Մնացական Բունիաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մնացական Բունիաթյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1932թ.
ԾննդավայրՆոր Բայազետ
Մահացել էնոյեմբերի 1,1999թ.
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
ՄասնագիտությունՄաթեմատիկոս, մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե և արծաթե մեդալներ
  • ԵՊՀ արծաթե մեդալ

Մնացական Ռուբենի Բունիաթյան[1], հայազգի մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ։ Ավարտել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1960-1970 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ՝ իր մեծագույն ներդրումն ունենալով հայրենի արտադրության էլեկտրոնային հաշվողական մեքենաների ծրագրավորման ավտոմատացման և մաթեմատիկական ապահովման ներկառուցված համակարգերի մշակման աշխատանքներում։ 1970-1998 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1993-1997 թվականներին՝ նաև Գավառի պետական համալսարանում։ «Նաիրի» ընտանիքի էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկական ապահովման աշխատանքների համար 1971 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով, 1965-1971 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով և ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե և արծաթե մեդալներով։ 1999 թվականին պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի հունվարի 12-ին Նոր Բայազետի շրջանի Փաշաքյանդ գյուղում (այժմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս), հողագործի ընտանիքում։

1949 թվականին ավարտել է Նոր Բայազետի Հ. Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, որն գերազանցությամբ ավարտել է 1954 թվականին և ստացել մաթեմատիկոսի որակավորում։

Համալսարանն ավարտելուց հետո, ընտանեկան պայմաններից ելնելով վերադարձել է գյուղ և 1954-1956 թվականներին աշխատել է Նոր Բայազետի շրջանի ժողկրթբաժնում՝ որպես տեսուչ և մաթեմատիկայի ուսուցիչ քաղաք Կամոյի Հ. Սարուխանյանի անվան դպրոցում։

1956 թվականին Բունիաթյանն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող և անմիջապես գործուղվել վերապատրաստման Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ հաշվողական կենտրոն։

1959 թվականին Բունիաթյանը աշխատանքի է հրավիրվել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ԵրՄՄԳՀԻ), որտեղ նա մասնակցել է ինստիտուտում մշակվող էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկական ապահովման մշակման աշխատանքներին։

1961-1970 թվականներին նա ղեկավարել է «Ծրագրավորման ավտոմատացման լաբարատորիան», որտեղ կատարվում էին «Հրազդան-3», «Նաիրի-1», «Նաիրի-C», «Նաիրի-2», «Նաիրի-3» ԷՀՄ-երի տրամաբանությունն ու ծրագրային ապահովումը մշակելու աշխատանքները։

«Նաիրի» ընտանիքի ԷՀՄ–երի մաթեմատիկական ապահովման մշակման համար Մնացական Բունիաթյանը 1965 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով, իսկ 1971 թվականին արժանացել ԽՍՀՄ մրցանակի։

1965, 1969 և 1971 թվականներին Բունիաթյանը պարգևատրվել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) ոսկե և արծաթե չորս մեդալներով՝ ԽՍՀՄ ազգային տնտեսությունում հաջողությունների համար։

1972 թվականին նա պաշտպանել է «Նաիրի» ընտանիքի ԷՀՄ-երի ծրագրային ապահովումը» թեմայով թեկնածուական թեզը։

1965 թվականից սկսած Բունիաթյանը գիտական գործունեությունը զուգակցել է դասախոսական աշխատանքին, իսկ 1970 թվականին՝ տեղափոխվել ԵՊՀ շարունակելով գիտահետազոտական աշխատանքը ԵրՄՄԳՀԻ–ում։

1975 թվականին Բունիաթյանի ջանքերով ԵՊՀ–ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ստեղծվել է նոր՝ «ԷՀՄ և ծրագրավորման» ամբիոն, որը նա ղեկավարել է մինչև 1986 թվականը։

Երկար տարիներ նա եղել է ԵՊՀ կոմունիստական կուսակցության կոմիտեի երրորդ քարտուղար։

1986-1993 թվականներին Բունիաթյանը աշխատել է ԵՊՀ–ում որպես պրոռեկտոր։ 1993-1998 թվականներին նա դասավանդել է նաև Գավառի պետական համալսարանում և ղեկավարել «Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների» ամբիոնը։

Բունիաթյանի գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են էլեկտրոնային հաշվողական մեքենաների տրամաբանությանն ու ծրագրային ապահովման հարցերին։ Մնացական Բունիաթյանը ունի երկու մենագրություն և մի շարք հոդվածներ ու մեթոդական աշխատանքներ։ Նրա խմբագրությամբ և անմիջական մասնակցությամբ թարգմանվել են դպրոցական «Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի հիմունքներ» դասագիրքն ու ուսուցիչների համար գրված մի շարք մեթոդական ձեռնարկներ[2][3]։

Երկարատև և վաստակաշատ աշխատանքի համար 1999 թվականին Մնացական Բունիաթյանը պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով։

Մահացել է 1999 թվականի նոյեմբերի 1–ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Սվետլաննա Խուրշուդյան, ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում, մահացել է 2009 թվականին։
  • Դուստրերը՝ Մարինե Մնացականի Բունիաթյան[4], ծնվել է 1960 թվականին՝ Երևանում։
  • Արևիկ Մնացականի Բունիաթյան, ծնվել է 1962 թվականին՝ Երևանում։
  • Որդին՝ Ռուբեն Մնացականի Բունիաթյան[5], ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Երևանում։

Մնացական Բունիաթյանի անվան դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնացական Բունիաթյանի անունն է կրում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի № 8 միջնակարգ դպրոցը։ Նրա որդու՝ Ռուբեն Բունիաթյանի ջանքերով դպրոցի բակում տեղադրվել է Մնացական Բունիաթյանի կիսանդրին։ Հուշարձանի բացման օրը տեղի է ունեցել մեծ արարողություն, որին մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնյաներ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը և բազմաթիվ հյուրեր, գործընկերներ ու հայրենակիցներ[6]։ Մնացական Բունիաթյանին նվիրված տարբեր միջոցառումներ են պարբերաբար կազմակերպվում նրա անունը կրող դպրոցում։ Ռուբեն Բունիաթյանի հովանավորությամբ լույս է տեսել «Մնացական Բունիաթյան. Երազանքից մինչև իրականություն» գիրքը (հեղինակ՝ Տիգրան Նիկողոսյան) և պատրաստվել տեսաֆիլմ՝ նրա կյանքի և գործունեության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 610 CC-BY-SA-icon-80x15.png