Ռուդաքի
Ռուդաքի رودکی Рӯдакӣ | |
---|---|
Ծնվել է | 860[1] |
Ծննդավայր | Panjrūd, Սամանիների պետություն[2] |
Վախճանվել է | 941[1][3] |
Վախճանի վայր | Panjrūd, Սամանիների պետություն[2] |
Գրական անուն | Рудаки |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, երգիչ և Ռապսոդներ |
Լեզու | պարսկերեն |
Քաղաքացիություն | Սամանիների պետություն |
Ժանրեր | Ռուբայաթ, Կասիդա և Գազել |
Ռուդաքի Վիքիքաղվածքում | |
Rudaki Վիքիպահեստում |
Ռուդաքի (ամբողջական անուն՝ պարս.՝ ابو عبدالله جعفر ابن محمد رودکی, տաջ.՝ Абуабдуллоҳ Ҷаъфар ибни Муҳаммад Рӯдакӣ՝ Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ Ռուդաքի 860[1], Panjrūd, Սամանիների պետություն[2] - 941[1][3], Panjrūd, Սամանիների պետություն[2]), պարսկալեզու բանաստեղծ։ Համարվում է պարսկալեզու պոեզիայի հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 9-րդ դարի երկրոդ կեսում Բանոջ կամ Փանջրուդ գյուղում, որը գտնվում է Ռուդաք շրջանում, Սամարղանդ և Բուխարա քաղաքների միջև, այժմյան Տաջիկստանում[4]։ Ստացել է լավ կրթություն. տիրապետել է արաբերենին, հրաշալի գիտեր Ղուրանը։ Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանիների արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության։ Ռուդաքիին հովանավորել են Սամանի կառավարիչ Նասր II-ը և սրա վեզիր Աբուլ Ֆազլ Բալամին։ Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել պալատից։ Մեռել է աղքատության մեջ իր ծննդավայրում[5]։ Ռուդաքիի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցվել է դամբարան։ Նրա անունով կոչվել են խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա, Դուշանբեի (Տաջիկստան) գլխավոր պողոտան, Սամարղանդում և Դուշամբեում կանգնեցվել են հուշարձանները։
Գործ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 բեյթ (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «Գինու մայրը» (933 թվական) և ինքնակենսագրական՝ «Ծերունական կասիդա», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլա և Դիմնա» առակագրքից (932 թվականին թարգմանել է արաբերենից)։
Արաբական գերիշխանության դեմ մղված պայքարում Սամանիների մղած պայքարում կարևոր դեր էր հատկացվում ազգային լեզվին՝ պարսկերենին, ուստի Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով։ Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով։ Ռուդաքին երգել է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, գինու զվարթացնող ուժը։ Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը։
Լա՜վ իմացիր, այս աշխարհում |
Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը։ Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), կասիդա, կիտա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբայի (քառյակ) արևելյան, հատկապես արաբական և պարսկական բանաստեղծական ձևերը։ Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ Խորասանի կամ Թուրքեստանի), որը պահպանվել է մինչև 12-րդ դարը։
Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են Վահագն Դավթյանը, Սերգեյ Ումառյանը, Միքայել Հարությունյանը, Շողիկ Սաֆյանը, Մկրտիչ Խերանյանը, Արամայիս Սահակյանը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժողովածու, Երևան, 1958
- Բանաստեղծություններ, Երևան, 2009
- Ղասիդեներ. Ղազալներ. Խոհա-փիլիսոփայական բանաստեղծություններ. Բեյթեր. Ռոբայաթներ, Երևան, 1995
- Սիրտն ու քամին․ Բանաստեղծություններ, Երևան, 2009
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мирзоев А. М., Рудаки. Жизнь и творчество, Москва, 1968
- Брагинский И. С., Из истории персидской и таджикской литератур, Москва, 1972
- Tabatabai Sassan, Father of Persian Verse: Rudaki and His Poetry, Leiden, 2010. ISBN 978-9087280925.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վարպետ Ռուդաքիի զբոսայգի, Դուշանբե
-
Ռուդաքիի արձան, Դուշանբե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.persee.fr/doc/lefab_0996-6560_2015_num_26_1_1262 — P. 181.
- ↑ Epinette, Michèle (2022). "Rudaki". In Yarshater, Ehsan (ed.). Encyclopædia Iranica, Online Edition. Encyclopædia Iranica Foundation.
- ↑ Tabatabai, Sassan (2010). Father of Persian Verse: Rudaki and His Poetry. Leiden University Press. էջ 6. ISBN 978-9087280925.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդաքի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդաքի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 12)։ |