Jump to content

Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 21, 1411(1411-09-21)[1]
Ծննդավայր Քինգս Լենգլի, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա
Վախճանի օր դեկտեմբերի 30, 1460 (49 տարեկան)
Վախճանի վայր Ուեյքֆիլդի ճակատամարտ, Անգլիայի թագավորություն
Թաղված Սուրբ Մարիամի և բոլոր սրբերի եկեղեցի, Ֆոթերինհայ
Դինաստիա Յորքեր
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն
Հայր Ռիչարդ Քոնիսբուրգցի, Քեմբրիջի 3-րդ կոմս[2]
Մայր Անն դե Մորթիմեր[2]
Ամուսին Սեսիլի Նեվիլ[2]
Զավակներ Էն Յորքի դքսուհի[2], Էդուարդ IV[2], Էդմունդ, Ռութլանդի կոմս[1], Ջորջ Պլանտագենետ, Քլարենցի 1-ին դուքս[2], Ռիչարդ III[2], Ջոն Յորքցի[1], Հենրի Յորքցի[1], Մարգարեթ Յորքցի[1][2], Ուիլյամ Պլանտագենետ[1], Ջոն Պլանտագենետ[1], Թոմաս Պլանտագենետ[1], Ուրսուլա Պլանտագենետ[1] և Էլիզաբեթ Յորքցի, Սաֆֆոլի դքսուհի[2]
 
Պարգևներ
Կապիչի շքանշան և Ասպետ-բակալավր

Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս (անգլ.՝ Richard Plantagenet, Duke of York, սեպտեմբերի 21, 1411(1411-09-21)[1], Քինգս Լենգլի, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա - դեկտեմբերի 30, 1460, Ուեյքֆիլդի ճակատամարտ, Անգլիայի թագավորություն, անգլ.՝ Richard Plantagenet, Duke of York,  սեպտեմբերի 21, 1411 - դեկտեմբերի 30, 1460, Ուէյքֆիլդ), Ռիչարդ Կոնիսբուրգի, Քեմբրիջի 3-րդ կոմսի, և Աննա Մորտիմերի (1388—1411 թթ.) որդին, Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի սկզբում Յորքերի խմբավորման ղեկավարը։ Խոշոր ավատատեր, Հենրիխ VI ռեգենտ, Մարգարեթ թագուհու թշնամին։ Նշանավոր զորավար ու քաղաքական գործիչ։ Դավադրաբար սպանվել է Ուէյքֆիլդում: Ռիչարդը թագավոր չդարձավ, բայց նա Էդուարդ IV և Ռիչարդ III թագավորների հայրն է, Էդուարդ V՝ պապը։ Իր թոռ Ելիզավետա Յուրքցու ու Հենրիխ VII Թյուդոր թագավորի ամուսնությամբ նա դարձավ բոլոր հետագա անգլիական միապետների նախնին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1415 թվականին Ռիչարդի հայրը, որպես դավաճան, մահապատժի ենթարկվեց, իսկ նրա տիրույթները բռնագրավվեցին։ Նույն տարում Ազենկուրի ճակատամարտում զոհվեց Ռիչարդի հորեղբայրը՝ դուքս Էդուարդ Յորքցին։ 1426 թվականին Հենրիխ VI թագավորական խորհուրդը վերադարձրեց Ռիչարդին դուքս Յորքցու տիտղոսը, իսկ 1432  թվականին՝ Քեմբրիջի կոմսի ու Մարչի կոմսի տիտղոսները։ 1435 թվականին Ռիչարդ Յորքցին դարձավ Ֆրանսիայում անգլիական զորքերի գլխավոր հրամանատարը, իսկ ավելի ուշ՝ Իռլանդիայի կառավարիչը։  

1454-1455 թվականներին Հենրիխ VI հիվանդության ժամանակ Ռիչարդ Յորքցին Անգլիայի ռեգենտն էր։ Հենրիխ թագավորի առողջանալուց հետո նրա կնոջ՝ Մարգարեթ Անժույցու պնդմամբ Ռիչարդին հեռացրեցին թագավորական խորհրդից։ Այդպես 1455 թվականին սկսվեց Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը։

Սկզբից Ռիչարդ Յորքցին ցանկանում էր վերադարձնել ռեգենտի կոչումը, սակայն մի քանի հաղթական ճակատամարտերից հետո նրա նպատակները փոխվեցին՝ նա սկսեց հավակնել անգլիական գահին, քանի որ մայրական գծով սերում էր Էդուարդ III թագավորի երրորդ որդի դուքս Լիոնել Կլարենսից։ Բացի դրանից, հայրական գծով Ռիչարդը Էդուարդ III հինգերորդ որդու՝ Յորքի 1-ին դուքս Էդմունդ Լենգլիի թոռն էր։ Իսկ Հենրիխ VI տոհմը սկիզբ էր առնում Էդուարդ թագավորի չորրորդ որդուց՝ Լանկաստերի 1-ին դուքս Ջոն Գոնտացուց։ 1460 թվականին խորհրդարանը ճանաչեց Ռիչարդին Հենրիխ VI ժառանգորդ։ Նույն թվականին նա պարտություն կրեց Հենրիխի կնոջ՝ Մարգարեթ Անժույցու, զորքերից, և սպանվեց Ուէյքֆիլդում (Battle of Wakefield): Նրա գլուխը թղթե թագով դրվեց ի տես բոլորին։

Ռիչարդ Պլանտագենետը 1424 թվականին ամուսնացել էր Հենրիխ IV թագավորի քրոջ Սեսիլիա Նևիլլի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել էր 12 երեխա, որոնցից շատերը մահացել էին մանկահասակ տարիքում։ Նրա 17-ամյա որդի Էդմունդը զոհվեց հոր հետ։ Ռիչարդի որդիներից առավել հայտնի են հետագայում թագավորներ դարձած Էդուարդ IV ու Ռիչարդ III և Կլարենսի դուքս Ջորջը, դուստրերից Մարգարեթ Յորքցին Կարլոս Խիզախի երրորդ կինն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Richard Plantagenet, 3rd Duke of York: ThePeerage.com» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 31.03.2010-ին.
  • «Wars of the Roses: Richard Plantagenet, 3rd Duke of York» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 31.03.2010-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս» հոդվածին։