Աբբաս I Սեֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբբաս Iից)
Աբբաս I
Շահ
Portraits du schah de Perse Abbas Ier (1571-1629).JPG
Իշխանություն 15871629
Ծնվել է՝ Հունվարի 27, 1571
Ծննդավայր Հերաթ, Իրան
Մահացել է՝ Հունվարի 19, 1629
Վախճանի վայր Ղազվին, Իրան
Ազգություն Պարսիկ
Հարստություն Սեֆյան հարստություն
Նախորդ Մուհամմեդ Խադաբենդե
Հաջորդող Սեֆի I
Տոհմ Սեֆևներ
Հայր Մուհամմեդ Խադաբենդե

Աբբաս I կամ Շահ-Աբբաս (1571-1629, պարսկերեն՝ شاه عباس بزرگ), Իրանի Սեֆյան հարստության շահ 1587-ից։ Հոր՝ Մուհամմեդ Խուդաբենդեի օրոք՝ Խորասանի փոխարքա։ Մահացել է 1629հունվարի 19ին, Ղազվինում՝ 57 տարեկան հասակում։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել]

Մինչև Աբբաս I Սեֆևյանների քաղաքական հենարանը Ատրպատականն էր։ Երկիրը տնտեսական քայքայվածությունից դուրս բերելու և իշխանությունը կենտրոնացնելու նպատակով Աբբասը կողմնորոշվեց դեպի պարսիկները։ Արտոնություններ տվեց հայ հոգևորականությանն ու վաճառականությանը, կառավարման մեջ ներգրավեց իրանական ավագանուն։ Շահը անխնա կերպով ճնշում էր ղզլբաշների ապստամբությունները: Այսպես, 1596 թվականին Աբբասի հրամանով ոչնչացվեց ղզլբաշական թեքելու ցեղը: Սակայն կային ցեղեր, որոնք հավատարմորեն ծառայում էին շահին և նրանք ստացան «շահսևաններ» անունը: Թուլացրեց քոչվոր ղզլբաշական և այլ թուրքական ցեղերի ռազմական ազնվականության քաղաքական դերը, ավելի ուշ, 1598-ին մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխեց Սպահան։ Երկրի ներքին կյանքում կատարեց բարեփոխումներ, հումքի (մետաքս) մշակումը խրախուսելու նպատակով բացեց պետ. արհեստանոցներ, հովանավորեց Եվրոպայի հետ առևտուրը՝ ներգրավելով հայ առևտրականներին, մետաքսի արտահանությունը դարձրեց պետ. մենաշնորհ, կառուցեց իջևանատներ, ճանապարհներ, կամուրջներ, ոռոգման ջրանցքներ։ Դիվանագիտական կապեր հաստատեց Անգլիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հետ։ Պարսկաստանի արևմտյան և հյուսիսային երկրամասերը ետ նվաճելու համար պատերազմ մղեց Օսմանյան կայսրության և Բուխարայի դեմ, գրավեց Լորիստանը, Գիլանը, Մազանդարանը և Խորասանը։ Իր իշխանությանը ենթարկեց Աֆղանստանի մեծ մասը։ 1601-13-ին թուրքերից վերագրավեց Ատրպատականը, Հայաստանի և Վրաստանի մի մասը, Շիրվանը։ 1623-ին գրավեց Բաղդադը, Մոսուլը, շիա աղանդի հետևորդների սրբավայր Քերբելան և Նաջաֆը։ Անգլիական Արևելա-հնդկական ընկերության օժանդակությամբ պորտուգալացիներին դուրս մղեց Պարսից ծոցի շրջանից, Եվրոպայի հետ առևտրի ճանապարհը Օսմանյան կայսրությունից Իրան փոխադրելու դիտավորությամբ Պարսից ծոցի ափին կառուցեց Բենդեր-Աբբաս նավահանգիստը (1623 թ.)։ Աբբասի իշխանության վերջին տարիներին Սեֆևյանների տիրապետությունը տարածվեց Տիգրիսից Հնդկաստան։

Վերաբերմունքը հայերի նկատմամբ[խմբագրել]

Աբբասը մեծ արհավիրքներ բերեց հայերին։ Օգտագործելով նրանց դժգոհությունը թուրքական տիրապետությունից՝ Աբբասը նպատակ ուներ հեշտացնել 1590-ին թուրքերի նվաճած անդրկովկասյան տարածքների ետգրավումը և հայերի ու վրացիների գաղթեցումը Պարսկաստան։ Արցախի մի խումբ վաճառականներ ու մելիքներ, ինչպես նաև մի քանի գյուղերի բնակիչներ Աբբասի թագավորության առաջին տարում գաղթեցին Սպահան։ Նույն միջոցին դիմեցին նաև Ատրպատականի թուրքահպատակ մահմեդական կալվածատերերից ոմանք և Էջմիածնի Գավիթ ու Սելքիսեթ կաթողիկոսները։ 1603-ին Աբասը օսմանցիներից գրավեց Թավրիզը, Նախիջևանն ու Երևանը և գրաված վայրերի հայ բնակչությանը գաղթեցրեց Իրան։ 1604-ի աշնանը թուրքերը պարսկական բանակին ստիպեցին նահանջել։ Աբբասը հրամայեց իր ճանապարհի վրա գտնվող շրջանների ամբողջ բնակչությանը (մոտ 300 հազար հայՇիրակից մինչև Գողթն, բռնի գաղթեցնել Իրան։ Նրանց մեծ մասը զոհվեց ճանապարհին։ Այդ բռնագաղթը հայ ժողովրդի մեծագույն աղետներից էր։ Հայաստանի շրջանների բնակչությունը նոսրացավ, օտար տարրերի բնակեցման հնարավորությունները մեծացան, երկիրը երկար ժամանակ զրկվեց պաշտպանունակությունից։

Գրականություն[խմբագրել]

  • Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, 3 տպգ., Վաղ-պատ, 1896
  • Ավգոստինոս Բաշեցի, Պատմութիւն թագաւորացն հայոց որ ի Սիս, մաս 2. Ճանապարհոր–դութիւն յԵվրոպա, ՍՊԲ, 1884
  • Տեր-Հովհանյան Հ․, Պատմություն Նոր Ջուղայու, հ. 1-2, Ն. Ջուղա, 1880-81
  • Գորոյանց Ն., Պարսկաստանի հայերը, Թեհրան, 1968
  • Иванов М. С., Очерки истории Ирана, М., 1952

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png