Վասաբի
Վասաբի | |
Վասաբի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Eutremeae |
Ցեղ | Eutrema |
Տեսակ | Վասաբի (E. japonicum) |
Միջազգային անվանում | |
Eutrema japonicum |
Վասաբի (ճապ.՝ 山葵 կամ ワサビ, ճապ.՝ 和佐比, [wásàbì]), կամ Էվտրեմա ճապոնական (լատին․՝ Eutrēma japōnicum), էվտրեմա ցեղի կաղամբազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի տեսակ։ Բույսը հայտնի է որպես «ճապոնական ծովաբողկ», բայց իրականում այն ծովաբողկ չէ, թեև ազգակից է նրան (երկու ցեղերն էլ պատկանում են նույն ընտանիքին)։ Նրա կոճղարմատից պատրաստված համեմունքը նույնպես կոչվում է «վասաբի» և լայնորեն օգտագործվում է ճապոնական խոհանոցում։ Քանի որ վասաբին դժվար է աճեցնել, այս թանկարժեք մթերքը Ճապոնիայից դուրս սովորաբար փոխարինվում է ծովաբողկի (որը ճապոնացիները երբեմն անվանում են «արևմտյան վասաբի»[1]), մանանեխի և սննդային կանաչ ներկանյութի խառնուրդով[2]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի շատ լեզուներում վասաբին նշանակելու համար օգտագործվում է ճապոներենին նման բառ կամ արտահայտություն, որը թարգմանվում է որպես «ճապոնական ծովաբողկ»․ անգլ.՝ Japanese horseradish, դան․՝ Japansk Peberrod, գերմ.՝ Japanischer Merretich, լեհ.՝ Chrzan japoński, ռումիներեն՝ Ridiche japoneză, ֆիններեն՝ Japaninpiparjuuri, ֆր.՝ Raifort japonais։ Որոշ լեզուներով վասաբին հայտնի է որպես «կանաչ մանանեխ»՝ չինարեն՝ 青芥辣, փինյին qīng jiè là, անգլ.՝ green mustard)։
Բուսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա կոճղարմատ խոտաբույս է՝ սողացող կամ բարձրացող պարզ տերևավոր ցողունով, որը, սակայն, հասնում է 45 սմ բարձրության։
Տերևները կլոր կամ սրտաձև են, երկար կոթունով և ատամնավոր եզրով, ցողունի ստորին մասում ավելի խոշոր են, գագաթային տերևները հաճախ բաժանվում են մասերի։
Ծաղիկները փոքր են, սպիտակ, ծաղկատերևներով, հավաքված են գագաթային ողկույզի մեջ։ Ծաղկաթերթիկները ձվաձև են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։
Մշակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասաբին աճում է լեռնային գետերի հուների երկայնքով։ Մշակման սկիզբն անհայտ է, բայց ամենահին բժշկական տեղեկատուն՝ «Հոնձովամեն», 918 թվականին նշում է, որ բույսը հայտնի է ավելի քան հազար տարի[3]։ Գոյություն ունի երկու ագրոտեխնիկա․ լեռնային սառը ջրում կիսաընկղմված վիճակում աճեցնելը (հոն-վասաբի) և բանջարանոցում։ Երկրորդ սորտը համարվում է ավելի ցածրորակ․ ափերին աճած վասաբին ավելի ուժեղ համ ունի։
Բացի Ճապոնիայից, վասաբին մշակվում է Թայվանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Կորեայում և Նոր Զելանդիայում։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Men's Health ամսագրի՝ ճապոնացի գիտնականները պարզել են, որ հատուկ նյութերի՝ իզոթիոցիանատների շնորհիվ վասաբին կանխում է ատամների քայքայումը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ նյութերն արգելակում են Streptococcus mutans բակտերիաների աճը, որոնք առաջացնում են ատամների ոսկրափուտ[4]։ Հրապարակման մեջ նշվում է նաև վասաբիի արյան թրոմբների ձևավորումը կանխելու և հակաասթմատիկ բաղադրիչի դեր խաղալու կարողությունը[4]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսը բուժական նպատակներով օգտագործվել է առնվազն 10-րդ դարից[3]։ Վասաբին քերած արմատի տեսքով ուտելը սկսվել է 1396 թվականին Սիձուոկա շրջանում։ Սիձուոկայի բնակիչները վասաբին նվեր են բերել ապագա սյոգունին։ Ըստ ավանդության՝ նրան դուր է եկել համեմունքը և նա սկսել է վասաբին տարածել Ճապոնիայի այլ շրջաններում։ Չորացրած և մանրացված արմատը շատ ուժեղ հոտ ունի։ Նրա կծվությունն ավելի շատ նման է մանանեխի կծվությանը, քան կծու պղպեղին, և ավելի շատ խթանում է քթանցքերը, քան լեզուն։
Այդպիսի «իսկական վասաբին» (որը կոչվում է նաև հոն-վասաբի, ինչը թարգմանաբար նշանակում է «իսկական վասաբի») կարելի է գտնել միայն Ճապոնիայում, բայց նույնիսկ այնտեղ այն աճում է հատուկ պայմաններում՝ հոսող ջրի մեջ և 10-17°C ջերմաստիճանում։ Ահա թե ինչու է այն այդքան թանկ և այդքան գնահատված։ Պատրաստման համար օգտագործվում են երեք և չորս տարեկան արմատներ։ Ճապոնական շատ քիչ ճաշատեսակներ են պատրաստվում առանց վասաբի համեմունքի։ Ամենից հաճախ վասաբին խառնում են սոյայի սոուսի հետ կամ, ինչպես սուշիի դեպքում, բրնձի վրա բարակ շերտ են անում[5]։
Ճապոնական խոհանոցում օգտագործվում են նաև վասաբիի ցողունները և ծաղիկները։ Մասնավորապես, դրանք օգտագործվում են տեմպուրա պատրաստելու համար։
Իսկական վասաբիի կոճղարմատի 1 կգ-ն արժե ավելի քան 200 եվրո[6]։ Քանի որ վասաբին թանկ է, Ճապոնիայից դուրս գտնվող ռեստորանների ճնշող մեծամասնությունն օգտագործում է վասաբիի իմիտացիա՝ ծովաբողկի, համեմունքների և սննդի ներկերի հիման վրա։ Վասաբիի իմիտացան արտադրվում է փոշու կամ պատրաստի մածուկի տեսքով՝ պարկուճներում[7]։ Վասաբիի իմիտացան, որպես կանոն, պարունակում է տարտրազին (E102), E133 ներկանյութեր և մանանեխի փոշի։ Վասաբիին նմանակող մածուկներում վասաբին կա՛մ ամբողջությամբ բացակայում է, կա՛մ դրա բաղադրությունը 2%-ից ցածր է[6]։
2008 թվականին ճապոնացի մի խումբ գիտնականներ առաջարկել են լուռ հրշեջ ազդանման հայեցակարգ, որը հիմնված է վասաբիի վրա[8]։ Նրանց կարծիքով՝ բույսի սուր հոտը կարող է արթնացնել քնած մարդուն կամ վտանգի ազդանշան դառնալ խուլերի համար։ 2011 թվականին այս գյուտի համար հետազոտողները ստացել են Իգնոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում[8][9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վասաբիի քերած արմատ
-
Իվասակի Կենենի նկարը (1828)
-
Վասաբիի արմատ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Small, E., P. M. Catling. Wasabi (Wasabia japonica) — A hot crop from cold mountains // Biodiversity 5.2 (2004): 29-32.(անգլ.)
- ↑ Rodriguez, Georgina. Micropropagation of wasabi (Wasabia japonica) and identification of pathogens affecting plant growth and quality Արխիվացված 2022-02-08 Wayback Machine. Diss. Dept. of Biological Sciences-Simon Fraser University, 2007.(անգլ.) С. 2.
- ↑ 3,0 3,1 Султана, 2008, էջ 433—434
- ↑ 4,0 4,1 «Васаби предотвращает кариес». Men’s Health. 2009 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 20090612-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Кулинария — Васаби». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 10 (օգնություն) - ↑ 6,0 6,1 Tom König (2012 թ․ հունիսի 11). «Zum Heulen, dieser Wasabi» (գերմաներեն). Der Spiegel. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
- ↑ [japanesefood.about.com/od/wasabi/a/wasabi.htm About.com: Japanese Food — Wasabi (Japanese Horseradish)] «Источник». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.(անգլերեն)
- ↑ 8,0 8,1 Steve Levenstein (2008 թ․ մարտի 11). «Wasabi Silent Fire Alarm Alerts the Deaf with the Power of Scent». InvestorSpot (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Алена Миклашевская (2011 թ․ սեպտեմբերի 30). «Мир в 21-й раз рассмеялся и задумался» (ռուսերեն). Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сокольский И. Васаби, японский хрен или китайская горчица // Наука и жизнь : журнал. — 2021. — В. 5. — С. 72—75. — ISSN 0028-1263.
- Hodge, W.H. Wasabi — native condiment plants of Japan /Economic Botany, 1974, vol. 28, pp. 118—129.
- Маюрникова Л. А., Трихина В. В., Кокшаров А. А., Крапива Т. В. Изучение влияния добавок к суши: васаби, имбиря и соевого соуса на безопасность их потребления // Пищевая промышленность. — 2015. — № 4. — С. 38—41.
- Tamanna Sultana, Geoffrey P. Savage. Wasabi-japanese horseradish // Bangladesh Journal of Scientific and Industrial Research. — 2008. — С. 433—448.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասաբին Հանելուկային Ճապոնիա կայքում
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասաբի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասաբի» հոդվածին։ |
|