Մնացական Բունիաթյան
Մնացական Բունիաթյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1932[1][2] Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 1, 1999 (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | Էլեկտրոնային հաշվիչ մեքենա[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1954)[1] |
Կոչում | դոցենտ[2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու[1][2] (1932) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Մնացական Ռուբենի Բունիաթյան[3] (հունվարի 12, 1932[1][2], Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - նոյեմբերի 1, 1999, Երևան, Հայաստան), հայազգի մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ։ Ավարտել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1960-1970 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ՝ իր մեծագույն ներդրումն ունենալով հայրենի արտադրության էլեկտրոնային հաշվողական մեքենաների ծրագրավորման ավտոմատացման և մաթեմատիկական ապահովման ներկառուցված համակարգերի մշակման աշխատանքներում։ 1970-1998 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1993-1997 թվականներին՝ նաև Գավառի պետական համալսարանում։ «Նաիրի» ընտանիքի էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկական ապահովման աշխատանքների համար 1971 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով, 1965-1971 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով և ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե և արծաթե մեդալներով։ 1999 թվականին պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1932 թվականի հունվարի 12-ին Նոր Բայազետի շրջանի Փաշաքյանդ գյուղում (այժմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս), հողագործի ընտանիքում։
1949 թվականին ավարտել է Նոր Բայազետի Հ. Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, որն գերազանցությամբ ավարտել է 1954 թվականին և ստացել մաթեմատիկոսի որակավորում։
Համալսարանն ավարտելուց հետո, ընտանեկան պայմաններից ելնելով վերադարձել է գյուղ և 1954-1956 թվականներին աշխատել է Նոր Բայազետի շրջանի ժողկրթբաժնում՝ որպես տեսուչ և մաթեմատիկայի ուսուցիչ քաղաք Կամոյի Հ. Սարուխանյանի անվան դպրոցում։
1956 թվականին Բունիաթյանն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող և անմիջապես գործուղվել վերապատրաստման Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ հաշվողական կենտրոն։
1959 թվականին Բունիաթյանը աշխատանքի է հրավիրվել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ԵրՄՄԳՀԻ), որտեղ նա մասնակցել է ինստիտուտում մշակվող էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկական ապահովման մշակման աշխատանքներին։
1961-1970 թվականներին նա ղեկավարել է «Ծրագրավորման ավտոմատացման լաբարատորիան», որտեղ կատարվում էին «Հրազդան-3», «Նաիրի-1», «Նաիրի-C», «Նաիրի-2», «Նաիրի-3» ԷՀՄ-երի տրամաբանությունն ու ծրագրային ապահովումը մշակելու աշխատանքները։
«Նաիրի» ընտանիքի ԷՀՄ–երի մաթեմատիկական ապահովման մշակման համար Մնացական Բունիաթյանը 1965 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով, իսկ 1971 թվականին արժանացել ԽՍՀՄ մրցանակի։
1965, 1969 և 1971 թվականներին Բունիաթյանը պարգևատրվել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) ոսկե և արծաթե չորս մեդալներով՝ ԽՍՀՄ ազգային տնտեսությունում հաջողությունների համար։
1972 թվականին նա պաշտպանել է «Նաիրի» ընտանիքի ԷՀՄ-երի ծրագրային ապահովումը» թեմայով թեկնածուական թեզը։
1965 թվականից սկսած Բունիաթյանը գիտական գործունեությունը զուգակցել է դասախոսական աշխատանքին, իսկ 1970 թվականին՝ տեղափոխվել ԵՊՀ շարունակելով գիտահետազոտական աշխատանքը ԵրՄՄԳՀԻ–ում։
1975 թվականին Բունիաթյանի ջանքերով ԵՊՀ–ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ստեղծվել է նոր՝ «ԷՀՄ և ծրագրավորման» ամբիոն, որը նա ղեկավարել է մինչև 1986 թվականը։
Երկար տարիներ նա եղել է ԵՊՀ կոմունիստական կուսակցության կոմիտեի երրորդ քարտուղար։
1986-1993 թվականներին Բունիաթյանը աշխատել է ԵՊՀ–ում որպես պրոռեկտոր։ 1993-1998 թվականներին նա դասավանդել է նաև Գավառի պետական համալսարանում և ղեկավարել «Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների» ամբիոնը։
Բունիաթյանի գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են էլեկտրոնային հաշվողական մեքենաների տրամաբանությանն ու ծրագրային ապահովման հարցերին։ Մնացական Բունիաթյանը ունի երկու մենագրություն և մի շարք հոդվածներ ու մեթոդական աշխատանքներ։ Նրա խմբագրությամբ և անմիջական մասնակցությամբ թարգմանվել են դպրոցական «Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի հիմունքներ» դասագիրքն ու ուսուցիչների համար գրված մի շարք մեթոդական ձեռնարկներ[4][5]։
Երկարատև և վաստակաշատ աշխատանքի համար 1999 թվականին Մնացական Բունիաթյանը պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով։
Մահացել է 1999 թվականի նոյեմբերի 1–ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Սվետլաննա Խուրշուդյան, ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում, մահացել է 2009 թվականին։
- Դուստրերը՝ Մարինե Մնացականի Բունիաթյան[6], ծնվել է 1960 թվականին՝ Երևանում։
- Արևիկ Մնացականի Բունիաթյան, ծնվել է 1962 թվականին՝ Երևանում։
- Որդին՝ Ռուբեն Մնացականի Բունիաթյան[7], ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Երևանում։
Մնացական Բունիաթյանի անվան դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Մնացական Բունիաթյանի անունն է կրում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի № 8 միջնակարգ դպրոցը։ Նրա որդու՝ Ռուբեն Բունիաթյանի ջանքերով դպրոցի բակում տեղադրվել է Մնացական Բունիաթյանի կիսանդրին։ Հուշարձանի բացման օրը տեղի է ունեցել մեծ արարողություն, որին մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնյաներ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը և բազմաթիվ հյուրեր, գործընկերներ ու հայրենակիցներ[8]։ Մնացական Բունիաթյանին նվիրված տարբեր միջոցառումներ են պարբերաբար կազմակերպվում նրա անունը կրող դպրոցում։ Ռուբեն Բունիաթյանի հովանավորությամբ լույս է տեսել «Մնացական Բունիաթյան. Երազանքից մինչև իրականություն» գիրքը (հեղինակ՝ Տիգրան Նիկողոսյան) և պատրաստվել տեսաֆիլմ՝ նրա կյանքի և գործունեության մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Մեծանուն հայեր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան».
- ↑ «Ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի հիմունքներ։ Փորձն. ուս. ձեռնարկ միջն. ուս. հաստատությունների համար ։ 2 մ».
- ↑ «Մարինե Մնացականի Բունիաթյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Ռուբեն Մնացականի Բունիաթյան».
- ↑ «Մնացական Բունիաթյանի անվան միջնակարգ դպրոցում տեղադրվել է նրա կիսանդրին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մնացական Բունիաթյան.Երազանքից մինչև իրականություն» (հեղինակ՝ Տիգրան Նիկողոսյան)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մնացական Բունիաթյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 610)։ |
- Հունվարի 12 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Հացառատ գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Հայ պրոֆեսորներ