, հանդերձվում են միջվառարանային ջերմափոխանակիչներով, որոնցում իրականացվում է հումքախառնուրդի տաքացումը և մասնակի ածխածնազերծումը։ Կլինկերի թրծման համար ջերմության ծախսը կազմում է 750—850 կկալ/կգ։ Թաց եղանակի դեպքում աղացներում հումքային բաղադրիչների մանրումն իրակա նացվում է ջրի առկայությամբ։ Ստացված հումքազանգվածն աչքի է ընկնում բարձր համասեռությամբ և 35—45% խոնավությամբ։ Քիմիական բաղադրությունը ճշտելուց հետո հումքազանգվածը (շլամը) թրծում են։ Վառարանում, շլամից ջրի գոլորշիացման հաշվին մեծանում է թրծման համար ջերմության ծախսը՝ կախված խողովակավառարանի չափերից և կոնստրուկցիա յից, այն կազմում է 1300—1600 կկալ/կգ։ Համակցված եղանակի դեպ քում հումքախառնուրդը պատրաստվում է թաց եղանակի սխեմայով, այնուհետև վակուումքամիչներում կամ վակուումմամլիչներում ջրազրկվելուց հետո կաղապարվում է և թրծվում (կլինկերի թրծման համար ջերմության ծախսը 1000 կկալ/կգ է)։
Ըստ ամրության ցեմենտը բաժանվում է մակնիշների։ Մակնիշը որոշվում է ցեմենտի և նորմալ (քվարցային) ավազի 1։ 3 կշռային հա րաբերությամբ շաղախից պատրաստված 40x40x160 մմ չափերի փորձանմուշների (28 օր ջրում պնդանալուց հետո) ծռման և դրանց կեսերի սեղմման դեպքում ամրության սահմաններով։ Հատուկ ցեմենտների դեպքում թույլատրվում է շաղախի բաղադրամասերից նմուշների պատրաստման և պնդացման եղանակների փոփոխություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png