Jump to content

Չանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանան
Չանանի Տայեն պագոդան, որը կառուցվել է Յոնհուեյ կայսեր կառավարման 3-րդ տարում (652)
Տեսակբնակավայր և հնագիտական հուշարձան
ԵրկիրՀան դինաստիա, Cao Wei, Jin dynasty, Han Zhao, Later Zhao, Former Qin, Western Yan, Later Qin, Jin dynasty, Xia, Northern Wei, Xia, Northern Wei, Western Wei, Northern Zhou, Sui dynasty, Տան հարստություն, Yan, Տան հարստություն, Qi (Huang Chao), Տան հարստություն, Later Liang dynasty, Later Tang dynasty, Later Jin dynasty, Later Han dynasty, Later Zhou dynasty, Սուն դինաստիա, Liu Qi և Jin dynasty
ՎարչատարածքՍիան
Քարտեզ
Քարտեզ

Չանան (չինարեն՝ 长安, փինյին՝ Cháng'ān), համաշխարհային պամության մեջ Չինաստանի հայտնի մայրաքաղաք և ներկայիս Սիան քաղաքի հնագույն անվանումը։ Նախկինում արաբական տարածաշրջանում և Բյուզանդական կայսրությունում հայտնի էր Խումուտան անվանմամբ։ Պատմական իրադարձություններից ելնելով քաղաքի գտնվելու վայրը բազմիցս փոփոխվել է, սակայն մոտավորապես այն գտնվել է Սիան և Սյանյան քաղաքների մերձակայքում, ներկայիս Կուանճոն հարթավայրում։ Ավելի քան տասը դինաստիաներ, այդ թվում՝ Չժոուն, Ցինը, Հանը, Սույը և Թանը այստեղ են կառուցել իրենց մայրաքաղաքները՝ դարձնելով այն հին Չինաստանի կարևոր մետրոպոլիա։ Արևմտյան Հան դինաստիայի հիմնադրման առաջին տարում Չանանի շուրջ ստեղծվեց երեք շրջան՝ Ծինճաո պրեֆեկտուրան, ձախից՝ Ֆընյիի և աջից՝ Ֆուֆընի շրջանները։ Այդ պահից ի վեր Չանանը և նրա հարակից շրջանները սկսեցին անվանել «Սանֆու»՝ երեք շրջաններ։ Այս անվանումը տեղ գտավ նաև Երեք թագավորությունների, Ծին և այլ դինաստիաների օրոք։ Չինաստանի ամենահայտնի ժամանակաշրջանը կապվում է Արևմտյան Հան և Թան դինաստիաների հետ։ Չանանը հանդիսացել է երկու դինաստիաների մայրաքաղաքը։ Ավելի քան 800 տարի Չանանը եղել է Չինաստանի մայրաքաղաքը և կարևոր դեր է խաղում չինական դասական գրականության պատմության մեջ։

Իր ծաղկման շրջանում Չանանը, որի բնակչությունը կազմում էր ավելի քան 1միլիոն մարդ, ռեկորդ է սահմանել մարդկության ուրբանիզացիայի պատմության մեջ և եղել է ժամանակի ամենամեծ քաղաքներից։ Իր զարգացման գագաթնակետին այն եղել է Արևելյան Ասիայի և նույնիսկ ամբողջ Ասիա մայրցամաքի կենտրոնը՝ գրավելով մեծ թվով օտարերկրյա բանագնացների, վանականների և առևտրականների ուշադրությունը, իսկ Արևմտյան Հան և Թան դինաստիաների ժամանակաշրջանում Չանանից՝ հնագույն մայրաքաղաքից սկիզբ է առել հայտնի Մետաքսի ճանապարհը[1][2]։ Ներկայումս Սիան քաղաքում պահպանվել են բազում մշակութային ժառանգության վայրեր, ինչպիսիք են Թան դինաստիիայի պալատների ավերակները, դամբարանները, պագոդաները, արձանագրությունները, որմնանկարները, քանդակները և այն ժամանակի կենցաղային իրերը։ Թան դինաստիիայի օրոք Չանանը գտնվում էր Ծինճաո պրեֆեկտուրայի իրավասության տակ և բաժանված էր Չանանի և Վաննյանի շրջանների, որոնց սահմանն էր հանդիսանում Ճուցյուե պողոտան։ Թան դինաստիայի անկումից հետո Կուանճոնի շրջանն աստիճանաբար կորցրեց մայրաքաղաքի իր կարգավիճակը, քանի որ քաղաքական և տնտեսական կենտրոնը տեղափոխվեց դեպի արևելք, սակայն ավելի ուշ «չանան» տերմինը սկսեց լայնորեն կիրառվել որպես մայրաքաղաք բառի հոմանիշ։ Հինգ դինաստիաների ժամանակաշրջանում Լիան դինաստիան Ծինճաո պրեֆեկտուրան փոխարինեց Յոնճոու պրեֆեկտուրայով, հիմնեց Տաանի պրեֆեկտուրան, բանակը վերանվանեց Յոնփինի բանակ։ Հետագայում Ուշ Թան դինաստիայի ժամանակաշրջանում վերականգնվեց Ծինճաո պրեֆեկտուրան[3]։

Մին դինաստիայի հիմնադրումից հետո կայսր Ճու Յուենճանը Չանանը դիտարկում էր որպես հնարավոր մայրաքաղաքներից մեկը, սակայն թագաժառանգ Ճու Պիաոյի մահվան պատճառով այդ ծրագիրը չիրականացավ[4]։ Մին դինաստիայի օրոք Ֆընյուենի փողոցը վերանվանվեց Սիան պրեֆեկտուրայի, որն էլ բաժանվեց Չանանի և Սյաննինի շրջանների, որտեղից էլ առաջացավ Սիան քաղաքի անվանումը։ Մին դինաստիայի օրոք Սիան քաղաքում տեղի ունեցան որոշակի շինարարական աշխատանքներ։ Բազմաթիվ հնագույն շինություններ, ինչպիսիք են ներկայիս Սիանի քաղաքային պատը, Զանգակատունը, Թմբուկի աշտարակը կառուցվել են հենց այդ ժամանակաշրջանում։ 1943 թվականին Չինաստանի Հանրապետության Ազգային կառավարությունը վերականգնեց Սիան քաղաքը և վերաբաշխեց 230 կմ² տարածք Չընկուանի և Չընճոուի հատվածին։ Դրանից հետո քաղաքը շարունակեց գոյություն ունենալ համապատասխան անվանումներով, ինչպես օրինակ Չանանի շրջանը։

Չանանի տարածքը նախքան Հան դինաստիայի մայրաքաղաքի կառուցումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանանի տարածքում դեռ վաղուց քաղաքներ են գոյություն ունեցել։ Դեռևս 1 միլիոն տարի առաջ պարզունակ մարդիկ այստեղ կառուցեցին բնակավայրեր։ 7000 տարի առաջ՝ Յանգշաոյի մշակույթի ժամանակաշրջանում, որի ներկայացուցիչն է Բանպո հնագիտական հուշարձանը, այստեղ ստեղծվեց քաղաքային պատի նախատիպը։ 2008 թվականին Չինաստանի Կաոլինի շրջանում հայտնաբերվեց սույն թվականի տասը լավագույն հնագիտական հայտնագործություններից մեկը՝ Յանկուանճայ հնավայրը, ինչն էլ արևելաասիական քաղաքների պատմությունը 6000 տարի հետ է մղում դեպի նեոլիթյան դարաշրջան։ Այս բնակավայրը, որի տարածքը համարժեք է թվով 40 ստանդարտ չափսերի ֆուտբոլային դաշտի, կարող է լինել Արևելյան Ասիայի հնագույն քաղաքը։ Քաղաքի ծայրով ձգվում է 1945 մ երկարությամբ խրամատների շղթա[5]։

Ֆենհաո՝ Արևմտյան Չինաստանի երկրորդ մայրաքաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենհաո անվանումը ձևավորվել է Չժոու դինաստիայի Ֆեն և Հաո մայրաքաղաքների անվանումների միաձուլումից։ Չժոու դինաստիայի Վըն արքայի օրոք, Կենտրոնական հարթավայրերի տարածքում ընդլայնվելու համար, Ֆըն և Վեյ գետերի միջև կառուցվեց քաղաք Ֆենը։ Մայրաքաղաքը Ցիյիից տեղափոխվեց Ֆեն։ Չժոու դինաստիայի Վու արքայի օրոք կառուցվեց քաղաք Հաոն, որը մնաց մայրաքաղաքի կարգավիճակում 300 տարի։

Չըն արքայի օրոք կառուցվեց մայրաքաղաք Լուոյին, որը նաև կոչվում է Չենչժոու, որպես կենտրոն արևելքում իրենց վերահսկողությունը ամրապնդելու համար։ Չնայած նրան, որ արքան հաճախ էր լինում Չենչժոուում, Ծոնճոուն շարունակում էր մնալ նրա գործունեության կենտրոնը։ Ճաոմու արքայի կառավարման տարիներին ակտիվ գործունեություն ծավալվեց արևելքում՝ հատկապես Չենչժոուում։ Յոու արքայի օրոք Ցյուենրոն էթնիկ խումբը գրավեց մայրաքաղաք Հաոն, իսկ Արևմտյան Չժոու դինաստիան անկում ապրեց։ Պատերազմի ընթացքում Ծոնճոուի պալատն այրվեց, Չժոու դինաստիայի ժողովուրդը չկարողացավ պատսպարվել Ֆենհաոյի շրջանում, դրա համար Փին արքան ստիպված էր շարժվել դեպի արևելք՝ Չենչժոու։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեն և Հաո մայրաքաղաքների ավերակները գտնվում են Ֆըն գետի 2 ափերին՝ Շենսի նահանգի Սիան քաաղաքից հարավ-արևմուտք՝ 12 կմ հեռավորության վրա։ Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ մայրաքաղաք Հաոն մոտավորապես գտնվել է Տոումըն փողոցից հյուսիս՝ ներկայիս քաղաք Սիանի Չանան թաղամասում։ 1961 թվականին ՉԺՀ Պետական խորհուրդը Ֆենհաոյի ավերակները ցուցակարգեց որպես մշակութային մասունքների պաշտպանության ազգային առանցքային միավոր։

Արևմտյան Չժոու դինաստիայի վերջին շրջանում մայրաքաղաք Ֆենն ավելի շատ կրոնական դեր ուներ։ Այն հանդիսանում էր նախնիների տաճարների և այգիների գտնվելու վայրը։ Իսկ մայրաքաղաք Հաոն գոյություն ուներ որպես վարչական կենտրոն, որտեղ ապրում և կառավարում էին Չժոու դինաստիայի թագավորները։ Ընդունված է երկու քաղաքները համարել մեկ քաղաք։

Գարնանային և աշնանային ժամանակաշրջան, պատերազմող պետությունների ժամանակաշրջան, Ցին դինաստիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային և աշնանային ժամանակաշրջանում, պատերազմող պետությունների ժամանակաշրջանում Վեյ գետի հարավային ափը հարաբերական անկում էր ապրում։ Սյանյանը դարձավ Ցին դինաստիայի մայրաքաղաքը։ Քանի որ Ցին դինաստիայի գործունեության ոլորտը գնալով ընդլայնվում էր, կենտրոնն աստիճանաբար Վեյ գետի հյուսիսից տեղափոխվեց հարավ։ Ցին դինաստիայի առաջին կայսրի օրոք այնտեղ կառուցվեցին բազմաթիվ լայնամասշտաբ պալատներ[6][7]։

Հան, Ծին, Հարավային և Հյուսիսային դինաստիաներ, Տասնվեց թագավորություններ, քաղաք Չանան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կառուցման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահ բարձրանաուց հետո Լյո Պանը Չանանը պաշտոնապես դարձրեց մայրաքաղաք, որը 1200 տարի շարունակ ծառայեց որպես հենակետ։ Մ․թ․ա 202 թվականին՝ Սյան Յուի պարտությունից հետո, Լյո Պանն ի սկզբանե մտադրվում էր մայրաքաղաք կառուցել Լուոյանում, բայց պալատական Լուո Ծինն առաջարկեց մայրաքաղաքը հիմնել Չանանում։ Արևելքից եկած պալատակաների մեծ մասը դեմ էր այս գաղափարին, քանի որ Լուոյանն ավելի լավ տարբերակ էր համարում։ Ուստի Լյո Պանը խորհրդակցեց Ճան Լյանի հետ, որն էլ ասաց․«Չնայած Արևելյան Չժոու դինաստիան իր Լուոյան մայրաքաղաքով ավելի ուժեղ էր քան Ցին դինաստիան՝ միջնաբերդն ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա էր, հողատարածքը փոքրածավալ էր և այն չորս կողմից շրջապատված էր հարթավայրերով, ինչը քաղաքը խոցելի էր դարձնում։ Ի հակադրություն՝ Կուանճոնում գոյություն ունի Հանկուի լեռնանցքը, հազարավոր մղոններ տարածվող Լոնշուի բերրի հողերը, Պաշուի հարստությունը հարավում, Հու էթնիկ խմբի անասնաբուծական հարմարանքները հյուսիսում․ տարածքը երեք կողմից պաշտպանված է։ Բացի այդ՝ արևելքում հնարավոր է ռազմական գործողություններ իրականացնել։ Քանի դեռ մայրաքաղաը տեղափոխելիս Վեյ գետի հատվածը մեր հսկողության տակ է, երբ արևելքում փոփոխություններ տեղի ունենան, մենք կկարողանանք գետի հոսանքի ուղղությամբ շարժվել»։ Ուստի Լյո Պանն ընտրեց Չանանը որպես մայրաքաղաք, Լուո Ծինին շնորհեց իր անձնական բժշկի կոչումը և տվեց Լյո ազգանունը։

Հան դինաստիայի Ճանլը և Վեյյան պալատները, որոնք նկարել է Ցին դինաստիայի գիտնական, քաղաքական գործիչ Պի Յուենը «Կուանճոնի տեսարժան վայրերը» գրառման 4-րդ հատորում

Հան դինաստիայի Թայ Ծու կայսեր կառավարման 5-րդ տարում (մ․թ․ա․ 202) Լյո Պանը սկսեց վերակառուցել Վեյ գետի հարավային ափին գտնվող պալատը, որը կոչվում էր Ճանլը։ Թայ Ծու կայսեր կառավարման 7-րդ տարում կառուցվել է Վեյյան պալատը, նույն թվականին մայրաքաղաքը Լիյանից տեղափոխվել է այստեղ և քանի որ գտնվում էր Չանանի շրջանում, այն կոչեցին քաղաք Չանան։ Քաղաքային պատը կառուցվել է Հան դինաստիայի Հուեյ կասեր կառավարման առաջիկա 5 տարիների ընթացքում (մ․թ․ա․ 194-190)։ Վու կայսրն իրականացրել է քաղաքի զանգվածային ընդլայնում՝ կառուցելով Հյուսիսային պալատը, Կուեյ պալատը, Մինկուան պալատը, ընդարձակել է Շանլինի այգին արևմուտքում և այլն։

Պատմական դեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հան դինաստիայի 214-ամյա պատմության ընթացքում Չանանը շարունակաբար ծառայել է որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն։ Վու կայսեր օրոք՝ մ․թ․ա․ 139 թվականին, Հան դինաստիայի առևտրային ճանապարհը բացվեց դեպի արևմտյան շրջաններ, ուստի Չանանը դարձավ Եվրոպան և Ասիան կապող կամուրջ, ինչպես նաև Մետաքսի ճանապարհի մեկնարկային կետը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետաքսի ճանապարհ

Հան դինաստիայի Փին կայսեր կառավարման 2-րդ տարում Չանանում գրանցված էր մոտ 88000 տնային տնտեսություն, իսկ բնակչությունը կազմում էր 246000 մարդ, մինչդեռ Ծինճաո պրեֆեկտուրայի իրավասության տակ գտնվող տարածքում գրանցված էր մոտ 195700 տնային տնտեսություն, իսկ բնակչությունը կազմում էր 682500 մարդ։ Այն դարձավ Չինաստանի պատմության առաջին խոշոր քաղաքը՝ մեծաքանակ բնակչությամբ։ Մ.թ.ա 195 թվականին այն գերազանցեց Հարավային Ասիայում Մաուրյաների պետության մայրաքաղաք Պատալիպուտրային և ժամանակակից հնդկական Պատնա քաղաքին, մինչև Արևելյան Հան դինաստիայի մայրաքաղաքի տեղափոխումը Լուոյան 25 թվականին։

Քաղաքի տեղաբաշխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հան դինաստիայի քաղաք Չանանը գտնվում էր ներկայիս քաղաք Սիանի հյուսիս-արևմտյան ծայրամասում և զբազեցնում էր 36 կմ² տարածք։ Քաղաքն ուներ 12 դարպաս և 8 գլխավոր փողոց, որոնցից ամենաերկարը 5500 մ երկարություն ուներ։ Պալատները, ազնվականների տները, պաշտոնական հաստատությունները և նախնիների տաճարները զբաղեցնում էին քաղաքի տարածքի մոտ երկու երրորդը։

Պալատները, այդ թվում՝ Ճանլը, Վեյյան, Կուեյ, Պեյ, Մինկուան պալատները, կենտրոնացված էին քաղաքի կենտրոնական և հարավային մասերում։ Վեյյանը Չինաստանի պատմության ամենահայտնի պալատներից մեկն է, որտեղ ապրել և գործունեություն են ծավալել բազմաթիվ կայսրեր՝ սկսած Հան դինաստիայի Հուեյ կայսրից։ Քաղաքի արևմուտքում էր գտնվում Շանլինի այգին, որը հիմնականում ներառում էր Քունմինի լողավազանը, Ծիենճան պալատը և այլն։ Վան Մանի օրոք քաղաքի հարավում մի շարք հանդիսավոր շենքեր են կառուցվել։

Բնակավայրերը գտնվում էին քաղաքի հյուսիսային մասում և բաժանված էին 160 բնակելի տարածքների։ Շուկաները գտնվում էին քաղաքի հյուսիս-արևմուտքում և հայտնի էին որպես «Չանանի ինը շուկաները»։ Հան դինաստիայի քաղաք Չանանը փոփոխեց պատերազմող պետությունների ժամանակաշրջանի մեծ և փոքր քաղաքների տեղաբաշխումը՝ բնակելի տարածքները, արդյունաբերական և առետրային կենտրոնները, պալատական տարածքները կենտրոնացնելով մեկ քաղաքում։ Հետագայում մայրաքաղաքները սկսեցին կառուցվել այս համակարգով։

Արևմտյան Հան դինաստիայի վերջին շրջանում իշխանության եկավ Վան Մանը և հիմնեց նոր դինաստիա։ Այդ ժամանակից ի վեր երկրի տարբեր հատվածներում սկսեցին ապստաբություններ տեղի ունենալ։ Պատերազմի արդյունքում քաղաքն ավերվեց։ Մինչ Հան դինաստիայի Կուան Վու կայսեր կառավարումը, Լյո Սյոն մայրաքաղաք հիմնեց Լուոյանում, իսկ Չանանը վերանվանվեց Արևմտյան մայրաքաղաք՝ կորցնելով երկրի քաղաքական և մշակութային կենտրոնի իր նախնական կարգավիճակը։ Բայց այն շարունակեց մնալ չափազանց կարևոր, քանի որ միևնույն է համարվոում էր Մետաքսի ճանապարհի մեկնարկային կետը։

Հան դինաստիայի վերջին շրջանում կայսր Սիենը մայրաքաղաքը կրկին տեղափոխեց Չանան։ Արևմտյան Ծին դինաստիայի կայսր Ծին Մինն այստեղ կարճ ժամանակով մայրաքաղաք էր հիմնել։ Այդ ժամանակվանից սկսած Չանանը դարձել էր հաճախակի պատերազմների վայր։ Վաղ Ճաո, Վաղ Ցին, Ուշ Ցին դինաստիաները Տասնվեց թագավորությունների ժամանակաշրջանում, Արևմտյան Վեյ, Հյուսիսային Չժոու դինաստիաները Հարավային և Հյուսիսային դինաստիաների ժամանակաշրջանում իրենց մայրաքաղաքները ևս հաստատել էին այստեղ։

Քաղաք Տասինը Սույ դինաստիայի օրոք, քաղաք Չանանը Թան դինաստիայի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասին քաղաքի հատակագիծը Սույ դինաստիայի օրոք

Քաղաքի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Յան Ծիենը հիմնեց Սույ դինաստիան, մայրաքաղաքը սկզբնական շրջանում գտնվում էր Չանանում, սակայն քաղաքն այդ ժամանակ փոքր էր ու ավերված, ջուրը չափազանց աղտոտված էր, ուստի որոշվեց նոր քաղաք կառուցել հարավարևելյան Լոնշոու սարահարթի հարավային լանջին։ Քայ կայսեր կառավարման 2-րդ տարում (582) Յու Վընքայի հովանավորությամբ մոտ 9 ամիսների ընթացքում կառուցվել էին պալատական և կայսերական քաղաքները։ Քայ կայսեր կառավարման 3-րդ տարում (583) Սույ դինաստիան արդեն նոր մայրաքաղաք ուներ, որը կոչվում էր Տասին, քանի որ Սույ դինաստիայի Վըն կայսրն իր վաղ տարիներին կրում էր Տասինի շրջանի դքսի կոչում։ Հետագայում Յան կայսեր օրոք կառուցվեց Հյուսիս-Հարավ Մեծ ջրանցքը՝ Տասին և Լուոյան քաղաքները ջրային ճանապարհով միացնելու նպատակով։ Յան կայսեր կառավարման 9-րդ տարում (613) ավելի քան 100000 մարդ ներգրավվեց պալատական և կայսերական քաղաքից դուրս 108 արտաքին քաղաքային դարպասների կառուցման աշխատանքում, այնուհետև ձևավորվեց քաղաքի ընդհանուր հատակագծի հիմնական մասը։ Հետագայում Թան դինաստիայի կառավարիչներն այստեղ հիմնեցին իրենց մայրաքաղաքը և վերանվանեցին այն Չանան։ Այդ ժամանակվանից ի վեր տեղի ունեցան հետագա շինարարական աշխատանքները և բարեփոխումները, որոնց արդյունքում կառուցվեցին Տամին և Սինցին պալատները Թան դինաստիայի Կաոծոն և Սյուենծոն կայսրերի օրոք։

618 թվականին Լի Յուենը հիմնեց Թան դինաստիան և Տասինը դարձրեց մայրաքաղաք։

Թան դինաստիայի օրոք քաղաք Չանանը գտնվում էր Ծինճաո պրեֆեկտուրայի իրավասության տակ և բաժանված էր արևմուտքում՝ Չանանի, իսկ արևելքում՝ Վաննյանի շրջանների, որոնց սահմանն էր հանդիսանում Ճուցյուե պողոտան։ Թան դինաստիայի հիմնադրումից ի վեր՝ գրեթե 1,5 դարի ընթացքում, երկիրը հզորացավ, դարձավ ավելի հեղինակավոր, իսկ Չանանը դարձավ աշխարհի ամենամեծ և ամենբարգավաճ մետրոպոլիան։

Ան Շիի ապստամբության ժամանակ ապստամբները կարճ ժամանակով գրավեցին Չանանը (756), ապա քաղաքը 15 օրով անցավ տիբեթցիների տիրապետության տակ (763)։

Միջին Թան դինաստիայի ժամանակաշրջանում Չանանը դեռևս ուներ ավելի քան 1 միլիոն բնակչություն և հանդիսանում էր Թան դինաստիայի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Այն շարունակում էր պահպանել իր գերիշխանությունը հարևան վասալների նկատմամբ։ Թան դինաստիան մնաց արևելյան աշխարհի կենտրոնը ավելի քան 100 տարի։

Ուշ Թան դինաստիայի ժամանակաշրջանում Հուանչաոյի ապստամբական բանակը հարձակվեց Չանանի վրա (881)՝ կոտորելով բնակիչներին, թալանելով և հսկայական վնաս հասցնելով քաղաքին։ 904 թվականին Ճու Ցյուենճոնը ստիպեց Ճաոծոն կայսրին մայրաքաղաքը տեղափոխել Լուոյան՝ ոչ միայն ավերելով բոլոր պալատներն ու բնակավայրերը, այլև տեղահանելով ողջ բնակչությանը։ Չանանը վերածվեց ավերակների, կայսերական իշխանությունը մոտեցավ իր ավարտին։ Թեև քաղաքը հետագայում վերակառուցվեց, սակայն այն այլևս չէր օգտագործվում որպես մայրաքաղաք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ Թան դինաստիայի օրոք Չանանի տնտեսությունն ու մշակութային կյանքն արագ էին զարգանում։ Համաձայն Մեթ Թ․ Ռոզենբերգի կատարած հետազոտության՝ 637 թվականին Չանանը գերազանցեց Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնին՝ դառնալով աշխարհի ամենամեծ քաղաքը։ Չանանն այս կարգավիճակում մնաց շուրջ 138 տարի՝ մինչև Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք Բաղդադի ստեղծումը։ Հետագա հետազոտությունների համաձայն՝ Միջին և Ուշ Թան դինաստիաների ժամանակահատվածում՝ նախքան Հուանչաոյի ապստամբությունը, Չանանի բնակչության թիվը հավանաբար գերազանցում էր 1,5 միլիոնը[8]։

Թան դինաստիայի քաղաք Չանանը, որը գտնվում էր ներկայիս Սիանի տարածքում և ընդգրկում էր արևլյան ու արևմտյան արվարձանների փոքր մասը, հարավային արվարձանների ավելի մեծ մասը, ուներ 83,1 կմ2 տարածք, ինչը 10 անգամ գերազանցում էր ներկայիս Սիանի քաղաքային պատի տարածքը։ Քաղաքը համաչափորեն կառուցված էր կենտրոնական առանցքի երկայնքով և բաղկացած էր արտաքին, պալատական և կայսերական քաղաքներից։ Արտաքին քաղաքն ուներ 12 դարպաս, որոնցից գլխավորը Մինտը դարպասն էր հարավում։ Պալատական քաղաքը գտնվում էր արտաքին քաղաքի հյուսիսային կենտրոնում, որտեղ Թայծի կայսերական պալատն էր տեղակայված։ Կայսերական քաղաքը գտնվում էր պալատական քաղաքի հարավում, որտեղ տեղակայված էին կենտրոնական կառավարական գրասենյակները, նախնիների կայսերական տաճարները, երկրի և հացահատիկի աստծո զոհասեղանները։

Արտաքին քաղաքը 22 գլխավոր փողոց ուներ։ Քաղաքը լի էր բուդդայական և դաոսական տաճարներով։

Քաղաքում 2 շուկա կար՝ Արևելյան և Արևմտյան, որտեղ կենտրոնացված էր Չանանի հիմնական առևտուրը։ Քաղաքը 4 ջրանցք ուներ, որոնք ջուր էին մատակարարում կենցաղային և բնապահպանական կարիքների համար։ Քաղաքի հարավ-արևելքում գտնվում էր Լոտոսի այգին՝ Ցյուծիան լողավազանով, իսկ հյուսիս-արևելքում Տամին պալատը։

Ազդեցությունն այլ քաղաքների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թան դինաստիայի քաղաք Չանանը օրինակ դարձավ հին չինական քաղաքների՝ հատկապես մայրաքաղաքների կառուցման համար և նույնիսկ ազդեցություն ունեցավ հարևան երկրների շինարարական աշխատանքների վրա։ Ճապոնիայի նախկին մայրաքաղաք Հեյանի՝ ներկայիս Կիոտոյի արևմտյան կեսը կոչվում էր Չանան։

Ներկայիս տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Թան դինաստիայի ժամանակաշրջանի քաղաք Չանանի տեսարժան վայրերից պահպանվել են Տայեն պագոդան, Տացըան տաճարը, Սիաոյեն պագոդան, Տամին պալատը, Թայծի պալատը, Ցիենլինի դամբարանը և այլն։

Չանանը Ուշ Թան դինաստիայի անկումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիենյոուի կառավարման առաջին տարում (904) Ճու Ցյուենճոնը պատանդ վերցրեց Թան դինաստիայի կայսր Ճաոծոնին և հետևելով Վու կայսրուհու օրինակին՝ մայրաքաղաքը տեղափոխեց Լուոյան և հրամայեց պաշտոնյաներին և ժողովրդին ևս տեղափոխվել այնտեղ։ Նա այրեց քաղաք Չանանը և ստիպեց այնտեղի ժողովրդին գաղթել։ Այդ ժամանակվանից Չանանի իշխանությունը մոտեցավ իր ավարտին։ Քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Քայֆըն կամ Ենծին։ Ավելի ուշ Չանանում տեղակայված Յոուկուո բանակի զինվորական կոմիսար Հան Ծիենը հասկցավ, որ քաղաքի բնակչությունը սակավաթիվ էր և տարածքը պետք էր ընդլայնել, ուստի նա վերակառուցեց քաղաքը և վերածեց «նոր քաղաքի», որը Հինգ դինաստիաների, Հյուսիսային Սոն, Ծին և Յուեն դինաստիաների ժամանակաշրջանի քաղաք Չանանն էր։

Թան դինաստիայի անկումից հետո Չանանը դադարեց Կենտրոնական հարթավայրերի դինաստիաների մայրաքաղաքը լինելուց։ Ուշ Լիան դինաստիայի օրոք հաստատվեց Տաանի պրեֆեկտուրան, իսկ Ուշ Թան, Հյուսիսային Սոն և Ծին դինաստիաների օրոք՝ Ծինճաո պրեֆեկտուրան։ Յուեն դինաստիայի օրոք ստեղծվեց Անսիի, Ֆընյուենի և այլ ճանաարհներ։

Քաղաք Սիանը Մին և Ցին դինաստիաների ժամանակաշրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Մին դինաստիայի հիմնադիր Ճու Յուենճանն իր մայրաքաղաքը հիմնեց Նանկինում, նա հասկացավ, որ Ցին դինաստիան կարող էր վտանգ սպառնալ, ուստի իր 2-րդ որդուն՝ Ցին դինաստիայի Ճու Շուանֆըն արքային դարձրեց Սիան պրեֆեկտուայի վասալը (Հոնվու կայսեր կառավարման 2-րդ տարում (1369) Ֆընյուենի ճանապարհը վերանվանվեց Սիան պրեֆեկտուրայի)։ Ապա նա հրամայեց վերանորոգել քաղաք Սիանը։ Հոնվու կայսեր կառավարման 3-րդ տարում (1370) սկսվեց Սիանի քաղաքային պատի կառուցումը։

Պատի կառուցման ընթացքում արևմտյան և հարավային կողմերը երկարացվեցին՝ հիմնվելով Թան դինաստիայի կայսերական քաղաք Չանանի սկզբնական տարբերակի վրա։ Կառուցվեցին նաև արևելյան և հյուսիսային հատվածները։ Ամբողջ շինարարությունը տևեց 8 տարի՝ ավարտվելով Հոնվու կայսեր կառավարման 11-րդ տարում (1378)։ Ավելի ուշ Ճու Ծայհու կայսեր (նաև հայտնի ինչպես Լոնցին) կառավարման 2-րդ տարում (1568) պատի վերին և արտաքին հատվածներում կապույտ աղյուսներ դրվեցին։

Ցին դինաստիայի օրոք Սիանի քաղաքային պատը վերանորոգվել է 12 անգամ։ Դրանցից ամենամեծը Ցիենլոն կայսեր նախագիծն էր նրա կառավարման 46-երորդ տարում (1781)։ Ըստ այդ նախագծի՝ պատն ամրացվեց, կառուցվեցին ծովային հատվածներ, լրացուցիչ ջրահեռացման ուղիներ, ինչը զգալիորեն բարձրացրեց քաղաքի պաշտպանունակությունը։

Ցին դինաստիայի Կուանսյու կայսեր կառավարման 26-րդ տարում (1900), երբ 8 դաշնակից տերությունները ներխուժեցին Պեկին, Ցիսի թագուհին և Կուանսյու կայսրը փախան Սիան։ Չինաստանի Հանրապետության կազմավորումից հետո Չան Կայշին եռանդուն կերպով ճնշում էր Կոմունիստական կուսակցությանը մինչև չին-ճապոնական պատերազմի բռնկումը։ Երբ 1936 թվականին Չան Կայշին ժամանեց Սիան, տեղի ունեցավ Սիանի միջադեպը, երբ ավագ գեներալ Ճան Սյուելիանը պատանդ վերցրեց Չան Կայշիին և պահանջեց վերջ դնել քաղաքացիական պատերազմին, ինչը հանգեցրեց Կուոմինտան և Կոմունիստական կուսակցությունների միջև քաղաքացիական պատերազմի ժամանակավոր դադարեցմանը և Ճապոնիայի դեմ համատեղ դիմադրությանը։

Ժամանակակից դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Թան դինաստիայի ոճի պազմաթիվ կառույցները Տայեն պագոդայի հարավային հրապարակում

Չանանը մոտավորապես ներկայիս քաղաք Սիանն է։ Սիանը Չինաստանում գիտական հետազոտությունների, բարձրագույն կրթության, ազգային պաշտպանական, գիտության և տեխնոլոգիաների, նոր և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական կարևոր կենտրոն է։ Այն կարևոր ֆինանսական և առևտրային կենտրոն է, ինչպես նաև տրանսպորտային և տեղեկատվական հանգույց Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Գտնվելով 2 խոշոր տնտեսական տարածաշրջանների՝ կենտրոնական և արևմտյան Չինաստանի միջև, այն հանդիսանում է միջանցք և տրանսպորտային հանգույց, որն իրար է կապում հյուսիս-արևմտյան, հարավ-արևմտյան քաղաքները, Կենտրոնական հարթավայրերը, արևելյան և հյուսիսային շրջանները։ Համարվում է արևմուտքում գտնվող Չունցին, Չենդու, Սիան քաղաքների տնտեսական եռանկյան գագաթը։ 1992 թվականի հուլիսին ՉԺՀ Պետական խորհրդի կողմից այն հաստատվեց որպես Չինաստանի ներքին բաց քաղաք։ Այն ամենամեծ կենտրոնական քաղաքն է Նոր Ասիա-Եվրոպա մայրցամաքային կամրջի չինական հատվածի Լոնհայ-Լանսին գծի վրա։ Ներկայումս Սիանի ենթակայության տակ են գտնվում 11 վարչական շրջան և 2 համայնք՝ 9983 կմ2 ընդհանուր տարածքով և 8,467 միլիոն բնակչությամբ։ Սիանի տարածքում են կենտրոնացված բազմաթիվ մասնավոր համալսարաններ։ Հայտնի համալսարաններից են Սիանի Ցզյաոտոնգի համալսարանը, Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանը, Հյուսիսարևմտյան գյուղատնտեսական և անտառային համալսարանը, Հյուսիսարևմտյան համալսարանը, Շանսիի նորմալ համալսարանը, Չանանի համալսարանը և այլն։ Աշխարհի լավագույն 500 ընկերություններից ավելի քան 123-ը գրասենյակներ են հիմնել Սիանում։

Ներկայումս Սիանում աստիճանաբար վերականգնվում են Հան և Թան դինաստիաների բնօրինակ ճարտարապետական հուշարձանները և կառուցվում են հուշահամալիրներ, ինչպիսիք են Լոտոսի այգին, Ցյուծիանի լողավազանը, Տամին պալատը, Հան դինաստիայի քաղաք Չանանի ավերակները, Հանյանի կայսերական դամբարանը և այլն։ Կառուցվել է նաև «Թան դինաստիայի անքուն քաղաք»-ը, որպեսզի զբոսաշրջիկներն ականատես լինեն Թան դինաստիայի շքեղությանը։

Թան դինաստիայի Լոտոսի այգին, որն այժմ համարվում է Նոր Թան դինաստիայի ոճի թեմատիկ այգի

Դինաստիաները դարերի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 联合国教科文组织. «四项文化遗产被新添入世界遗产名录».
  2. «Silk Roads: the Routes Network of Chang'an-Tianshan Corridor». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. 《读史方舆纪要》 卷五十三 陕西二 西安府
  4. 《明史·卷一百一十四》载:二十四年八月,敕太子巡抚陕西。先是,帝以应天、开封为南北京,临濠为中都。御史胡子祺上书曰:“天下形胜地可都者四。河东地势高,控制西北,尧尝都之,然其地苦寒。汴梁襟带河、淮,宋尝都之,然其地平旷,无险可凭。洛阳周公卜之,周、汉迁之,然嵩、邙非有殽函、终南之阻,涧、瀍、伊、洛非有泾、渭、灞、浐之雄。夫据百二河山之胜,可以耸诸侯之望,举天下莫关中若也。”帝称善。至是,谕太子曰:“天下山川惟秦地号为险固,汝往以省观风俗,慰劳秦父老子弟。”于是择文武诸臣扈太子行。既行,使谕曰:“尔昨渡江,震雷忽起于东南,导尔前行,是威震之兆也。然一旬久阴不雨,占有阴谋,宜慎举动,严宿卫,施仁布惠,以回天意。”仍申谕从行诸臣以宿顿闻。比还,献陕西地图,遂病。病中上言经略建都事。明年四月丙子薨,帝恸哭。礼官议期丧,请以日易。及当除服,帝不忍。礼官请之,始释服视朝。八月庚申祔葬孝陵东,谥曰懿文。
  5. 外滩画报 (2009年4月25日). «杨官寨遗址:复现中国6000年前城市生活». Արխիվացված է օրիգինալից 2011年11月12日-ին. Վերցված է 2011年7月26日-ին.
  6. 《史记·秦始皇本纪》:诸庙及章台、上林皆在渭南。秦每破诸侯,写放其宫室,作之咸阳北阪上,南临渭,自雍门以东至泾、渭,殿屋衤复道周阁相属。所得诸侯美人锺鼓,以充入之。 二十七年,始皇巡陇西、北地,出鸡头山,过回中。焉作信宫渭南,已更命信宫为极庙,象天极。自极庙道通郦山,作甘泉前殿。筑甬道,自咸阳属之。是岁,赐爵一级。治驰道。
  7. 《史记·秦始皇本纪》:於是始皇以为咸阳人多,先王之宫廷小,吾闻周文王都丰,武王都镐,丰镐之间,帝王之都也。乃营作朝宫渭南上林苑中。先作前殿阿房,东西五百步,南北五十丈,上可以坐万人,下可以建五丈旗。周驰为阁道,自殿下直抵南山。表南山之颠以为阙。为复道,自阿房渡渭,属之咸阳,以象天极阁道绝汉抵营室也。阿房宫未成;成,欲更择令名名之。作宫阿房,故天下谓之阿房宫。
  8. 张天虹. «再论唐代长安人口的数量问题——兼评近15年来有关唐长安人口研究». 中国知网. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
Նախորդող:
Քաղաք Սյանյանը Ցին դինաստիայի օրոք(ներկայիս քաղաք Սյանյանը հարավ-արևելքում)
Չինաստանի մայրաքաղաք(Արևմտյան Հան դինաստիա
մ․թ․ա․ 202-23
Հաջորդող:
Քաղաք Լուոյանը Հան և Վեյ դինաստիաների օրոք
Նախորդող:
Քաղաք Լուոյանը Հան և Վեյ դինաստիաների օրոք,
Ծիենքան(Նանկին
Չինաստանի մայրաքաղաք(Սույ և Թան դինաստիաներ
582-904
Հաջորդող:
Լուոյան