Շահեն Պողոսյան
Շահեն Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1917 |
Ծննդավայր | Մարտակերտի շրջան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1953) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | ՀԱՊՀ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Շահեն Արսենի Պողոսյան (1917, Մարտակերտի շրջան, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ԽՄԿԿ անդամ (1941): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահեն Պողոսյանը ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 29-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջկենտրոնում։ 1932 թվականին ավարտել է Ստեփանակերտի երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցը։ 1933 թվականին աշխատել է Վանք գյուղի դպրոցում, դասավանդել մաթեմատիկա և աշխարհագրություն։ 1934 թվականին ընդունվել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական, իսկ երկու տարի անց՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետները։ 1939 թվականին ավարտել է պատմաաշխարհագրական ֆակուլտետը և փոխադրվել ֆիզիկամաթեմատիկականի 3-րդ կուրսը[1]։
Պողոսյանը կարմիր բանակ է զորակոչվել 1939 թվականի հոկտեմբերին։ Մասնակվել է սպիտակ ֆինների դեմ մղված պատերազմին։ 1941 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հայրենական պատերազմի հենց սկզբից Պողոսյանը թշնամու դեմ կռվել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի պսկովյան և նովգորոդյան ուղղություններում, հրետանային 5-րդ գնդում եղել է դասակի հրամանատար։ Օգոստոսին նշանակվել է քաղաշխատող և գործուղվել Արևմտյան ռազմաճակատ։ 112-րդ բրիգադի կազմում մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, իսկ այնուհետև՝ Մոսկվայի մոտ հիտլերյան հրոսակների ջախջախմանը։ 1942 թվականի հունվարից մինչև 1944 թվականի ապրիլը ծառայել է Արևմտյան, ապա՝ 3-րդ Բելոռուսական ռազմաճակատներում։ Մասնակցել է Վյազմայի, Սմոլենսկի, Օրշայի, Բորիսովի, Մինսկի, Արևելյան Պրուսիայի, ինչպես նաև Լեհաստանի ազատագրմանը։ Պողոսյանը գործուղվել է Մ. Ի. Կալինինի անվան ռազմամանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1946 թվականին։ Խորհրդային բանակում Պողոսյանը ծառայել է մինչև 1961 թվականը։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։ Պողոսյանը մարտական գործողություններում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի կրկնակի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[1]։
1961 թվականին փոխգնդապետի աստիճանով Պողոսյանը զորացրվել է բանակից և մշտական բնակություն հաստատել Երևան քաղաքում։ Աշխատել է Սովետաշենի հատուկ գիշերօթիկ դպրոցում, 1962 թվականից եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս[1]։
1970 թվականին պաշտպանել է դիսերտացիա և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1972 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի կրկնակի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Արիության համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինյան վերահսկողությունը գործողության մեջ։ Հայաստանի ԿՎՀ-ի և ԲԳՏ-ի գործունեության պատմությունը 1920-1934։ Երևան, Հայաստան, 1978 (համահեղինակ)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
- ↑ Պողոսյան, Շահեն Արսենի (1978). Այվազյան, Ռ Ա (ed.). Լենինյան վերահսկողությունը գործողության մեջ։ Հայաստանի ԿՎՀ-ի և ԲԳՏ-ի գործուն. պատմ. 1920-1934. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
- 1917 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ