Ջրվեժ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրվեժ (այլ կիրառումներ)
Ջրվեժ, գետի այն հատվածը, որտեղ ջուրը բարձրությունից թափվում է։ Ջրվեժի մեծությունը կախված է բարձրությունից և թափվող ջրի քանակից։ Ջրվեժներով հարուստ են հիմնականում լեռնային գետերը։
Նիագարայի ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 50 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։ Առաջինում թափվող ջրի քանակը վայրկյանում կազմում է 5900 մ3, իսկ ջրի աղմուկը լսվում է 25 կմ հեռավորությունից։ Այստեղից էլ առաջացել է Նիագարա (տեղացիների լեզվով, նշանակում է «Մեծ աղմուկ») անունը։
Անխել ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Ամերիկայում՝ Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ, կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ-ին հայտնաբերել է այն)։
Վիկտորիա ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայում՝ Զամբեզի գետի վրա է գտնվում Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ։ Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ։ Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով. 1855 թվականին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը։ Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»։
Ջրվեժներն այնքան շատ են Նորվեգիայում, որ այն նաև ջրվեժների երկիր են անվանում։ Խոշոր ջրվեժներից է Ռուսաստանի Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմեց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է։
Հայաստանի ջրվեժները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ ջրվեժներ կան նաև Հայաստանում։
Ջրվեժի անունը | Գետի անունը | Բարձրությունը (մ) | Մարզ |
---|---|---|---|
Գեղարոտի | Գեղարոտ | 6 | Արագածոտն |
Խոսրովի | Գողտ | 8 | Կոտայք |
Ամբերդի | Ամբերդ | 4 | Արագածոտն |
Աղստև | Աղստև | 3 | Տավուշ |
Թռչկան | Չիչխան | 23,5 | Լոռի |
Շաքի | Շաքի | 18 | Սյունիք |
Ծոփք | Ջերմուկ | 84 | Վայոց ձոր |
Որոտան | Որոտան | 6 | Սյունիք |
Լալվար | Լալվար | 8 | Լոռի |
Հերհեր | Հերհեր | 6 | Վայոց ձոր |
Մանթաշ | Մանթաշ | 5 | Շիրակ |
Ամասիա | Ամասիա | 6 | Շիրակ |
Հայաստանի ամենաբարձր ջրասահանք ջրվեժը Ջերմուկի ջրվեժն է։ Այն սկիզբ է առնում բազմաթիվ աղբյուրներից և մոտ 84 մ բարձրությունից թափվում Արփա գետը։ Որոտան գետի կիրճում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս, գտնվում է Շաքիի ջրվեժը (համանուն գետի վրա)։ Մոտ 18 մ բարձրությունից թափվող այս գեղատեսիլ ջրվեժի ջրի մեծ մասն օգտագործվում է Շաքիի ջրէկում։
Ջրվեժները և ժամանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրվեժներն անփոփոխ ու հարատև չեն։ Թափվող ջրի և նրա հետ շարժվող խոշոր քարերի վիթխարի ուժն աստիճանաբար տաշում, հղկում է անգամ ամենակարծր ապարները։ Գիտնականները ենթադրում են, որ Նիագարա ջրվեժը 20 հազար տարի հետո կարող է անհետանալ, քանի որ գետը ողողահարում, մաշում է ջրվեժի սանդղավանդը, վիթխարի քարերը ջարդվում են ու քշվում ջրի հետ (վերջին փլուզումներից մեկը տեղի է ունեցել 1956 թ-ին)։ Ամեն տարի Նիագարա ջրվեժը մոտ մեկ մետրով նահանջում է, և հնարավոր է, որ թնդյունով թափվող ջրի փոխարեն ժամանակի ընթացքում մնա հանդարտ ու սահուն հոսող մի գետ։