1815 թվականից եղել է տարագրության մեջ։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխշտադի դքսի, մահից (1832) հետո բոնապարտիստների կողմից ճանաչվել է որպես ֆրանսիական գահի «օրինական» հավակնորդ։ Խռովության միջոցով քանիցս փորձել է զավթել իշխանությունը։ 1840 թվականին ֆրանսիական կառավարությունը նրան դատապարտել է ցմահ բանտարկության։ 1846 թվականին փախել է Անգլիա, 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ֆրանսիա։ Օգտվելով ստեղծված բարենպաստ սոցիալական և քաղաքական պայմաններից՝ 1848 թվականին Նապոլեոն III-ը կարողացել է ընտրվել հանրապետության պրեզիդենտ։ 1852 թվականին զինվորականության օգնությամբ կատարել է պետական հեղաշրջում և հռչակվել կայսր՝ Նապոլեոն III անունով։
Նապոլեոն III-ի կառավարությունը պատերազմներ է մղել Ավստրիայի, Հնդկաչինի, Սիրիայի, Մեքսիկայի դեմ, մասնակցել Ղրիմի պատերազմին (1853 - 1856)։ Երկրորդ կայսրության արտաքին քաղաքական անհաջողությունները և մասնավորապես ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871), արագացրին կայսրության կործանումը։ 1870 թվականին Սեդանի ճակատամարտում Նապոլեոն III-ը գերի հանձնվեց պրուսացիներին։ Փարիզում 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը գահընկեց արեց Նապոլեոն III-ին։ 1871 թվականի Ֆրանկֆուրտի պայմանագրով Նապոլեոն III-ը ազատվել է գերությունից և մինչև կյանքի վերջը ապրել Անգլիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։