Նիկոլայ Կիչմար
Նիկոլայ Կիչմար | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1952 |
Ծննդավայր | Կաչկովկա, Յամպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 9, 1992 (40 տարեկան) |
Մահվան վայր | Լեռնային Ղարաբաղ |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Նիկոլայ Իվանովիչ Կիչմար ուկրաիներեն՝ Микола Іванович Кічмар (հունվարի 27, 1952, Կաչկովկա, Յամպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 1992, Լեռնային Ղարաբաղ), ուկրաինացի իրավապաշտպան, ԵԱՀԿ մարդու իրավունքների միջազգային կոնգրեսի անդամ, Ուկրաինայի Ազգային Ռուխի անդամ։
Ծնվել է 1952 թվականի հունվարի 27-ին Վիննիցայի մարզի Յամպոլի շրջանի Կաչկովկա գյուղում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Ղրիմում, և ծառայության ավարտից հետո մնացել է ապրելու Սևաստոպոլում։ Աշխատելով «Մուսոն» գործարանում, նա ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ. եղել է տեղական «Պրոսվիտա» համայնքի հիմնադիրներից մեկը[1]։ Սովետական Միությունում ազատական գաղափարների զարթոնքի պահին նա սկսում է զբաղվել քաղաքական գործունեությամբ, դուրս է գալիս գործարանի կոմերիտական կազմակերպությունից և ընդունվում է Ուկրաինայի Ազգային Ռուխի տեղական մասնաճյուղ։
1990-ական թվականների սկզբում, երբ Լիտվայի ժողովուրդը հայտարարեց իր պետության անկախության մասին, Նիկոլայ Կիչմարը ուղարկում է հեռագիր (պահպանվել է կրկնօրինակը) լիտվայի ժողովրդին, որով արտահայտում էր իր սատարումը նրանց և հույս էր հայտնում, որ Ուկրաինան շուտով նույնպես կդառնա անկախ։
«... Ձեր օրինակը տալիս է իմ Հայրենիքի - Ուկրաինայի վերածննդի հույս։ «Պայքարեք - կհաղթեք» ... », կրկնում է նա Տարաս Բուլբայի խոսքերը։
Պահպանվել է նրա Միխայիլ Գորբաչովին ուղղած նամակի կրկնօրինակը, որում նա մեղադրում է Մոսկվան ԽՍՀՄ հանրապետություններում ժողովրդավարական գործընթացների խեղդման փորձերի մեջ, մասնավորապես, Լիտվայում։ Նամակում նա հիշեցրել է նաև Սովետական Միության նախկինում կատարած նմանօրինակ գործողությունների մասին Հունգարիայում 1956 թ., Չեխոսլովակիայում 1968 թ. և Աֆղանստանում 1979 թ., ինչպես նաև ավելի ուշ տեղի ունեցած ամոթալի գործողությունների մասին՝ Նովոչերկասկում ցուցարարների գնդակահարումը, երևանյան «Զվարթնոց» օդանավակայանում կոտորածը և ավտոմատային կրակահերթերը դեպի կանայք և երեխաները Թբիլիսիում։
Նիկոլայ Կիմչարի գործունեությունը հայտնի դարձավ արտերկրում, և նա ստացել է առաջարկություն դառնալու անկախ դիտորդ Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում։ Կիչմարը աշխատելով Ղարաբաղում կազմակերպել է սնունդի և գրականության օգնություն տեղի հայ որբ երեխաների համար։
Նիկոլայ Կիչմարը եղել է 23 անկախ դիտորդներից մեկը, ովքեր հաստատել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի արտահայտումը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, որի արդյունքում և հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը[2][3]։
Նիկոլայ Կիչմարը մահացել է 40 տարեկան հասակում։ Ավտոբուսը, որում գտնվում էին տարբեր երկրներից ժամանած իրավապաշտպաններ, որոնց մեջ էր և Կիչմարը, ընկավ ադրբեջանական գնդակոծման տակ «Գրադ» կայանից Ստեփանակերտին մոտ։ Ծանր վիրավորված նրան տեղափոխեցին Երևան, սակայն վիրահատել չհասցրեցին։ Նիկոլայ Կիչմարը թաղված է իր ցանկության համաձայն 1992 թվականի մայիսի 13-ին Երևանի Եռաբլուր գերեզմանատանը, որտեղ թաղված են Հայաստանի հերոսները և Արցախյան ազատամարտի զոհերը[4]։ Նրա գերեզմանաքարին գրված է «Ուկրաինացի Նիկոլայ»։
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հարգեց Նիկոլայ Կիչմարի հիշատակը լռության րոպեով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Від щирого серця...»(չաշխատող հղում)
- ↑ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի արդյունքներ
- ↑ «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
- ↑ Українське життя в Севастополі є!
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սևաստոպոլում հարգեցին իրավապաշտպան Նիկոլայ Կիչմարի հիշատակը Ռասիո Ազատություն (ուկր.)