Վասաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասաբի
Վասաբի
Վասաբի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Eutremeae
Ցեղ Eutrema
Տեսակ Վասաբի (E. japonicum)
Միջազգային անվանում
Eutrema japonicum

Վասաբի (ճապ.՝ 山葵 կամ ワサビ, ճապ.՝ 和佐比, [wásàbì]), կամ Էվտրեմա ճապոնական (լատին․՝ Eutrēma japōnicum), էվտրեմա ցեղի կաղամբազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի տեսակ։ Բույսը հայտնի է որպես «ճապոնական ծովաբողկ», բայց իրականում այն ծովաբողկ չէ, թեև ազգակից է նրան (երկու ցեղերն էլ պատկանում են նույն ընտանիքին)։ Նրա կոճղարմատից պատրաստված համեմունքը նույնպես կոչվում է «վասաբի» և լայնորեն օգտագործվում է ճապոնական խոհանոցում։ Քանի որ վասաբին դժվար է աճեցնել, այս թանկարժեք մթերքը Ճապոնիայից դուրս սովորաբար փոխարինվում է ծովաբողկի (որը ճապոնացիները երբեմն անվանում են «արևմտյան վասաբի»[1]), մանանեխի և սննդային կանաչ ներկանյութի խառնուրդով[2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի շատ լեզուներում վասաբին նշանակելու համար օգտագործվում է ճապոներենին նման բառ կամ արտահայտություն, որը թարգմանվում է որպես «ճապոնական ծովաբողկ»․ անգլ.՝ Japanese horseradish, դան․՝ Japansk Peberrod, գերմ.՝ Japanischer Merretich, լեհ.՝ Chrzan japoński, ռումիներեն՝ Ridiche japoneză, ֆիններեն՝ Japaninpiparjuuri, ֆր.՝ Raifort japonais։ Որոշ լեզուներով վասաբին հայտնի է որպես «կանաչ մանանեխ»՝ չինարեն՝ 青芥辣, փինյին qīng jiè là, անգլ.՝ green mustard

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա կոճղարմատ խոտաբույս է՝ սողացող կամ բարձրացող պարզ տերևավոր ցողունով, որը, սակայն, հասնում է 45 սմ բարձրության։

Տերևները կլոր կամ սրտաձև են, երկար կոթունով և ատամնավոր եզրով, ցողունի ստորին մասում ավելի խոշոր են, գագաթային տերևները հաճախ բաժանվում են մասերի։

Ծաղիկները փոքր են, սպիտակ, ծաղկատերևներով, հավաքված են գագաթային ողկույզի մեջ։ Ծաղկաթերթիկները ձվաձև են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։

Պտուղը ութ սերմերով պատիճ է։

Մշակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասաբին աճում է լեռնային գետերի հուների երկայնքով։ Մշակման սկիզբն անհայտ է, բայց ամենահին բժշկական տեղեկատուն՝ «Հոնձովամեն», 918 թվականին նշում է, որ բույսը հայտնի է ավելի քան հազար տարի[3]։ Գոյություն ունի երկու ագրոտեխնիկա․ լեռնային սառը ջրում կիսաընկղմված վիճակում աճեցնելը (հոն-վասաբի) և բանջարանոցում։ Երկրորդ սորտը համարվում է ավելի ցածրորակ․ ափերին աճած վասաբին ավելի ուժեղ համ ունի։

Բացի Ճապոնիայից, վասաբին մշակվում է Թայվանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Կորեայում և Նոր Զելանդիայում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Men's Health ամսագրի՝ ճապոնացի գիտնականները պարզել են, որ հատուկ նյութերի՝ իզոթիոցիանատների շնորհիվ վասաբին կանխում է ատամների քայքայումը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ նյութերն արգելակում են Streptococcus mutans բակտերիաների աճը, որոնք առաջացնում են ատամների ոսկրափուտ[4]։ Հրապարակման մեջ նշվում է նաև վասաբիի արյան թրոմբների ձևավորումը կանխելու և հակաասթմատիկ բաղադրիչի դեր խաղալու կարողությունը[4]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը բուժական նպատակներով օգտագործվել է առնվազն 10-րդ դարից[3]։ Վասաբին քերած արմատի տեսքով ուտելը սկսվել է 1396 թվականին Սիձուոկա շրջանում։ Սիձուոկայի բնակիչները վասաբին նվեր են բերել ապագա սյոգունին։ Ըստ ավանդության՝ նրան դուր է եկել համեմունքը և նա սկսել է վասաբին տարածել Ճապոնիայի այլ շրջաններում։ Չորացրած և մանրացված արմատը շատ ուժեղ հոտ ունի։ Նրա կծվությունն ավելի շատ նման է մանանեխի կծվությանը, քան կծու պղպեղին, և ավելի շատ խթանում է քթանցքերը, քան լեզուն։

Այդպիսի «իսկական վասաբին» (որը կոչվում է նաև հոն-վասաբի, ինչը թարգմանաբար նշանակում է «իսկական վասաբի») կարելի է գտնել միայն Ճապոնիայում, բայց նույնիսկ այնտեղ այն աճում է հատուկ պայմաններում՝ հոսող ջրի մեջ և 10-17°C ջերմաստիճանում։ Ահա թե ինչու է այն այդքան թանկ և այդքան գնահատված։ Պատրաստման համար օգտագործվում են երեք և չորս տարեկան արմատներ։ Ճապոնական շատ քիչ ճաշատեսակներ են պատրաստվում առանց վասաբի համեմունքի։ Ամենից հաճախ վասաբին խառնում են սոյայի սոուսի հետ կամ, ինչպես սուշիի դեպքում, բրնձի վրա բարակ շերտ են անում[5]։

Ճապոնական խոհանոցում օգտագործվում են նաև վասաբիի ցողունները և ծաղիկները։ Մասնավորապես, դրանք օգտագործվում են տեմպուրա պատրաստելու համար։

Իսկական վասաբիի կոճղարմատի 1 կգ-ն արժե ավելի քան 200 եվրո[6]։ Քանի որ վասաբին թանկ է, Ճապոնիայից դուրս գտնվող ռեստորանների ճնշող մեծամասնությունն օգտագործում է վասաբիի իմիտացիա՝ ծովաբողկի, համեմունքների և սննդի ներկերի հիման վրա։ Վասաբիի իմիտացան արտադրվում է փոշու կամ պատրաստի մածուկի տեսքով՝ պարկուճներում[7]։ Վասաբիի իմիտացան, որպես կանոն, պարունակում է տարտրազին (E102), E133 ներկանյութեր և մանանեխի փոշի։ Վասաբիին նմանակող մածուկներում վասաբին կա՛մ ամբողջությամբ բացակայում է, կա՛մ դրա բաղադրությունը 2%-ից ցածր է[6]։

2008 թվականին ճապոնացի մի խումբ գիտնականներ առաջարկել են լուռ հրշեջ ազդանման հայեցակարգ, որը հիմնված է վասաբիի վրա[8]։ Նրանց կարծիքով՝ բույսի սուր հոտը կարող է արթնացնել քնած մարդուն կամ վտանգի ազդանշան դառնալ խուլերի համար։ 2011 թվականին այս գյուտի համար հետազոտողները ստացել են Իգնոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում[8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Small, E., P. M. Catling. Wasabi (Wasabia japonica) — A hot crop from cold mountains // Biodiversity 5.2 (2004): 29-32.(անգլ.)
  2. Rodriguez, Georgina. Micropropagation of wasabi (Wasabia japonica) and identification of pathogens affecting plant growth and quality Արխիվացված 2022-02-08 Wayback Machine. Diss. Dept. of Biological Sciences-Simon Fraser University, 2007.(անգլ.) С. 2.
  3. 3,0 3,1 Султана, 2008, էջ 433—434
  4. 4,0 4,1 «Васаби предотвращает кариес». Men’s Health. 2009 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 20090612-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  5. «Кулинария — Васаби». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 10 (օգնություն)
  6. 6,0 6,1 Tom König (2012 թ․ հունիսի 11). «Zum Heulen, dieser Wasabi» (գերմաներեն). Der Spiegel. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  7. [japanesefood.about.com/od/wasabi/a/wasabi.htm About.com: Japanese Food — Wasabi (Japanese Horseradish)] «Источник». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.(անգլերեն)
  8. 8,0 8,1 Steve Levenstein (2008 թ․ մարտի 11). «Wasabi Silent Fire Alarm Alerts the Deaf with the Power of Scent». InvestorSpot (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին.
  9. Алена Миклашевская (2011 թ․ սեպտեմբերի 30). «Мир в 21-й раз рассмеялся и задумался» (ռուսերեն). Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сокольский И. Васаби, японский хрен или китайская горчица // Наука и жизнь : журнал. — 2021. — В. 5. — С. 72—75. — ISSN 0028-1263.
  • Hodge, W.H. Wasabi — native condiment plants of Japan /Economic Botany, 1974, vol. 28, pp. 118—129.
  • Маюрникова Л. А., Трихина В. В., Кокшаров А. А., Крапива Т. В. Изучение влияния добавок к суши: васаби, имбиря и соевого соуса на безопасность их потребления // Пищевая промышленность. — 2015. — № 4. — С. 38—41.
  • Tamanna Sultana, Geoffrey P. Savage. Wasabi-japanese horseradish // Bangladesh Journal of Scientific and Industrial Research. — 2008. — С. 433—448.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասաբի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասաբի» հոդվածին։